Նորություններ

Հանրային խորհուրդը հանրային լսումներ կհրավիրի Երևանի ֆիզիկայի ինստիտուտին կից գիտավանում կառուցապատման ու հարակից խնդիրներով

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հանդիպել է «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) կից գիտավանի բնակիչների ներկայացուցիչներին, ովքեր ներկայացրել են Ալիխանյան եղբայրների փ. 6/1 հասցեում բազմահարկ շենքի կառուցման նախագծի վերաբերյալ բնակիչների բողոք-մտահոգությունը: Ըստ զրուցակիցների՝ կառուցապատողի կողմից քաղաքապետարանին են ներկայացվել  մի շարք մոլորեցնող փաստարկներ, որոնք թույլ են տալիս 4-հարկանի շենքերից մոտ 15մ հեռավորությամբ կառուցել 12-հարկանի շինություն՝ մի քանի ստորգետնյա ավտոկայանատեղիներով, մի հողակտորի վրա, որի սեփականաշնորհման գործընթացը եղել է ոչ թափանցիկ և որի գրեթե կեսը կանաչապատ է:

Թաղամասի բնակիչների մեծամասնությունը կազմող շուրջ 500-ից ավելի քաղաքացիներ ստորագրություններ են ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանին, ինչը, նրանց խոսքով, անտեսվել է: Տարածքը գտնվում է թիրախավորված գոտում,  հաշվի չեն առնվել թաղամասի առանձնահատկությունները, ինչը հարուցել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունն ու վտանգել գիտավանի անվտանգությունը, պատմական կենսագրությունն ու ճարտարապետական ամբողջականությունը:

Գիտավանի բնակիչները պահանջում են նախաձեռնել քաղաքաշինական նորմերի վերանայման գործընթացն ու Երևան քաղաքի գոտիավորումը՝ սկսելով այն հենց Ֆիզիկայի գիտավանից՝ որպես յուրահատուկ կենսամիջավայր ունեցող բնակավայրի, կասեցնել «Վարչական դատավարության օրենսգրքի» 83-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի՝ կառուցապատողը կկարողանա շարունակել շինարարական աշխատանքները անգամ նախագծի վերաբերյալ դատական քննության ընթացքում, քննություն սկսել Երևանի ֆիզիկայի ինստիտուտին կից գիտավանի՝ նախկինում ապօրինի սեփականացված հողատարածքների վերաբերյալ՝ դրանք վերադարձնելով համայնքին և լաբորատորիային:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ընդունելությունների ժամանակ Երևան քաղաքի այլ թաղամասերից ևս ՀԽ նախագահին են ներկայացվել նմանատիպ բողոք-մտահոգություններ՝ Ս.Սաֆարյանի որոշմամբ՝ առաջիկայում Հանրային Խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի հենքի վրա կկազմակերպի հանրային լսում և հարցի քննարկում, որի արդյունքում ընդունված խորհրդատվական փաստաթուղթը կներկայացվի պատկան բոլոր մարմիններին՝ ՀՀ կառավարությանը, Երևանի քաղաքապետին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն ու ՀՀ դատախազությանը:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close