ՀինՆորություններ

Հանրային խորհուրդը փոքր խորհրդի նիստում անդրադարձել է ալյուրի հարստացման ծրագրին

Ս.թ. դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է ՀԽ անդամների թափուր տեղերը համալրելուն:

Այնուհետև քննարկվել է ցորենի ալյուրը միկրոտարրերով հարստացնելու մասին հարցը: ՀԽ նախագահը հիշեցրել է, որ Հանրային խորհուրդը դիմել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ԳԱԱ գիտական կենտրոններում նույնպես քննարկվի ալյուրի հարստացման հարցը, և ներկայացվի գիտական դիրքորոշում:

Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են ակադեմիայի կողմից ներկայացված փաստաթուղթը, և որոշում է կայացվել առաջիկայում հարցի վերաբերյալ կազմակերպել ևս մեկ քննարկում՝ հրավիրելով շահագրգիռ կողմերին և հաշվի առնելով նաև ԳԱԱ տեսակետը՝ ներկայացնել վերջնական որոշում:

Հիշեցնենք, որ ցորենի ալյուրը մկիրոտարրերով հարստացնելու մասին հարցը Հանրային խորհրդում մի քանի անգամ դրվել էր հանրային քննարկման, և ս.թ. հունիսի 4-ին կայացած լիագումար նիստի ժամանակ Հանրային խորհուրդը եկել էր այն եզրակացության, որ հարցը պահանջում է ավելի լուրջ հիմնավորումներ: "Չկան լուրջ բժշկական հետազոտություններ, թե ալյուրը միկրոտարրերով հարստացնելն ինչ հետևանքներ կունենա Հայաստանի բնակչության համար, հասարակության ո՞ր մասի համար է այն անհրաժեշտ և որի համար այն կարող է հանգեցնել առողջության համար անցանկալի հետևանքների: Մասնագետների կարծիքները նույնպես միարժեք չեն",-նշվել էր ՀԽ որոշման մեջ:

Ուստի ՀԽ-ն առաջարկել էր հարցը հետաձգել, մինչև լրացուցիչ, հիմնավոր ու երկարատև գիտական հետազոտություններ կանցկացվեն, և արդյունքները կներկայացվեն հասարակությանը:
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close