Հանրային խորհուրդը նախաձեռնում է Սփյուռքի հարցերով երկկողմ հանդիպում
ՀՀ Հանրային խորհուրդը վերջին ամիսներին տարբեր ձևաչափերով անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ կարևորելով դրանք երկկողմ դրական ազդեցությունների և փոխգործակցության համատեքստում: Տեղի ունեցած նախաքննարկումներից հետո այս թեմայով հերթական զրույցն են ունեցել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ու ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում խոսվել է հանձնաժողովի առաջիկա անելիքների մասին, ինչպես նաև կապ է հաստատվել ՀՀ վարչապետի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ դիտարկելու երկու կառույցների՝ սփյուռքի հետ տարվող աշխատանքների և մոտեցումների փոխլրացման, օրակարգերի համադրման և համագործակցության հնարավորությունը: Սա կարևորվել է հատկապես առկա խոչընդոտների վերացման և խնդիրների լուծման համար եղած միջոցները մեկտեղելու և նոր հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Ըստ նախնական համաձայնության՝ հաջորդ շաբաթ կկայանա ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀԽ նախագահի և Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի համատեղ հանդիպումը։

Մայիսի 21-ին Հանրային խորհրդի նախագահն ունեցել է 5 ընդունելություն, որոնցից մեկի ընթացքում հանդիպել է նաև ՀԽ Ֆիանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, ով բարձրաձայնել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ՀՀ տնտեսության առաջնահերթությունների վերասահմանման դաշտում առկա խնդիրների մասին և ներկայացրել մի շարք դիտողություններ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:
Հանրային խորհրդին ներկայացվող փարձագիտական և գործնականում կիրառելի առաջարկները պարտադիր կերպով ուսումնասիրվում են, ըստ անհրաժեշտության՝ տեղ գտնում խորհրդատվական և աջակցող փաստաթղթերում: