Նորություններ

Համավարակի կառավարման հարցում առանցքային դեր ունի արդյունավետ հաղորդակցությունը

Հանրային խորհրդի Առողջապահության հարցերի հանձնաժողովն այսօր ուղիղ հեռարձակմամբ իրականացված ընդլայնված նիստում քննարկել է համաճարակային իրավիճակում ՀՀ կառավարության, առողջապահական համակարգի և հանրության առաջ ծառացած մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ արված առաջարկները շուտով կհամակարգվեն՝ որպես իրավիճակի կառավարմանն աջակցող փաստաթուղթ:

Հանդիպման բանախոսներ Հանրային խորհրդի Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան, «COVID-19 միջազգային ուղեցույց»-ի համահեղինակ Հասմիկ Ղազինյանը և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Կեկ» բժշկական կենտրոնի կլինիկական բժշկության պրոֆեսոր Սարո Խեմիչյանը ընդգծեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ էլ ծավալվեց հիմնական քննարկումը: Մասնավորապես խոսվեց այն մասին, որ Հանրային խորհուրդն իր իրավասությունների սահմանում պետք է մշակի գործիքակազմ և ներկայացնի առաջարկներ՝ ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակում մի շարք ուղղություններով տարվող աշխատանքներում պատասխանատվությունը կիսելու հարցում՝ ներգրավելով կյանքի գրեթե բոլոր ոլորտները ներառող մասնագետների:

Առանձին ուշադրության արժանացավ նաև բազմակողմ ոչ արդյունավետ հաղորդակցության խնդիրը, որը լուրջ խոչընդոտ է հանրության՝ կառավարության հետ համագործակցելու և պարետատան ցուցումներին հստակ հետևելու հարցում: Հաղորդակցության դաշտում առանձնացվեցին մի շարք դրույթներ, որոնք նպաստում կամ խաթարում են երկխոսության բնականոն ընթացքին:

  • Հայաստանի Հանրապետությունում հսկայական ծավալներով ապատեղեկատվություն է տարածվում և ուղղորդված հակաքարոզ իրականացվում:
  • Վերոգրյալին չի հակադարձվում համակարգված ինֆորմացիոն քաղաքականությունը, որն այս պահին պետական կառավարման համակարգում առկա ռեսուրսներով հնարավոր է և անհրաժեշտ է իրականացնել՝ առանց ժամանակ կորցնելու:
  • Անհարկի տարածվող խուճապային տրամադրությունները պետք է վերափոխել գործողությունների մղող տեղեկատվական արշավի:
  • Այս ամենում պետք է հստակ մեծ «չափաբաժին» տրվի բժիշկների ծանր աշխատանքն ավելի պատկերավոր ներկայացնելուն և հանրային վարքագիծը փոխելուն, և այլն:

Այս ամենին զուգահեռ՝ մեծապես կարևորվեց նաև առողջապահական համակարգին ուղղվող ֆինանսական հոսքերի ծավալների մեծացման անհրաժեշտությունը, քանի որ արտակարգ դրության  և համավարակաի պայմաններում, բժշկական կենտրոններն ու ոլորտի մասնագետներն աշխատում են գերլարումով, և չի կարող ու չպետք է ֆինանսավորումը շարունակվի իրականացվել ստանդարտ չափորոշիչներով:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close