Նորություններ

Հանրային խորհուրդը հանդիպման է հրավիրել ՄԱԿ գերատեսչությունների և ծրագրերի ղեկավարներին

Օրերս ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խորհրդի անունից նամակ է ուղղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին և գերատեսչությունների ու ծրագրերի ղեկավարներին՝ ներկայացնելով Թուրքիայի բացահայտ աջակցությամբ` Արցախի Հանրապետության նկատմամբ սկսված և մինչ օրս շարունակվող լայնածավալ հարձակողական գործողությունները, որոնց թիրախում շատ հաճախ հայտնվում են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` կանայք և երեխաներ: Թուրքիան ռազմատենչ հռետորաբանությամբ շարունակում է նպաստել տարածաշրջանային ապակայունացմանը, ինչը հակասում է ՄԱԿ-ի կողմից որդեգրված` միջազգային խաղաղության ու անվտանգության, ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և պահպանման հանձնառությանը` պարբերաբար նաև հորդորելով Ադրբեջանին` չդադարեցնել ռազմական գորոծողություններն ու չիրագործել 2020թ. հոկտեմբերի 10-ին և 18-ին հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությունից բխող  պարտավորությունները:

Հաշվի առնելով արցախաադրբեջանական շփման գծում օրեցոր սրվող ռազմական դրության հնարավոր ուղղակի և անուղղակի վտանգները, տարածաշրջանային կանխատեսվող բացասական զարգացումներն ու անդառնալի հետևանքները` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հրավիրվել են հանդիպման` քննարկելու հակամարտության գոտում հումանիտար հրադադարի հաստատման, ամենատարբեր խոցելի խմբերի  իրավունքների պաշտպանության, տեսանելի հումանտար խնդիրների ու աղետի կանխարգելման գործում Միացյալ ազգերի կազմակերպության հնարավոր ներգրավվածությունը` սեփական նպատակների և խնդիրների համատեքստում:

Այսօր ՀԽ գրասենյակում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի արտահերթ նիստ-նախաքննարկում՝ հստակեցնելու և փոխհամաձայնեցնելու այն հիմնական դրույթները, որոնք պիտի հասցեագրվեն ՄԱԿ-ի ներկայացուցիչներին փակ ձևաչափով կայանալիք հանդիպման շրջանակներում: Խորհրդի անդամների դիտարկմամբ՝ Միացյալ ազգերի կազմակերպության ներքո գործող բազմաթիվ կառույցներ այսօր լիարժեք չեն իրականացնում դիտարկման և եզրակացություններ հայտնելու իրենց գործառույթները մի շարք ուղղություններով, ինչն էլ ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում է ինչպես ռազմաճակատում, այնպես էլ դիվանագիտական աշխատանքներում առկա խոչընդոտների խորացմանը:

Հաշվի առնելով գործող ռազմական դրությունն ու բարձրացված հարցերի հրատապությունը՝ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հանդիպումը կազմակերպել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close