ՀինՆորություններ

Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումը հայտնեց "Զվարթնոց"-ի կլոր շենքի վերաբերյալ

Հանրային խորհրդի նոյեմբերի 11-ի լիագումար նիստի օրակարգում «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման կամ քանդման վերաբերյալ որոշման նախագիծն էր, որին նիստին ներկա խորհրդի անդամների գերակշիռ մասը կողմ քվեարկեց:

Որոշման նախագծում նշված է, որ Հանրային խորհուրդը դիմելու է կառավարություն` չհամաձայնելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, Կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` Հանրային խորհուրդը չի ստացել «Զվարթնոց»-ի կլոր շենքի քանդման խիստ անհրաժեշտությունը հիմնավորող հաշվարկներ պարունակող փաստաթուղթ, չեն ներկայացվել նաև այլընտրանքային ծրագրեր` համեմատելու այդ հաշվարկները: Մինչդեռ կառույցը հանրության կողմից հանդիսանում է որպես հուշարձան, որպես ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը, և հանրության մի զգալի հատված դեմ է դրա քանդմանը:

Նշվեց, որ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովների և հանձնաժողովներից մեկի կոլեգիալ նիստում նույնպես դեմ են արտահայտվել կառույցի քանդմանը, և ներկայացվել են շենքի հետագա օգտագործման վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ:

Հանրային խորհուրդը նաև գտնում է, որ պետք է անցկացվի անկախ փորձաքննություն հին ուղևորային համալիրի տեխնիկական վիճակը պարզելու համար:

Կոնցեսիոների կողմից կառույցը քանդելու անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ օդանավակայանը, մասնավորապես վերջերս կառավարության կողմից ընդունված բաց երկնքի քաղաքականությամբ պայմանավորված, ընդլայնման անհրաժեշտություն ունի, քանի որ ուղևորահոսքերը կարող են ավելանալ:

Նիստին մասնակցում էր նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, որի խոսքով` Կոնցեսիոները կլոր շենքի տարածքն օգտագործելու է միայն որպես նոր օդանավակայանի ենթակառուցվածք, իսկ այլ նպատակով շենքն օգտագործելը նպատակահարմար չէ:

Հանրային խորհուրդը կարևորում է նաև շենքը պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում ներառելու հարցի քննարկումը, և եթե պարզվի, որ այն կարող է ներառվել ցուցակում, ապա Կոնցեսիոների առջև նոր խնդիր կդրվի օդանավակայանը զարգացնել այլ ուղղությամբ:

ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը հայտնեց, որ իրենք դիմել են համապատասխան կառույցներին և հետևողականորեն ուսումնասիրել կառույցի` պատմամշակութային հուշարձանների ցուցակում ժամանակին ներառված լինելու հարցը, սակայն պարզվել է, որ գոյություն չունի դա վկայող որևէ փաստաթուղթ:

Նիստին մասնակից որոշ ճարտարապետներ տեղից իրենց դժգոհությունն արտահայտեցին այդ փաստի վերաբերյալ` նշելով, որ կառույցը ժամանակին ներառված է եղել այդ ցուցակում, իսկ թե ինչու փաստաթղթերը չկան, դա արդեն այլ հարց է:

Այնուամենայնիվ, Հանրային խորհուրդը գտնում է, որ եթե անգամ դա այդպես է կամ որ շենքը հետագայում էլ չներառվի պետական ցուցակում, ապա միևնույնն է` այն ժողովրդի կողմից ընկալվում է որպես հուշարձան, և հանրությունը դեմ է դրա քանդմանը, ուստի կառույցին կարելի է ձեռք տալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ըստ Մանուկյանի` խիստ անհրաժեշտությունը պետք է ներկայացվի ոչ թե բանավոր, այլ գրավոր և հիմնավոր աշվարկների միջոցով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հարցը քննարկվել էր նախ ՀԽ ենթահանձնաժողովներում և հանձնաժողովներից մեկում, որից հետո տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ` քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցների մասնակցությամբ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել էին ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել էր որոշման նախագիծ, որն էլ լիագումար նիստում դրվեց քվեարկության և ընդունվեց 20 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:  

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close