Հանրային խորհուրդը կհանդիպի ՀՀ վարչապետի հետ
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Մանուկյանն առաջարկեց վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները` միաժամանակ քննարկելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի գործընթացը, որի մաս են կազմում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու դրույթները:
Մանուկյանն առաջարկեց նաև վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են արտագաղթը, կրթական, առողջապահական, քաղաքաշինական ոլորտի խնդիրները:
Հանրային խորհրդի անդամներ Վլադիմիր Մովսիսյանն ու Յուրի Ջավադյանն առաջարկեցին քննարկման առարկա դարձնել Թուրքիայի հետ սահմանային ջրերի օգտագործման հարցը: Մովսիսյանի խոսքով` շատ շուտով թուրքերը կկուտակեն սահմանային ջրային ահռելի պաշար, որի դեմ Հայաստանը պետք է հակաքայլեր անի: Նրանց խոսքով` հակաքայլեր իրականացնելու լուրջ հնարավորություններ կան, և իրենք պատրաստ են այդ առումով գործնական առաջարկներ անել, որոնք էլ կներկայացվեն հանդիպման ժամանակ:
ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկեց վարչապետի հետ հանդիպմանը բարձրացնել նաև մեռելոցները ոչ աշխատանքային օրեր դարձնելու, փոխարենը հաջորդող շաբաթ օրերին աշխատելու հարցը` նշելով, որ դա խաթարում է բնականոն աշխատանքային հունը և խնդիրներ առաջացնում թե՛ գործատուների, թե՛ աշխատողնների համար:
Նիստի ավարտին Վազգեն Մանուկյանն առաջարկեց բարձրացվող խնդիրներն առավել համակողմանիորեն ուսումնասիրել և մինչ վարչապետի հետ հանդիպմանը ևս մեկ նիստ գումարել` որոշակիացնելու ներկայացվելիք հարցերի շրջանակը: