Նորություններ

Գեղաշեն համայնքի ղեկավարն ահազանգում է. մթերվող կաթի գինը շարունակաբար իջեցվում է

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանը նամակով դիմել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին՝ ներկայացնելով գյուղացիների կենսամակարդակի ապահովման հարցում կարևոր խնդիր և ակնկալելով այդ հարցում Հանրային խորհրդի աջակցությունը՝ հիմնախնդրի լուծմանը հասնելու նպատակով: Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Սաֆարյան

Ցանկանում եմ Ձեզ ներկայացնել Գեղաշեն համայնքի բնակիչներին հուզող մի կարևոր խնդիր, որի լուծման հարցում կարող է ներդրում ունենալ Հանրային խորհուրդը: Մեր համայնքն ունի բավականին զարգացած անասնապահություն՝ ավելի քան 7000 գլուխ խոշոր եղջերավորներ, օրական գյուղը մթերում է մոտ 40 տոննա կաթ, ինչն էական նշանակություն ունի գյուղացիների կենսամակարդակի ապահովման հարցում: Սակայն կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տեղական ընկերությունների կողմից պարբերաբար տեղի է ունենում մթերվող կաթի գնի իջեցում:

Օրինակ, 2020թ. հունվարին այդ ընկերությունները 1լ կաթը գյուղացուց գնում էին 160 դրամով, մինչդեռ ապրիլի մեկից իջեցրել են գինը 1լ-ի դիմաց 150 դրամի: Միևնույն ժամանակ այդ ընկերությունների կողմից վաճառվող կաթնամթերքի գները վերջին 2 տարում անընդհատ բարձրացել են, օրինակ՝ 400գ տարողությամբ թթվասերի գինը 400 դրամից դարձել է 525-550 դրամ: Այսինքն՝ 2018թ.-ին 1լ կաթը 200 դրամով գնելու պարագայում այդ ընկերությունները 1 թթվասերը վաճառել են 400 դրամով, մինչդեռ ներկայում, գնելով կաթը 1լ-ը 150 դրամով, վաճառում են նույն թթվասերը նվազագույնը 525 դրամով: Սա բավականին վատ է անդրադառնում գյուղացիների եկամուտների ու կենսամակարդակի վրա՝ հատկապես ճգնաժամային այս իրավիճակում:

Գեղաշենի անասնապահներից այս պահին կաթ են գնում հիմնականում «Մարիաննա» և «Չանախ» ընկերությունները (վաճառքի ամենամեծ ծավալներն իրենց են բաժին հասնում), սակայն փոքր քանակությամբ գնումներ իրականացնում են նաև այլ ընկերություններ: Դատելով կաթի շուկայի ընդհանուր պատկերից՝ ակնհայտ է, որ ընկերությունների միջև կա որոշակի ներքին պայմանավորվածություն, քանի որ նրանք բոլորն էլ միաժամանակ են իջեցնում մթերվող կաթի գինը՝ այդպիսով հնարավորություն չտալով շուկայում մրցակցության գոյությանն ու գյուղացիների համար այլընտրանքային գնորդներ գտնելուն:

Ոչ մրցակցային շուկան ու ներքին պայմանավորվածություններն, անշուշտ, բացասական ազդեցություն են ունենում մեր գյուղացիների եկամտի վրա և, կարծում ենք, որ այս առումով պետական կառույցները պետք է որոշակի միջամտությունների շնորհիվ կարողանան ազդեցություն ունենալ տնտեսվարող սուբյեկտների կողմից գնվող կաթի գնի կայունության ապահովման վրա:

Ակնկալում ենք, որ այս հարցում Հանրային խորհուրդը կարող է աջակցել մեզ՝ հիմնախնդրի լուծմանը հասնելու հարցում:

Պատրաստ ենք Ձեզ հետ քննարկել հիմնախնդրին վերաբերող բոլոր մանրամասները և. Ըստ անհրաժեշտության, տրամադրել նաև լրացուցիչ ինֆորմացիա:

Հարգանքով

Տիգրան Հակոբյան

Գեղաշեն համայնքի ղեկավար»:

ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և այլ պետական կառույցների մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում մասնավորապես այն հարցադրմանը, թե ինչու՞ է կաթի մթերման գինն իջեցվում, երբ արտադրվող կաթնամթերքի գինը ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում բարձրացել է:  Առաջարկում ենք հետևողական լինել նկարագրված խնդրի ուսումնասիրման ու լուծման հարցում, ցուցաբերել հնարավոր միջնորդություն, կիրառել հասանելի գործիքակազմեր՝ ուղղված իրավիճակը կայունացնելուն՝ ի շահ համայնքում տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայրի պահպանմանն ու զարգացմանը:

Related Articles

Back to top button
Close