Կյանքից հեռացել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը
Խորը ցավով տեղեկացա, որ 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Արցախի հերոս, ՀՀ և ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Արկադի Տեր-Թադևոսյանը Հայաստանի և Արցախի հերոսական կերպարներից է, մարդ, ով կանգնած է եղել ազգային զինված ուժերի ստեղծման և կայացման ակունքներում:
Լինելով արհեստավարժ և բազմափորձ զինվորական՝ Արկադի Տեր-Թադևոսյանն Արցախյան գոյամարտի հենց սկզբից իր գիտելիքները, ուժն ու կորովը ներդրել է Արցախի ազատագրման և արցախահայության պաշտպանության համար, ղեկավարել և մասնակցել է բազմաթիվ հաջողված մարտական օպերացիների, որոնց թագն ու պսակը եղել է Շուշիի ազատագրումը:
Պատերազմից հետո ևս Արկադի Տեր-Թադևոսյանը շարունակել է իր հայրենանվեր գործունեությունը հայկական զինված ուժերում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, իր պրոֆեսիոնալ և մարդկային աջակցությունն է բերել Արցախյան վերջին պատերազմում հայկական զինուժի մարտական և թիկունքային գործողություններին:
Որպես ՀՀ Հանրային խորհրդի անդամ՝ Արկադի Տեր- Թադևոսյանը կարևոր դերակատարում և ներդրում է ունեցել բանակաշինությանը վերաբերող հիմնախնդիրների վեր հանմանը, քննարկմանն ու լուծմանը, Արցախյան վերջին պատերազմի ընթացքում եղել է Հանրային խորհրդի կազմում գործող օպերատիվ շտաբի անդամ:
Արկադի Տեր-Թադևոսյանը բոլորիս հուշերում կմնա որպես փայլուն զինվորական, հայրենասեր հայորդի և բարձր մարդկային որակների տեր անձնավորություն:
ՀՀ Հանրային խորհրդի անունից ցավակցում և հոգու տոկունություն եմ մաղթում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյան