Հանրային խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակի և դրա հնարավոր ընթացքի վերաբերյալ
Սեպտեմբերի 27-ին, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին օրերից, ձևավորվել է Հանրային խորհրդի օպերատիվ շտաբ, որն իրավիճակից բխող մի շարք գործառույթների իրականացմամբ՝ խնդիր էր դրել նպաստել հանրային կառավարման ու ժողովրդական դիվանագիտության աշխատանքներին և միջազգային կառույցների հետ արդյունավետ երկխոսության հաստատմանը: Ըստ այդմ՝ հրապարակվել են կոչ-ուղերձներ, կազմակերպվել հանդիպումներ, քննարկումներ և հեռախոսազրույցներ տարբեր կառույցների և փորձագիտական խմբերի հետ:
Օպերատիվ շտաբի նիստերից զատ գումարվել են նաև ՀԽ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի, Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովների նիստեր, որոնց քննարկման հարցերը վերաբերել են պատերազմական ու ռազմական դրության պայմաններում առաջնագծի ու թիկունքի ամրապնդմանը, համահայական հումանիտար և այլ աջակցությանը վերաբերող խնդիրների լուծմանը։
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ օպերատիվ շտաբի ևս մեկ նիստ, որի ընթացքում ամփոփվեցին իրականացված աշխատանքները, Հանրային խորհրդի անդամները մտքեր փոխանակեցին պատերազմի ընթացքի և հանգուցալուծման, ներքաղաքական իրավիճակի և դրա հնարավոր ընթացքի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել են այն հիմնական անելիքներն ու պատասխանատվության բաժինը, որ կարող է ստանձնել Հանրային խորհուրդը՝ բացառելու ներքաղաքական իրավիճակի լարումն ու ազդելու քաղաքականությունների մշակման գործընթացի վրա՝ ամբողջ ծավալով իրացնելով օրենսդրությամբ լիազորված խորհրդատվական գործառույթն ու հանրային շահերի վեր հանման հանձնառությունը:
Հակիրճ դիտարկելով նախապատերազմյան շրջանի բոլոր բացերը, Խորհրդի անդամներն ընդհանուր գծերով համակարծիք էին բարձրացված մի շարք հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կարճ ժամկետներում գրավոր կերպով կիրազեկվեն նաև համապատասխան պետական կառույցները: Օպերատիվ շտաբին մասնակցած ՀԽ անդամները առանձնացրեցին հետևյալ խնդիրները։
- Անցած տարիներին, տարբեր ֆորսմաժորային իրավիճակներով պայմանավորված (2018թ․ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխություն, 2020-ին՝ COVID-19 գլոբալ համարավարակ) Հայաստանի պետական բյուջեն առանց այն էլ չի ունեցել զարգացման ծրագրերի լուրջ կոմպոնենտ՝ կենտրոնանալով առօրեական մարտահրավերների հաղթահարման վրա։ 2021 թ.-ի ՀՀ բյուջեի նախագծի շուրջ վերջին քննարկումները, համաձայն որոնց՝ նախագիծն ամբողջովին պահպանողական է, չի արտացոլում ՀՀ-ում ստեղծված նոր իրողությունները, առկա ռիսկերն ու հնարավոր խնդիրները: Ինչպես նաև, ներկայացված նախագիծը չի ներառում զարգացման ու առաջընթացի տեսանելի կոմպոնենտներ, նախկին բյուջեների նման մնալով պահպանողական,
- տնտեսական քաղաքականությունը ենթակա է արմատական վերանայման. մասնավորապես, պետք է վերատեսության ենթարկվեն հարկային քաղաքականությունը, տնտեսական առաջնահերթությունները և սոցիալական քաղաքականությունը,
- պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականությունն արդյունավետ չէ, նշանակումների հարցում կան անհստակություններ, որևէ պաշտոնում որևէ անձի նշանակում չի հիմնավորվում, ազատման դեպքում ևս հասկանալի չեն դրդապատճառները: Հանրային խորհրդի անդամներն անհրաժեշտություն են տեսնում պետական այլ կառույցների հետ համագործակցությամբ՝ մշակել մեխանիզմներ և օբյեկտիվ որոշումների կայացման նախադրյալներ՝ այս գործընթացներն առավել պարզ և թափանցիկ դարձնելու նպատակով,
- պետական կառույցներն ու ինստիտուտների, առանձին պաշտոնյաների արդյունավետ, համակարգված և փոխլրացնող աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքական ղեկավարության համար անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ, որոնք կարող են հիմնովին փոխել իրավիճակը պետական կառավարման համակարգում, որովհետև առանձին անձանց փոփոխությամբ իրավիճակը չի կարող շտկվել, եթե քաղաքական գիծը մնում է անփոփոխ,
- պետք է վերանայվի քաղաքական իշխանության հաղորդակցության ձևը հանրության հետ՝ հասնելու հանրային համերաշխության, համախմբվելու պրոֆեսիոնալ մասնագետների շուրջ՝ հանրությանն ուղղելով լավագույն որակները կարևորող և արժևորող ուղերձներ և հաղորդագրություններ: Հասարակության ներսում բաժանարար գծերի, պառակտման վերացումը առաջին հերթին իշխանության, ապաև քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների կողմից հրամայական է։
Բարձրաձայնված խնդիրների հնարավոր լուծումներն առաջադրող նամակները համապատասխան կառույցներին հասցեագրելուց հետո Հանրային խորհուրդը կնախաձեռնի նաև մի շարք քննարկումներ՝ նպատակ ունենալով վեր հանել լայն հանրության մոտեցումներն ու դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և հետագա անելիքների վերաբերյալ: