Նորություններ

Հանրային խորհրդին է ներկայացվել ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում հայկական սփյուռքի ներգրավվածությունն ապահովելու նոր ձևաչափ

Համազգային խնդիրների ուսումնասիրման աշխատանքային խմբի ղեկավար, ՀԽ անդամ Արշակ Սադոյանի առաջարկով՝ մարտի 13-ին Հանրային խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ նեղ կազմով հանդիպում, որտեղ քննարկման էր դրված հայկական սփյուռքի և հայաստանյան ներուժի համատեղմամբ՝ համազգային կառույց հիմնելու հարցը: Ըստ նախնական առաջարկի՝ այն պետք է լինի պետության որոշակի գործառույթներ ունեցող կազմակերպություն, որի կենտրոնը կլինի «մայրաքաղաք» Հայաստանը: Կազմակերպության գլխավոր նպատակն է լինելու ՀՀ հասարակության և հայկական սփյուռքի ուսումնասիրությունը, գնահատումն ու ՀՀ զարգացման գործում օգտակար մարդկային ռեսուրսների ներգրավումը:

Հիմնական զեկույցը ներկայացրեց Ա.Սադոյանը, ով նկատեց, որ հայկական սփյուռքը կազմակերպված չէ՝ չնայած, որ մենք ունենք բավականին մեծաքանակ հայություն ամբողջ աշխարհում: Ստեղծվելիք կառույցի նպատակը պետք է լինի մեկտեղել համահայկական մարդկային կապիտալը՝ հանուն ՀՀ առաջընթացի: Ելույթին հաջորդեց ակտիվ քննարկում, հարցուպատասխան, որի ընթացքում ներկաների կողմից հնչեցին մի շարք դիտարկումներ: Մասնավորապես.

  • Անհրաժեշտ է առաջնահերթ մշակել առաջարկների փաթեթ, որտեղ կհստակեցվի ստեղծվելիք կառույցի նպատակն ու խնդիրները, կառավարման և գործունեության հստակ մեխանիզմներ մշակվեն:
  • Առաջարկը ձևավորելու գործընթացում պետք է ներգրավեն լուրջ մասնագետներ, ովքեր վեր կհանեն նաև հանրային ընկալումներում առկա կարծրատիպերը սփյուռքի և սփյուռք-Հայաստան համագործակցության վերաբերյալ և ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ վերաիմաստավորելու սփյուռքի դերը ՀՀ պետական, քաղաքական, հասարակական և սոցիալական կյանքում:
  • Պետք է հստակ ուսումնասիրություն իրականացվի՝ բացահայտելու, թե որքան իրական ակտիվ կա սփյուռքում, ովքեր և ինչ համատեքստում են տեսնում իրենց ներգրավվածությունը ՀՀ հասարակական-քաղաքական, ձեռնարկատիրական և այլ ոլորտներում և այլն:

Նիստի ավարտին որոշում կայացվեց նախաձեռնել լրացուցիչ հանդիպումներ՝ փորձագիտական առավել լայն կազմով, որտեղ ներկայացուցիչ կլինի նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Արդյունքում՝ կհստակեցվեն առաջարկվող ծրագրի ռազմավարական ուղղվածությունն ու հիմնական նպատակները:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close