ՀինՆորություններ

Հանրային խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ վարչապետի հետ

Ս.թ. հոկտեմբերի 5-ին կառավարությունում ՀՀ Հանրային խորհրդի անդամները` նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

ՀԽ նախագահը նշել է, որ թեև Հանրային խորհուրդը տարբեր մակարդակներում համագործակցում է կառավարության հետ, այնուամենայնիվ, նման ձևաչափով հանդիպումները նույնպես կարևոր են:

Վարչապետի հետ հանդիպմանը ՀԽ անդամներն անդրադարձել են հանրությանը հուզող մի շարք հարցերի` կապված Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների, արտագաղթի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, քաղաքացիական հասարակության կայացման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ:

Քննարկելով Մաքսային միությանն անդամակցելու հարցը` խորհրդի անդամները հետաքրքրվել են Հայաստանի համար ստեղծվելիք նոր հնարավորությունների ու խնդիրների, երկրի զարգացման հեռանկարների մասին:

Ընդգծելով Մաքսային միությանը միանալու կարևոր բաղադրիչները, որոնք բխում են երկրի տնտեսական, անվտանգության և այլ շահերի տեսանկյունից` կողմերը միաժամանակ կարևորել են Հայաստանում եվրաինտեգրման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հաջորդ հարցին` կապված արտագաղթի հետ, կողմերը քննարկել են դրա պատճառներն ու հետևանքները, այդ ուղղությամբ լուրջ համալիր քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Որպես արտագաղթի կանխման կարևորագույն գործոններ` առանձնացվել են աղքատության հաղթահարումը, երկրի տնտեսական զարգացումը, ապագայի տեսլականի ստեղծումը, անվստահության մթնոլորտի վերացումը, քաղաքացիական հասարակության կայացումը և այլն:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն անդրադարձել է Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին:

Առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրներ է բարձրացրել ՀԽ անդամ Արա Մինասյանը` մասնավորապես կարևորելով հանրապետությունում վիրաբույժների սակավության, որակյալ վիրաբույժների պատրաստման և հին սերնդին նոր մասնագետներով փոխարինելու հարցը:

ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակված «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծն ընդունելու անհրաժեշտության հարցն է բարձրացրել ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը: 

ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի կողմից բարձրացվել է Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման հարցը: Նա նաև հանդես է եկել առաջարկությամբ Երևան ՋԷԿ-ի և «Նաիրիտ» ՓԲԸ-ի հենքի վրա «Հարավային արդյունաբերական հանգույց» ստեղծելու վերաբերյալ:

Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ կրթական համակարգում գործող Բոլոնյան սկզբունքների կիրառման ընթացքի վրա հնարավոր ազդեցության մասին է հետաքրքրվել ՀԽ անդամ Արտուշա Ղուկասյանը:

Հայաստանում ժամանակակից մատչելի հեռախոսակապի ծառայություն ստեղծելու հարցն է բարձրացրել ՀԽ անդամ Արշակ Սադոյանը` կարևորելով դրանում նաև աշխարհասփյուռ հայությանը մեկ համակարգի շուրջ համախմբելու և ինքնակազմակերպվելու հնարավորությունը:

ՀԽ անդամ Յուրի Ջավադյանն, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին, մասնավորապես առանձնացրել է գյուղացիական կոոպերացիաների զարգացման խնդիրները:

Սպիտակի երկրաշարժի քսանհինգերորդ տարելիցի նախաշեմին Հայաստանի սեյսմիկ անվտանգության խնդիրների բարձրաձայնման, դրանց համապատասխան գնահատական տալու և անվտանգության երաշխիքների ապահովման հարցն է բարձրացրել ՀԽ անդամ Հայկ Դեմոյանը՝ առաջարկելով մշակել սեյսմիկ անվտանգության համահայկական ռազմավարական ծրագիր:  

Վարչապետ Տիգրան Սարգսյանը համակողմանիորեն պատասխանել է Հանրային խորհրդի անդամների կողմից հնչեցրած հարցերին` կարևորելով դրանց բարձրաձայնումն ու հետագա համագործակցության շրջանակում համատեղ լուծումներ գտնելու հնարավորությունները:

Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել արդյունավետ և կառուցողական քննարկման համար և պայմանավորվածություն ձեռք բերել նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնելու ուղղությամբ:

 

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close