ՀինՆորություններ

Հայաստանի և Չինաստանի հանրային խորհուրդները ջանքերը կուղղեն երկկողմ հարաբերությունների խորացմանը

ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև 2011 թվականին կնքված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 19-21-ը Հայաստանում էր գտնվում Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությունը՝ խորհրդի փոխնախագահ Վանգ Շենհունի գլխավորությամբ:

Սեպտեմբերի 19-ին պատվիրակության 6 անդամները և ՀՀ Հանրային խորհրդի մի քանի անդամներ՝ խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Կառավարության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես երկու երկրների հանրային խորհուրդների դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Նույն օրը ՀՀ Հանրային խորհրդում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ու ՀԽ մի շարք անդամներ չինացի գործընկերների հետ քննարկել են հետագա արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չինական հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններին՝ մասնավորապես տնտեսության ոլորտում, և նշել, որ երկու երկրների հանրային խորհուրդներն իրենց ջանքերը պետք է ուղղեն այդ հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն:

Վազգեն Մանուկյանն առաջարկել է կազմել աշխատանքային խմբեր, որոնք աշխատանք կտանեն կոնկրետ ծրագրերի շուրջ և առաջարկներ կներկայացնեն իրենց կառավարություններին:

Վանգ Շենհունն իր հերթին կարևորել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցելու անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ Հանրային խորհուրդը մեծ դերակատարություն կարող է ունենալ այդ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու գործում:

Ամփոփելով քննարկումը՝ Վազգեն Մանուկյանը հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպման ժամանակ իրենք արդեն կունենան երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու հստակ ծրագրեր ու առաջարկներ և կքննարկեն դրանք կյանքի կոչելու ուղիները:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-18-ը, Հայաստանի և Չինաստանի հանրային խորհուրդների պատվիրակությունները գտնվել են Մոսկվայում, որտեղ մասնակցել են Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի ամենամյա վեհաժողովին:

Վեհաժողովի գլխավոր թեմաներից մեկը եղել է մարդկայի կապիտալի և նոր ռեսուրսների դերակատարությունը ազգային մրցունակության գործում: Ընդգծվել է, որ հաճախ տվյալ երկրի մարդկային կապիտալն ու այդ երկրի տնտեսական իրավիճակը չեն համապատասխանում իրար:  Կարևորվել է մարդկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը:

Քննարկվող թեմաներից մեկն էլ եղել է կոռուպցիան և դրա արգելակող ազդեցությունը տնտեսության զարգացման վրա: Կարևորվել է հանրային խորհուրդների և հասարակության դերն այդ չարիքի դեմ պայքարի գործում:

Օրակարգում եղել է նաև աղքատության դեմ պայքարը: Հարցը ներկայացրել է Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ներկայացուցիչը՝ միաժամանակ ներկայացնելով այդ ուղղությամբ Չինաստանի իրականացրած քայլերն ու ձեռք բերված դրական արդյունքները:

ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակության անդամ Վազգեն Սաֆարյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում աղքատության իրավիճակը, միաժամանակ առաջարկել լուծումներ, որոնք անհրաժեշտ են բոլոր երկրներին պայքարելու աղքատության դեմ:

Օրակարգային հարցերին անդրադառնալուց հետո վեհաժողովի մասնակիցներն, ըստ ընթացակարգի, ներկայացրել են առաջարկներ այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեն հաջորդ վեհաժողովի ժամանակ՝ 2016 թվականին:

ՀՀ Հանրային խորհրդի կողմից քննարկման 2 թեմա է առաջարկել ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը՝ համաշխարհային միգրացիան և աշխարհում ընտանեկան ինստիտուտի քայքայմանը սպառնացող վտանգը:

Թե որ հարցերը կընդգրկվեն վեհաժողովի հաջորդ օրակարգում, հայտնի կլինի առաջիկայում:

Հիշեցնենք, որ 2010 թվականից ՀՀ Հանրային խորհուրդը հանդիսանում է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ: Ասոցիացիայի կազմում ընդգրկված է շուրջ 70 երկրի 70-ից ավելի հանրային խորհուրդ:

Իսկ ՀՀ Հանրային խորհուրդն ու Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհուրդը սկսել են համագործակցել 2009 թվականից՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի շրջանակներում:

2011 թ. Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությունն այցելել է Հայաստան, որի ժամանակ ստորագրվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր:
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close