ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Հանրային Խորհուրդը սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կազմավորվող մշտապես գործող խորհրդակցական մարմին է:
Հոդված 2. Հանրային Խորհուրդը, ապահովելով քաղաքացիների և հասարակական միավորումների համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ, նպաստում է հանրային կյանքի կազմակերպման ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների զարգացմանն ու մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովմանը, հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը և քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանն ու ամրապնդմանը, պետական իշխանության մարմինների և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների այլ միավորումների միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, պետական կառավարման մեջ նրանց ներգրավվածության աստիճանի բարձրացմանը, հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանը, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողության իրականացմանը:
Հոդված 3. Հանրային Խորհուրդն ապակուսակցականացված մարմին է, որի գործունեությունը հիմնվում է ՀՀ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների ու ոչ կոմերցիոն կազմակերպությունների միավորումների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա:
Հոդված 4. Հանրային Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների, սույն օրենքի, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների և նորմատիվ իրավական այլ ակտերի հիման վրա:
Հոդված 5 Սույն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Հանրային Խորհրդի առաջարկությունները Ազգային Ժողովում ներկայացվում է ՀՀ Կառավարության կողմից որպես օրենսդրական նախաձեռնություն` վերջինիս վերաբերյալ ՀՀ Կառավարության համապատասխան եզրակացության առկայությամբ: Հանրային Խորհուրդը նշված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ առաջարկություններն ընդունում է իր անդամների ընդհանուր թվի 2/3 որոշմամբ:
Սույն օրենքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ օրենսդրական այլ նախաձեռնությունները Ազգային Ժողովը քննարկում է Հանրային Խորհրդի համապատասխան եզրակացության առկայության պարագայում: Վերջինս ընդունվում է Հանրային Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսի որոշմամբ:
Սույն օրենքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները ԱԺ-ում քննարկվում են Հանրային Խորհրդի ներկայացուցչի մասնակցությամբ:
Հոդված 6. “Հայաստանի Հանրապետության Հանրային Խորհուրդ” անվանումը չի կարող օգտագործվել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միավորումների, կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկների անվանումներում: “Հայաստանի Հանրապետության Հանրային Խորհուրդ” անվանումը պետական գրանցման ենթակա չէ:
Հոդված 7. Հանրային Խորհուրդն իրավաբանական անձ է, ունի իրավաբանական անձի համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:
Հոդված 8. Հանրային խորհրդի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 9. Հանրային Խորհրդի նպատակներն են նպաստել`
1. հասարակության և իշխանության մարմինների միջև երկխոսությանը, պետական կառավարման մեջ հասարակության ներգրավվածության աստիճանի բարձրացմանը, պետական մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև պետական իշխանության մարմինների և հասարակական միավորումների ու քաղաքացիների, քաղաքացիական ինստիտուտների միջև փոխադարձ վստահոթւայն կայացմանը,
2. քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանն ու ամրապնդմանը, քաղաքացիների և նրանց միավորումների սահմանադրական իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունները պաշտպանելու և աջակցելու միջոցով ՀՀ-ում քաղաքացիական հասարակության և վերջինիս ինստիտուտների կայացման գործընթացի խթանմանը,
3. պետական իշխանության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը` պետական քաղաքականության մշակման գործում հասարակության լայն շրջանակների շահերի և հետաքրքրությունների ներկայացմամբ և պաշտպանությամբ, հանրային հնչեղության հարցերի վերաբերյալ պետական իշխանության մարմինների որոշումների և գործողությունների հասարակական փորձաքննության իրականացմամբ,
4. ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և Սփյուռքի հայության ջանքերի համախմբմանը և դրանց լուծմանն ուղղված ռազմավարության մշակմանը,
5. փորձագետների ներգրավմամբ հանրային կյանքի առանձին ոլորտների երկարաժամկետ զարգացման ծրագրային դրույթների մշակմանն ու հասարակության լայն շրջանակներում դրանց քննարկմանը,
6. հասարակության տարբեր շերտերի շահերի և նրանց միջև ծագող բնական հակասությունների փոխզիջումային լուծումների մշակման շուրջ հաշտության եզրեր գտնելուն`կարևորելով սոցիալական գործընկերների (արհմիություն, գործատուներ, իշխանություններ) միջև սոցիալական երկխոսության ապահովումը:
Հոդված 10. Հանրային Խորհրդի խնդիրներն են`
1. ՀՀ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և միավորումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ներգրավմամբ հանրային կարևորության այն խնդիրների վերհանումը, որոնք ընդգրկված չեն պետական քաղաքականության առաջնահերթություններում կամ անհրաժեշտ ուժադրության չեն արժանացել պետական ծրագրերում և դրանց վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների հիման վրա առաջարկությունների ներկայացումը պատկան մարմիններին,
2. հանրային հնչեղության խնդիրներին առնչվող ՀՀ օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի (այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների), դրանց նախագծերի, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնությունների հասարակական փորձաքննության իրականացումը և համապատասխան եզրակացությունների ներկայացումը պետական իշխանության և տեղական ինքնակառավարման պատկան մարմիններին,
3. ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների կողմից արված առաջարկությունների և բողոքների ուսումնասիրումը, վերլուծությունն ու դրանց ծագման պատճառների մասին եզրակացությունների ներկայացումը հանրությանը և պետական իշխանության մարմիններին,
4. սույն օրենքին համապատասխան ՀՀ գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության իրականացումը,
5. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության ամրապնդման և զարգացման ուղղությամբ պետական քաղաքականության առաջնահերթությունների վերլուծությունը և պետական իշխանության մարմիններին համապատասխան առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև նշված զարգացումերին նպաստող քաղաքացիական նախաձեռնություններին աջակցումը,
6. քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և նրանց միավորումների ու զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ քաղաքացիների խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի երաշխիքների ապահովմանը նվիրված քննարկումների կազմակերպումը և համապատասխան առաջարկությունների մշակումը,
7. սույն օրենքի շրջանակներում Հանրային Խորհրդի հետաքրքրություններին առնչվող հարցերի շուրջ միջազգային համագործակցության իրականացումը:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
Հոդված 11. Հանրային Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպելու նպատակով հաստատում է Հայաստանի Հանրապետության Հանրային Խորհրդի Կանոնակարգը:
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության Հանրային Խորհրդի Կանոնակարգը սահմանում է`
1. Հանրային Խորհրդի աշխատանքներին նրա անդամների մասնակցության կարգը,
2. Հանրային Խորհրդի հերթական և արտահերթ նիստերի անցկացման կարգն ու ժամկետները,
3. Հանրային Խորհրդի նախագահի պարտականություններն ու լիազորությունները, ՀԽ նախագահի տեղակալի ընտրության կարգը, պարտականություններն ու լիազորությունները,
4. Հանրային Խորհրդի հանձնաժողովների, դրանց կոլեգիաների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի ձևավորման և աշխատանքների կազմակերպման կարգն ու լիազորությունները,
5. Հանրային Խորհրդի անդամի լիազարությունների վաղաժամկետ դադարեցման և կասեցման դեպքերն ու կարգը,
6. Հանրային Խորհրդի աշխատակազմի ձևավորման իրավական հիմքերն ու գործունեության կարգը,
7. Հանրային Խորհրդի որոշումներն ու դրանց ընդունման կարգը,
8. Հանրային Խորհրդի նախաձեռնած միջոցառումների նախապատրաստման և անցկացման կարգը,
9. Հանրային Խորհրդի գործունեության հաշվետվության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացման մասին Հանրային Խորհրդի ամենամյա զեկույցի նախապատրաստման և հրապարակման կարգը:
10. սույն օրենքին համապատասխան Հանրային Խորհրդի գործունեության կարգին և կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր:
Հոդված 13. Հանրային Խորհրդի կանոնակարգը կարող է պարունակել նաև ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող այլ դրույթներ:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 14. Հանրային Խորհուրդը կազմված է 60 անդամներից:
Հոդված 15. Հանրային Խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած յուրաքանչյուր անձ` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Հոդված 16. Հանրային Խորհրդի անդամ չեն կարող լինել`
1. ՀՀ Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, ՀՀ Կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության և դատախազության մարմինների ծառայողները,
2. դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք,
3. հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք:
Հոդված 17. Հանրային Խորհուրդը սույն օրենքով իր առջև դրված խնդիրները արդյունավետ լուծելու նպատակով, ըստ հանրային կյանքի առանձին ոլորտների, Հանրային Խորհրդի Կանոնակարգով սահմանված կարգով իրեն կից ձևավորում է Հանրային Խորհրդի 16 հանձնաժողովներ:
Հանձնաժողովներն իրենց կազմում, ըստ ենթաոլորտների, կարող են ձևավորել ենթահանձնաժողովներ:
Հոդված 18. Ըստ գործունեության ոլորտների Հանրային խորհրդի հանձնաժողովներն են`
1. մշակույթի հարցերի հանձնաժողով (մշակույթ, պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանություն, պատկանելություն և օգտագործում),
2. գիտության, կրթության, երիտասարդության հարցերի հանձնաժողով (գիտություն, բարձրագույն տեխնոլոգիաներ, բարձրագույն և մասնագիտական կրթություն, նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, երիտասարդություն),
3. առողջապահության հարցերի հանձնաժողով,
4. ֆինանսաբյուջետային և ներդրումային քաղաքականության հարցերի հանձնաժողով (հարկային, տուրքային, մաքսային, վճարային, և ներդրումային քաղաքանություն, բանկեր և վարկային քաղաքականություն, փոխառություն, դրամ, դրամաշրջանառություն),
5. տնտեսական հարցերի հանձնաժողով (արդյունաբերություն, էներգետիկա, բնական պաշարներ և ընդերքի օգտագործում, հակամենաշնորհային մրցակցություն, սակագնային քաղաքականություն, գույքի կառավարում, տեխնիկական վերահսկողություն, չափագիտություն, աշխատանքային հարաբերություններ, քաղաքացիական ավիացիա, մաքսային միություն),
6. սոցիալական և զբաղվածության հարցերի հանձնաժողով (զբաղվածություն, արհմիություններ, սոցիալական ապահովություն, վետերաններ և փախստականներ, թոշակառուներ և հաշմանդամներ),
7. գյուղատնտեսության հարցերի հանձնաժողով (գյուղատնտեսություն, արդյունավետ հողօգտագործում, ջրային պաշարներ),
8. բնապահպանության հարցերի հանձնաժողով,
9. արտաքին կապերի, սփյուռքի և կրոնի հարցերի հանձնաժողով (արտաքին կապեր, սփյուռք, կրոն, Արցախ),
10. գենդերային, մայրության, ընտանիքի հարցերի հանձնաժողով (գենդերային հավասարություն, մայրություն, ընտանիք),
11. քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով (կուսակցություններ և հասարակական-քաղաքական կազմակերպություններ, ոչ կառավարական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, մարդու իրավունքների պաշտպանություն),
12. ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով,
13. ներքին գործերի, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով,
14. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով (տարածքների համաչափ զարգացում, ենթակառուցվածքներ, տարաբնակեցում և Երևանի հարցեր),
15. պետաիրավական հարցերի հանձնաժողով,
16. ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողով;
17. տուրիզմի և սպորտի հարցերի հանձնաժողով (տուրիզմ, սպորտ),
18. կապի, տրանսպորտի և հեռահաղորդակցության հարցերի հանձնաժողով (կապ, տրանսպորտ, հեռահաղորդակցություն),
19. քաղաքաշինության հարցերի հանձնաժողով,
20. ժողովրդագրական և միգրացիայի հարցերի հանձնաժողով (ժողովրդագրություն, միգրացիա):
Հոդված 19. Հանրային Խորհրդի հանձնաժողովի աշխատանքները համակարգելու, աշխատանքների օրակարգը և հանձնաժողովում օրակարգային հարցերի քննարկումները նախապատրաստելու, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցերի լուծման նպատակով ձևավորվում է հանձնաժողովի կոլեգիա:
Հոդված 20. Միաժամանակ մի քանի հանձնաժողովների իրավասությանը առնչվող խնդրի կապակցությամբ, ինչպես նաև սույն օրենքի 45 հոդվածով սահմանված դեպքում օրենքով իրեն վերապահված գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով Հանրային Խորհրդի նախագահը Հանրային Խորհրդի Կանոնակարգով սահմանված կարգով կարող է ձևավորել աշխատանքային խմբեր:
Աշխատանքային խմբի գործունեությունն ավարտվում է Հանրային Խորհրդի կողմից աշխատանքի արդյունքների վերաբերյալ աշխատանքային խմբի զեկույցի քննարկմամբ և կամ համապատասխան որոշման ընդունմամբ:
Հոդված 21. Հանրային Խորհրդի աշխատանքները մարզերում արդյունավետ կազմակերպելու նպատակով Հանրային Խորհրդի նախագահը Հանրային Խորհրդի Կանոնակարգով սահմանված կարգով մարզերում ձևավորում է Հանրային Խորհրդի ներկայացուցիչների մարզային խմբեր` դրանցում ընդգրկելով ինչպես տվյալ մարզից Հանրային Խորհրդում և նրա հանձնաժողովներում ներգրավված անձանց, այնպես էլ մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Մարզային խմբերի գործունեությունը կազմակերպվում է Հանրային Խորհրդի Կանոնակարգով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 22. Հայաստանի Հանրապետության Նախագահը, սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված ժամկետներում խորհրդակցելով հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների այլ միավորումների, գիտական ու կրթական հաստատությունների և ստեղծագործական միությունների հետ, ընտրում է պետության և հասարակության առջև առավել վաստակ ունեցող 20 անձանց թեկնածությունները և առաջարկում նրանց ընդգրկվել Հանրային Խորհրդի կազմում:
Հոդված 23. Հանրային Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ առաջարկություն ստացած անձինք այն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին գրավոր տեղեկացնում են Հանրային Խորհրդի կազմում ընգրկվելու վերաբերյալ իրենց համաձայնության մասին:
Հոդված 24. Գործող Հանրային Խորհրդի անդամների լիազորությունների ավարտի օրվանից ոչ ուշ, քան մեկշաբաթյա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագաը իր հրամանագրով նշանակում է նոր Հանրային Խորհրդի 20 անդամներին` հանձնարարելով վերջիններիս սույն օրենքով սահմանված կարգով ձեռնամուխ լինել Հանրային Խորհրդի ողջ կազմի ձևավորման գործընթացին:
Հոդված 25. Նոր Հանրային Խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգելու համար ՀՀ Նախագահը սույն օրենքի 24-րդ հոդվածում նշված 20 անդամներից նշանակում է պատասխանատու:
Հոդված 26. ՀՀ Նախագահի կողմից նշանակվող Հանրային Խորհրդի անդամներին հրամանագրելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում վերջիններս հանձնաժողովներ ձևավորելու համար պաշտոնական լրատվական միջոցներով կոչով դիմում են
– հասարակական կազմակերպություններին և քաղաքացիների այլ միավորումներին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական ու ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների ու արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին, համայնքային կազմակերպություններին և այլ ոչ առևտրային կառույցների ներկայացուցիչներին
իրենց գործունեության ուղղվածությանը համապատասխան` “մեկ հանձնաժողովում մեկ ներկայացուցիչ մեկ կազմակերպությունից” սկզբունքով իրենց ներկայացուցիչներին Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովներում ընդգրկելու համար:
Կոչը հրապարակելուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում վերը նշված կազմակերպությունները դիմում են ՀԽ աշխատակազմ` դիմումին կից ներկայացնելով համապատասխան կազմակերպության բարձրագույն կոլեգիալ մարմնի որոշումը Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովում ներկայացուցիչ առաջարկելու վերաբերյալ, որի կազմում առաջարկվում է ներկայացուցիչ, տեղեկություն տվյալ հասարակական կազմակերպության գործունեության մասին (իրավաբանական հասցե, կնիք), ինչպես նաև տեղեկություններ առաջարկվող ներկայացուցչի վերաբերյալ (ինքնակենսագրություն):
Հոդված 27. Հանձնաժողովները 26-րդ հոդվածում նշված ժամկետն ավարտվելուց հետո երեք շաբաթվա ընթացքում Հանրային Խորհրդի Կանոնակարգով սահմանված կարգով (փակ գաղտնի քվեարկությամբ) իրենց անդամների կազմից ընտրում են հանձնաժողովների նախագահներ:
Հանձնաժողովների նախագահների ընտրության արդյունքները ստանալուն պես Հանրային Խորհրդի կազմավորման աշխատանքների համակարգողը դրանք ներկայացնում է ՀՀ Նախագահին:
ՀՀ Նախագահը մեկշաբաթյա ժամկետում հանձնաժողովների նախագահներին հրամանագրում է որպես Հանրային Խորհրդի անդամներ:
Հոդված 28. Հանրային Խորհրդի կազմը հանձնաժողովների նախագահներով համալրելու վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագրի հրապարակումից հետո` մեկշաբաթյա ժամկետում Հանրային Խորհրդի 40 անդամները՝ մեկ անդամ` մեկ թեկնածու սկզբունքով առաջադրված ընդհանուր թվով 40 թեկնածուների կազմից 40 միավոր գնահատման համակարգով ընտրում են Հանրային Խորհրդի մնացած 20 անդամներին:
Ընտրված են համարվում 20 առավելագույն միավորներ ստացած անձինք:
Ընտրության արդյունքներն ամփոփելուն պես Հանրային Խորհրդի կազմավորման աշխատանքների համակարգողը ՀՀ Նախագահի հաստատմանն է ներկայացնում նրանց թեկնածությունները:
ՀՀ Նախագահը մեկշաբաթյա ժամկետում հրամանագրով նշանակում է Հանրային Խորհրդի երրորդ 20 անդամներին:
ՀՀ Նախագահը մեկշաբաթյան ժամկետում նշանակում է ՀԽ նախագահին:
Հոդված 29. Նոր Հանրային Խորհրդի լիազորությունների ժամկետի սկիզբը հանդիսանում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված առաջին 20 անդամներին հրամանագրելու օրը:
Նոր Հանրային Խորհրդի անդամների լիազորությունները դադարում են սույն օրենքի 25-րդ հոդվածում նշված օրվանից 5 տարի հետո:
Հոդված 30. Հանրային խորհրդի անդամների լիազորությունների ավարտից առնվազն 15 օր առաջ ՀՀ Նախագահը սույն օրենքով սահմանված կարգով նախաձեռնում է Հանրային Խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը:
ԳԼՈՒԽ 6
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 31. Հանրային Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի, հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերի, Հանրային խորհրդի և հանձնաժողովների արտագնա նիստերի, հանրային լսումների, քաղաքացիների ընդունելությունների, հանդիպումների և իր լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովող այլ միջոցներով:
Հոդված 32. Հանրային Խորհրդի առաջին լիագումար նիստը գումարվում է ոչ ուշ, քան Հանրային Խորհրդի ձևավորումից 10 օր հետո: Հանրային Խորհրդի առաջին նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Հանրային խորհրդի անդամների 2/3-ը:
Հոդված 33. Հանրային Խորհուրդի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Հանրային Խորհրդի նախագահը, որին Հանրային Խորհրդի անդամների կազմից նշանակում է ՀՀ Նախագահը:
Հանրային խորհրդի նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է Հանրային Խորհրդի նախագահի տեղակալը, որին Հանրային Խորհրդի նախագահի առաջարկությամբ ընտրում է Հանրային Խորհուրդն իր կազմից` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հանրային Խորհրդի նախագահը վարում է նիստերը, հանդես է գալիս Խորհրդի անունից, ներկայացնում Խորհուրդը պետական և միջազգային կառույցներում:
Հոդված 34. Հանրային Խորհրդի անդամները Հանրային Խորհրդի և նրա կառույցների աշխատանքներին մասնակցում են անձամբ:
Հանրային Խորհրդի անդամների մասնակցությունը Հանրային Խորհրդի և նրա կառույցների աշխատանքներին չի կարող կաշկանդվել որևէ պարագայով:
Հոդված 35. Հանձնաժողովներն իրենց աշխատանքներում կարող են ներգրավել հանձնաժողովի կազմում չընդգրկված հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների այլ միավորումների հրավիրյալ ներկայացուցիչներ և փորձագետներ:
Հոդված 36. Հանրային Խորհրդի աշխատանքային խմբերում կարող են ընդգրկվել Հանրային Խորհրդի անդամներ, հանձնաժողովների անդամներ, ինչպես նաև հանձնաժողովների կազմում չընդգրկված հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների այլ միավորումների հրավիրյալ ներկայացուցիչներ և փորձագետներ:
Հոդված 37. Հանրային Խորհրդի անդամն իրավունք ունի Հանրային Խորհրդի, հանձնաժողովների կամ աշխատանքային խմբերի գործունեության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ ազատորեն կարծիք արտահայտել:
Հոդված 38. Իրենց լիազորություններն իրականացնելիս Հանրային Խորհրդի անդամները կաշկանդված չեն հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների այլ միավորումների որոշումներով:
Հոդված 39. Հանրային Խորհրդի հանձնաժողովի անդամը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հանրային խորհրդի նիստին, եթե նիստին քննարկվող հարցը վերաբերում է տվյալ հանձնաժողովին վերապահված ոլորտներին:
Հոդված 40. Հանրային Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:
Հանրային խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կարող է գումարվել Հանրային խորհրդի արտահերթ նիստ:
Հոդված 41. Հանրային Խորհրդի որոշումներն ընդունվում են Հանրային Խորհրդի նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ` բացառությամբ Հանրային Խորհրդի Կանոնակարգով նախատեսված դեպքերի:
Հոդված 42. Հանրային Խորհրդի որոշումներն ընդունվում են եզրակացությունների, առաջարկությունների, ուղերձների ձևով և ունեն խորհրդատվական բնույթ:
Հոդված 43. Հանրային Խորհրդի անդամները քննարկվող հարցերի վերաբերյալ իրավունք ունեն ներկայացնելու հատուկ կարծիք, որը պարտադիր կցվում է Հանրային Խորհրդի որոշմանը:
Հոդված 44. Հանրային Խորհուրդը յուրաքնչյուր տարվա մինչև մարտ ամսվա վերջը հրապարակում է նախորդ տարում իր գործունեության տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացման մասին Հանրային Խորհուրդի ամենամյա զեկույցը:
ԳԼՈՒԽ 7
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 45. Հանրային խորհուրդը`
1. Կանոնակարգով սահմանված կարգով անց է կացնում հանրային լսումներ և քննարկումներ հասարակական հնչեղություն ունեցող, ինչպես նաև հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ,
2. փորձագիտական եզրակացություններ է տալիս պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ՀՀ օրենսդրության խախտումների վերաբերյալ և դրանք ներկայացնում ՀՀ Նախագահին,
3. Կանոնակարգով սահմանված կարգով սեփական նախաձեռնությամբ կամ ՀՀ Նախագահի, ԱԺ Նախագահի կամ ՀՀ Վարչապետի առաջարկով իրականացնում է ինչպես ՀՀ գործող օրենքների և նորմատիվ իրավական ակտերի, այնպես էլ դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն:
Հասարակական փորձաքննություն իրականացնելու համար Հանրային խորհուրդը, անհրաժեշտության դեպքում ներգրավելով մասնագետների և փորձագետների, կարող է ձևավորել աշխատանքային խումբ, որն, անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր ստանալու նպատակով իրավասու է հարցումներ ուղղել պետական մարմիններին:
Հանրային խորհուրդը հասարակական փորձաքննության եզրակացությունը ներկայացնում է փորձաքննություն անցկացնելու առաջարկ ներկայացրած մարմնին:
Սեփական նախաձեռնությամբ գործող օրենքների հասարակական փորձաքննություն իրականացնելու դեպքում Հանրային Խորհուրդն իր եզրակացությունը ներկայացնում է ՀՀ Նախագահին, իսկ գործող նորմատիվ իրավական այլ ակտերի հասարակական փորձաքննություն իրականացնելու դեպքում` ՀՀ Նախագահին կամ ՀՀ կառավարությանը` ըստ ընդատյատության:
Սեփական նախաձեռնությամբ օրենքների կամ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հասարակական փորձաքննություն իրականացնելու դեպքում ՀԽ իր եզրակացությունը ներկայացնում է նշված իրավական ակտերի հեղինակներին, իսկ օրենքների նախագծերի պարագայում` նաև Ազգային ժողով:
4. Հասարակական փորձաքննություն է իրականացնում ՀՀ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ հանրային հնչեղություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ:
5. Հանրային Խորհրդի նախագահի միջոցով իր կամ նախագահության նիստերին մասնակցելու համար հրավիրում է ՀՀ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին և պաշտոնատար այլ անձանց:
6. Հասարակության տարբեր շերտերի հետաքրքրություններ և շահերի միջև գոյություն ունեցող բնական հակասությունների շուրջ հաշտության եզրեր գտնելու և փոխզիջումային լուծումներ մշակելու նպատակով կազմակերպում են լսումներ, խորհրդակցություններ և քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
7. փորձագետների ներգրավմամբ մասնակցում է Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերի հիմունքների մշակմանն ու հասարակության լայն շրջանակներում դրանց քննարկմանը:
Հոդված 46. Հանրային Խորհրդի հանձնաժողովները պետական պաշտոնատար անձնանց կարող են հրավիրել իրենց նիստերին կամ հանձնաժողովի կոլեգիաների նիստերին Հանրային Խորհրդի նախագահի միջոցով:
ԳԼՈՒԽ 8
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 47. Սույն օրենքի 45 հոդվածի 3 կետի առաջին մասում նշված մարմինները Հանրային Խորհրդի փորձագիտական եզրակացությունը ստանալու համար վերջինիս են ուղղարկում փորձաքննության առարկա հանդիսացող իրավական ակտը կամ նրա նախագիծը՝ կից բոլոր փաստաթղթերով և նյութերով:
Հասարակական փորձաքննություն իրականացնելու համար Հանրային Խորհուրդը կարող է անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր ստանալու նպատակով հարցումներ ուղղարկել պետական մարմիններին:
Հոդված 48. ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հանրային Խորհրդի հասարակական փորձաքննության եզրակացությունները “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքով սահմանված կարգով կցվում են ԱԺ քննարմանը ներկայացվող փաստաթղթերի փաթեթին և հրապարակվում են ինչպես համապատասխան հանձնաժողովների նիստերում, այնպես էլ ԱԺ լիագումար նիստում:
Նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ Հանրային Խորհրդի հասարակական փորձաքննության եզրակացությունները ներկայացվում են ՀՀ Նախագահին կամ “ՀՀ Կառավարության գործունեության կարգի մասին” ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանված կարգով կցվում են ՀՀ Կառավարության քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի փաթեթին և հրապարակվում ինչպես համապատասխան հանրապետական գործադիր մարմնի կոլեգիայի, այնպես էլ նախարարական կոմիտեի և ՀՀ Կառավարության նիստերում:
Հոդված 49. Գործող օրենքների, դրանց նախագծերի, նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ունեցող այլ հարցերի վերաբերյալ Հանրային Խորհրդի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված հասարակական փորձաքննության եզրակացությունները համապատասխան պետական մարմինները քննարկում են ըստ նպատակահարմարության:
Հոդված 50. Հանրային Խորհուրդը կարող է փորձաքննություն իրականացնող խմբի առանձին անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փորձաքննության ենթակա հարցի հետ առնչություն ունեցող իր այլ անդամներին գործուղել ՀՀ ԱԺ կամ ՀՀ Կառավարություն փորձաքննության առարկա հանդիսացող հարցի քննարկումներին մասնակցելու համար: Գործուղվածների ցանկում պարտադիր նշվում է քննարկվող հարցի վերաբերյալ Հանրային Խորհրդի լիազորված ներկայացուցիչը, որն իրավունք ունի մասնակցելու ԱԺ կամ Կառավարության նիստին:
ՀՀ ԱԺ ապահովում է իր հանձնաժողովների աշխատանքներին և լիագումար նիստերին Հանրային Խորհրդի կողմից գործուղված ներկայացուցիչների մասնակցությունը:
ՀՀ Կառավարությունը և հանրապետական գործադիր մարմիններն ապահովում են իրենց նիստերին Հանրային Խորհրդի կողմից գործուղված ներկայացուցիչների մասնակցությունը:
Հոդված 51. Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական այլ կառույցներին նրանց իրավասությանը վերապահված հարցերի առնչությամբ Հանրային խորհուրդը կարող է ուղղել հարցումներ:
Հանրային խորհրդի հարցումները պետք է համապատասխանեն սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված Հանրային խորհրդի նպատակներին և խնդիրներին:
Հոդված 52. Սույն օրենքում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության առկայության դեպքում Հանրային խորհուրդն իրավունք ունի ներկայացնել հատուկ կարծիք, որը շրջանառության մեջ է դրվում սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 53. Հանրային խորհուրդը կարող է դիմել ՀՀ Կառավարությանը` սույն օրենքում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու առաջարկով:
Հոդված 54. Հանրային խորհուրդը կարող է անդամակցել միջազգային կազմակերպություններին, կնքել նրանց հետ համագործակցության համաձայնագրեր, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղղել Հանրային խորհրդի և նրա հանձնաժողովների անդամներին մասնակցելու միջազգային խորհրդակցություններին, համաժողովներին և այլ միջոցառումներին:
ԳԼՈՒԽ 9
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 55. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են Հանրային Խորհրդի Կանոնակարգով սահմանված կարգով, եթե`
1. ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը,
2. դիմում է ներկայացրել Հանրային Խորհրդից դուրս գալու վերաբերյալ,
3. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
4. երեք անգամ անընդմեջ, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանրային Խորհրդի նիստերի աշխատանքին,
5. տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը Հանրային Խորհրդում,
6. նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ,
7. համապատասխանորեն ընտրվել կամ նշանակվել է սույն օրենքի հոդված 13-ի կետ 1 նշված պաշտոններում,
8. էթիկայի վարքականոնների պահանջների կոպիտ խախտման դեպքում` Հանրային Խորհրդի նիստում անդամների ընդհանուր թվի առնվազն կեսով ընդունված որոշմամբ,
9. մահացել է:
Հոդված 56. Հանրային Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Հանրային Խորհրդի նոր անդամը Հանրային Խորհրդի կազմում ընդգրկվում է սույն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով այն, թե լիազորությունները դադարած խորհրդի անդամը ինչպիսի ընթացակարգով է նշանակվել կամ ընտրվել:
Հոդված 57. Հանրային Խորհրդի անդամի լիազորությունները Հանրային Խորհրդի Կանոնակարգով սահմանված կարգով կասեցվում են, եթե`
1. նրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությանը համապատասխան ներկայացվել է հանցագործություն կատարելու մեղադրանք.
2. ՀՀ Նախագահի և ԱԺ պատգամավորի պաշտոնում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու համար թեկնածու գրանցվելու դեպքում:
ԳԼՈՒԽ 10
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 58. Հանրային Խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ Նախագահը հիմնադրում է Հանրային Խորհրդի աշխատակազմ:
Հոդված 59. Հանրային Խորհրդի գործունեության տեղեկատվական ապահովման և Հանրային Խորհրդի կողմից քննարկվող հարցերում հասարակության լայն շրջանների ներգրավումն ապահովելու նպատակով ինտերնետում գործում է Հանրային Խորհրդի կայքէջը:
Հոդված 60. Հանրային Խորհրդի կողմից հաստատված տեղեկատվական ծրագրերը կարող են հեռարձակվել Հանրային հեռուստառադիոընկերության եթերով:
Հոդված 61. Հանրային Խորհուրդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է թողարկել իր պարբերականը:
Հոդված 62. Հանրային Խորհրդի գործունեության հետ կապված Հանրային Խորհրդի անդամի, ինչպես նաև Հանրային Խորհրդի հանձնաժողովի անդամի կողմից կատարված ճանապարհածախսերը փոխհատուցվում են:
Հոդված 63. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու նրանց պաշտոնատար անձինք Հանրային խորհրդի հարցումների վերաբերյալ տեղեկությունները տրամադրում են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 64. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու նրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև քաղաքացիական, համայնքային և պետական այլ ծառայողներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակում են Հանրային Խորհրդի անդամներին իրենց լիազորություններն իրականացնելիս:
Հոդված 65. Հանրային Խորհրդի անդամին իր լիազորությունների ժամկետով տրվում է վկայական:
ԳԼՈՒԽ 11
ԵԶՐԱՓԱԿԻՉ և ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 66. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից` բացառությամբ սույն օրենքի Գլուխ 3-ով սահմանված հոդվածների, ինչպես նաև հոդվածներ 19-ի, 21-ի, 33-ի 2-րդ մասի, 45-ի 3 կետի, 47-ի, 48-ի, 49-ի, 50-ի, 52-ի:
Հոդված 67. Հանրային Խորհուրդը սույն օրենքով սահմանված կարգով ձևավորված կազմով իր առաջին նիստի գումարման օրվանից հետո ոչ ուշ քան
1. մեկամսյա ժամկետում հաստատում է Հանրային Խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակը և կառուցվածքը
2. երկամսյա ժամկետում հաստատում է սույն օրենքի գլուխ 3-ով նախատեսված Հանրային Խորհրդի Կանոնակարգը:
Հոդված 68. Մինչ Հանրային Խորհրդի Կանոնակարգի հաստատումը գործում է ՀՀ Նախագահի 2009թ. մարտի 11-ի ՆԿ-36-Ն հրամանագրով հաստատված Հանրային Խորհրդի Կանոնադրությունն իր այն կետերով, որոնք չեն հակասում սույն օրենքի ուժի մեջ մտած դրույթներին: