Հանրային խորհրդի առաջարկությունները տեղ են գտել Կառավարության մշակած` «Սպանդանոցների կառուցման ուղեցույցի» նախագծում

Հանրային խորհրդի նախաձեռնած հանրային լսումների ու քննարկումների արդյունքում մշակված խորհրդատվական փաստաթուղթը, որ փետրվարի 5-ին ներկայացվեց ՀՀ Կառավարությանը, ներառում էր մի շարք առաջարկներ սպանդանոցների հիմնման, այդ թվում՝ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման, սանիտարահիգենիկ նորմերի պահպանմամբ՝ տեխնիկական ու տեղափոխման միջոցներով հագեցման, մորթի գործընթացի թափանցիկ կազմակերպման, իսկ անասնապահությամբ զբաղվողների համար՝ առաջացող հավելյալ նյութական, ժամանակային ու ֆինանսական ծախսերի սուբսիդավորման վերաբերյալ:
Օրերս Հանրային խորհուրդը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է «Սպանդանոցների կառուցման ուղեցույց»-ը, որտեղ ընդգրկված են նաև վերոնշյալ առաջարկություններից մասնավորապես սպանդանոցներին վերաբերողները: Ուղեցույցը ներառում է սպանդանոցների կառուցման, տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացում պետական աջակցության ծրագրերն ու գործիքները, որոնց թվում՝ սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի, գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այլ ծրագրեր: Առանձին ներկայացված է նաև շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար անհրաժեշտ քայլերի նկարագրությունը: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ուղղված՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նամակով առաջարկվում է, որպեսզի ՀԽ համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրի ներկայացված փաստաթուղթը, ինչի հիման վրա հերթական նիստում քննարկման կդրվի ու Կառավարությանը կտրամադրվի նաև սպանդանոցների կառուցման և տեխնիկական համալրման հետ կապված հարցերի շուրջ ՀԽ դիրքորոշումն ու առաջարկները: