ՀինՆորություններ

Հանրային խորհուրդը պոպուլիզմով զբաղված կառույց չէ

Ս.թ. մարտի 19-ին "Ժողովուրդ" օրաթերթի կայքի հրապարակումներից մեկում (http://armlur.am/668217/) բարձրացվում են Հանրային խորհրդի համար պետական բյուջեից ծախսվող ֆինանսական միջոցների նպատակահարմարության և ՀԽ գործունեության արդյունավետության հարցերը, ուստի առիթն օգտագործելով ցանկանում ենք լուսաբանել Հանրային խորհրդի գործունեության որոշ մանրամասներ, ինչպես նաև պարզաբանել վերոնշյալ հրապարակման մեջ մատնանշված հարցադրումները.

1. Հանրային խորհուրդը` որպես կառույց

Կարևորելով Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` 2008 թ. հունիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդը:

Նման կառույցներ` տաբեր անվանումներով և գործունեության որոշ տարբերություններով, կան աշխարհի շուրջ 70 երկրներում (Եվրոպա, Ասիա, Լատինական Ամերիկա, Աֆրիկա): Այդ կառույցները միավորված են նաև Տնտեսական ու սոցիալական խորհուրդների ու նմանատիպ ինստիտուտների միջազգային ասոցիացիայի մեջ (AICESIS), որի շրջանակներում պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ տարբեր հիմնահարցերի վերաբերյալ (քաղաքացիական հասարակության զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, աղքատության հաղթահարում, բնապահպանական խնդիրներ, համաշխարհային մարտահրավերներ), յուրաքանչյուր երկիր ներկայացնում է նաև իր խնդիրները և փորձի փոխանակման միջոցով գտնել արդյունավետ լուծումներ և այլն: Հանրային խորհուրդը, լինելով այդ կառույցի անդամ, նաև համագործակցության վերաբերյալ առանձին համաձայնագրերով համագործակցում է Հունաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի և այլ երկրների հանրային խորհուրդների հետ:

Նշենք, որ այլ երկրներում հանրային խորհուրդների մի մասի գործունեությունը կարգավորվում է այդ պետությունների գերագույն իշխանությունների կարգադրությամբ (նախագահ, կառավարություն), սակայն հիմնականում դրանց գործունեությունը կարգավորված է օրենսդիր մարմինների կողմից հաստատված օրենքով, իսկ որոշ պետություններում այդ կառույցների նպատակներն ու գործունեությունն ամրագրված են նաև Սահմանադրության մեջ:

Ինչպես Հանրային խորհուրդը, այնպես էլ Հանրապետության նախագահը նպատակահարմար են գտել Հանրային խորհրդի գործունեությունն օրենքով կարգավորելը և Հանրային խորհրդի մասին օրենքի ընդունումը, այդ իսկ պատճառով նոր Սահմանադրության մեջ Հանրային խորհուրդն ամրագրվել է` իբրև ՀՀ կառավարության խորհրդատվական մարմին, ինչը հնարավորություն կտա նաև ընդունել օրենք Հանրային խորհրդի մասին: Օրենքի ընդունումից հետո արդեն նոր ստեղծվող Հանրային խորհուրդը կգործի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում:

2. Շենքային պայմաններն ու ֆինանսավորումը

Քանի որ Հանրային խորհուրդը ստեղծվել է ՀՀ նախագահի հրամանագրով, ապա բնական է, որ շենքային ու ֆինանսական հարցերը պետք է կարգավորվեին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից: Շենքային պայմանների բացակայության պատճառով ՀՀ նախագահի աշխատակազմը ժամանակավորապես վարձակալել է «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնի 6-րդ հարկում գտնվող 4 սենյակ: Նշենք, որ շատ երկրներում հանրային խորհուրդներին պետության կողմից տրամադրված են առանձին շենքեր:
Հանրային խորհուրդը բաղկացած է 36 անդամից և 12 հանձնաժողովներում ընդգրկված շուրջ 2000 անդամներից: Թե՛ ՀԽ 36 անդամները և թե՛ հանձնաժողովներում ընդգրկված անդամները աշխատում են հասարակական հիմունքներով և աշխատավարձ չեն ստանում: ՀԽ անդամներն ու ՀԽ հանձնաժողովներն իրենց աշխատանքները կազմակերպում են վերոնշյալ տարածքում: ՀԽ ողջ աշխատանքները սպասարկում է Հանրային խորհրդի 6 հոգանոց աշխատակազմը, որը հանդիսանում է ՀՀ նախագահի աշխատակազմի` ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակի աշխատակիցներ:

3. Հանրային խորհրդի գործունեության արդյունավետությունը

Հրապարակման մեջ բարձրացված է նաև կառույցի գործունեության արդյունավետության և իշխանությունների որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու հարցը: Հարկ է նշել, որ հանրությանը հուզող գրեթե բոլոր հարցերին Հանրային խորհուրդն արձագանքում է` քննարկելով, ուսումնասիրելով ու վերլուծելով դրանց խորքային պատճառները, ներկայացնելով իր դիրքորոշումը ՀՀ նախագահին կամ վարչապետին: Հանրային խորհուրդը ակտիվորեն ներգրավված է կառավարության ծրագրերի քննարկման, մշակման և դրանց իրականցման աշխատանքների մեջ` ներկայացնելով ու առաջ տանելով իր տեսակետներն ու առաջարկները, հանդես գալով վերահսկողական գործառույթներով, շատ դեպքերում հակազդելով և հնարավորություն ունենալով ազդեցություն գործել վերջնական որոշումների կայացման վրա: Պարբերաբար կառավարության անդամները հյուրընկալվում են Հանրային խորհրդում` ներկայացնելու իրենց ծրագրերն ու հայեցակարգերը, որտեղ հաշվի են առնվում նաև ՀԽ տեսակետներն ու առաջարկները: Հանրային խորհուրդը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունենում ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի հետ ինչպես ընդլայնված, այնպես էլ նեղ կազմով, բարձրացնում ոչ միայն լայն հիմնախնդիրներ, այլ նաև առանձին ոլորտներին վերաբերող մասնավոր հարցեր:

Հանրային խորհուրդն ապաքաղաքական մարմին է, որի կազմում ընդգրկված են հանրության ամենատարբեր շերտերը ներկայացնող հեղինակավոր անձիք` կաշկանդված չլինելով իրենց տեսակետներն արտահայտելու հարցում:

Միաժամանակ, Հանրային խորհուրդը պոպուլիզմով զբաղված կառույց չէ և կենտրոնացած է մեր երկրի առջև ծառացած խնդիրների, հանրությանը հուզող հարցերի, քաղաքացիների դիմում-բողոքների վերաբերյալ ողջամիտ լուծումների որոնման և իշխանություններին օբյեկտիվ ու անշահախնդիր առաջարկների ներկայացման ուղղությամբ:
Ուստի Հանրային խորհուրդը մշտապես հանդես է գալիս հիմնավոր և սուր հարցադրումներով, խոր վերլուծություններով, որոնք, վստահ ենք, ազդեցություն թողնում են մեր երկրի կառավարման գործընթացի վրա և իրականացնում այն գլխավոր գործառույթը, որի համար կոչված է Հանրային խորհուրդը` կապող օղակ դառնալ հասարակության և իշխանությունների միջև` ազդելով վերջիններիս որոշումների վրա:

Համոզված ենք, որ ՀԽ մասին օրենքի ընդունումից հետո կառույցի դերն ու ազդեցությունը շատ ավելի ակնառու և հստակ կդառնան: Պատրաստ ենք նաև ընդունել ցանկացած առաջարկ, որը կնպաստի ՀԽ գործունեության արդյունավետության բարձրացմանը` ներառելով դրանք նաև կառույցի արդյունավետությունն ապահովող այն մեխանիզմների մեջ, որոնք կմշակվեն «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծում:

Ամփոփելով նշենք, որ մենք աշխատում ենք առավելագույնս բաց և թափանցիկ, և Հանրային խորհրդի գործունեության վերաբերյալ համապատասխան հաղորդագրություններն ու հաշվետվությունները հասանելի են բոլորին:

Հարգանքով`

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close