Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակութjան ֆորումի հայտարարություն` Հայաստանի քաղաքացիական հասարակության մեջ առկա զարգացումների վերաբերյալ
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակութjան ֆորումի հայտարարություն` Հայաստանի քաղաքացիական հասարակության մեջ առկա զարգացումների վերաբերյալ
Նոյմբերի 30, 2012
Ստոկհոլմ, Շվեդիա
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ առկա վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք ՔՀՖ չորրորդ վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունը գնահատում է որպես հասարակական կազմակերպությունների հանդեպ իշխանությունների վերահսկողությունն ուժեղացնելու փորձ:
Վերջին շրջանում նկատվում են ինտենսիվ փորձեր` ընդլայնելու եւ տարածելու Հայաստանի նախագահի հովանու տակ գործող Հանրային խորհրդի վիճահարույց մոդելը, որի համաձայն` Հանրային խորհուրդը ձգտում է նախագահի հրամանագրով ստեղծված խորհրդակցական մարմնից վերածվել Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցի:
Այդ մարմինը մշակել է քաղաքացիական հասարակության զարգացման հայեցակարգ, որն ի թիվս այլ դրույթների, պաշտպանում է ՔՀԿ-ների եւ պետական կազմակերպությունների “փոխներթափանցվածության” սկզբունքը, հռչակում է “քաղաքացիական ներուժի համախմբման” անհրաժեշտությունը, առաջարկում է տարբեր նախարարություններին կից հասարակական խորհուրդների ձեւավորում, նշում է, որ անհրաժեշտ է ”կարգավորել” արտաքին ֆինանսավորումը եւ ստեղծել ֆինանսավորման կենտրոնացված հաստատություն, նշում է, որ հարկավոր է “առանձնակի վերահկողություն” եւ հաշվեքննական (աուդիտորական) ստուգումների ենթարկել բարեգործական կազմակերպությունների գործունեությունը: Այս մոտեցումներն ակհնհայտորեն վտանգում են միավորումների ազատության սկզբունքը, կարող են հանգեցնել անկախ հասարակական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների օտարացմանը, քննադատական ձայների լռեցմանը, լայն եւ իրական հանրային մասնակցության փոխարինմանը իմիտացիոն ժողովրդավարությամբ: Ակնկալվում է, որ այս միտումների կիզակետը կարող է դառնալ “Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի մասին” օրենքի ընդունումը:
Հանրային խորհրդի նախաձեռնությունը հատկապես մտահոգիչ է, քանի որ հաջորդել է եւ մասամբ հիմնված էր ավելի վաղ տարածված` Հայաստանի Հանրապետությունում ԵՄ խորհրդատվական խմբի առաջարկների վրա, որոնք ի սկզբանե ուղղված էին քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:
Թեեւ վերջին ամիսների ընթացքում հավաքների ազատության ուղղակի պաշտոնական սահմանափակումների դեպքեր չեն գրանցվել, սակայն առանձին հարցերի շուրջ մի շարք խաղաղ միջոցառումներ, այդ թվում` բազմազանության խնդիրների, կանանց, սեռական փոքրամասնությունների իրավունքների, ենթարկվել են ոտնձգությունների` բռնության հակված խմբերի կողմից: Մտահոգության առիթ է այն, որ այս ոտնձգությունների հետ կապված` ՀՀ իրավապահ մարմինների կողմից չի իրականացվել պատշաճ քննություն եւ պաշտոնապես չի պարզվել, թե ով է պատասխանատվություն կրում այդ հարձակումների համար: Բացի այդ, մի շարք դեպքերում պետական պաշտոնյաները, ինչպես նաեւ իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, որոշ ՔՀԿ-ների մեղադրել են այն բանում, որ նրանք վտանգում են երկրի անվտանգությունը եւ ազգային ինքնությունը:
Վերը ն շված գործընթացներն անկախ ՔՀԿ-ների կողմից դիտվում են որպես վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից ձեռնարկած` քաղաքացիական հասարակության ոլորտում վերահսկողություն հաստատելու փորձերի շարունակություն: Այդ փորձերը մասնավորապես ընդգրկում էին արտաքին ֆինանսավորման սահմանափակումներ պարունակող օրինագծերի առաջադրումը, ՔՀԿ լոբբինգի խոչընդոտների ստեղծումը, գործադիրի լիազորությունների ավելացումը` ՔՀԿ-ների հանդեպ վերահսկողության եւ դրանց լուծարման հարցերում, եւ այլն:
Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների այն նախաձեռնությունները, որոնք կարող են խոչընդոտել ՔՀԿ-ների աշխատանքը, եւ պահանջում ենք կազմակերպությունների ազատության սկզբունքի անվերապահ ապահովում` միջազգային պարտավորությունների համաձայն:
Հայտարարության անգլերեն տարբերակը կարող եք գտնել հետևյալ հասցեում`
http://www.eap-csf.eu/en/news-events/news/statement-on-developments-in-the-civil-society-of-armenia/