Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովը քննարկել է տարկետման հարցը

Այսօր տեղի է ունեցել Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Աիդա Թոփուզյանը։
Օրակարգային առաջին հարցը վերաբերել է «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թ․ ապրիլին ընդունած որոշմանը։ Հարցը բարձրացրել է հանձնաժողովի անդամ Կորյուն Գևորգյանը, որի կարծիքով՝ որոշումը պետք է փոփոխվի բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ու հնարավորություններ ապահովելու և ամենաարժանիներին ընտրելու նպատակով։
Կառավարության որոշման համաձայն՝ տարկետման համար դիմելու իրավունքը պայմանավորվում է միջին որակական գնահատականով (ՄՈԳ), որը 18 միավորից ցածր լինել չի կարող։ Հանձնաժողովի անդամները տեսակետ են հայտնել, որ 18 միավորից ցածր ՄՈԳ-ը դեռևս չի նշանակում, որ տվյալ անձը նշանակալի նվաճումներ չի ունեցել գիտության և կրթության բնագավառում։ Հանձնաժողովը գտել է, որ սահմանված չափանիշը ոչ հավասար պայմաններ է ստեղծում զորակոչիկների համար, ուստի առավել նպատակահարմար է վերացնել այդ սահմանափակումը և ՄՈԳ-ի միավորները պարզապես գումարել մյուս չափորոշիչների միավորներին։ «Այս հանգամանքը ոչ ոքի չի զրկի տարկետում ստանալու մրցույթին մասնակցելու իրավունքից, միաժամանակ կբարձրացնի ուսման նկատմամբ շահառուների մոտիվացիան և տարկետման իրավունքից օգտվելու պատասխանատվությունը»,-նշելէ Կորյուն Գևորգյանը։
Նոր որոշմամբ չափարոշիչների ցանկից հանվել է նաև համապատասխան հանձնաժողովում անցկացվող հարցազրույցը։ Քննարկման մասնակիցներից շատերը տեսակետ են հայտնել, որ հարցազրույցը պետք է վերականգնվի, քանի որ հանձնաժողովի անդամները հարցազրույցի ընթացքում լրացուցիչ տեղեկություններ են հավաքում շահառուի մասին, պարզում վերջինիս «նշանակալի նվաճումների», ներկայացված փաստաթղթերի հավաստիության, գիտական մտածելակերպի առկայության, անձնային որակների և այլ կարևոր հատկանիշների վերաբերյալ։
Քննարկվող հարցերից մեկն էլ վերաբերել է տարկետման տրամադրման վերջնաժամկետին։ Առաջարկվել է վերջնաժամկետ սահմանել ոչ թե 26 տարին, այլ ուսումնառության ավարտը, քանի որ շատերը 26 տարեկանում էլ դեռևս շարունակում են ուսումը։
Օրակարգային հարցի քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը։ Վերջինս պարզաբանումներ է ներկայացրել որոշման վերաբերյալ և անդրադարձել հանձնաժողովի անդամների բարձրացրած հարցերին ու մտահոգություններին։ Հանձնաժողովը որոշել է դիմել կառավարությանը՝ առաջարկելով փոփոխություններ մտցնել «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ։
Նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է ՀԽ Գիտության, կրթության հանձնաժողովում ոլորտային ենթահանձնաժողովների ձևավորմանը։ Որոշվել է հանձնաժողովում ձևավորել հետևյալ երեք ենթահանձնաժողովները՝ 1․ նախադպրոցական և հանրային կրթության հարցերի ենթահանձնաժողով, 2․ միջին, բարձրագույն կրթության և հետբուհական հարցերի ենթահանձնաժողով, 3․ գիտության հարցերի ենթահանձնաժողով։
Քննարկվել է նաև հանձնաժողովում առաջիկայում քննարկվելիք հարցերի ցանկը։