Հանրային խորհուրդը հանդիպելու է կառավարության նոր ղեկավարի հետ
Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Խորհրդում այսօր՝ ս.թ. սեպտեմբերի 23-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել և ամբողջացվել է կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը բարձրացվելիք հարցերի շրջանակը:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Սամվել Ճզմաչյանը, Հովիկ Մուսայելյանը, Սմբատ Լպուտյանը, Արմեն Բալդրյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Յուրի Ջավադյանը, Էդուարդ Ղազարյանը և Հայկ Սարգսյանը:
Խորհրդի անդամները վարչապետի հետ հանդիպմանը կքննարկեն տնտեսության ոլորտին վերաբերող ռազմավարական և կառուցվածքային խնդիրներ, կներկայացնեն կոնկրետ ծրագրեր ու առաջարկներ, որոնք վերաբերում են փոքր և միջին ձեռնարկատիրությանը, արդյունաբերական ոլորտին, կրթությանն ու գիտությանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին, բանկային համակարգին, հարկային օրենսգրքին, գյուղատնտեսական, բնապահպանական և այլ ոլորտների խնդիրներին:
Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպելու է վաղը՝ սեպտեմբերի 24-ին, իսկ հանդիպման արդյունքները խորհուրդը կամփոփի առաջիկա փոքր խորհրդի նիստի ժամանակ: