Նորություններ

Հանրային խորհուրդը նախարար Պապիկյանին ներկայացրեց նոր թունելների, կամուրջների ու երկաթուղային նախագծեր

Հանրային խորհրդի Ֆինասատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ու նրա նախագահ Վազգեն Սաֆարյանի առաջարկությամբ և Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի մասնակցությամբ փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում-քննարկում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Հանրային խորհրդի Ֆինասատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը դեռևս 2019-ի սկզբին Հանրային խորհրդի նախագահին էր ներկայացրել իրենց օրակարգ վերցված մի շարք խոշոր, միջին ու փոքր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մշակվել էին տարբեր ենթահանձնաժողովների փորձառու և վաստակաշատ փորձագետների կողմից, և որոնք վերաբերում էին Հանրապետության տարածքում նոր թունելների, կամուրջների ու երկաթուղային գծերի կառուցմանն ու շահագործմանը։ Հանձնաժողովի այդպիսի ներկայացուցիչներից «Կամուրջշին» ՓԲԸ խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, «Արթուն» (Հայթունել) ԲԲԸ խորհրդի նախագահ Հմայակ Հարությունյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Լևոն Հակոբյանը նույնպես մասնակցում էին քննարկմանը՝ ներկայացնելով թե՛ ոլորտների խնդիրները, թե՛ առաջարկվող ծրագրերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն և կունենան Հայաստանի համար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ դրանց հանգամանալից քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության իրավասու փոխնախարարի մասնակցությամբ այդ և ոլորտի այլ հարցեր քննարկելու նպատակով առաջիկայում Հանրային խորհրդի ու գլխադասային հանձնաժողովի համատեղ նիստ հրավիրելու շուրջ։

Նախարար Պապիկյանի հետ մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման մեկնարկած գործընթացի շուրջ՝ կարևորելով Հայաստանի համար հնարավորությունները ճիշտ օգտագործելու և տարածաշրջանում մրցակցային առավելություններն ավելացնելու հանգամանքը։

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close