Երևանի ֆիզիկայի ինստիտուտին կից գիտավանում նախագծվող կառուցապատման շուրջ ծագած անհամաձայնությունների հիմքում առկա են օրենսդրական բացեր
Հանրային խորհրդի գրասենյակում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ բազմակողմ քննարկում «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) կից գիտավանում մոտ 2000քմ սեփականաշնորհված տարածքում նախատեսված բազմաբնակարան շենքի և հարակից կառուցապատման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, գլխադասային հանձնաժողովների նախագահներ Վազգեն Սաֆարյանն ու Ռուբեն Բալաբանյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արտաշես Խալաթյանը, ներկայացուցիչներ կառուցապատման նախագիծ ներկայացրած «Ռատկո» ՍՊԸ-ից, ներդրողներից, նախագծին դեմ դիրքորոշում հայտնած բնակիչներից, Երևանի քաղաքապետաևանի քաղաքաշինական հատուկ հարցերի վարչությունից և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Լևոն Զաքարյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանն ու Գայանե Եղիազարյանը:
Կառուցապատող ընկերության համահիմնադիր տնօրեն Արթուր Մնացականյանը ներկայացրեց իրավական այն բոլոր գործընթացները, որոնց արդյունքում վիճահարույց տարածքը սեփականության իրավունքով ձեռք է բերվել նախկինում այն տնօրինող ֆիզիկական անձից: Նա հատկապես ընդգծեց, որ շինարարական նախագծի հանրային քննարկում, որպիսին տեղի է ունեցել 2019թ.-ի նոյեմբերին այս տարածքի համար, երբևէ մինչ այդ տեղի չի ունեցել, ինչին ի պատասխան՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն արձագանքեց. «Այն, որ հանրային լսումներ են անց կացվել, լավ չէ, նորմալ է»: Նա չխուսափեց հաստատել նաև կառուցապատմանը դեպ արտահայտվող բնակիչ Ֆրունզ Հարությունյանի որակումն այն մասին, որ այս նախագծով բնակիչները «կողոպտվել են»: «Մեր երկրում կողոպտվել են բազմաթիվ հանրային տարածքներ… Եթե պիտի կառչենք բառերից, կարող ենք փոխել այն, բայց հարցի էությունը դրանից չի փոխվում: Մենք բազմաթիվ նման կառույցներ ունենք, որոնք օտարվել և վաճառվել են մասնավորին. դրա արդյունքում կան հազարավոր մանկապարտեզ չհաճախող երեխաներ»,- ասաց Լ. Զաքարյանը՝ հավելելով, որ սեփականաշնորհման գործընթացի օրինականությունը պարզելն այս պահին արդեն դատախազության տիրույթում է, ինչն էլ կհստակեցնի, թե հետագա զարգացումները որ ուղղությամբ են ընթանալու:
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ հարցերի վարչության աշխատակից Էվլին Օրդուխանյանն իր հերթին ներկայացրեց հանրային լսումների կազմակերպման ընթացակարգն ու 2019թ․ նոյեմբերի 4-ին լսումների հրավիրման մանրամասները, ինչպես նաև՝ պարզաբանումներ ներկայացրեց քաղաքապետարանի կողմից շինթույլտվության տրամադրման փուլում ներկայացված փաստաթղթերի, մասնավորապես՝ սեփականության վկայականի ու այլ հիմքերի օրինականության (ինչը նույնպես վիճարկվում է քաղաքացիական նախաձեռնության կողմից) չստուգման վերաբերյալ՝ պարզաբանելով, որ նման պարտավորություն սահմանված չէ։
Հանդիպման ընթացքում գիտավանի բնակիչներն իրենց մտահոգություններն հայտնեցին 2019թ.-ի նոյեմբերի 4-ին տեղի ունեցած հանրային լսումների մասով, որոնց մասնակցության իրավունք են ունեցել մարդիկ Երևանի բոլոր համայնքներից, ինչը կարող էր ազդել քննարկման որակի վրա, մյուս կողմից՝ կառուցապատողը ևս վստահություն չունի, որ կառուցապատման դեմ ստորագրած բոլոր 500 բնակիչները հենց գիտավանից են:
Խնդրի բոլոր կողմերի միջև առկա փոխադարձ անվստահության մթնոլորտին և դրա պատճառներին անդրադարձավ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ գործընթացը բարդացնում են հատկապես 2 հիմնական խնդիրներ.
- Երևանի քաղաքապետարանը թույլտվությունները տրամադրում է՝ հիմնվելով առկա փաստաթղթերի վրա՝ առանց դրանց օրինականությունն ու հիմքերը ստուգելու, ինչը պարզ դարձավ մասնավորապես քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ հարցերի վարչության ներկայացուցչի ելույթից:
- Հանրային լսումների կազմակերպման դաշտում առկա են խնդիրներ և՛ կարգավորումների, և՛ պատշաճ իրազեկում իրականացնելու մասով, ինչի արդյունքում՝ հասկանալի չէ, թե ովքեր են մասնակցել լսումներին և թե ում համաձայնությունն է իրականում առկա այս կամ գործունեությունը ծավալելու համար:
Նրա խոսքով՝ կառուցապատող ընկերությունն ու գիտավանի բնակիչները, չնայած բոլոր հանգամանքներին, պետք է հաշվի առնեն հարցի վերաբերյալ կողմերի իրավունքներն ու այդ իրավունքներն իրացնելուն, պաշտպանելուն ուղղված քայլերի լրջությունը: Մի կողմում սեփականության իրավունքն է, մյուս կողմում՝ հանրային գերակա շահը: Դիտարկումների հետ համաձայնեցին նաև Երևանի ավագանու անդամները՝ արձանագրելով, որ հանրային լսումները նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել թերություններ ունեցող օրենսդրության շրջանակներում և հանձն առան իրենց լիազորությունների սահմաններում ուսումնասիրել խնդրի բոլոր կողմերը:
Հիմնախնդրի մեկ այլ դիտանկյան՝ տվյալ տարածքում կառուցապատման խտության շուրջ բուռն բանավեճ ծավալվեց կառուցապատողի և բնակիչների կողմից հրավիրված ճարտարապետների միջև, ինչը վեր հանեց ևս մեկ անորոշության, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ունի իր իսկ սահմանումը, ճշմարտությունը և դրա հիմնավորումները, որի շրջանակներում էլ գործում է․ ըստ տարածքի բնակիչների ներկայացուցիչների՝ ներկայացվող նախագիծը գերազանցում է նորմատիվներով սահմանված առավելագույն գործակիցը, մինչդեռ կառուցապատողի ներկայացուցիչները նշված ուղենիշը դիտարկում են այլ մասշտաբի մեջ։
Ելույթներով, հարցադրումներով ու պարզաբանումներով հանդես եկան նաև Երևանի ավագանու Իմ քայլ խմբակցության անդամներ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և Գայանե Եղիազարյանը՝ առաջարկելով ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ փնտրել։ ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Բալաբանյանը կարևորեց իրավական թնջուկի լուծումը Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պահանջների պահպանման ու բնակիչների իրավական հարցադրումների սպառիչ պատասխանների համատեքստում, իսկ նույն հանձնաժողովի անդամ Արտաշես Խալաթյանը հանգամանորեն ներկայացրեց երկու կողմերի իրավական պահանջատիրության ուժեղ և թույլ կողմերը։ ՀԽ Ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկեց քննարկումները և երկխոսությունը շարունակել նաև իր գլխավորած հանձնաժողովի քաղաքաշինության հարցերի ենթահանձնաժողովում՝ մինչև կգտնվի երկուստեք ընդունելի կամ օրինականության դաշտում սպառիչ լուծում։
Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը թնջուկի լուծման վերաբերյալ կողմերի հակադիր առաջարկությունները լսելուց հետո ամփոփեց քննարկումը՝ գոհունակություն հայտնելով, որ բազմակողմ և առաջին հերթին հակադրության երկու կողմերի միջև առաջին հանդիպումը այլևս կայացած փաստ է, որից հետո պետք է շարժվել անվստահության մթնոլորտի հաղթահարման, փոխադարձ մեղադրանքները լուծման տարբեր առաջարկություններով փոխարինելու ուղղությամբ․ «Առաջիկա շաբաթվա ընթացքում Հանրային խորհրդում խնդրի ավելի հանգամանալից ուսումնասիրության ու այս քննարկման արդյունքներով կպատրաստվի հերթական խորհրդատվական փաստաթղթի նախագիծը, որը կներակայցվի թե՛ շահագրգիռ կողմերին, թե՛ կառավարությանը, թե՛ նաև Երևանի քաղաքապետարանին՝ ընթացակարգերի նորմատիվ հստակեցման ու խնդրի հանգուցալուծման տարբեր դիպաշարերի առաջարկություններով։ Եթե դրանք քննարկելու ու համաձայնությունների կայացման համար կողմերը վերստին զգան ՀԽ հարթակի անհրաժեշտությունը, ապա մեր միջնորդությունը չի ուշանա»,-եզրափակեց Սաֆարյանը։
Հ. Գ. Հանդիպման տեսագրությունն առկա տեխնիկական խնդիրների պատճառով, ցավոք, այս պահին հասանելի չէ հրապարակման համար, ուստի փորձել ենք հնարավորին չափ մանրամասն ներկայացնել հանդիպման բոլոր դրվագները: Պատճառված անհարմարության համար ներողամտություն ենք հայցում մասնակիցներից, խնդրով մտահոգ անձանցից և Հանրային խորհրդի գործունեությամբ հետաքրքրված մեր քաղաքացիներից: