ՀինՆորություններ

Անահիտ Աղոյանը` Հանրային խորհրդի նոր անդամ

Ս.թ. մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրություն:

Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվել է հանձնաժողովում ընդգրկված 3 անդամների թեկնածություն` Անահիտ Աղոյան, Աիդա Թոփուզյան և Համլետ Սարգսյան: Աիդա Թոփուզյանն ու Համլետ Սարգսյանը շնորհակալություն են հայտնել գործընկերներին իրենց թեկնածությունն առաջադրելու համար, որից հետո ինքնաբացարկ են հայտնել` նշելով, որ ընտրվելու դեպքում զբաղվածության պատճառով բավարար ժամանակ չեն ունենա պատշաճ ձևով կատարել հանձնաժողովի նախագահի պարտականությունները:

Մինչ գաղտնի քվեարկությունը սկսելը հանձնաժողովի նախագահի միակ թեկնածու Անահիտ Աղոյանը ելույթ է ունեցել, գործընկերներին ներկայացրել իր գործունեության հիմնական ուղղությունները, առաջիկա ծրագրերը և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:

Անահիտ Աղոյանը կարևորել է հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, թիմային աշխատանք ձևավորելու և բարձրացված հարցերին հրատապ լուծումներ տալու անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի անդամներն էլ բարձրաձայնել են իրենց մտահոգություններն ու ներկայացրել առաջարկներ ժողովրդագրական և գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ, ապա, ամփոփելով քննարկումը, անցել փակ գաղտնի քվեարկության գործընթացին:

Հաշվիչ հանձնաժողովը, ամփոփելով քվեարկության արդյունքները, արձանագրել է, որ քվեարկության 28 մասնակիցներից 27-ը կողմ է քվեարկել Անահիտ Աղոյանի թեկնածությանը: Մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Անահիտ Աղոյանն ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ:

Ս.թ. ապրիլի 5-ին, ՀԽ կանոնադրության համաձայն, Անահիտ Աղոյանը ՀՀ Նախագահի կողմից հաստատվել է` որպես Հանրային խորհրդի անդամ:

Կենսագրությունը

Անահիտ Աղոյանը ծնվել է 1959 թվականին Արթիկի շրջանի Անուշավան գյուղում:
1984 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և աշխատանքի անցել Արթիկի սանեպիտկայանում` որպես որպես բժիշկ-հիգիենիստ:

1996-2000 թթ. հիմնական աշխատանքին զուգահեռ դասավանդել է նաև Երևանի պետական բժշկական ուսումնարանի մարզային մասնաճյուղերում:

2000-2003 թթ. աշխատել է Արաբկիր վարչական շրջանի սանեպիտկայանում` որպես աշխատանքի հիգիենայի բաժնի վարիչ:

2006-2014 թթ. զուգահեռաբար աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության Պետական հակահամաճարակային հիգիենիկ տեսչությունում` որպես բժիշկ-հիգիենիստ և փորձագիտական կենտրոնի «Նաիրի» ստորաբաժանման ղեկավար:

2014-ից մինչ օրս աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» ազգային կենտրոնում` որպես «Կոտայք» մասնաճյուղի «Նաիրի» ստորաբաժանման ղեկավար:

2003 թ. մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, 2005 թ. առաջադրվել է Նոր-Հաճըն քաղաքի քաղաքապետի թեկնածու: Երկու դեպքում էլ նրա թեկնածությունը պաշտպանվել է ԱԺՄ կուսակցության կողմից:

2000 թ.-ից «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» վարչության անդամ է և մասնակցում է տարբեր ծրագրերի` որպես փորձագետ, ղեկավարում է ասոցիացիայի Քաղաքացիական նախաձեռնությունների Կոտայքի մարզային կենտրոնը:

2004 թ.-ց պարբերաբար մասնակցել է «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» կողմից կազմակերպված կանանց լիդերության դպրոցի դասընթացներին, արժանացել «Հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպիչ» կոչմանը:

2008-2012 թթ. որպես փորձագետ ընդգրկված է եղել «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային կովկասում» ծրագրում, Հայաստանի ողջ տարածքում թիրախ խմբերի հետ անցկացրել տեղեկատվական և կրթական պարապմունքներ` իրազեկության բարձրացման և գենդերային բռնությունը Հայաստանում նվազեցնելու նպատակով:

Այժմ էլ զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ քաղաքացիական հասարակության, գենդերային հիմնախնդիրների, լիդերության ոլորտներում, ինչպես նաև որպես փորձագետ ընդգրկված է մի շարք միջազգային և տեղական ծրագրերում: Ընդգրկված է նաև տեղական ինքնակառավարման համակարգի հզորացման տարբեր ծրագրերում:

Բազմաթիվ հոդվածների հեղինակ է փորձագիտական թեմաների շրջանակներում:
Հանրային խորհրդի ստեղծման օրվանից ընդգրկված է ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովում:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close