Իրենց մտահոգություններով և խնդիրներով՝ քաղաքացիները դիմում են Հանրային խորհրդին
Հանրային խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի՝ քաղաքացիների հերթական հանդիպումը: Քննարկումների ընթացքում ՀԽ նախագահին ներկայացվեցին տարբեր ոլորտներում առկա անձնական և հանրային բնույթի խնդիրներ, որոնք քննարկվեցին քաղաքականությունների մշակման և ընթացիկ գործընթացների համատեքստում:

Լսումների ընթացքում Ս.Սաֆարյանն առանձնակի ուշադրություն դարձրեց հատկապես ներդրումների գործընթացներում առկա խնդիրներին, որոնց մասով խորհրդի գրասենյակը պարբերաբար տարբեր բովանդակությամբ դիմումներ է ստանում: Գրություններում առկա են մտահոգություններ՝ կապված տարբեր պետական և մասնավոր կառույցների կողմից թույլատրված առերևույթ թերացումների և կողմնակալ մոտեցումների հետ: Քաղացիների ընդունելության ընթացքում նրանց առաջարկվեց գրավոր ներկայացնել խնդիրները՝ կցելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որից հետո արդեն ներկայացված հարցերը կքննարկվեն ՀԽ հանձնաժողովների կողմից՝ վերահասցեագրելով նաև պատասխանատու մարմիններին:
Հանրային խորհրդի գործունեությամբ հետաքրքրված և ներգրավվելու պատրաստակամությամբ՝ ոլորտային մասնագետները դիմում են նաև՝ անդամագրվելու խորհրդի կազմին, ինչը կարևորում ենք հատկապես բազմակողմ խորհրդատվական գործառույթն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից: