Առաջարկների մշակում՝ հուշադրամների թողարկման վերաբերյալ
ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը նամակ-առաջարկ է հղել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին: Հուշադրամների թողարկման 2022-2023 թթ. ծրագրի կազմման հետ կապված աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ակնկալվում է ՀԽ նախագահից ստանալ առաջարկներ անվանի հայ գործիչների և/կամ ազգային նշանակություն ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնց հոբելյանը կամ տարեդարձը նպատակահարմար է հավերժացնել 2022-2023 թթ. թողարկվելիք հուշադրամների տեսքով: Հանրային խորհրդի քարտուղարությունն ստացված նամակը վերահասցեագրել է նաև խորհրդի բոլոր անդամներին և հանձնաժողովներին՝ առաջարկների փաթեթը կոլեգիալ համաձայնությամբ մշակելու և ներկայացնելու նպատակով:

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Հանդիսանալով հավաքորդական առարկա՝ հուշադրամները թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Հայաստանում այսպիսի դրամներ առաջին անգամ թողարկվել են 1994 թ.-ին: