ՀինՆորություններ

Կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցը` Հանրային խորհրդում

Հանրային խորհուրդը որոշ ժամանակ առաջ ՀՀ կառավարություն էր դիմել` կաշվի հումքը Թուրքիա արտահանելու և այնտեղ վերամշակելու հարցի վերաբերյալ` առաջարկելով միջոցներ ձեռնարկել հումքի մի մասի վերամշակմանմ գործընթացը տեղում կազմակերպելու և ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Կառավարությունը Հանրային խորհրդի նամակը հասցեագրել էր էկոնոմիկայի նախարարություն, որտեղ հարցն ուսումնասիրվել էր և առաջարկվել կազմակերպել համատեղ քննարկում` ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Հունիսի 28-ին Հանրային խորհրդում ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի գխավորությամբ տեղի ունեցավ քննարկում` մանր և խոշոր եղջերավոր անասունների մորթի կազմակերպման, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցի վերաբերյալ, որին մասնակցում էին նաև Երևանի կաշվի գործարանի տնօրեն Վարդան Կիրակոսյանը, Երևանի մսի կոմբինատի տնօրեն Ռազմիկ Դարբինյանը, Սննդի անվտանգության տեսչության փորձագետ Հովհաննես Ներսիսյանը, կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ և մասնագետներ:

Էկոնոմիկայի փոխնախարարը, կարևորելով հարցը, տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են Երևանի կաշվի գործարանի ռեսուրսները և համոզվել, որ գործարանը լիովին համապատասխանում է նորագույն չափանիշներին և հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Նրա խոսքով` արդեն մեկ տարի է` քննարկումներ են իրականացվում գործարանի ղեկավարության հետ` բարձրացված հարցին լուծում տալու նպատակով: Խնդիրն այն է, որ այսօր գործարանը իր ողջ հզորությամբ չի գործում, չի կարողանում կաշվի վերամշակմամբ զբաղվել, քանի որ ազատ շուկայական տնտեսական պայմաններում չի դիմանում մրցակցությանը: Հիմնական մրցակցությունը Թուրքիայի միջև է, որի հետ էլ նախընտրում են համագործակցել հայ տնտեսվարողները` հայկական կաշվի հումքն արտահանելով Թուրքիա և այնտեղ վերամշակելով: Սակայն, ինչպես նշվեց, շատ դեպքում հումքի որակը, փաստաթղթերը և այլ հանգամանքներ վիճահարույց են և կասկածելի: Իսկ Երևանի կաշվի գործարանը նման պայմաններում չի ցանկանում համագործակցել տնտեսվարողների հետ: Արդյունքում մնում է առանց հումքի:

Ըստ փոխնախարարի` պետք է տարբերակ գտնել տեղական արտադրողին` տվյալ դեպքում Երևանի կաշվի վերամշակման գործարանին աջակցելու համար: Սակայն դա պետք է արվի այնպես, որպեսզի չհակասի արտահանման հետ կապված կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Սակայն, մինչ վերամշակման ոլորտը կարգավորելը, նախ պետք է կարգի բերել մորթի կազմակերպման գործընթացը, ինչն այսօր չի համապատասխանում զարգացած երկրների չափանիշներին: Այս տեսանկյունից բարձրացվեց սպանդանոցների կառուցման հարցը, ինչի անհրաժեշտությունը հաստատեց նաև սննդի անվտանգության պետական տեսչության փորձագետը: Նրա խոսքով` անհրաժեշտ է կառուցել ժամանակի պահանջներին համապատասխանող 20-22 սպանդանոց:

Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, ասաց, որ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձանժողովն ու Էկոնոմիկայի նախարարությունը համատեղ կդիմեն կառավարությանը, որպեսզի քայլեր ձեռնարկվեն բարձրացված հարցերի ուղղությամբ` կաշվե հումքի որոշակի քանակություն տեղական շուկայում պահելու և տեղական արտադրանքի զարգացումը խթանելու նպատակով: Նա կարևորեց ոչ միայն հարցի սոցիալ-տնտեսական կողմը, այլ նաև այդ ոլորտում Հայաստանի երբեմնի հարուստ փորձի ու ավանդույթների վերականգնման անհրաժեշտությունը: 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close