ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ (2009 մայիս-2018 ապրիլ)

24.03.2018

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ (2009 մայիս-2018 ապրիլ)

ՀՀ Հանրային խորհուրդն իր ամբողջական կազմը ձևավորել և իր գործունեությունը սկսել է ծավալել 2009 թվականի մայիսի 29-ին՝ ամրագրվելով ՀՀ Նախագահի հրամանագրով:

Հանրային խորհուրդն ունի 36 անդամ, 12 ոլորտային հանձնաժողով.
1. Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի,
2. Պետաիրավական հարցերի,
3. Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի,
4. Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի,
5. Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի,
6. Առողջապահության և սոցիալական հարցերի,
7. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի,
8. Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի,
9. Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի,
10. Ազգային փոքրամասնությունների հարցերի,
11. Ժողովրդագրական և գենդերային հարցերի,
12. Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի:
Հանձնաժողովների կազմում ընգրկված են շուրջ 2 հազար անդամներ, որոնք ներկայացնում են ավելի քան 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ասոցիացիաներ և հիմնադրամներ:


ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱ ԿԱԶՄԸ

Հանրային խորհրդի նախագահ՝ Վազգեն Մանուկյան
ՀԽ անդամներ՝
Անահիտ Աղոյան
Անելկա Գրիգորյան
Աննա Ասատրյան
Աստղիկ Գևորգյան
Արա Մինասյան
Արթուր Գրիգորյան
Արմեն Բալդրյան
Արմեն Տեր-Տաճատյան
Արշակ Սադոյան
Արտուշ Ղուկասյան
Գագիկ Մանասյան
Գրիգոր Բադիրյան
Էդիկ Մինասյան
Էդուարդ Ղազարյան
Լիլիթ Ասատրյան
Կառլոս Ղազարյան
Կարինե Դանիելյան
Կորյուն Առաքելյան
Հայկ Դեմոյան
Հայկ Սարգսյան
Հայրապետ Գալստյան
Հենրի Հովհաննիսյան
Հովիկ Մուսայելյան
Հովհաննես Թադևոսյան
Հովհաննես Հովհաննիսյան
Յուրի Ջավադյան
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Ռոբերտ ամիրխանյան
Ռուբեն Սաֆրաստյան
Սամվել Ճզմաչյան
Սմբատ Լպուտյան
Սուրեն Զոլյան
Վազգեն Սաֆարյան
Տիգրան Մանսուրյան

 

 

 

 ՀԱՆՐԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԱՐՑԵՐ
(2009-2018 ապրիլ)

 

Գործունեության 9 տարիների ընթացքում Հանրային խորհուրդն արձագանքել է Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող բոլոր այն հարցերին, որոնք հանրային հնչեղություն են ստացել և հուզել հասարակությանը:

1. Համաներում

2009 թ. ՀՀ Նախագահի առաջարկով, ինչպես նաև հաշվի առնելով հասարակության լայն շրջանակներում և զանգվածային լրատվության միջոցներում հարցի ակտիվ քննարկումները, Հանրային խորհուրդն իր անդրանիկ նիստում բարձրացրել է համաներում հայտարարելու հարցը՝ 12 ոլորտային հանձնաժողովներում կազմակերպելով հարցի վերաբերյալ նախնական քննակումներ: Հասարակակական հնչեղության և կարևորության հարցը նման ձևաչափով քննարկելը նոր իրողություն էր մեր իրականության մեջ:

Կարևորելով համաներման մարդասիրական նշանակությունը և ելնելով հանրապետությունում առկա լարվածության թուլացման անհրաժեշտությունից, հաշվի առնելով ՀԽ հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների արդյունքները, ըստ որոնց կա համաներման հասարակական պահանջ, Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ Նախագահին՝ առաջարկելով դիմել ՀՀ Ազգային ժողով համաներում հայտարարելու նպատակով: Ամփոփվել և ՀՀ Նախագահին են ներկայացվել նաև համաներման ենթակա խմբերի ընտրության սկզբունքները:

2. «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» 2009թ. օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հարցը

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը 2009 թվականին դարձավ նախադեպը չունեցող համազգային քննարկումների առարկա, որոնց ընթացքում արտահայտվում էին ամենատարբեր կարծիքներ ու մտահոգություններ, տրվում էին տարբեր գնահատականներ: Հանրության մեջ առկա կարծիքների ուսումնասիրման, վերլուծության և ընդհանրացման նպատակով Հանրային խորհրդի հանձնաժողովներում տեղի են ունեցել լսումներ ու քննարկումներ: Հանձնաժողովների նիստերում հնարավորինս վեր են հանվել հիշատակված արձանագրությունների վերաբերյալ առկա դիրքորոշումները, ինչպես նաև դրանց վավերացման դրական և բացասական կողմերը:
Ամփոփելով լսումների և քննարկումների արդյունքները՝ Հանրային խորհուրդն արձանագրել է, որ մասնակիցների գերակշռող մեծամասնությունը կողմ է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանները բացելուն, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն և երկկողմ հարաբերություններ զարգացնելուն: Միաժամանակ, հաշվի առնելով արձանագրությունների դրույթների հետ կապված մտահոգությունները, Հանրային խորհուրդն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովին նախաստորագրված արձանագրությունները վավերացնելու դեպքում հաշվի առնել ՀԽ հանձնաժողովներում հնչած առաջարկությունները` փաստաթղթերը մեր պետության ու ժողովրդի շահերին հնարավորինս օգտակար դարձնելու նպատակով:
Հանրային Խորհուրդը կողմ է արտահայտվել նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը և գտել, որ դա իրական հնարավորություն է ստեղծում երկու պետությունների փոխհարաբերությունների կարգավորման համար, հանդիսանում է առաջին կարևոր քայլը այդ գործընթացի երկար ու բարդ ճանապարհին:


3. Օտարալեզու դպրոցներ

2009 թվականին հանրության շրջանում բուռն քննարկումներ սկսվեցին «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծի շուրջ, ըստ որի ՀՀ տարածքում օրենքով թուլատրվելու էր օտարալեզու հանրակրթական ուսումնական հաստատություններ հիմնելը և միջազգային հանրակրթական այլընտրանքային ծրագրերի մուտքը ՀՀ կրթական տարածք:

Հանրային խորհուրդը, հարցը համակողմանիորեն քննարկելով ոլորտի փորձագետների, հանրության լայն շերտերի ներկայացուցիչների հետ հետևյալ որոշումն է կայացրել.
«ՀՀ Հանրային խորհուրդը նույնպես կարևորում է օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և արդիական ուսման ձևերի կիրառումը մեր կրթական համակարգում: Այնուամենայնիվ ՀՀ Հանրային խորհուրդը գտնում է, որ վերը նշված նախագծում առաջարկվող փոփոխությունները չեն բխում մեր ազգային և պետական շահերից: Հիմք ընդունելով վերը նշվածը և ՀՀ Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված կարծիքը՝ Հանրային խորհուրդը առաջարկել է ՀՀ Կառավարությանը ձեռնպահ մնալ օրենքի նախագծերն ընդունելուց և խնդրի լուծման համար գտնել այլ ճանապարհներ»:
Հետագայում Ազգային ժողովը օրենքի նախագծերն ընդունեց՝ հաշվի առնելով այն պահանջների մեծ մասը, որը ներկայացրել էր հանրությունը:
4. Ինտերնետ ծառայությունների որակի, բարձր սակագների խնդիրը
Հանրային խորհուրդը քննարկել է Հայաստանում էլեկտրոնային հաղորդակցության, մասնավորապես ինտերնետ հասանելիության ծառայությունների անբավարար որակի և բարձր սակագների հետ կապված խնդիրները՝ բարձրացնելով գերիշխող դիրք գրավող օպերատորների կողմից վերջնական օգտագործողներին պարտադրվող հրապարակային պայմանագրերի խնդիրը, որոնցում սպառողների իրավունքներն ու շահերը անհրաժեշտ չափով պաշտպանված չեն:
Հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում առկա խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտությունը և բարձր գնահատելով ՀՀ կառավարության ջանքերը ձևավորել համընդհանուր տեղեկատվության ժամանակակից հասարակություն՝ Հանրային խորհուրդը որոշել է.
Ա. Առաջարկել ՀՀ Կառավարությանը ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման գործընթացներում ներգրավել հասարակական կազմակերպությունների և Հանրային խորհրդի ներկայացուցիչներին:
Բ. Առաջարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին`
1.Հանձնաժողովի վրա դրված պարտավորության համաձայն դասակարգել ինտերնետ հասանելիության և տվյալների հաղորդման ծառայություններն ու ցանցի ենթակառուցվածքները:
2. Ֆիքսված հեռախոսագծերի օգտագործմամբ ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայում «Արմենտել» փակ բաժնետիրական ընկերությանը ճանաչել գերիշխող դիրք զբաղեցնող օպերատոր, ինչպես նաև մշակել կանոնակարգ այլ կազմակերպությունների կողմից «Արմենտել»-ի տնօրինման տակ գտնվող ենթակառուցվածքներից օգտվելու համար:
3. Հաշվարկման հիմքում դնելով փոխանակված տեղեկատվության ծավալի (ՄԲայթ) միավորը, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային տարանցման առկայության կամ բացակայության հանգամանքը` սահմանել փոխկապակցման, բոլոր օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների արդարացի և ողջամիտ սակագներ:
4. Սահմանել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների կողմից ծառայությունների մատուցան պարտադիր կանոններ /մասնավորապես` կապված փոխկապակցմանն ու փոխգործելիությանը/, որակի և պահպանման չափանիշներ, այդ թվում` արագության տատանումների եւ ծառայության մատուցման ընդհատումների առավելագույն թույլատրելի սահմանաչափեր` դրանց խախտման պարագայում նախատեսելով վերջնական օգտագործողների շահերի պաշտպանությանը ոըղղված փոխհատուցման, տույժերի, տուգանքների մեխանիզմներ:
Այս որոշումը, ինչպես նաև ՀԽ շրջանակներում բազմաթիվ լսումներն ու քննարկումները բերեցին բնակչությանը տրամադրվող ինտերնետ ծառայության սակագների նվազեցմանը և որակի բարձրացմանը:

5. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման հարցը
2010 թվականին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման հարցը մեծ արձագանք ստացավ հանրության շրջանում: Ստեղծվեցին քաղաքացիական ակտիվ նախաձեռնություններ, որոնք պայքարում էին ամառային դահլիճը քանդելու որոշման դեմ:
Հանրային խորհուրդը համապատասխան հանձնաժողովներում հարցը քննարկել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, այնուհետև խնդիրը ներառել ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգ:
Ամփոփելով մասնագետների, քաղաքացիների տեսակետները և քննարկման արդյունքները՝ Հանրային խորհուրդը հայտնել է իր վերջնական դիրքորոշումը՝ դեմ արտահայտվելով ամառային դահլիճի քանդմանը և կողմերին առաջարկելով բանակցության ճանապարհով գտնել փոխզիջումային տարբերակներ:

6. Հեռուստաեթերի մաքրման պահանջ

Հանրային խորհուրդը ստեղծումից ի վեր բազմաթիվ բողոք-դիմումներ է ստացել հայկական հեռուստաեթերի բովանդակության վերաբերյալ: Հարցը բարձրացվել է Հանրային խորհրդի տարբեր հանձնաժողովների նիստերում, ընդգրկվել ՀԽ փոքր խորհրդի նիստերի օրակարգ: ՀՀ Նախագահի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նույնպես հարցը քննարկման առարկա է դարձել:
Խնդիրն առավել խորությամբ ուսումնասիրելու և ոլորտը բարեփոխելու առաջարկներ ներկայացնելու նպատակով 2010 թվականին Հանրային խորհրդում ստեղծվել է հեռուստաեթերի հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որը ՀԽ քաղաքացիական ահսարակության կայացման և պետաիրավական հարցերի հանձնաժողովների հետ մշակել և ՀՀ հեռուստաընկերություններին է առաջարկել «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքների խարտիան»: Խարտիան քննարկվել և ստորագրվել է համահանրապետական հեռարձակում ունեցող բոլոր հեռուստաընկերությունների կողմից, բառառությամբ մեկի:
Հստակ սկզբունքներ ու գործելակերպի կանոններ սահմանող խարտիան ստորագրելով՝ հեռուստառադիոհեռարձակող կազմակերպությունները պարտավորվել են հետևողականորեն պահպանել դրանք:

Հեռուստաեթերի խնդրին, մասնավորապես Հանրային հեռուստատեսության գործունեությանը, Հանրային խորհուրդն անդրադարձել է նաև 2012 թվականին՝ կազմակերպելով հանրային քննարկումներ և հանդես գալով առաջարկներով.

1. Հանրային հեռուստատեսության ղեկավարության մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն հեռուստատեսության, գիտության, մշակույթի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի քննարկումների միջոցով իրականացնել Հանրային հեռուստատեսության եթերային քաղաքականության էական բարեփոխումներ (ներկայացվել են Հանրային հեռուստաընկերության բարեփոխմանն ուղղված կոնկրետ առաջարկներ):
2. Հաշվի առնելով հեռուստաեթերի կրթադաստիարակչական բացառիկ նշանակությունն ու կարևորությունը՝ Հանրային խորհուրդն առաջարկել է համապատասխան գերատեսչություններին հանդես գալ համապատասխան հեռուստաարտադրանքի ստեղծման նախաձեռնություններով՝ դրանք իրականացնելով պատվերների ու մրցույթների տեսքով: Ազգային, գիտական, մշակութային, սպորտային, մանկական և կրթադաստիարակչական ծրագրերի պատրաստմանն աջակցելու համար մշակել հստակ պետական քաղաքականություն: Նկատի ունենալով լեզվական, բովանդակային, ինչպես նաև մատուցվող գեղարվեստական ու բարոյական արժեքների տեսանկյունից հեռուստաարտադրանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը՝ Հանրային խորհուրդն առաջարկել է մշակել հեռուստաընկերությունների տիպային կառուցվածք, որտեղ պարտադիր բաղադրիչներից մեկը կլինի խմբագրական, ներքին վերահսկողության ու փորձաքննության գործառույթներ իրականացնող օղակը: Այդ ստորաբաժանման առկայության պահանջն ամրագրել հեռուստաընկերություններին լիցենզիայի տրամադրման պարտադիր պայմանների շարքում՝ դրա գործունեության կարգի մշակման ու սահմանման իրավունքները վերապահելով հեռուստաընկերություններին:
Հանրային խորհուրդը բարձրացրել է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում ամրագրված որոշակի ձևակերպումների անհասկանալիության հարցը, բացասական երևույթները գնահատելու հստակ չափորոշիչների բացակայության խնդիրը և այլն: Առաջարկվել է հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին կից ստեղծել համապատասխան հանձնախումբ՝ վերոհիշյալ չափորոշիչների ու գնահատման մեթոդաբանության մշակման համար:
Հանրային խորհուրդը բարձրացրել է նաև ՀՀ Վարչական օրենսգրքում օրենքի խախտման դեպքում պատիժ սահմանող դրույթների բացակայության հարցը և առաջարկել օրենքով սահմանել հեռահաղորդակցության բնագավառում ներգրավված սուբյեկտների համար պատասխանատվության ավելի ճկուն ու բազմազան միջոցներ, մասնավորապես ընդլայնել մինչև լիցեզիայից զրկումը կիրառվող ֆինանսական պատժամիջոցների հատվածը:
Առաջարկվել է նաև ուսումնասիրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի լիազորություններն ընդլայնելու և դրան կից մոնիտորինգային կառույց ձեւավորելու կամ ՀՌԱՀ-ի կողմից այդ գործառույթը մրցութային կարգով որոշակի ՀԿ-ների կամ հետազոտական կենտրոնների պատվիրելու մեխանիզմների ձևավորման նպատակահարմարության հարցը:
Ներկայացվել են բազմաթիվ այլ առաջարկներ, որոնք քննարկել են նաև ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ: Հանրապետության ղեկավարն առաջարկել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանին ՀԽ առաջարկությունների հիման վրա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հետ միասին սկսել հայկական հեռուստաեթերի բարեփոխումների հայեցակարգի և զարգացման կոնկրետ ծրագրերի մշակումը, առաջակություններ ներկայացնել անհրաժեշտ աշխատանքային մարմիններ ստեղծելու վերաբերյալ:

 

7. Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոց

2009 թվականին քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը բարձրացրեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում առկա խնդիրները, որոնք սենսացիոն բացահայտումներ արեցին դպրոցում առկա անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, սեռական շահագործման, երեխաների իրավունքների ոտնահարման և այլ բացասական իրողությունների վերաբերյալ:
Հանրային խորհուրդը, քննարկելով այդ խնդիրները, բարձրացրել է դրանց լուծման ուղղությամբ հապշտապ քայլեր կատարելու անհրաժեշտությունը և քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի անաչառ ընթացքն ապահովելու կարևորությունը: ՀԽ որոշումն ուղարկվել է պատկան մարմիններին: Հանրային խորհրդի և քաղաքացիական ակտիվիստների ակտիվ գործունեության արդյունքում Մ. Սուխուդյանին առաջադրված մեղադրանքները հանվել են, իսկ հակաօրինական և հակաբարոյական արարքներ կատարած անձիք ենթարկվել են քրեական պատասխանատվության:

8. Ա. Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի հետագա ճակատագրի հարցը
2011թ. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Հայաստանում և տարածաշրջանում ֆիզիկայի բնագավառում եզակի գիտական կենտրոն համարվող «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա պետական ոչ առևտրային կազմակերպությունը» (ՊՈԱԿ) հիմնադրամի վերակազմավորելու մասին:

ՀՀ Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի կողմից մասնագետ-գիտնականների և ոլորտը կառավարող լիազոր մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետագա ճակատագրի հետ կապված քննարկումներ և լսումներ: Քննարկումների ընթացքում ՀԽ-ն արձանագրել է, որ գիտական կենտրոնի կազմակերպաիրավական կարգավիճակի նման փոփոխությունը կարող է բերել մի շարք բարդությունների: Այն է`
• ԱԱԳԼ-ի կոլեկտիվի առաջատար գիտնականները կարող են զրկվել կազմակերպության գիտական քաղաքականության մշակման և համապատասխան որոշումների ընդունման գործընթացին պատասխանատու մասնակցություն ունենալու հնարավորությունից;
• ԱԱԳԼ-ն կարող է հետագայում զրկվել պետական որևէ ֆինանսավորումից, քանի որ ՊՈԱԿ-ի պարագայում ԳԳԳՄ օրենքի 23 հոդվածի 4-րդ մասի համաձայն գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման կարևորագույն ձևն է` բազային ֆինանսավորման հատկացումը պետական գիտական կազմակերպություններին պարտադիր է, իսկ հիմնադրամի դեպքում` ոչ:
Հանրային խորհուրդը գտել է, որ լսումների և քննարկումների ընթացքում չի հնչել ուրևէ լուրջ փաստարկ, որը հիմնավորեր կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությունը:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ Հանրային խորհուրդը որոշել է.
1. Դիմել ՀՀ կառավարությանը` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հիմնադրամի վերակազմավորելու գործընթացը ժամակավորապես դադարեցնելու և ԱԱԳԼ կազմակերպաիրավական կարգավիճակի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելու ևս մեկ քննարկում` այնպիսի լուծումներ գտնելու համար, որոնք, չվտանգելով Հայաստանում տասնամյակների ընթացքում ֆիզիկայի բնագավառում ստեղծված գիտական պոտենցիալը, թույլ կտան ապահովել գիտական գերազանցությունը միջազգային մակարդակով:
2. Դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը մինչև կազմակերպաիրավական հարցերի հստակեցնումը վերականգնել ԱԱԳԼ-ի գիտական խորհուրդն իր լիազորություններով, ինչպես նաև լուծել կուտակված այլ խնդիրները (գիտնականների որակավորման, ֆինանսավորման թափանցիկության, ինստիտուտի գիտական ծրագրի հարցը և այլ հարցեր):
3. Հանձնարարել ՀՀ Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովին անհրաժեշտության դեպքում կազմակերպել խնդրի շուրջ լրացուցիչ լսումներ և քննարկումներ:


9. Մաշտոցի պուրակ

2012 թվականին մեծ հնչեղություն ստացած հարցերից մեկը, որի վերաբերյալ հանրությունն իր բացասական դիրքորոշումը հայտնեց և կազմակերպեց բազմաթիվ բողոքի ակցիաներ, Մաշտոցի պուրակում կանաչ տարածքների հաշվին իրականացվող կառուցապատման հարցն էր:
Հանրային խորհուրդը նույնպես ուսումնասիրել է խնդիրը՝ կազմակերպելով շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ և ուսումնասիրություններ: Ի մի բերելով քննարկման արդյունքները՝ Հանրային խորհուրդը հորդորել է պատկան կառույցներին.
• Ձեռնպահ մնալ այգում իրականացվող աշխատանքները շարունակելուց, քանի դեռ խնդրո առարկայի վերաբերյալ չի ձևավորվել Երևանի բնակիչների համար ընդունելի որոշում:
• Տվյալ խնդրում, ինչպես նաև հանրային հնչեղության քաղաքաշինական այլ խնդիրների վերաբերյալ մոտեցումների մշակման հարցերում, նախապատվությունը տալ քաղաքացիների շահագրգիռ խմբերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հանրային քննարկումների և լսումների անցկացմանը (նշվել է, որ Հանրային խորհուրդը բաց է համագործակցության համար և պատրաստակամ ստանձնելու հանրային բանավեճի «յուրահատուկ ակումբի» դերակատարումը):
• Երևանի գլխավոր պողոտայի քաղաքաշինական կարևորությունը չստորադասել մեկ այլ վայրի` տվյալ դեպքում Աբովյան փողոցի քաղաքաշինական կարևորությանը:
• Աբովյան փողոցի քաղաքաշինական և գործառնական նշանակության լիարժեք վերականգնումը դիտել որպես գերակա հանրային շահ և խնդրի լուծման հարցում առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի պահանջներով (սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ գերակա հանրային շահի առկայության դեպքում` օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ) և բանակցել ապամոնտաժված կրպակների սեփականատերերի հետ փոխհատուցման վերաբերյալ` ելնելով այն հանգամանքից, որ Աբովյան փողոցի մայթերը վարձակալությամբ տալու մասին քաղաքապետարանի համապատասխան որոշումներն ի սկզբանե հակաօրինական լինելու դեպքում վարձակալական պայմանագրերը կարող են անվավեր ճանաչվել` սեփականատերերի հանդեպ քաղաքապետարանի պարտավորությունների կրճատման առումով` դրանից բխող հետևանքներով:
Հանրային խորհուրդը հանձնարարել է ՀԽ կազմում ընդգրկված իրավաբաններին՝ ուսումնասիրել քաղաքապետարանի և Աբովյան փողոցի նախկին կրպակների սեփականատերերի միջև առկա բոլոր պայմանագրերը և գործին առնչվող այլ իրավական ակտերը:

10. Փակ (ծածկած) շուկա

2012 թվականին Երևանի պատմամշակութային հուշարձան հանդիսացող Ծածկած շուկայի վերակառուցման խնդիրը դարձավ հանրային թեժ քննարկումների թեմա:
Հարցը քննարկվել է նախ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում, ապա ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում կազմակերպվել է լայն հանրային քննարկում ճարտարապետների, ոլորտի մասնագետների, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Ծածկած շուկայի իրավիճակի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ հարցեր է բարձրացրել օրենսդրական, նախագծային, մշակութային և այլ տեսանկյուններից: Առաջարկվել է մեկշաբաթյա ժամկետում ստեղծել Ծածկած շուկայի էսքիզային նախագիծը և դրա հիման վրա կատարել մնացած աշխատանքները: Չնայած կառույցի անմխիթար վիճակին՝ հանրային խորհուրդը նշել է, որ կառույցի քանդման մասին խոսք գնալ չի կարող, այլ պետք է կատարվեն համապատասխան վերականգնողական աշխատանքներ: Քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանում պետության պահպանության տակ գտնվող 25 հազար հուշարձաններից 6000-ը ենթակա է օտարման, այսինքն, դրանք ունեն սեփականատերեր, որոնք տնօրինում են հուշարձանները (դրանց մեջ է մտնում նաև Ծածկած շուկան), իսկ 6000 հուշարձաններից 5800-ի դեպքում (այդ թվում և Փակ շուկայի) սեփականատերերի հետ չի կնքվել պահպանական պարտավորագիր:
Հանրային խորհուրդը գտել է, որ պահպանական պարտավորագրի բացակայությունը դեռևս հիմք չէ շենքը վնասելու: Առաջարկ է հնչել հաշվել Ծածկած շուկայի վնասները և սեփականատիրոջը ներկայացնել հատուցման պահանջ: Քննարկվել է նաև զրոյական հարկից ներքև ավտոկայանատեղի կառուցելու հարցը, սակայն ընգծվել է, որ դա պետք է արվի միմիայն համապատասխան նախագծի դեպքում:
Հանրային խորհուրդը Ծածկած շուկայի վերաբերյալ քննարկումների արդյունքում պատրաստել է համապատասխան փաստաթուղթ, որում ներառվել են օրենքը խախտողներին պատասխանատվության ենթարկելու, շենքի քանդված հատվածները վերականգնելու, իսկ ընդհանուր տեսքը նույնությամբ պահպանելու հարցերը, ինչպես նաև պետության պահպանության տակ գտնվող մնացած 5800 կառույցների սեփականատերերի հետ պահպանական պարտավորագրերի կնքման հարցը և ամենակարևորը՝ հասարակական կյանքում նմանատիպ կտրուկ փոփոխությունները Հանրաքվեի միջոցով (ինչը թույլ է տալիս ՀՀ օրենքը) լուծելու առաջարկներ:

11. Ուղեվարձի թանկացում

2013 թվականին հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից 150 դրամ դարձնելու իշխանությունների մտադրությունը հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Ստեղծվեց «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը սկսեց պայքարել ուղեվարձի թանկացման դեմ: Իշխանությունները տեղի տվեցին, ուղեվարձի գինը կրկին դարձավ 100 դրամ:
Հանրային խորհուրդն իր աջակցությունն է հայտնել քաղաքացիական նախաձեռնության անդամներին՝ միաժամանակ նրանց դիմելով հետևյալ կոչով.
«Մեծ է ձեր դերակատարումը հանրության տարբեր շերտերի աջակցությամբ: Այդ պայքարն արդարացված էր, և մենք ողջունում ենք հաղթանակը: Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին: Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչի համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ: Ի դեպ, ինչ որ բանի դեմ լինելով, քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել: Այդ առումով ձեր խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին, ինչը բնական է: Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում կմշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել»:
Հանրային խորհրդի նախագահը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունել է քաղաքացիական ակտիվիստների հրավերը մասնակցելու Մաշտոցի պուրակում անցկացվելիք քննարկմանը՝ միաժամանակ առաջարկելով քննարկել ակտիվիստների խմբից ներկայացուցչական խումբ ձևավորելու և տրանստոպրտի ոլորտի խնդիրների ուղղությամբ ՀԽ հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները:

12. «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) քանդման հարցը

2013 թվականին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ներկայացրեց «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի նախագիծը, որտեղ ներառված էր հին ուղևորային համալիրի քանդման հարցը: Այն խիստ բացասաբար ընդունվեց թե՛ մասնագիտական հանրության և թե հասարակության լայն շերտերի կողմից: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմեց ՀՀ Հանրային խորհուրդ՝ կազմակերպելու հանրային մասնագիտական քննարկումներ խնդրի առնչությամբ և ներկայացնել համապատասխան եզրակացություն:
Հանրային խորհուրդն իր ենթահանձնաժողովներում հարցը քննարկել է բազմիցս՝ ներգրավելով մասնագետների և քննարկումներին մասնակից դարձնելով նաև խնդրով շահագրգիռ բոլոր կողմերին:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Հանրային խորհուրդը հայտարարել է, որ.
1. Չի ստացել հիմնավոր հաշվարկներ պարունակող որևէ փաստաթուղթ, որը կապացուցեր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի քանդման խիստ անհրաժեշտությունը: Չկան նաև այլընտրանքային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային համեմատել հաշվարկները: Բացակայում են դեպի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի ուղղության հետ մեկտեղ այլընտրանքային ուղղություններով նոր կամ ընդլայնվող սրահների կառուցման հետ կապված ֆինանսական հաշվարկներ:
2. Բացակայում են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման և հետագա շահագործման վերաբերյալ ճշգրիտ հաշվարկները:
3. Հասարակության լայն շերտերի համար «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը ընկալվում է որպես Երևանի խորհրդանիշ, այն գնահատվում է որպես պատմամշակութային արժեք, որը պետք է ներառվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և պահպանվի:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀՀ կառավարությանը`
1. Չհամաձայնել Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը քանդելու առաջարկությանը:
2. Պահանջել Կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար:
3. Կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը:
4. Հանձնարարել համապատասխան կառույցին քննարկելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
Հարցը կրկին բարձրացվեց 2015 թվականին, երբ կոնցեսիոները շենքի վերակառուցման նոր նախագիծ ներկայացրեց: Հանրային խորհուրդը ՀՀ կառավարությունից ստացավ նամակ քննարկելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի զարգացման ծրագրի նոր տարբերակը:
Հանրային խորհուրդը որոշում է կայացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված նոր տարբերակի վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշված էր.
«Արժևորելով վերջին տարիներին «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացմանն ուղղված Կոնցեսիոների դրական արդյունքները, ինչպես նաև հին ուղևորային համալիրի պահպանման հարցում հանրության ու մասնագետների պահանջներին ընդառաջելու ձգտումը՝ Հանրային խորհուրդը որոշեց.
1. Դրական գնահատել Կոնցեսիոների նոր առաջարկությունը՝ պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը՝ միաժամանակ վերահաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից:
2. Դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելու Կոնցեսիոներին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման և օգտագործման խնդրի լուծմանը ներգրավել նաև կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին:

13. Պարտադիր կուտակային կենսաթաշակային համակարգ, «Դեմ եմ» շարժում:

2013 թվականից սկսած հասարակությանը ցնցեց և քաղաքացիական աննախադեպ ընդվզման պատճառ դարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի իրականացման փորձը:

Հանրային խորհուրդը նույնպես խնդրի վերաբերյալ ստացել է բազմաթիվ բանավոր ու գրավոր բողոքներ ու դժգոհություններ: Խնդրի վերաբերյալ խորհրդում տեղի են ունեցել թե՛ նեղ, թե՛ ընդլայնված կազմերով նիստեր, որոնց մասնակցել են նաև պետական, մասնավոր, հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում և «Դեմ եմ» շարժման ակտիվսիտները: Քննարկելով հասարակության մի մասի ընդվզումը և դժգոհությունը «Կուտակային Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կապակցությամբ և վերլուծելով ստեղծված իրավիճակը` Հանրային խորհրդի նախաձեռնությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ներառվել են նաև «Դեմ եմ» շարժման ակտիվիստները:
Քննարկելով աշխատանքային խմբի կողմից կազմված փաստաթուղթը` Հանրային խորհուրդը, բարձր գնահատելով այն դրական միտումները, որոնք ընկած են քննարկվող օրենքի հիմքում, միաժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել օրենքի կիրառման հետևանքով Հայաստանում ստեղծվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի և բարոյահոգեբանական մթնոլորտի կապակցությամբ:
Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարություն` առաջարկելով մինչեւ 2014 թ. հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` մինչ այդ համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի ևս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները և համաձայնության գալու դեպքում կատարվեն որոշակի փոփոխություններ օրենքի մեջ:
2014 թվականի ամռանը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մի խումբ մանկավարժների՝ լսելու նրանց բողոքը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի վերաբերյալ: Վազգեն Մանուկյանի հանձնարարականով հաջորդ օրը՝ հունիսի 24-ին, Հանրային խորհրդում կազմակերպվել է աշխատանքային խորհրդակցություն է «Դեմ եմ» նախաձեռնության անդամների և համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են նրանց բարձրացրած խնդիրները:
Այնուհետև ՀՀ նախագահի հետ հանմդիպման ժամանակ Հանրային խորհուրդը քննարկել է Կուտակային կենսաթոշակների համակարգի ազդեցությունը ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև մի շարք այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:
Բարձրացվել է այն հարցը, որ հասարակության ամենախոցելի շերտը` կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության համակարգում աշխատողները, ինչպես նաև մի շարք բյուջետային աշխատողներ մնում են սոցիալապես անմխիթար վիճակում, քանի որ վերջիններիս աշխատավարձերի չնչին բարձրացումը չի փակում սննդի գների բարձրացումը, կոմունալ ծախսերի ավելացումը և դրան ավելացած կուտակայինի 5%-ը: Առաջարկվել է տվյալ օրենքի շրջանակներից դուրս լրացուցիչ միջոցառումներ իրականացնել այդ շերտի վրա առաջացող սոցիալական բեռը մեղմելու ուղղությամբ:

14. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքար, «Էլեկտրիկ Երևան»

2014 թվականին «Էլեկտրիկ Երևան» շարժումը քաղաքացիական ընդվզման ամենամասշտաբային նախաձեռնություններից մեկն էր, որը պայքարում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Քննարկելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնավորումները, քաղաքացիական ակտիվիստների պահանջները, կատարելով համապատասխան ուսումնասիրություններ ու վերլուծություններ՝ Հանրային խորհուրդը հայտարարել է, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հարվածում է հասարակության սոցիալապես անապահով շերտին, իսկ տեղական արտադրությունը դարձնում է´լ ավելի անմրցունակ: ՀԽ քննարկումների ընթացքում ձևավորվել է այն համոզմունքը, որ էներգետիկ հզորությունների գործող համակարգը ոչ բավարար չափով է արդյունավետ, վերահսկելի ու թափանցիկ, և դրա հետևանքով առաջացած թերություններն ու սխալներն էլ հանգեցրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանը:
Առաջացած խնդիրները հնարավոր այլ ճանապարհով լուծելու նպատակով Հանրային խորհուրդն առաջարկել է ՀՀ Նախագահի գլխավորությամբ և Հանրային խորհրդի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մասնագետների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն` քննարկելու էներգետիկայի զարգացման հեռանկարները և սակագների ձևավորման հարցերը:
Այնուհետև Հանրային խորհրդում քննարկվել են էլեկտրական գծերի շահագործման տեխնիկական վիճակի, էլեկտրական ցանցերում առկա հնարավոր կորուստների, էներգետիկ կառույցների շինարարության մրցույթների /տենդերների/ անցկացման հարցերը: Քննարկմանը մասնակցել է նաև «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ ղեկավարությունը:
ՀԽ որոշման համաձայն՝ «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ ղեկավարությանը առաջարկվել է բարձրացված հարցերին ընթացք տալ և մրցույթների կազմակերպման գործառույթում նախապատվություն տալ սպառող – ներդրող – կապալառու տեղական շղթայի հնարավոր ապահովմանը:
Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման, Հայաստանի տնտեսության վրա դրա ունեցած հետևանքների, ինչպես նաև հասարակության մեջ ստեղծված լարվածությության հարցերը քննարկվել են նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ: Հանրային խորհուրդը Հանրապետության ղեկավարին հայտնել է հետևյալը.
• ՀԷՑ-ի կողմից ներկայացված սակագնի փոփոխման պահանջի հիմնավորումը համոզեցուցիչ չէ, ընկերության կողմից կուտակված պարտքը հիմնականում գոյացել է ոչ արդյունավետ գործունեության և պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով, հետևաբար այն պետք է մարվի ոչ թե սակագների բարձրացման ճանապարհով, այլ ՀԷՑ-ի և նրա հիմնադիրների (ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ) կողմից:
• Լուրջ անհրաժեշտություն կա բարելավելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը, որն իր լիազորությունների շրջանակներում պետք է կարողանա հետևել համակարգում ընթացող գործընթացներին, իր նախաձեռնությամբ կարողանա գնահատել, թե որքանով են հիմնավորված կատարվող ծախսերը, արդյունավե՞տ են արդյոք իրականացվող ներդրումային ծրագրերը և կանխատեսի հնարավոր բացասական զարգացումները:
• ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ է մշակել հստակ չափորոշիչներ՝ էլեկտրաէներգիայի կորուստների, ծախսերի և այլնի հետ կապված, և օրենքի տեսքով ներկայացնել ՀՀ ԱԺ:
• Նպատակահարմար է ուսումնասիրել ՀԷՑ-ի մենաշնորհի վերացման և համակարգում կառուցվածքային փոփոխությունների հարցը:


15. Ալյուրի հարստացման ծրագիր

Ցորենի ալյուրի հարստացման ծրագրի քննարկումները հասարակության շրջանում ակտիվացան 2015 թվականին «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման ժամանակակ: Ստեղծվեց «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունը, որը դեմ էր ծրագրի իրականացմանը՝ ներկայացնելով հիմնավորումներ հանրային առողջության վրա ծրագրի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ:
Հարցը քննարկման է դրվել նաև Հանրային խորհրդում՝ նախ ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում, ապա ներառվել ՀԽ փոքր խորհրդի նիստերի օրակարգ, ապա ՀԽ լիագումար նիստի օրակարգ: Քննարկումներին մասնակցել են ոլորտի փորձագետներ, պետական համապատասխան գերատեսչություների պատասխանատուներ, հասարակության շահագրգիռ շերտեր: Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի դիրքորոշում:
Հանրային խորհուրդը հարցը քննարկել է նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Հանրային լայն քննարկումների արդյունքում 2016 թվականին Հանրային խորհուրդը ձևակերպել է իր եզրակացությունն ու վերջնական դիրքորոշումը, ըստ որի.

1. Նպատակահարմար և հիմնավորված չէ ծրագրի իրականացման մեթոդը, որով բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրն առաջարկվում է լուծել ողջ բնակչության ներգրավման միջոցով: Մինչդեռ բնակչության որոշակի շերտի համար դա կարող է վնասակար լինել, քանի որ կան իրար հակասող գիտական հետազոտություններ և կարծիքներ: Ամբողջ ծավալով հետազոտված չեն նաև տարածաշրջանի տեղային առանձնահատկությունները:

2. Չկա որեւէ լուրջ հետազոտություն չափաբաժնի վերաբերյալ, ըստ որի տվյալ չափաբաժինը արդյունավետ կլինի հասարակության այն շերտի համար, որը դրա կարիքն ունի, բայց միաժամանակ չի վնասի մյուսներին: Անհասկանալի է, թե ինչպես պետք է որոշվի չափաբաժինը, երբ կա բնակչության մի շերտ, որը գրեթե հաց չի օգտագործում (դիետիկ կամ այլ նպատակներով), իսկ բնակչության մի շերտի համար էլ հացը հիմնական սնունդն է:
Անորոշ են նաև չափաբաժնի վերահսկման մեխանիզմները:

3. ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է իրականացնել ծրագիրը` շատ անգամ առաջ մղելով այն միտքը, որ սա մասնագիտական հարց է, և հասարակությունն ունակ չէ ընկալելու, մինչդեռ հայտնի է, որ աշխարհի տարբեր երկրներում այս հարցի վերաբերյալ կան հստակ տարակարծություններ: Վերջիվերջո, եթե անգամ ծրագիրն օգտակար է ու ճիշտ, ապա նպատակահարմար չէ այն իրականացնել բնակչության մեծ մասի կողմից բացասական կարծիքի պայմաններում: Անհրաժեշտ է նախ հասարակությանը հիմնավոր փաստարկներով համոզել, որ ծրագիրն արդյունավետ է ու վտանգներ չի պարունակում, ապա նոր իրականացնել այն:
Հաշվի առնելով այս մտահոգությունները` Հանրային խորհուրդը գտնում է, որ նպատակահարմար է.
ա) ծրագրի իրականացումը հետաձգել, մինչև լուրջ գիտական փորձաքննություններ ու հետազոտություններ անցկացվեն:
բ) այնուամենայնիվ բուժիչ նպատակներով արտադրել որոշ քանակությամբ հարստացված ալյուրով հացամթերք` փաթեթավորման մեջ հատուկ պիտակի առկայությամբ, և համապատասխան բացատրական աշխատանք կատարել, որպեսզի թիրախային խմբերի կողմից այն կիրառվի:


16. Սահմանադրական բարեփոխումներ

Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս բարձրացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը։ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրությանը ներկայացնելու պահից սկսած՝ Հանրային խորհրդում հայեցակարգի վերաբերյալ կազմակերպվել են լայն քննարկումներ։ ՀԽ անդամներն արձանագրել են, որ նախագիծն ընդհանուր առմամբ բավականին բարդ է, պարունակում է բազմաթիվ խնդրահարույց և անորոշ հարցեր, ուստի երկարատև և մասնագիտական լուրջ քննարկումների կարիք ունի: Վազգեն Մանուկյանն առաջարկել է Հանրային խորհրդում սկսել նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների շարք:

ՀԽ նախագահի առաջարկով որոշվել է կազմել հայեցակարգի այն հարցերի շրջանակը, որոնք քննարկման առարկա կարող են դառնալ՝ մասնավորապես խորհրդարանական համակարգի անցման, դատական ոլորտի, ՏԻՄ համակարգի հետ կապված և այլ փոփոխություններ։
Հանրային խորհուրը հարցի վերաբերյալ հրավիրել է փոքր խորհրդի նիստեր, լիագումար նիստ, որին մասնակցել են նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ու նույն հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։
Հանրային խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերը վերաբերել են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, կառավարման ձևի առաջարկվող մոդելի արդյունավետությանը, դատական համակարգում առաջարկվող փոփոխություններին, ժողովրդի նախաձեռնությամբ հանրաքվեի անցկացման հնարավորությանը, ինչպես նաև սահմանադրական փոփոխություններում Հանրային խորհրդի գոյության հիշատակմանը:
Կառավարման ձևերի վերաբերյալ հնչել են բազմաթիվ առաջարկություններ ու հարցադրումներ, որոնց վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժովի ներկայացուցիչները տվել են համապարփակ պատասխաններ:
Հանրային խորհուրդը Սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, սպասվող արդյունքներն ու ակնկալիքները։

 

17․ Զինված հարձակում ՊՊԾ գնդի վրա

2016 թվականի հուլիսի 17-ին Երևանում «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալներ զինված հարձակում իրականացրեցին և գրավեցին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գունդը: Հայաստանում ստեղծվեց հանրային մեծ լարվածություն՝ անկանխատեսելի հետևանքներով:
Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ տեղի է ունեցել արտահերթ լիագումար փակ նիստ` ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրադրության և հարցի լուծման խաղաղ տարբերակների քննարկման նպատակով, որի արդյունքում Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել:
ՀԽ անդամները միակարծիք են եղել, որ իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցությունների և երկխոսության միջոցով հարցը լուծելու երկուստեք կամքն է, որը հնարավորինս կնվազեցնի խնդրի բացասական հետևանքները:
Հանրային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել, որպեսզի մեր հասարակությունն ու պետությունը լարված այս իրավիճակը հաղթահարեն առանց ցնցումների:
Հանրային խորհուրդը նաև գտել է, որ ներկա իրադրության կարգավորումից հետո պետք է ապահովվի լայն երկխոսություն իշխանությունների և հասարակության տարբեր շերտերի միջև Հայաստանի առջև ծառացած խնդիրների` հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ:

18. Կարմիր գծեր, երթևեկության խնդիրներ

Երևանի փողոցներում «Կարմիր գծերի» օրինականության և ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ հարցերը քննարկվել են Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստերում և համապատասխան հանձնաժողովում ու ենթահանձնաժողովներում: Այս հարցի հետ կապված հասարակությանը հուզող հարցերն ու մտահոգությունները ներկայացվել են նաև Հանրապետության ղեկավարին: Մասնավորապես՝ ոլորտում պետական և մասնավոր հատվածների մասնակցության անհեթեթ և անհասկանալի համամասնությունը, տեխնիկական սպասարկման տարրական պահանջների բացակայությունը, քաղաքացիների անձնական հաշիվների վրա ոչ համաչափ կալանք դնելը: Բարձրացված հարցերը մտել են լուծման փուլ և Հանրային խորհուրդը շարունակել է ուշադրությամբ հետևելու խնդրի հանգուցալուծման ընթացքին:
Հանրային խորհուրդը Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկել է մայրաքաղաքում ու մարզերում ճանապարհային ոստիկանության ու երթևեկության կազմակերպման հետ հետ կապված մի շարք խնդիրներ:
Ճանապարհային ոստիկանության պատասխանատուներին են ներկայացվել համակարգին առնչվող այն մտահոգություններն ու խնդիրները, որոնք բարձրաձայնում է հասարակությունը, մասնավորապես՝ Երևանում և մարզերում ճանապարհային նշանների վիճակը, ոչ արդյունավետ տեղադրվածությունը, արհեստական խոչընդոտների (այսպես կոչված «պառկած ոստիկանների») տեղադրման չափորոշիչները՝ հաճախ անօրինական ձևով կառուցված, որոնք մշտապես խնդիրներ են ստեղծում վարորդների համար, որոշ ավտոմեքենաների վրա տեղադրված քսենոնային լամպերի հարցը, ինչն անթույլատրելի է և վտանգավոր երթևեկության համար, մայրուղիներում բնակավայրերի ցուցանակների ոչ ճիշտ վայրում տեղադրված լինելու հարցը, ՃՈ աշխատակիցների՝ հատկապես մայրուղիներում ծառայություն կրելու խնդիրները, երբ վերջիններս «թաքնվում» են՝ փորձելով «դարանակալել» վարորդին, ոչ հարմար վայրերում կարմիր նշագծումների առկայությունը, ինչը խոչընդոտում է երթևեկությանը, ասֆալտի նշագծումների վատ վիճակը, լուսացույցների հետ կապված խնդիրները, խցանումների պատճառներն ու դրանց լուծման ուղիները և այլ հարցեր: Բարձրացվել է նաև ռուսական պետհամարանիշներով մեքենաների վարորդների՝ երթևեկության կանոնների բացահայտ խախտման և արտոնյալ վիճակում գտնվելու խնդիրը, ինչը ոչ միայն վտանգավոր է երթևեկության համար, այլև անպատժելիության և խտրականության մթնոլորտ է ստեղծում հանրության շրջանում: Քննարկվել է նաև երթևեկության կանոնների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման հարցը:
Ճանապարհային ոստիկանության պատասխանատուները հայտնել են, որ բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները հաշվի կառնվեն ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքում:

19. Ռուսաց լեզվի հայեցակարգի հարցը

ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը 2017 թվականին բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք տվեց:
Հանրային խորհուրդը, որը կազմավորման օրվանից ուշադրության կենտրոնում է պահել կրթական ոլորտի խնդիրները, ռուսաց լեզվի հայեցակարգի, ինչպես նաև ոլորտի այլ խնդիրներ քննարկելու նպատակով կազմակերպել է նիստ՝ հրավիրելով նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, կրթության ոլորտի փորձագետների: Նախարարին են ներկայացվել հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները և ստացել պարզաբանումներ: Այս համատեքստում քննարկվել է առհասարակ բոլոր օտար լեզուների դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը՝ չառանձնացնելով ռուսերենը: ՀԽ անդամները, իրենց մտահոգությունները հայտնելով հայեցակարգի վերաբերյալ, նշել են, որ եթե հայեցակարգը վերաբերեր բոլոր օտար լեզուներին, ապա ընդունելի կլիներ և աղմուկ չէր բարձրանա: Բարձրացվել է նաև բուհերում ռուսաց լեզվի դասավանդումը մյուս օտար լեզուներից առանձնացված լինելու հարցը:
Նախարարը պարզաբանել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգին առանձին կարգավիճակ շնորհելու նպատակ չկա, Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլոր լեզուներն օտար լեզուներ են, և բոլորի համար պետք է մշակել հայեցկարգ, որի դեպքում, սակայն որևէ ժամ հայագիտական առարկաներից չի կորչում: Նախարարը նաև պարզաբանել է, որ նախարարությունը վրիպում է թույլ տվել, քանի որ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգի դեպքում գրել է «օտար լեզուների հայեցակարգ», ռուսերենի դեպքում «օտար լեզու» ձևակերպումը բացակայել է:

20. Գնաճ

2017 թվականի աշնանը սպառողական մի խումբ ապրանքների գների բարձրացումը հանրության շրջանում դժգոհության նոր ալիք բարձրացրեց:
Արձագանքելով առաջին անհրաժեշտության սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացմանն ու հանրության շրջանում առաջացած մտահոգություններին՝ Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ քննարկելու խնդրի գնաճի առաջացման պատճառներն ու գտնելու հետևանքների մեղմացման ուղիներ:
Նախ կազմակերպվել է աշխատանքային քննարկում պետական համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների (ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ ֆինանսների նախարարություններ, Կենտրոնական բանկ, Պետական եկամուտների կոմիտե, Ազգային վիճակագրական ծառայություն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) ինչպես նաև խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են գների բարձրացման պատճառները, օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմնավորումները, արտահանման և ներմուծման ծավալների հետ առնչությունները, արտադրողի և վաճառողի մասնակցությունը խնդրին, գների բարձրացման միտումները, հետևանքները երկրի տնտեսության զարգացման վրա, սոցիալական բեռի ավելացումը բնակչության շրջանում, այդ բեռի թեթևացման ուղիները և, ի վերջո, հնարավորությունների ստեղծմանը՝ երևույթն ի նպաստ օգտագործելու տեղական արտադրության զարգացմանը:
Հանրային խորհրդի անդամները գտել են, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն պետք է վերահսկի և վերլուծի իրավիճակն ու միտումները, գտնի շուկայական ճկուն մեխանիզմներ ազդելու գների կարգավորման վրա, մշակի համապատասխան նոր ռազմավարություններ և ուղղորդված քաղաքականություն գյուղատնտեսության և տեղական արտադրության զարգացման ուղղությամբ, քայլեր ձեռնարկի պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ նպաստելով տեղական շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ծավալների ավելացմանը, այլ նաև համապատասխան միջոցներ պետք է ձեռք առնի, որպեսզի հնարավոր թանկացումները բնակչության հատկապես խոցելի խավի համար զգալի չլինեն և ինչ որ կերպ փոխհատուցվեն:
Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խումբը լրացուցիչ ուսումնասիրել է քննարկման արդյունքներն ու համապատասխան կառույցների ներկայացրած վերլուծություններն ու վիճակագրական տվյալները, որոնց հիման վրա առաջարկներ է ներկայացրել կառավարության ղեկավարին:
2018-ի հունվար ամսին Հանրային խորհուրդը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ կրկին քննարկել է գնաճի խնդիրը:
Հանրային խորհուրդը մասնավորապես փորձել է պարզելու, թե ո՞ր ապրանքատեսակներն են թանկացել և որքան, որո՞նք են գների բարձրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները (հարկային բեռի ավելացում Հարկային նոր օրենսգրքի ընդունման, ԵՏՄ նոր մաքսատուրերքի, համաշխարհային գների տատանումների, տնտեսվարողների կողմից չարաշահումների հետևանքով, ստվերից դուրս գալու պայքարի արդյունքում գների հնարավոր փոփոխությունները այլն), ինչպե՞ս են այդ փոփոխություններն ազդում բիզնեսի, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացման վրա, կա՞ն արդյոք հնարավորություններ այդ պատճառների վրա ազդելու և դրանց հետևանքները մեղմելու համար, ստեղծված պայմաններում տեղական արտադրությունը զարգացնելու ի՞նչ ճանապարհներ կան, կարճաժամկետ հատվածում ի՞նչ ծրագրեր կարելի է իրականացնել, որոնք կմեղմեն հատկապես խոցելի խմբերի սոցիալական բեռը:
Ամփոփելով գնաճի պատճառներն ու հետևանքները՝ Հանրային խորհուրդը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը նաև հետևանք է երկարաժամկետ հատվածում որոշակի սխալների և բացթողումների և նշել, որ պետությունն իր վրա պետք է վերցնի կարգավորիչ դեր, մշակի մեխանիզմներ ազդելու տնտեսության վրա, սակայն այդ մեխանիզմները պետք է համահունչ լինեն նաև շուկայական ազատ մրցակցության սկզբունքին և միջազգային պարտավորություններին: Հանրային խորհրդի անդամները ևս մեկ անգամ շեշտել են փոքր և միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը զարգացնելու անհրաժեշտությունը:
Որոշվել է կազմակերպել նեղ մասնագիտական քննարկում՝ հրավիրելով տնտեսագետների, ոլորտի մասնագետների և համատեղ մշակել իրավիճակի գնահատման, կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով լուծումներ նախատեսող կոնկրետ առաջարկների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարություն:

21. Ընտանեկան բռնության ոլորտը կարգավորող օրենք

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը հանրային հնչեղություն ստացավ 2017 թվականին: Հանրությունն այս օրենքի նախագծի շուրջ քննարկումներում կարծես բաժանվեց երկու մասի՝ կողմ և դեմ:
Հաշվի առնելով ընտանեկան բռնության խնդրի կարևորությունը, ինչպես նաև հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Հանրային խորհուրդը հարցը քննարկման է դրել նախ ՀԽ փոքր խորհրդի նիստերում, ապա կազմակերպել է հանրային լայն քննարկում, որին մասնակցել են պետական համապատասխան կառույցների, ինչպես նաև ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ամփոփելով քննարկումների արդյունքները՝ Հանրային խորհուրդը հայտնել է հետևյալ դիրքորոշումը.
«Հանրային խորհուրդն արձանագրել է, որ օրենքի նախագծի նկատմամբ հանրային արձագանքն արտացոլում է այն իրողությունը, որ ընտանիքը հայկական արժեհամակարգի ամենակարևոր հիմնասյուներից մեկն է, որի շնորհիվ է նաև մեր ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել բազմաթիվ փորձությունների: Հենց այդ պատճառով էլ հարցը պահանջում է մանրակրկիտ ու նուրբ մոտեցում: Մյուս կողմից, ընտանիքում կատարվող բռնությունը չի կարող չմտահոգել հասարակությունը, քանի որ առնչվում է ինչպես ընտանիքին, այնպես էլ մարդու հիմնարար իրավունքներին:
Այս առումով, Հանրային խորհուրդը նույնպես դատապարտում է բռնությունը ընտանիքում՝ համարելով դա ոչ հարիր մեր ազգային մտածողությանը և գտնում, որ անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով միջոցներ ձեռնարկել պայքարելու այդ արատավոր երևույթի դեմ:
Միաժամանակ, Հանրային խորհուրդը կիսում է հանրության այն մտահոգությունը, որ թերի օրենքի դեպքում, փորձելով լուծել որոշ ընտանիքներում առկա խնդիրը, կարող է վնաս հասցվել նաև առողջ ընտանիքներին և, առհասարակ, ընտանիքի ինստիտուտին:
Քննարկելով օրենքի նախագիծը՝ Հանրային խորհուրդը մի շարք խնդրահարույց դրույթներ է նկատում: Ցանկացած ընտանիք ունի որոշակի կանոններ ընտանիքում: Կա երեխաների դաստիարակության խնդիր, կան հնարավոր վեճեր, որոշակի ազատության կամավոր սահմանափակումներ ընտանիքի անդամների կողմից՝ ի շահ ընտանիքի ամրության ու պահպանման: Հետևաբար, օրենքի նախագծում բռնություն հասկացությունն ու դրա դրսևորումները պետք է ունենան հստակ ձևակերպումներ՝ տարանջատելով, օրինակ, բռնություն և հարկադրանք հասկացությունները, որպեսզի կողմնակի անձանց հնարավորություն չտրվի միջամտելու ընտանեկան բնականոն կյանքին:
Օրենքի նախագծում խնդրահարույց է նաև այն, որ ՀՀ ոստիկանությանը տրված է «անհետաձգելի միջամտության որոշում» կայացնելու լիազորություն առանց դատարանի որոշման, մինչդեռ ՀՀ Սահմանադրության և գործող մյուս օրենքների ու միջազգային նորմերի համատեքստում նման գործողությունները չեն կարող իրականացվել առանց դատարանի որոշման:
Օրենքի նախագծում հստակեցված չեն ապաստարանների ձևավորման, ֆինանսավորման, վերահսկողության (այդ թվում և հասարակական վերահսկողության) հարցերը:
Օրենքի նախագծում կան դրույթներ, որոնց իրականացման մեխանիզմները մեր իրականության պայմաններում թվում են անհնարին և կրում են ձևական բնույթ: Կան նաև այլ մտահոգություններ, որոնք բարձրացվում են տարբեր մասնագետների կողմից և արժանի են քննարկման:
Հանրային խորհուրդը կարծում է, որ օրենքի հիմնավորման մեջ պետք է ձևակերպված լինի, թե հայկական ընտանիք ասելով՝ ինչ ենք հասկանում՝ անհրաժեշտության դեպքում հղում կատարելով Ընտանեկան օրենսգրքի դրույթներին:
Պետք է ներկայացվի սոցիոլոգիական հարցումների հիման վրա կազմված վիճակագրություն, թե ընտանիքների քանի տոկոսում է տեղի ունենում բռնություն, քանի որ գիտենք, որ ՀՀ ոստիկանության տվյալները չեն արտացոլում ողջ իրականությունը:
Պետք է ուսումնասիրվի նաև միջազգային փորձը՝ պարզելու, թե ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքներ ընդունած երկրներում ինչ արդյունքներ են գրանցվել:
Հաշվի առնելով այս ամենը և չժխտելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը՝ Հանրային խորհուրդը գտել է, որ նախագիծը թերի է, իսկ հապշտապ ընդունումը՝ վտանգավոր:
Հանրային խորհուրդն առաջարկել է հետաձգել օրենքի ընդունումը, կազմակերպել լրացուցիչ հանրային ու մասնագիտական բաց քննարկումներ, ամենայն մանրամասնությամբ վերանայել օրենքում առկա անորոշ ձևակերպումները, որոնք օրենքի ընդունման դեպքում կարող են չարաշահումների և խնդիրն այլ նպատակների ծառայեցնելու հնարավորություն ստեղծել, կատարել խորքային ուսումնասիրություններ ու վերլուծություններ:

22. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք, «Տարկետում լինելուԱ» շարժում

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով խիստ սահմանափակումներ էր սահմանվում տարկետման իրավունքի վրա, դժգոհության մեծ ալիք բարձրացրեց հատկախպես ուսանողության շրջանում: Ստեղծվեց «Հանուն գիտության զարգացման» քաղաքացիական շարժումը, որը պայքար էր մղում օրենքի ընդունման դեմ:
Հանրային խորհուրդը խնդրի վերաբերյալ կազմակերպել է քննարկում՝ քննարկմանը մասնակից դարձնելով պետական համապատասխան գերատեսչությունների և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչներին: Քննարկմանը բարձրացվել են օրենքի նախագծի խնդրահարույց դրույթները, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները բարձրաձայնել են ուսանողներին հուզող հարցերի մասին ու ներկայացրել իրենց առաջարկները, ինչպես նաև հարցադրումներ ուղղել ՊՆ ներկայացուցչին և ստացել որոշակի պարզաբանումներ:
Քննարկման առանցքում շոշափված հիմնական հարցերը վերաբերել են զինվորական ծառայության ոլորտում սոցիալական արդարության վերականգնմանը, ուսումնական պրոցեսի շարունակականության ապահովմանը և գիտության զարգացմանը, բանակի արդիականացմանը, կրթական համակարգի բարեփոխումներին և այլ խնդիրների: Ընդգծվել է բանակում և բուհական համակարգում տարատեսակ ապօրինությունների (զարտուղի ճանապարհներով զինծառայությունից խուսափելու դեպքեր, բանակի նյութատեխնիկական մատակարարման, զինծառայողների սոցիալական ապահովման ոլորտներում չարաշահումներ), կոռուպցիոն երևույթների դեմ հետևողական պայքարի անհրաժեշտությունը։
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ Հանրային խորհուրդը նախ հավանության է արժանացրել ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, ապա հանդես եկել ՀՀ Պաշտպանության նախարարությանն ուղղված հետևյալ առաջարկներով.
1. Երեք ամսվա ընթացքում ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ բանակի և Ռազմարդյունաբերական համալիրի կարիքներն ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերում հիմնել գիտատեխնիկական ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կտան նաև համապատասխան գիտելիքներ ունեցող երիտասարդներին իրենց ծառայությունն անցկացնելու այդ ստորաբաժանումներում՝ չկտրվելով իրենց մասնագիտությունից, միաժամանակ նպաստելով ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:

2. Հաշվի առնելով որոշ երկրների փորձը՝ ՀՀ զինված ուժերում հիմնել արվեստի ոլորտի խմբեր (նվագախմբեր, երգչախմբեր, թատերական խմբեր և այլն), որոնք ոչ միայն անհրաժեշտ կլինեն բանակին, այլև հնարավորություն կտան այդ ոլորտներն ընտրած երիտասարդներին չկտրվելու իրենց մասնագիտությունից և զարգացնելու դրանք զինվորական ծառայության ընթացքում:
3. «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսվող դրույթում, ըստ որի ուսանողները հնարավորություն կունենան ռազմական բուհերում շաբաթ օրերին մասնակցելու ռազմական պատրաստության դասընթացի, նախատեսել նաև շաբաթ օրերի փոխարեն կիսամյակի ավարտին միանգամից այդ դասաժամերը լրացնելու տարբերակ, ինչն առավել արդյունավետ ու իրատեսական կարող է լինել հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող բուհերի ուսանողների համար:
4. Քննարկել Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները՝ այդ թվում սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող նպատակային ուսուցման համակարգի հետագա ընթացքը, քանի որ նախկինում այդ կարգով բուհ ընդունվողները նույնպես օգտվում էին տարկետման իրավունքից:
5. Հիմնել հատուկ ստորաբաժանումներ, որտեղ 6-ամսյա պարտադիր զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն կունենան բոլոր այն անձիք, որոնք տարբեր պատճառներով (բացառությամբ առողջական իրավիճակից) ծառայություն չեն անցել ՀՀ զինված ուժերում:
Հաշվի առնելով, որ այս և բազմաթիվ այլ առաջարկներ կարգավորվելու են ՀՀ կառավարության և ՊՆ որոշումներով՝ ՀՀ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել օրենքն Ազգային ժողովում քննարկելուց և վերջնական տեսքով ընդունելուց հետո հատուկ հանդիպում կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ և քննարկել այդ առաջարկները՝ նպատակ ունենալով օրենքի կիրառումը արդյունավետ դարձնել ինչպես ՀՀ զինված ուժերի, այնպես էլ կրթության և գիտության ոլորտների զարգացման համար:

23. Համահայկական կառույցների ստեղծում, Հայաստան-Սփյուռք համագործակցություն

Հանրային խորհրդում մշտապես քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, համահայկական կառույցների ձևավորման, աշխարհում հայության ներուժը համախմբելու, որպես համաշխարհային ազգ գործելու հարցերը: Համահայկական միասնական կառույցների ձևավորման հարցը վերջին շրջանում օրակարգային դարձավ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ստեղծումից հետո, որի աշխատանքը բավական արդյունավետ էր՝ բարձր գնահատվելով թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում: Այդ ժամանակ ստեղծվեց աշխատանքային խումբ, որտեղ ներգրավվեցին պատասխանատուներ Հայաստանից ու Սփյուռքից:
Պետական մակարդակով խնդիրը բարձրացնելու և Հայաստան-Սփյուռք համաժողովների ժամանակ կարևոր օրակարգային հարց դարձնելու ֆոնին Հանրային խորհրդում հարցի վերաբերյալ քննարկումներն ակտիվացել են: Հանրային խորհուրդը մասնավորապես քննարկել է հետևյալ հարցերը.
• Համահայկական կառույցների ձևավորման նպատակները:
• Ո՞վ է նախաձեռնելու այդ կառույցների ստեղծումը, և ո՞րն է լինելու հետագայում այդ կառույցների աշխատանքները համադրող մարմինը:
• Ովքե՞ր են դառնալու Համահայկական կառույցների անդամներ (անձեր, կազմակերպություններ), ինչպիսի՞ կառուցվածք է ունենալու համադրող մարմինը:
• Կազմակերպման գործունեության ընթացակարգը, ժամկետները, պատասխանատուները:
Քննարկումների ընթացքում ներկայացվել են տարբեր տեսակետներ ու առաջարկներ, հնչել են նաև մտահոգություններ: Ներկաները, սակայն, համակարծիք են եղել համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտության հարցում՝ ընդգծելով, որ դրա հիմքում պետք է ընկած լինեն այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են հայապահպանությունը, Հայաստանի Հանրապետության, Արցախի հզորացումը, Հայաստան-Սփյուռք կապերի զարգացումը և այլն: Կարևորվել է այն փաստը, որ տասնյակ տարիներ ի վեր հայության տարբեր շերտեր քննարկում են համաշխարհային հայկական կառույցներ ձևավորելու հարցը, և հատկապես վերջին տարիներին դա առավել մեծ նշանակություն է ստացել՝ պայմանավորված այն իրողությամբ, որ հայության մի հոծ հատված այսօր ապրում է Հայաստանից դուրս: Ընդգծվել է, որ համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտությունը բխում է նաև համաշխարհային ներկա գործընթացներից, ինչը պահանջում է հայության ներուժի համախմբում և աշխարհում մեր տեղի ու դերի վերագնահատում:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյաննիր հերթին այս նպատակների իրականացման համար նախաձեռնել է և հիմնադրել է Համագործակցության փոխօգնության կառույցըև վիրտուալ տարածքում գործող www.armnational.am կայքը:
Խնդիր դնելով կազմակերպել հանրային և մասնավոր հատվածների, սփյուռքահայ գործարարների ակտիվ մասնակցությունն ու գործուն աջակցությունը` առաջարկվել է ձեռնամուխ լինել`
ա) Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համայնքներում անհրաժեշտ սարքավորումներ ունեցող հեռակապի կենտրոնների ձևավորմանը` իրենց տեղեկատվական այցեքարտ- կայքերով, համացանցային քննարկումների, խորհրդակցությունների, հեռավար ուսուցման դասընթացների կազմակերպման հնարավորություններով,
բ) աջակցել, որ նշված համայնքներում հաճախ օգտագործվող տարածքները ծածկվեն օպտիկական կապուղիների ճյուղավորված ցանցերով` համացանցին միացած Wi-Fi հասանելիության կետերի ծածկույթով,
գ) արդիականացնել ընկերությունների, հիմնարկների և կազմակերպությունների հեռահաղորդակցման ներքին ցանցերը` պայմաններ ստեղծելով, որպեսզի ապահովվի զանգվածային անցումը բազմապատիկ էժան, հարմար IP տեսաձայնային հեռակապի:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումներից եմկի ժամանակ առաջարկվել է նոր ձևավորվող կառավարության ծրագրում ընդգրկել հետևյալ հարցերը.
1. Գիտելիքահենք հասարակության ձևավորմանը նպաստելու, քաղաքակրթական արդի զարգացումներում մեր ուրույն, արժանի տեղն ու դերը գրավելու նպատակով, Մեծ եղեռնի 100-ամյա հոբելյանին ընդառաջ համացանցում ձևավորել ազգային միասնական տեղեկատվական տարածք, որտեղ պետք է ներկայացված լինեն մեր ժողովրդին, պատմությանը, մշակույթին, տնտեսությանը, բնակավայրերին, հանրային կյանքին, նրա ներկային և ապագային առնչվող տեղեկանյութեր, տեղեկագրքեր, տեքստային և տեսաձայնային բազաներ, հանրագիտարաններ:

 


ՀԽ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐՆ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
(2009 մայիս-2018 ապրիլ)

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կրթության և գիտության ոլորտը մշտապես առանցքային նշանակություն է ունեցել Հանրային խորհրդի համար, և ոլորտի խնդիրները քննարկվել են ՀԽ համապատասխան հանձնաժողովում, ՀԽ փոքր խորհրդի նիստերում ու լիագումար նիստերում, ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև Հանրապետության նախագահի ու կառավարության ղեկավարի հետ հանդիպումներում:
1. Դպրոց, հանրակրթություն, նախադպրոցական կրթություն
Հանրային խորհուրդը բազմիցս քննարկել է դպրոցական ծրագրերի, ուսումնական ծանրաբեռնվածության մակարդակի, դասագրքերի բովանդակությանը վերաբերող հարցեր, 12-ամյա կրթության, հատկապես ավագ դպրոցի բովանդակային կայացման հետ կապված դեռևս չլուծված հիմնախնդիրներ` որակյալ ծրագրեր ու դասագրքեր, դասավանդման առաջադեմ ու նորարար մեթոդներ, աշակերտների գիտելիքների օբյեկտիվ գնահատում, արհեստավարժ ուսուցիչներ, նորոգված դասասենյակներ, ժամանակակից լաբորատորիաներ ու տեխնիկական միջոցներ, դպրոցների նպատակահարմար տեղաբաշխում, ուսումնական տարածքների արդյունավետ օգտագործում և այլն: Քննարկվել են հարցեր՝ կապված գիտելիքների գնահատման նոր համակարգի ներդրման մեխանիզմների հետ, 12-ամյա կրթական համակարգի անցման և հանրակրթական նոր ծրագրերի ու չափորոշիչների ներդրման հետ, ուսուցիչների վերապատրաստման, որակավորումների բարձրացման, դասագրքաստեղծ աշխատանքների հետ, ավագ դպրոցի ձևավորման սկզբունքների հետ, տնօրենների ընտրության, աշխատողների աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման հետ:
ՀԽ-ն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շրջանակներում ստեղծել մշտական գործող մարմին, որտեղ ներգրավված կլինեն կրթական բնագավառի մասնագետներ, դպրոցի ուսուցիչներ, տնօրեններ: Իր կողմից ՀԽ-ն պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ մարմնի աշխատանքներին: Քննարկելով ոլորտի խնդիրները՝ բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել ՀՀ կառավարություն: Առաջարկվել է, օրինակ.
• Բացառել ուսուցիչների և դպրոցների ղեկավար աշխատողների ներգրավումը քաղաքական ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներում:
• ՀՀ կրթության և գիտության նախարարությունից առանձնացնել հանրակրթական բլոկը որպես կառավարման ինքնուրույն միավոր և ստեղծել լուսավորության նախարարություն՝ դրանում ներառելով մանկավարժական կադրեր պատրաստող բոլոր ուսումնական հաստատությունները:
• Քննարկել 12-ամյա հանրակրթական դպրոցի կառուցվածքի մեջ փոփոխությունների նպատակահարամարությունը՝ կապված տարրական, հիմնական և ավագ դպրոցի տևողության հետ:
• Մշակել նպատակային ծրագիր, որը կաջակցի նախադպրոցական հաստատությունների ստեղծմանն ու կայացմանը:
• Վերականգնել մանկավարժական բուհերում նախապատրաստական կուրսերը անապահով ընտանիքների երեխաների համար:
• Քննարկել սահմանամերձ և բարձր լեռնային շրջաններում և գյուղական դպրոցներում աշխատող ուսուցիչների համար լրացուցիչ պայմաններ ստեղծելու հարցը /կենցաղ, տնամերձ, ուսուցչի տուն և այլն/:
• Բոլոր համայնքներում խիստ ուշադրությորն դարձնել և վերանորոգել գրադարանները, իսկ այն համայնքը, որտեղ չկա, ստեղծել:
• Այլ առաջարկներ:
• Որպես հնչեղություն ունեցող հարց՝ քննարկվել է հանրակրթական դպրոցի ուսումնական պլանից «Գծագրություն» առարկան հանելու և «Տեխնոլոգիա» առարկայի մեջ որպես «Գրաֆիկա» մոդուլ ներառելու հարցը, որի հետևանքով փակվել էր Երևանի պետական Մանկավարժական համալսարանի «Գծագրական երկրաչափության» ամբիոնը: Հանրային խորհրդում և Հայաստանի կրթության ազգային ինստիտուտում կազմակերպվել են թեմայի վերաբերյալ քննարկումներ և ընդունվել է համատեղ որոշում` վերանայել «Տեխնոլոգիա» առարկայի չափորոշիչները, իսկ «Գծագրություն» առարկան ուսանել բնագիտական և տեխնիկական հոսքեր ունեցող ավագ դպրոցներում:
• Քննարկվել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը այլ քոլեջների հետ միավորելու հարցը: ՀԽ-ն դեմ է արտահայտվել քոլեջների միավորմանը, հարցը ստացել է դրական լուծում:
• Քննարկվել են նաև նախադպրոցական հաստատությունների գործունեության հեռանկարային զարգացման խնդիրները:

2. Միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտ
Քննարկվել են հարցեր` կապված միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության, կրթության շարունակականության ապահովման հետ:
Մասնավորապես, քննարկվել են.
• բուհերի ընդունելության, միասնական քննությունների հետ կապված խնդիրները,
• նպատակային ընդունելության և շրջանավարտներին աշխատանքի տեղավորման խնդիրները,
• պետպատվերի շրջանակներում շրջանավարտների պետական հոգածության խնդիրները,
• շրջանավարտների, ըստ կրթության մակարդակների, աշխատանքային գործունեության բնագավառների ամրագրման հարցը,
• դասախոսների մասնագիտական որակավորումների բարձրացման խնդիրը,
• բուհերում հաստիքային և ժամավճարային գործունեության խնդիրը,
• միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմերի մանկավարժական աշխատանքային ստաժի խնդիրը (թոշակի անցման կապակցությամբ),
• հետբուհական կրթության և գիտաուսումնական հաստատությունների միասնական գործունեության խնդիրը (հարկային բեռի թեթևացում, կրկնակի հարկման հիմնախնդրի կարգավորում և այլն),
• բուհական համակարգի 2010թ. անելիքները (համալսարանների կարգավիճակների որոշակիացում, հետազոտական համալսարանների ձևավորում, չափորոշիչների մշակում և այլն),
• կրթության որակի գնահատման ներքին և արտաքին համակարգերի ձևավորման անհրաժեշտությունը,
• միջազգային, միջբուհական համագրծակցությունների իրականացման և փորձի փոխանակման հարցերը,
• բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության պայմանների (տարածքներ, նյութատեխնիկական բազա, տեղեկատվական ապահովում և այլն) բարելավման խնդիրը,
• այլ խնդիրներ:
3. Գիտության ոլորտ
Գիտության ոլորտը նույնպես ՀԽ առանցքային թեմաներից մեկն է եղել: կազմակերպվել են քննարկումներ կապված՝
• գիտության ֆինանսավորման ավելացման հարցի հետ,
• գյուտերի և հայտնագործությունների գրանցման, փորձաքննության, հեղինակային իրավունքի և ներդրման հետ,
• ակադեմիական և ճյուղային ինստիտուտների գործունեության հետ,
• գիտության զարգացման բարեփոխումների և գիտական ոլորտների առաջնահերթությունների հետ,
• գիտության ֆինանսավորման ավելացման հարցի հետ,
• և այլն:
• Որպես հնչեղություն ունեցող հարց՝ քննարկվել է Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի /ազգային լաբորատորիայի/ կարգավիճակի փոփախության հարցը՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամի: Համակողմանի քննարկման ընթացքում Հանրային խորհուրդը եկել է այն եզրակացության, որ ֆիզիկայի ինստիտուտի կարգավիճակի փոփոխությունը պատճառաբանված չէ և կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների: ՀԽ դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարություն:
• Որպես հնչեղություն ունեցող հարց՝ քննարկվել է նաև Գիտատեխնիկական գրադարանի հետագա գործունեության հարցը: Հանրային խորհուրդը գտել է, որ գրադարանի պահպանման և դրա արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է նախևառաջ ապահովել գրադարանի առանձին կարգավիճակը, ինչպես նաև չլուծարել մարզային 4 մասնաճյուղերը, որի վերաբերյալ նույնպես կառավարությունում քննարկումներ են ընթանում: Կարևորվել է նաև գրադարանի շենքային տարածքները պահպանելու հարցը: Միաժամանակ քննարկվել է գրադարանի գործունեությունն արդիականացնելու անհրաժեշտությունը: Քննարկման արդյունքում կողմերը եկել են այն եզրակացության, որ գրադարանի պահպանման և արդյունավետ գործունեության լավագույն լուծումը դրա կառավարման լիազորությունները ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնելն է, որի կազմում գրադարանը կգործի՝ իբրև առանձին միավոր:


Ոլորտին առնչվող օրենսդրական խնդիրներ
«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներ, օտարալեզու դպրոցներ
• Հանրային խորհուրդը քննարկել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները տարբեր ձևաչափերով: Կարևորելով հանդերձ օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և արդիական ուսման ձևերի կիրառումը մեր կրթական համակարգում, այնուամենայնիվ ՀԽ-ն գտել է, որ առաջարկվող փոփոխությունները չեն բխում մեր ազգային ու պետական շահերից: Առաջարկվել է ՀՀ կառավարությանը խնդրի լուծման համար քննարկել այլ ճանապարհներ: Արդյունքում օրենքի նախագծերն ընդունվել են փոխզիջումային լուծումներով: Հանրային խորհուրդը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է առաջարկությունների փաթեթը, որը քննարկվել է նաև ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարարի մասնակցությամբ: Փաթեթում տեղ գտած առաջարկությունների մի մասն ընդունվել է նախարարության կողմից:
1. «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է Հանրային խորհրդում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի մասնակցությամբ: Խորհրդի անդամները, որոնցից շատերը նաև սերտ առնչություն ունեն բարձրագույն կրթության համակարգի հետ, բարձրացրել են օրենքի նախագծի հետ կապված մի շարք հարցեր, մտահոգություններ և ներկայացրել են առաջարկներ բուհի ակադեմիական, կադրային, կազմակերպական և ֆինանսական ոլորտների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են կրթության որակի ապահովման, պրոֆեսորադասախոսական կազմի զբաղվածության խնդիրները, խնդրահարույց է համարվել օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը: Ի թիվս այլ հարցերի, կարևորվել է բուհերին հիմնադրամների իրավական կարգավիճակ տալու գործընթացը, ինչպես նաև գիտական աստիճանաշնորհման, բուհական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման իրավական գործուն մեխանիզմների ձևավորման խնդիրները։ Մշակվել և առաջարկություններ են ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ, որոնք թուլ կտան շտկել բուհական եռաստիճան կրթության և դրան` աշխատաշուկայի պահանջարկի անհամապատասխանության իրողությունները, շտկել մասնագիտական կրթության կառավարման համակարգում տեղ գտած մեթոդաբանական թերություններն ու դրանց հետևանքները: հանրային խորհուրդը քննարկել է նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: ՀԽ առաջարկությունները ներկայացվել են ՀՀ վարչապետին և ընդունվել են:

4. Այլ հարցեր և քննարկումներ
• «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի կողմից Հանրային խորհրդին ներկայացվել է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը: Քննարկմանը մասնակցել են համապատասխան գերատեսչության ղեկավարը, շահագրգիռ կողմեր, կրթության փորձագետներ:
• ՀՀ Հանրային խորհուրդը քննարկել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա պոակ-ը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի վերածելու խնդիրը և դեմ է արտահայտվել այդ փոփոխությանը:
• Հանրային խորհուրդը հանդիպել է ՀՀ Կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանի և Լևոն Մկրտչյանի հետ, քննարկել կրթության և գիտության ոլորտների խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպումների ժամանակ արծարծվել են հանրակրթությանը, բուհական կրթությանը, գիտությանը վերաբերող հարցեր:


ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՖԻՆԱՆՍԱՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը խորհրդի ամենաակտիվ գործունեություն ծավալող հանձնաժողովներից մեկն է: 18 ոլորտային ենթահանձնաժողովներում պարբերաբար քննարկումներ են ծավալվել տնտեսությանն առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ, բարձրացվում կոնկրետ խնդիրներ, քննարկվում պետական ու մասնավոր ծրագրեր, առաջարկվում լուծումներ:
1. Հարկային և մաքսային քաղաքականություն
Հարկային և մաքսային ոլորտի ցանկացած օրենսդրական նախաձեռնություն քննարկվել է Հանրային խորհրդրի համապատասխան հանձնաժողովում, առավել հնչեղություն ստացած հարցերի առնչությամբ ստեծվել են աշխատանքային խմբեր, կատարվել են ուսումնասիրություններ և ներկայացվել առաջարկներ:

• Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում ուշադրության կենտրոնում է եղել hարկային նոր օրենսգրքի նախագիծը: Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ տեի են ունեցել խորքային ուսումնասիրություններ ու քննարկումներ: Հանրային խորհրդում այդ հարցով ստեղծվել է աշխատանքային խումբ: Հարկային օրենսգրքի խնդրահարույց դրույթները քննարկվել են թե´ ՀԽ համապատասխան հանձնաժողովում, թե´ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ժամանակ և թե´պատասխանատու գերատեսչությունների պատասխանատուների հետ, ներկայացվել են առաջարկներ, օրինակ՝ սահմանել եկամտային հարկի 20% միասնական դրույքաչափ, միասնական դրույքաչափ սահմանել օտարերկրյա քաղաքացիների և ՀՀ քաղաքացիների շահաբաժինների մասով, ինչը կնպաստի օտարերկրյա ներդրումների ավելացմանը, երկարաձգել հիմնական ամորտիզացիոն ժամկետները, փոփոխել շրջանառության հարկի շեմը և այլն: Արձանագրվել է, որ հարկային օրենսգիրքն այս ձևով ընդունելը կարող է բացասական հետևանքներ թողնել հարկային համակարգի, գործարար միջավայրի, ՏՏ ոլորտի և ընդհանրապես երկրի տնտեսության զարգացման վրա: ՀԽ առաջարկները ներկայացվել են ՀՀ կառավարություն:
• Քննարկվել է ներմուծվող ավտոմեքենաների վրա կիրառվող մաքսավճարների օպտիմալացման մասին հարցը: Համապատասխան նամակներ են ուղարկվել ֆինանսների նախարարություն:
• ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ հարցը նույնպես քննարկվել է ՀԽ համապատասխան հանձնաժողովում:
• Քննարկվել են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները:
• Քննարկվել են նոտարական ծառայության ոլորտում ՀԴՄ-ի կիրառման հարցը:
• Քննարկվել են մենաշնորհային բիզնես իրականացնող սուբյեկտների կողմից փոքր և միջին բիզնեսով զբաղվողների իրավունքների ոտնահարման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի խնդիրները՝ ՀՀ ՊԵԿ-ի հետ կապված:
• Քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի խնդրահարույց փոփոխությունները: ՀԽ-ն գտել է, որ տնտեսվարողներին պետք է հնարավորություն ընձեռել կամավորության սկզբունքով ընտրելու շրջանառության հարկի տոկոսադրույքները. այն տնտեսվարողները, որոնք կարող են ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, կարող են օգտվել 1 տոկոս շրջանառության հարկ վճարելուց, իսկ որոնք չեն կարող, նրանց համար սահմանել 3,5 տոկոս: Առաջարկվել է նաև ՓՄՁ-ների գործառույթի սահմանման շեմը 58.350 միլիոն դրամից բարձրացնել մինչև 100 միլիոն և ավելի դրամի, նախատեսել հարկահավաքման հաստատագրված վճարի տարբերակը, հնարավորինս սահմանափակել հարկային տեսուչների մուտքը ՓՄՁ տնտեսվարողների գործունեության տարածքներ, հսկողություն սահմանել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում ամրագրված դրույթի իրականացմանը, ըստ որի առևտրային գոտու սահմանային վարձավճարները չեն կարող գերազանցել ձեռներեցների շրջանառության 1.5 տոկոսի սահմանը և այլն:
Բոլոր քննարկումների արդյունքում Հանրային խորհուրդը ՀՀ կառավարություն է ներկայացրել համապատասխան առաջարկներ:


2. Պետություն-մասնավոր հատված համագործակցություն
Պետություն-մասնավոր հատված համագործակցության հարցը մշտապես եղել է ՀԽ կարևորագույն դիրքորոշումներից մեկը ՀՀ տնտեսական կառավարման ոլորտում: Հանրային խորհուրդը կարևորել է պետության մասնակցությունը տնտեսության կարգավորման գործում, պետական աջակցության ավելացումն արտահանմանն ուղղված տնտեսվարող սուբյեկտների վարկերի փոխհատուցման հարցում, ձեռնարկություններին հասցեագրված ֆինանսական աջակցության կատարելագործումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումն ու ընդլայնումը և այլն: Այս հարցը հետևողականորեն բարձրացնելը տվել է դրական արդյունք: ՀՀ կառավարությունը 2017 թ. վերջին հանձնարարել է պատկան մարմիններին մշակել պետություն-մասնավոր հատված համագործակցության վերաբերյալ հայեցակարգ:
3. Արդյունաբերություն, էներգետիկա
Արդյունաբերությունը, հատկապես հանքարդյունաբերությունը ՀԽ առանցքային թեմաներից է, որը մշտապես բարձրաձայնվել է հանրության ու պետական կառույցների ուշադրությունը գրավելու նպատակով: Առանձին ձեռնարկությունների վերագործարկման («Նաիրիտ», «Վանաձոր-քիմպրոմ», Քարակերտի քարաձուլարան և այլն) խնդիրները, հանքերի շահագործման եղանակները, վերականգնվող էներգետիկայի զարգացմանն առնչվող և բազմաթիվ այլ հարցեր առանձին քննարկումների առարկա են դարձել ոչ միայն ՀԽ համապատասխան հանձնաժողովում, այլև ՀԽ փոքր խորհրդի նիստերում: Հանրային խորհուրդը արդյումաբերության ոլորտին առնչվող խնդիրները քննարկել է նաև գերատեսչության ղեկավարների հետ՝ առաջարկելով, օրինակ՝ ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգի ուրվագծում լրացումներ անել և արդյունաբերությունը Հայաստանում ամրագրել որպես տնտեսության հիմք ու գերակա ուղղություն, վերականգնման ենթակա գերակա ճյուղեր սահմանել քիմիական արդյունաբերության վերականգնումը «Նաիրիտի» բազայի վրա, գունավոր մետալուրգիայի վերականգնումը հանքանյութերի վերամշակման ճանապարհով` մինչև վերջնական պրոդուկտի մշակում, սև մետալուրգիայի վերականգնումը` մետաղի թափոնների վերամշակման ճանապարհով, քարի սիլիկատների, էլեկտրատեխնիկական եւ սարքաշինական, դեղագործական արդյունաբերության զարգացումը, ռազմարդյունաբերական համալիրի համար ռադիոէլեկտրոնիկայի արտադրությունը, գերբարձրձայնային հաճախականության, ինֆրակարմիր, նանոտեխնոլոգիական սարքերի արտադրությունը, պետական մասնակցությամբ վենչուրային հիմնադրամի ստեղծումը` ֆինանսավորելու գիտատեխնիկական առանձնահատուկ եւ ռիսկային ծրագրերը` ներգրավելով կիրառական գիտահետազոտական ինստիտուտները, ինչպես նաև Արդյունաբերության վերականգնման մասին օրենքի մշակումը:
• Առաջարկվել է պետական մասնակցությամբ վենչուրային հիմնադրամ ստեղծել` ֆինանսավորելու գիտատեխնիկական առանձնահատուկ եւ ռիսկային ծրագրերը` ներգրավելով կիրառական գիտահետազոտական ինստիտուտները:
• Հայաստանի հելիոֆիկացիայի և հելիոտեխնիկական արդյունաբերությունը զարգացնելու նպատակով տեղի են ունեցել քննարկումներ և առաջարկներ են ներկաայցվել ՀՀ Նախագահին ու վարչապետին:
• Քննարկվել են կառավարության ներկայացրած՝ «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի» հիմնադրույթները:
• Հանքարդյունաբերության ոլորտում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ: Հանրային խորհուրդը Հայաստանի հանքերի վիճակը գնահատել է ցավալի, քանի որ հանքերը վաճառվել են ոչ ճիշտ ձևով, ինչի հետևանքով վնաս են հասցնում շրջակա միջավայրին, արդյունավետ չեն շահագործվում և օգուտ չեն բերում Հայաստանի Հանրապետությանը: Հանրային խորհրդի որոշ անդամներ եկել են այն համոզման, որ պետք է վերանայել հանքերի սեփականաշնորհման կարգը` ընդունելով օրենք հանքերն ազգայնացնելու մասին:
• Քննարկվել է «Լեռնահանքային արդյունաբերության քաղաքականության հայեցակարգի» նախագիծը, ներկայացվել են դիտողություններ ու առաջարկներ:
• Քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտում օրենսդրական նախաձեռնությունները, օրինակ՝ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, որի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կառավարություն, և դրանց մի մասը ներառվել է օրենսգրքում: Քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակած «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության» հայեցակարգի հիմնադրույթները:

• Քննարկվել են նաև առանձին խնդիրներ, որոնք վերաբերում են Արագածի պեռլիտի գործարանի ոչ արդյունավետ շահագործմանը, Արագածավան համայնքի տարածքում օբսիդիանի հանքավայրի շահագործումն արգելակող հանգամանքներին, Սիսիանի տարածաշրջանի Կարկառի գեոթերմալ հանքավայրի շահագործման նպատակով Համաշխարհային բանկից ստացած դրամաշնորհի ոչ արդյունավետ օգտագործմանը, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում գտնվող ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ համայնքի բնակիչների բողոքը և այլն:
• Քննարկվել են առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերը (գետնախնձորի աճեցման և դրանից շաքարի, ինսուլինի, սպիրտի, դրոժի, վիտամին Բ-ի, լիմոնաթթվի ստացման տեխնոլոգիաների զարգացումը ՀՀ-ում, նոր դեղերի արտադրության, նոր սարքավորումների ստեղծման հետ կապված այլ նախագծեր), գիտահետազոտական ինստիտուտների վերագործարկման, ջերմամիջուկային էներգիայի զարգացման խնդիրները, ոչ մետաղական հանքանյութերի նոր արտադրատեսակների արտադրության անհրաժեշտությունը, վերականգնվող էներգիայի ստացման նոր աղբյուրների վերաբերյալ հայտնագործությունների ներդրման հարցը:
• Վերոնշյալ բոլոր հարցերի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կառավարություն:

4. Քաղաքացիական ավիացիա
Հանձնաժողովի Օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովը (նախագահ՝ Դմիտրի Աթբաշյան) տարվա ընթացքում մշտապես քննարկել է քաղավիացիայի զարգացմանն առնչվող հարցեր, հանդես եկել առաջարկներով:
• Մասնավորապես քննարկվել են ավիափոխադրումների ոլորտում հավասար պայմանների ապահովման հարցը:
• Տեղական ավիափոխադրողների ստեղծման, փոքր ավիացիայի վերականգնման և զարգացման հարցը:
• «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի բարեփոխման և օդային օրենսգրքի ընդունման անհրաժեշտության խնդիրները:
• Ենթահանձնաժողովը մշակել է Օդային օրենսգրքի նախագիծ և ներկայացրել ՀՀ կառավարություն և ՀՀ Ազգային ժողով: Նախագծի հեղինակների կարծիքով՝ այն կկանոնակարգի քաղավիացիայի իրավական գործունեության դաշտը, կդարձնի այն առավել թափանցիկ, կտարանջատվեն օրենսդրական, գործադիր գործառույթները, ինչը նաև թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեությունը:
• Հաշվի առնելով ավիակարգավարների բացառիկ դերակատարությունը օդագնացության անվտանգության հարցերում՝ քննարկվել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի հայ կարգավարների աշխատանքային և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման մասին հարցը:
• Քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման և չվերթների հետ կապված խնդիրները:
• Ենթահանձնաժողովի նախագահն ու անդամները քաղավիացիային առնչվող հարցերն առանձին քննարկել են նաև ՀՀ վարչապետի հետ, ներկայացրել համալիր ծրագիր:

5. Տնտեսության զարգացում և ներդրումներ
• Քննարկվել են Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների ներդրման քաղաքականության արդյունավետության հարցերը, ինչպես նաև տնտեսական զարգացման մոդելի արդիականացման անհրաժեշտությունը, որոնց վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել ՀՀ նախագահին ու վարչապետին:
• Քննարկվել է զբոսաշրջության զարգացման հարցը: Հանձնաժողովի առանձին նիստում անդրադարձ է եղել տուրիստական գործակալությունների՝ զբոսաշրջության զարգացմանը նպաստող առաջարկություններին, մեկ այլ նիստում՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Քննարկվել են նաև էկոտուրիզմի զարգացմանը, բնական հուշարձանների արդյունավետ օգտագործմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող հարցեր: Այդ ամենի վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտե:
• Երևանի մետրոպոլիտենի զարգացման, մասնավորապես՝ Աջափնյակ կայարանի կառուցումն ավարտին հասցնելու հարցի վերաբերյալ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում մի քանի անգամ կազմակերպվել են քննարկումներ: Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն հարցն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու նպատակով: ՀՀ կառավարության հանձնարարությամբ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեն հարցը քննարկել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ և, ստանալով դրական եզրակացություն, նոր կայարանի կառուցման հարցը համարել է նպատակահարմար և անհրաժեշտ:
• Հայ-իրանական երկաթգծի կառուցման անհրաժեշտության վերաբերյալ ՀԽ-ում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, ներկայացվել են առաջարկներ:
• Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն կաշվի հումքը Թուրքիա արտահանելու և այնտեղ վերամշակելու հարցի վերաբերյալ` առաջարկելով միջոցներ ձեռնարկել հումքի մի մասի վերամշակման գործընթացը տեղում կազմակերպելու և ոլորտը զարգացնելու ուղղությամբ:
• Քանաքեռ-Զեյթուն համայնքի ուսանողական թաղամասում երկաթգծի կիսակայարան կառուցելու անհրաժեշտության մասին հարցը քննարկվել է ՀԽ համապատասխան հանձնաժողովում, Երևանի քաղաքապետարան է ներկայացվել առաջարկ:
• Քննարկվել է Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հարցը
• Տավուշի մարզում ինդուստրիալ էկոլոգիական պարկի ձևավորման և գործունեության ծրագիրը
• Հայաստանում արդյունաբերության զարգացման և ազատ ձեռներեցության խնդիրները քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ: Բարձջրացվել են ազատ ձեռներեցության զարգացման ու դրա խոչընդոտների, երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտներում պետության անմիջական մասնակցության, ՓՄՁ-ների զարգացման, առաջիկա 5-10 տարվա կտրվածքով արդյունաբերության զարգացման հայեցակարգի մշակման անհրաժեշտության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

• Այլ հարցեր:
6. Քաղաքաշինություն
Քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ ՀԽ համապատասխան հանձնաժողովում և ՀԽ փոքր խորհրդի նիստերում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, աշխատանքային խորհրդակցություններ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ակտիվ համագործակցել են տարբեր պետական ու հասարակական կառույցների հետ:
• Քննարկվել են ՀՀ կառավարության տան թիվ 1 շենքի տարածքում գմբեթի հնարավոր կառուցման հարցերը: ՀԽ-ն դեմ է արտահայտվել նախաձեռնությանը:
• Քննարկվել է ճարտարապետական եզակի հուշարձան համարվող Աֆրիկյանների տան քանդման հարցը: ՀԽ-ն դեմ է արտահայտվել շենքի քանդմանը:
• «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման հարցը Հանրային խորհրդում քննարկվել է բազմիցս: ՀԽ-ն բացասական դիրքորոշում է հայտնել շենքի քանդման վերաբերյալ և ներկայացրել հին մասնաշենքն ամրացնելու և օգտագործելու արդյունավետ առաջարկներ:
• Այլ հարցեր:
Քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացվել պատկան մարմիններին՝ հորդորելով պահպանել ճարտարապետական, քաղաքաշինական, կառուցապապատման, շինության և շինարարության բոլոր նորմերը, հատուկ վերահսկողություն սահմանել վթարային շենքերի խնդիրներին և տալ կոնստրուկտիվ լուծում: Քննարկվել է շենքերի բակերում բազմահարկ շենքերի կառուցման հարցը, որոնք իրականացվում են առանց քաղաքաշինական, սեյսմիկ, բնապահպանական, հրշեջ անվտանգության, սանիտարական և այլ նորմերի պահպանման: Առաջարկվել է ստեղծել և հրապարակել «Երևան քաղաքի գիրք», որտեղ զետեղված կլինեն քաղաքի բոլոր շենքերի, քաղաքում տեղադրված բոլոր քանդակների, արձանների ու դրանց հեղինակների, կառուցման թվի և այլ փաստերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև միջոցառումների ու վերակառուցման դեպքում ձեռնմխելիության աստիճանը:


7. Քաղաքային տրանսպորտ, երթևեկություն
Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման և երթևեկության հարցերի ենթահանձնաժողովը (նախագահ՝ Տիգրան Հովհաննիսյան) ակտիվորեն քննարկել է ավտոտրանսպորտային ոլորտում ծագող խնդիրները՝ տաքսի ծառայություններին առնչվող հարցեր, հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումներ, երթևեկության միասնական ցանցի ստեղծմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր և այլն: Պատկան մարմիններին ներկայացվել են առաջարկներ:
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողվն ուսումնասիրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային կայքի ՙՏրանսպորտ՚ բաժնի ՙԱվտոտրանսպորտ՚ ենթաբաժնում ներկայացված սակագները, ըստ որոնց՝ որոշ ուղղություններով ավտոբուսային երթուղիները բացակայում են, և ուղևորափոխադրումը իրականացվում է միկրոավտոբուսների միջոցով: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ ուղություններով չկա գործող ավտոբուսային երթուղիներ՝ առաջարկ է ներկայացվել կատարել փոփոխություն վերանշյալ որոշման մեջ և ճանապարհածախսի նվազագույն չափը ոչ պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում նույնպես սահմանել միկրոավտոբուսային երթուղիների սակագներին համապատասխան:

Հանրային խորհուրդն առաջարկներ է ներկայացրել նաև երթևեկության, ավտոտրանսպորտի շահագործման և ավտոկայանատեղերի գործունեության հայեցակարգի մշակման ժամանակ:
8. ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում ու ենթահանձնաժողովներում անդրադարձ է եղել նաև տնտեսական ոլորտին վերաբերող բազմաթիվ անհատական դիմումների, որոնց հետ կապված հանձնաժողովում կազմակերպվել են շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ, կողմերին ներկայացվել են լուծումներ, իսկ պատկան մարմիններին՝ առաջարկներ:

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության ոլորտը Հանրային խորհրդի առանցքային ոլորտներից մեկն է, որի խնդիրները ՀԽ կազմավորումից իր վեր գտնվել են խորհրդի ուշադրության կենտրոնում: ՀԽ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովն ակտիվորեն համագործակցել է ՀՀ գյուղատնետսության նախարարության հետ: ՀՀ կառավարությունը, կարևորելով հանձնաժողովի դերը, ոլորտի վերաբերյալ գրեթե բոլոր նախագծերը քննարկման է ներկայացրել ՀԽ համապատասխան հանձնաժողովում:
1. Կոոպերացիայի զարգացման հարցը
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության հարցը լրջորեն բարձրացնելու և պատկան մարմիններին առաջարկներ ներկայացնելու նպատակով Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այցելել է Հայաստանի համայնքներ, հանդիպել համայնքներում ստեղծված կոոպերատիվների անդամների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Մանրամասն քննարկումներից հետո որոշվել է խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների (սպառողական) զարգացումը: Խնդիրը բազմակողմանիորեն ուսումնասիրվել է, ներկայացվել են առաջարկներ ՀՀ կառավարություն: Հարցն առայժմ չի ուծվել, սակայն կառավարության համար դարձել է օրակարգային: ՀԽ ներկայացրած առաջարկների մի մասը տեղ են գտել ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2010-2020 թ. հայեցակարգում:
2. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների, մասնավորապես Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների պահպանման հարցը
Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների արյունավետ օգտագործման հարցը ՀԽ-ն հետևողականորեն բարձրացրել է ստեղծման օրվանից և պատկան մարմիններին ներկայացրել առաջարկությունների փաթեթ: Հատկապես Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի փակ և կիսափակ համակարգերի անցման վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ: Արդյուքնում խնդիրն ամբողջովին լուծվել է: Առանձին քննարկումներ են տեղի ունեցել նաև երկրի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ:


3. Հողերի արդյունավետ օգտագործման, ոռոգման և ջրամատակարարման հարցեր, մասնավորապես` գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու, ջրի չափման և տրման հարցը

Ոռոգելի հողերի արդյունավետ օգտագործման հարցը քննարկվել է ՀԽ համապատասխան հանձնաժողովում, այդ թվում և մարզեր կատարած արտագնա նիստերի ժամանակ: Քննարկվել են Սևանա լճից ջրի ծավալի բաց թողնման խնդիրները, ոռոգման ցանցերի վերականգնման, ջրաչափության ավտոմատացման և 6 մայր ջրանցքների ավտոմատ կառավարման հարցերը, հեռագնա արոտավայրերի ջրարբիացման համակարգերի վերակառուցման հարցերը, վարելահողերի բերրիության վիճակը, գյուղացիական տնտեսությունների արտադրական ցածր կարողությունների և եկամուտների խնդիրը, Արարատյան դաշտավայրի հողերի մելիորատիվ վիճակը, 2011թ. գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի օգտագործման՝ մասնավորապես վարելահողերի վիճակը, պարարտանյութերի, մասնավորապես գրանուլացված թռչնաղբի արտադրության կազմակերպման հարցը, գյուղատնտեսական հողերի բերրիության և ագրոքիմիական հետազոտությունների արդյունքները, Սևան-Հրազդանյան իռիգացիոն-էներգետիկ համակարգի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերի ոռոգման ջրապահովման խնդիրը, համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագրերը, հողերի դաշտային և լաբորատոր փորձարկումների արդյունքները և այլն:

4. Անասնաբուծության և սերմնաբուծության խնդիրներ

Անասնաբուծության ու սերմնաբուծության զարգացման հնարավորությունները մշտապես քննարկվել են ՀԽ համապատասխան հանձնաժողովում, տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ պատկան մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացվել են առաջարկներ:
Մասնավորապես, քննարկվել են 2010-2014թ.թ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը ու ծրագրի իրականացման համար սերմնաբուծական տնտեսություններին աջակցելու խնդիրները: Առաջարկվել է առաջնահերթ ներկրված բարձր վերարտադրության սերմերը տրամադրել սերմնաբուծության տնտեսություններին և հետևել վերարտադրությունը կազմակերպելու գործընթացին:
Քննարկվել է նաև ՀՀ-ում բուծվող գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման հայեցակարգը, ՀՀ-ում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, դրանց դեմ պայքարի աջակցության հիմնադրամի ստեղծման հայեցակարգը, ՀՀ ոչխարաբուծության զարգացման ծրագիրը, տոհմային անասնաբուծության զարգացումը, գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների ծրագրը և այլն:


5. Հանրային խորհրդում գյուղատնտեսության ոլորտի քննարկումներն առնչվել են նաև.

• «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն» պետական ծրագրին

• հակակարկտային կայանների տեղակայման և արդյունավետ շահագործման խնդիրներին,
• ջերմոցային տնտեսությունների ներկա վիճակին ու դրանց զարգացման հեռանկարներին,
• գյուղական մեծ համայնքների տնտեսական զարգացման ծրագրերին,
• գյուղացիական տնտեսությունների միավորման հայեցակարգին,
• Հայաստանի Հանրապետությունում խաղողագործության զարգացման հեռանկարներին,
• գյուղատնտեսական մթերքների պահեստավորման նպատակով մարզերում սառնարանների կառուցման ու փաթեթավորման հարցերին,
• ՀՀ մայրաքաղաքում և մեծ քաղաքներում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման անհրաժեշտությանը,
• պետության կողմից քվոտավորման հետ կապված հարցերին,
• նյութատեխնիկական և գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացմանը, գյուղմեքենաների արտադրության կազմակերպմանը,
• բույսերի պաշտպանության, պարարտացման մեքենայացմանը,
• գյուղատնտեսության հարկման հետ կապված, մասնավորապես ջերմոցային տնտեսություններում ԱԱՀ, ներկրվող սարքավորումների մաքսային տուրքերին առնչվող հարցերին,
• ՀՀ-ում խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթի կազմակերպման, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման խնդիրներին,
• գյուղատնտեսության արտադրատեխնիկական բազայի խնդիրներին,
• և այլն:

6. Հանրային խորհուրդը քննարկել և դրական լուծումներ է տվել ոլորտին առնչվող բազմաթիվ դիմումների և ծրագրերի:

Մասնավորապես դրական ընթացք է տրվել գյուղտեխնիկայի ապահովման մատչելի վարկեր ստանալու, ՀՀ մարզերում գյուղմթերքի պահպանման, իրացման, Քանաքեռի տնամերձ հողերը ոռոգման ջրով ապահովելու, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խաչփառ գյուղի գազամատակարարման, խմելու և ոռոգման ջրի ապահովման վերաբերյալ բարձրացված հարցերին:


7. Հանրային խորհուրդն ակտիվորեն ներգրավված է եղել գյուղատնտեսության ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների, ոլորտի զարգացման ծրագրերի վերաբերյալ մասնագիտական քննարկումներին, իրականացրել վերլուծություններ ու ներկայացրել առաջարկներ:

8. Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու համար կազմակերպվել են նաև արտագնա նիստեր դեպի մարզեր և համայնքներ:

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային խորհրդի գործունեության առանցքում դրված է Հայաստանում քաղաքացիական հասարակության կայազման և զարգացման հիմնահարցը՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ հասարակությանը ազդելու իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց: ՀԽ ներկայացուցիչները մասնակցել են քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներին նվիրված տարաբնույթ տեղական և միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների, սեմինարների: ՀԽ քաղաքացիական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամները Քաղաքացիական հասարակության խնդիրների վերաբերյալ հարյուրից ավելի պարապմունքներ ու գործնական քննարկումներ են անցկացրել Երևանում և ՀՀ մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՏԻՄ-երի ավագանիների ներկայացուցիչների համար:


1. Հասարակական կազմակերպությունների իրավունքների պաշտպանություն

ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովում (հանձնաժողովի նախագահ՝ Հովհաննես Հովհաննիսյան) պարբերաբար քննարկվել և փորձաքննության են ենթարկվել հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունները, ՀՀ կառավարությանը ներկայացվել են մի շարք առաջարկություններ, մասնավորապես.
• կրկնակի վարչարարության, կրկնակի ստուգումների ու հաշվետվությունների պրակտիկան բացառելու և հասարակական կազմակերպությունների գործունեության վերահսկողության ոլորտում անհարկի բյուրոկրատական բեռ չավելացնելու վերաբերյալ: Այս առումով ՀՀ կառավարությանն առաջարկել է վերանայել 2010թ. օգոստոսի 5-ի թիվ 1042-Ն «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» անորոշ ձևակերպմամբ և տարընթերցումների ու տարաձայնությունների տեղիք տվող որոշումը, որը չէր ներդաշնակվում ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, 83.5 հոդվածի 3-րդ ենթակետի, 2001թ. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև, «ՀՀ-ում տեսչական համակարգի բարեփոխումների հայեցակարգի» հիմնադրույթների հետ: Որոշումը կասեցվել է:
• Ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց մի մասը (մասնավորապես` անդամակցության սկզբունքի հիման վրա հասարակական կազմակերպությունների տարբերակման, դրանց գրանցման գործընթացի պարզեցման և հեշտացման, գործունեության թափանցիկության ապահովման վերաբերյալ), արտացոլվել են 2016թ. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում:
• Մշակվել, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել և 2012թ. ՀՀ ղեկավարությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծը, որը հավանության է արժանացել թե´ տեղական և թե´ Եվրամիության խորհրդատվական խմբի փորձագետների կողմից: Այնուհետև հայեցակարգը գրքույկի տեսքով բազմացվել է և տրամադրվել 300-ից ավելի շահառու կազմակերպությունների, տեղադրվել ՀԽ պաշտոնական կայքում: Այդ նախագծի մի շարք կարևոր դրույթներ տեղ են գտել 2014թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների» հայեցակարգում:
• ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված՝ «ՔՀԿ-ների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի« նախագծի, դրա լրամշակված տարբերակի, «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ուսումնասիրության, դրանց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ ու դիտողություններ:

• Մշակվել և 2012-2015թթ. ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ պետություն-քաղաքացիական հասարակության կազմակերպություններ սոցիալական գործընկերության մեխանիզմների ձևավորման վերաբերյալ, այդ նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվելիք որոշ ծրագրեր հասարակական կազմակերպություններին պատվիրակելու մեխանիզմների ու մշակույթի արմատավորման մասին:
• Տեղական աղբյուրներից, մասնավորապես ՀՀ պետական բյուջեից ՔՀԿ-ներին տրամադրվող ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել և համապատասխան հիմնավորումներով ՀՀ իշխանություններին է ներկայացվել առաջարկություն Քաղաքացիական հասարակության աջակցության ազգային հիմնադրամի ձևավորման վերաբերյալ, ինչը թույլ կտա․
• էապես բարելավել Հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական վիճակը,
• ավելացնել վստահությունն ցուցանիշը պետական կառույցների նկատմամբ,
• խթանել պետական կառուցներ-ՔՀԿ-ներ համագործակցությունը և բարելավել փոխադարձ վերահսկողության գործընթացները,
• ավելացնել հանրային նշանակություն ունեցող խնդիրների ՔՀԿ-ների մասնակցության ցուցանիշն ու դրա արդյունավետությունը,
• կրճատել հանրային կարևորություն ունեցող խնդիրների լուծման նպատակով կատարվող ծախսերը,
• խուսափել քաղաքացիական հասարակության վերահսկվող և բախումնային մոդելներից և նպաստել քաղաքացիական հասարակության առավել արդյունավետ՝ գործակցային մոդելի ձևավորմանն ու զարգացմանը։


2. Մարդու իրավունքներ

• Քննարկվել և ներկայացվել են առաջարկներ «Կենսաչափական տվյալներով անձնագրերի», «Նույնականացման քարտերի» և «Հանրային ծառայությունների համարանիշի» մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնց մի մասը տեղ են գտել 2011թ. ընդունված օրենքներում: Մասնավորապես առաջարկվել է ամրագրել նույնականացման քարտերի և հանրային ծառայությունների համարանիշների համակարգի ներդրման աստիճանականության և նախնական շրջանում դրանց ձեռքբերման կամավորության սկզբունքները, բացառել հին նմուշի անձնագրեր կրող քաղաքացիների աշխատանքի իրավունքի սահմանափակման դեպքերը, օրենքում հստակ սահմանել էլեկտրոնային պահոցներում ամրագրվելիք կենսաչափական և անձնական տվյալների ամփոփ ցանկը, այդ ցանկի փոփոխությունների բացառիկ իրավունքը վերապահել միայն օրենսդիր իշխանությանը:
• Քննարկվել և ներկայացվել են առաջարկություններ տեխնիկական սարքերի միջոցով հայտանաբերվող՝ երթևեկության կանոնների խախտման, ավտոմեքենաների կայանման կապակցությամբ արձանագրված վարչական իրավախախտումների և այդ կապակցությամբ տույժերի ու տուգանքների գանձման գործընթացում տեղ գտած թերությունների, չարաշահումների, մասնավորապես տուգանքը գանձելու նկատակով քաղաքացու բանկային բոլոր հաշիվների վրա կալանք դնելու պրակտիկայի վերացման վերաբերյալ:
• Քննարկվել և ներկայացվել են առաջարկներ «Կարմիր գծերի» վերաբերյալ: Խնդրահարույց է համարվել հատկապես 3 հարց, որոնք վերաբերում են ավտոկանգառների սպասարկման տեխնիկական միջոցներին, տուգանքներ չվճարելու դեպքում առանց դատարանի որոշման բանկային հաշիվների սառեցմանը, ինչը որակվել է հակասահմանադրական, և վերջապես` եկամուտների 30-70 տոկոս համամասնությանը` հօգուտ մասնավոր ընկերության:
• Վանաձորում մարդու իրավունքների կրթության միջազգային ուսումնական կենտրոն կառուցելու` «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի» նախաձեռնությանն աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությանը ներկայացվել է միջնորդություն:
• Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սովորողների նկատմամբ աշխատակցների կողմից իրականացված հակաօրինական գործողությունների կապակցությամբ և լրագրող Մ.Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի անաչառ ընթացքն ապահովելու հարցով կազմակերպվել է քննարկում և պատկան մարմիններին է ներկայացվել ՀԽ դիրքորոշումը:
• Երևանի քաղաքապետի՝ բացօթյա առևտուրն արգելելու որոշման բացասական հետևանքների նվազեցման վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են առաջարկներ:
• Քննարկման առարկա է դարձրել նաև մանկատան երեխաների հետմանկատնային կյանքին վերաբերող հարցերն ու պետության անելիքները տվյալ ոլորտում, այդ երեխաների սոցիալական իրավունքների պաշտպանության հարցերը ՀՀ-ում:
• Քննարկվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2005թ. ընդունված «Պաշտպանելու պարտավորություն»(R2P) նորմը և ներկայացվել է համապատասխան դիրքորոշում:
• Քննարկվել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
• Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան կապակցությամբ Հանրային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբմիանալով հասարակական այն պահանջին, ըստ որի պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն` պարզելու Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները, օրինական ծանր հիվանդության դեպքում նրա երկրորդ կալանավորման հիմնավորումները և պարզելել այդ գործի շրջանակներում մարդու իրավունքների և օրենքի պահանջների հնարավոր բոլոր խախտումները` ողջ գործընթացը հասանելի դարձնելով հանրությանը և մեղավորներին ենթարկելով պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:
• ՔՀԿ-ներից ու քաղաքացիներից ստացած՝ մարդու իրավունքների ոլորտին առնչվող բազմաթիվ դիմումների կապակցությամբ գրություններ, միջնորդագրեր, համապատասխան առաջարկություններ և փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ Նախագահի աշխատակազմին, վերահսկողական ծառայությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, տեղական և տարածքային կառավարման մարմիններին: Հարցապնդումներ են ներկայացվել ՀՀ Նախագահի ու վարչապետի հետ ՀԽ անդամների հանդիպումների ընթացքում, Ազգային ժողովում կազմակերպված լսումների շրջանակնեում: ՀԽ-ում ընդգրկված իրավաբան-մասնագետներն անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել դիմումատու քաղաքացիներին: ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովում տեղծվել է քաղաքացիների ընդունելության աշխատանքային խումբ: ՀԽ քաղաքացիներից ու հասարակական կազմակերպություններից ստացված դիմումներն ու նամակները ուսումնասիրվել են, տրվել են պատասխաններ: Դիմումների վերլուծությունը ցույց է տվել, որ իրավական շատ խնդիրներ ձևավորվում են քաղաքացիների` իրենց իրավունքների մասին անտեղյակության, պասիվ դիրքորոշման, պաշտոնյաների ոչ պատշաճ գործելակերպի, ինչպես նաև քաղաքացիների մեծամասնությանը որակյալ իրավաբանական խորհրդատվության և ծառայությունների անմատչելության հետևանքով:
• Հանրային խորհուրդը մասնակցել է նաև ՀՀ-ում համաներում հայտարարելու գործընթացի նախապատրաստական աշխատանքներին և հանդես եկել առաջարկներով:
• Հանրային խորհուրդը վերլուծության է ենթարկել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը` մասնավորապես օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի`
ա) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ…: Հանձնաժողովը գտել է, որ օրենքի վերոհիշյալ դրույթը հակասում է ինչպես ազգային օրենսդրության մի շարք նորմատիվ իրավական ակտերին, ինչպիսին են ՀՀ Սահմանադրությունը և <<Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> օրենքին, այնպես էլ միջազգային օրենսդրությանը` ի դեմս <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին>> ՄԱԿ-ի կոնվենցիաի: Վերլուծության է ենթարկվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հաշմանդամության սահմանման նոր մոդելը:
• Հանրային խորհրդում քննարկվել և վերլուծության է ենթարկվել ՀՀ կառավարության որոշման «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին» նախագիծը:
• Տեղի են ունեցել քննարկումներ և առաջարկություններ են ներկայացվել «Ծերացման հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության» և Գործողությունների ծրագրի վերաբերյալ:
• Վերլուծության է ենթարկվել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ինչպես նաև առանձին քննարկումներ են անց կացվել ճյուղային և կազմակերպությունների մակարդակով կոլեկտիվ պայմանագրերի կնքման առկա իրավիճակի վերաբերյալ, որի արդյունքում ներկայացվել են առաջարկություններ:
• Հանրային խորհուրդը քննարկել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրները: ՀԽ համապատասխան հանձնաժողովում, որտեղ ընգրկված են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, բարձրացվել են հարցեր՝ կապված կրթության ոլորտում առկա խոչընդոտների, պետական գերատեսչություններում ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների իմացության ցածր մակարդակի, պաշտոնական փաստաթղթերը ռուսերեն լեզվով ստանալու իրավունքի խախտման և այլ հարցերի վերաբերյալ: Բարձրացվել է նաև Հայաստանում ասորիների դեմ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը հիշատակող հուշարձանի կառուցման հարցը, որի վերաբերյալ ժամանակին Երևանի քաղաքապետարանը հողհատկացման որոշում է կայացրել, սակայն հետագայում որոշումը կասեցրել է` քաղաքաշինական որոշակի խնդիրներ ի հայտ գալու պատճառաբանությամբ: ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովը հայտարարությամբ է հանդես եկել՝ իր անհանգստությունը հայտնելով ՀՀ անվտանգության ծառայության կողմից 2012 թվականի օգոստոսի 30-ին Սիրիայից Հայաստան գաղթած քրիստոնյաների` ասորի ընտանիքի անդամներին Հայաստան մուտքի թույլտվություն չտալու փաստի առթիվ և հետամուտ եղել հարցին:

3. Կոռուպցիայի դեմ պայքար
Հանրային խորհուրդը մշտապես բարձրացրել է Հայաստանում կոռուպցիայի, դրա հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին թե´ զանգվածային լրատվության միջոցներով, թե´ ՀԽ նիստերի և թե´ Հանրապետության Նախագահի ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ:
Հանրային խորհրդում քննարկվել է ՀՀ-ում Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը, որին մասնակցել են նաև ՀՀ արդարադատության փոխնախարարը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահը և ուրիշներ։ Նշվել է, որ Հանրային խորհուրդը կարող է դառնալ արդյունավետ հարթակ կոռուպցիայի դեմ պայքարում պետական ու հասարակական հատվածների աշխատանքը մեկտեղելու առումով:
Նախագծում ամրագրված է, որ Հանրային խորհրդում պարբերաբար պետք է քննարկի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացը` նպաստելով կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը, գործընթացն առավել պարզ ու թափանցիկ դարձնելուն:
• Կոռուպցիայի դեմ պայքարի և այդ գործընթացների աջակցության միջոցառումների շրջանակներում ՀԽ-ում անց են կացվել լսումներ:

• Հանրային խորհրդում մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել առաջարկությունների և նկատառումների փաթեթ՝ ՀՀ կառավարության՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի, ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կազմը հաստատելու մասին» 2015թ. փետրվարի 19-ի N 165-Ն որոշման և «ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմ հասարակական կազմակերպությունների ներգրավման և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ:
Մի շարք նկատառումների շարքում առաջարկվել է, մասնավորապես. ա) կոռոպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ավելացնել հասարակական կազմակերպությունների թիվը, բ) հստակեցնել և պարզեցնել ԿԴՊ խորհրդի կազմում ՀԿ-ների ընդգրկման կարգը, գ) ապահովել նաև խորհրդի կազմում ԶԼՄ-ների ներգրավվածությունը և անմիջական դերակատարությունը:


4. Դատական համակարգ

ՀԽ համապատասխան հանձնաժողովը քննարկել է Հայաստանի դատական համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների, հանրային կարծիքի բացասական արձագանքների, ինչպես նաև պետական հաստատությունների գործառույթներում խոչընդոտների առաջացման խնդիրները:
• ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման և պատժաչափի կրճատման համակարգում բարեփոխումների փաթեթը քննարկվել է ՀԽ համապատասխան հանձնաժողովում և ներկայացվել են առաջարկներ ու դիտողություններ: 2010-2017թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով ձևավորված` Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովում ընդգրկվել են ՀԽ անդամներ Հովհաննես Հովհանիսյանը, Արմեն Տեր-Տաճատյանը և Կորյուն Առաքելյանը:
• Հանրային խորհուրդը բազմաթիվ դիմում-բողոքներ է ստացել ազատազրկված անձանցից: ՀԽ անդամներն այցելել են կալանավայրեր, հանդիպել դիմումատուների հետ, քննարկել նրանց հուզող հարցերը և ներկայացրել դրանք պատկան մարմիններին:
• ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները ՀԽ դիմած շահառուների խնդրանքով մասնակցել կամ ներկա են գտնվել այդ անձանց վերաբերյալ գործերով դատական նիստերին: Դիմող կողմի և հակառակորդ կողմի վեճի կապակցությամբ վերջիններիս և իրենց փաստաբանների անմիջական մասնակցությամբ քննարկումներ են կազմակերպվել, որի արդյունքում երկու կողմերին առաջարկվել է այլընտրանքային լուծում` հաշտության տարբերակով:
• Ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողովի ձևավորած աշխատանքային խմբի կողմից կազմված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 25 գլխից բաղկացած ընդհանուր մասը: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովն իր դիրքորոշումն ունի մինչ-դատական վարույթում դատախազի լիազորությունների, քննիչի լիազորությունների, տուժողը որպես սուբսիդիար մեղադրող և առանձին այլ հոդվածների վարաբերյալ:

5. Ընտրական բարեփոխումներ

• Անց են կացվել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ և ներկայացվել 100-ից ավելի առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է:
Մի շարք առաջարկություններ, մասնավորապես՝ կապված ընտրողների ցուցակների մատչելիության, գենդերային քվոտաների ընդլայնման, ընտրությունների ընթացքի թափանցիկության և դրա վերահսկման, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպությունների իրավունքների ընդյալնման վերաբերյալ, արտացոլվել են ՀՀ Ընտրական օրենսգրքում:
Առաջարկությունները վերաբերել են նաև նախընտրական հիմնադրամներում իրավաբանական անձանց կողմից վճարումների արգելմանը, մեկ թեկնածուով ընտրությունների բացառմանը, քվեարկության ողջ ընթացքում նկարահանման հնարավորությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առանձին բաժնի ստեղծմանը, որտեղ կտեղադրվեն ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների նախընտրական ծրագրերը և միջազգային դիտորդների զեկույցները, կայքից ընտրողների ցուցակների բեռնման հնարավորությանը, քարոզչական պաստառների տեղադրման կանոնակարգումը, հաշմանդամների քվեարկության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, վերահաշվարկի ընթացակարգին, քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում հանձնաժողովի նախագահի կողմից քվեաթերթիկի ցուցադրմանը ներկաներին և այլն:


• Հանրային խորհուրդը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ մասնակցել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին, ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված դատական ծախսերի մեջ ներառված փաստաբանական ողջամիտ ծախսերին վերաբերող միջին գնացուցակի նախագծին, ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ իրականացրել է նաև փաստաբանական գաղտնիքի և մարդու ազատությունների խախտման հետ կապված քննարկումներ, որի արդյունքում կազմվել են համապատասխան առաջարկություններ: ՀԽ-ն առաջարկել է նաև Փաստաբանական գործունեությունն ավելացված արժեքի հարկից ազատել:

6. Հանրային խորհրդում քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, ներկայացվել են առաջարկություններ:
Մասնավորապես, քննարկվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության խնդիրը, որը նախատեսված է եվրոպական մի շարք երկրներում և հանդիսանում է ԵԽ ԳՐԵԿՈ-ի խմբի պահանջներից: Այն ենթադրում է հայեցկարգային և ինստիտուցիոնալ փոփոխություններ ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև հայրենական քրեական իրավունքի տեսության և պրակտիկայի մեջ: Մասնավորապես, առաջ է քաշվել երկու հիմնական խնդիր, որոնք բազմիցս շեշտվել են նաև միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներում.
1. ՀՀ քրեական օրենսգրքում առկա խոշտանգման հանցակազմի համապատասխանության հարցը ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» Կոնվենցիայի դրույթներին:
Գործող օրենսգրքով խոշտանգմանը տրված է ակնհայտ թերի բնորոշում, մասնավորապես հիմք է ընդունվել Կոնվենցիայով ամրագրված սոսկ այն դրույթը, որ խոշտանգումը անձին դիտավորյալ կերպով ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելն է: Հոդվածում բացարձակապես բացակայում է որևէ դրույթ` արարքի շարժառիթների, նպատակների և հանցակազմի հատուկ սուբյեկտի վերաբերյալ: Մշակվել են համապատասխան առաջարկություններ, որոնք օգտագործվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի խոշտանգման վերաբերյալ հոդվածները լրամշակելիս :
2. Եվրոպայի Խորհրդի Գրեկոյի խմբի առաջարկները՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքում առկա կոռուպցիոն հանցագործությունների հետ: Այստեղ խնդիր կար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունները համապատասխանեցնել «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» ԵԽ կոնվենցիայի դրույթներին: Այս առումով ևս մշակվել են համապատասխան առաջարկներ և ներկյացվել են նախագծի հեղինակներին, առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է:

7. Աշխատանքային քննարկման արդյունքների հիման վրա մշակվել է հանրային ծառայողների էթիկայի կանոնների նախագիծը:
ՀԽ-ում ընդգրկված հասարակական կազմակերպությունները ձևավորել են համագործակցային ցանցեր, որոնց միջոցով իրականացվել են մի շարք ոլորտների մասնակցային մոնիտորինգ, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական ծառայության մրցույթների և ատեստացիաների ու նոտարական գրասենյակների հետ կապված: ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբերը մշակել են <<Ամբողջականության հիմունքները պետական ծառայությունում>> կրթական նոր մոդուլ, որը հետագայում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ ներդրվել է քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման ծրագրում: Քաղծառայողների վերապատրաստման մշակված և ներդրված նոր ծրագրի աջակցության նպատակով համագործակցության մասին հուշագիր է կնքվել Հայ պետական ծառայողների միության, Երևանի պետական համալսարանի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև: Ենթահանձնաժողովի աշխատանքային խմբերում փորձագիտական քննարկման է ենթարկվել <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի նախագիծը: Ներկայացվել է առաջարկությունների փաթեթ:

 

ԲԱՆԱԿ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության ոլորտի վերաբերյալ Հանրային խորհուրդը քննարկումներ է իրականացրել փակ և բաց ձևաչափերով: Մասնավորապես քննարկվել են բանակին, սպառազինությանը, ռազմարդյունաբերական համալիրին, զինվորական ծառայությանը, սահմանամերձ գոտիներին պաշտպանությանը վերաբերող հարցեր։

1. Սահմանամերձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովման հարցերը ՀԽ ուշադրության կենտրոնում են եղել կառույցի գործունեության առաջին իսկ օրվանից:
Քննարկումներ են ծավալվել և առաջարկներ են ներկայացվել հետևյալ հարցերի շրջանակներում.
• դիպուկահարների կրակոցները սահմանի վրա, դիվերսիոն խմբերի ներթափանցման հարցերը, սահմանը ժամանակակից տեխնիկայի միջոցներով զինելու անհրաժեշտությունը, սահմանամերձ գոտու բնակչության ներգրավումը պաշտպանության գործին, ինչպես նաև նրանց սոցիալապես ապահովելու խնդիրը:
Առաջարկներ են ներկայացվել սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական սկզբունքով զինված ստորաբաժանումներ կազմելու վերաբերյալ, որպեսզի վերջիններս անհրաժեշտության դեպքում կարողանան օժանդակել սահամանապահ զինվորական ստորաբաժանումներին և ապահովեն բնակչության անվտանգությունը: Առաջարկվել է նաև սահմանամերձ գոտուց արտագաղթը կանխելու նպատակով ստեղծել բարենպաստ պայմաններ, տալ լրացուցիչ արտոնություններ, որոնք կլինեն ոչ միայն սոցիալական (առողջապահություն, կրթություն, թոշակներ և այլն), այլև այնպիսի արտոնություններ, որոնք կնպաստեն սեփական աշխատանքով բարիքներ ստեղծելուն, զարգանալուն եւ այդ հողի վրա ապրելուն (հարկերի նվազում` ընդհուպ վերացում, չնչին տոկոսադրույքներով վարկավորման ֆոնդերի ստեղծում, գյուղատնտեսության պետական կամ փոքր գումարներով ապահովագրություն և այլ): Հանրային խորհուրդը քննարկել է ՀՀ կառավարության առանձին որոշումներով սահմանամերձ գոտու բնակչության նկատմամբ կիրառված որոշ արտոնությունները: Միաժամանակ քննարկվել է առանձին կարևոր որոշումների դադարեցման խնդիրը, օրինակ՝ 2001թ. Կառավարության N773 որոշմամբ հաստատված՝ պաշտպանված դպրոցների ցանկը, որոնք ֆինանսավորվել են` անկախ երեխաների թվաքանակից: ՀԽ-ն առաջարկել է, որպեսզի ՀՀ կառավարությունը մշակի համապատասխան ծրագիր, որն արտոնություններ կսահմանի սահմանամերձ գոտու բոլոր բնագավառներում:
2․ Հայ-ռուսական փոխհարաբերությունների խնդիրը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու համատեքստում, բազմիցս է քննարկվել Հանրային խորհրդում։
ՀԽ նախագահը հարցի առնչությամբ մեկնաբանություններ է հնչեցրել զանգվածային լրատվամիջոցներում, խնդիրը քննարկել ՀՀ Նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպումների ժամանակ։
3․ 2016 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից հետո Հանրային խորհրդում տեղի է ունեցել արտակարգ նիստ քննարկելու քառօրա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը։
Հանրային խորհուրդը անհրաժեշտ է համարել ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժերում լուրջ բարեփոխումների իրականացումը, Ռազմարդյունաբերական համալիրի վերազինումն ու արդիականացումը և, առհասարակ, պետության բոլոր ոլորտներում առողջացման ծրագրերի մեկնարկը։
4․ Հանրային խորհուրդը քննարկել է Սահմանամերձ գոտիները (և Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգը։ Ծրագրի հեղինակը «Շիրակ տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանն է։ Հայեցակարգը Հանրային խորհրդում քննարկվել է հեղինակի և ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանի մասնակցությամբ:
Հրայր Մելքոնյանը համառոտ ներկայացրել է հայեցակարգի ընդհանուր սկզբունքներն ու դրույթները, սահմանամերձ համայնքներում տնտեսության կազմակերպման մոդելը, նախատեսվող միջոցառումները, համաշխարհային փորձը և այլն: Ներկաները մտքեր են փոխանակել առաջարկվող հայեցակարգի վերաբերյալ, քննարկել դրա իրականացման հնարավորությունները, արդյունքները և ներկայացրել լրացուցիչ առաջարկներ: Այնուհետև Պաշտպանության նախարարության պաշտոնյան ներկայացրել է սահմանամերձ համայնքների զարգացան ու պաշտպանության բարձրացմանն ուղղված այն ծրագիրը, որը նախատեսում է իրականացնել ՀՀ կառավարությունը: Աշոտ Բալասանյանը հայտնել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով սահմանամերձ համայնքների համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով: Բալասանյանը որոշ մանրամասներ է ներկայացրել սահմանամերձ համայնքների պաշտպանական, սոցիալական և ենթակառուցվածքային հարցերի լուծման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ: Հանրային խորհրդի անդամները նպատակահարմար են գտել, որպեսզի Հրայր Մելքոնյանի ներկայացրած հայեցակարգը քննարկվի նաև միջգերատեսչական հանձնաժողովում, քանի որ հեղինակի առաջարկները կարող են լրացնել և սկզբունքային առումով առավել ամբողջական դարձնել այն ծրագիրը, որը նախատեսում է իրականացնել ՀՀ կառավարությունը:
Քննարկումից հետո Հրայր Մելքոնյանի առաջարկները քննարկվել են նաև միջգերատեսչական հանձնաժողովում, դրական արձագանք է ստացել և ներառվել ՀՀ ՊՆ համապատասխան ծրագրում, որից հետո ծրագիրը պիլոտային ձևով սկսվել է իրականացվել սահմանամերձ որոշ համայնքներում։
5․ Հանրային խորհուրդը քննարկել է զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը (1000 դրամների նախաձեռնություն)։
Հանրային խորհրդի անդամները հարցը քննարկել են փոքր խորհրդի նիստերում, ապա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել իրենց մոտեցումները։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով նախաձեռնությունը՝ Հանրային խորհուրդը բարձրացրել է մի շարք հարցեր ու հնչեցրել մտահոգություններ:
Վերահաստատելով զոհված և հաշմանդամ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին համազգային աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որը դրական է ընդունվել նաև հասարակության լայն շրջանակներում, Հանրային խորհուրդը միաժամանակ ընդգծել է, որ նախաձեռնության իրականացման գործընթացում կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր, և անհրաժեշտություն կա մինչև Ազգային ժողովի կողմից օրենքի վերջնական ընդունումը կազմակերպել լրացուցիչ խորքային քննարկումներ: ՀԽ անդամներն ընդգծել են, որ նմանատիպ նախաձեռնությունը կարող է միայն լրացուցիչ օժանդակություն հանդիսանալ, այլ ոչ թե զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ պետական հոգածությանն ու պարտավորություններին փոխարինող միջոց:
Առանձին ներկայացվել և քննարկվել են մի շարք առաջարկներ` այդ թվում գումարների հավաքագրումը ոչ թե հիմնադրամի միջոցով, այլև հարկային պարզեցված մեխանիզմներով իրականացնելու տարբերակը, որոշակի սանդղակներ սահմանելու հարցը, օրենքը հետադարձ ուժով նախորդ տարիների դեպքերի վրա տարածելու անհրաժեշտությունը և այլն: Ներկայացվել է նաև առաջարկ այս նպատակի համար դրամական միջոցների հավաքագրումը համահայկական հանգանակության միջոցով իրականացնելու վերաբերյալ` ընդգծվելով կամավորության սկզբունքը:
Հանրային խորհուրդը գտել է, որ նման կարևոր նախաձեռնությունն անհրաժեշտ է իրականացնել միմիայն հասարակական լայն փոխըմբռնման ու վստահության բարձր մակարդակի պայմաններում, հակառակ դեպքում այն չի կարող արդյունավետ լինել և կարող է նպաստել հասարակության շրջանում բացասական տրամադրությունների առաջացմանը:

6․ Հանրային խորհուրդը քննարկել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախագծերի հանրային քննարկումների շրջանակում ծրագրերը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամներին։
Ծրագրերն օրենքի նախագծի տեսքով ներկայացվելու ժամանակ ի հայտ են եկել դժգոհություններ՝ պայմանավորված տարկետման խիստ սահմանափակումներով։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» խնդրահարույց օրինագիծը Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստերում քննարկվելուց հետո կազմակերպվել է լրացուցիչ քննարկում, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչները։
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ Հանրային խորհուրդը նախ հավանության է արժանացրել ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, ապա հանդես եկել ՀՀ Պաշտպանության նախարարությանն ուղղված առաջարկներով։

 

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ


Բնապահպանական ոլորտի հիմնախնդիրների նկատմամբ Հանրային խորհրդի ուշադրությունը սևեռված է եղել մի քանի ուղղություններով՝ հանքարդյունաբերություն, քաղաքաշինություն, բնության հատուկ պահպանվող տարածքներ, էկոլոգիական ոլորտում վարվող քաղաքականություն և այլն:

Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը բնախպահպանության ոլորտին առնչվող տարբեր տեղական ու միջազգայն գիտաժողովներում, ԶԼՄ-ներում, ինչպես նաև Հանրապետության Նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել է էկոլոգիական ոլորտին առնչվող խնդիրները, ներկայացրել ուսումնասիրությունների արդյունքներ և համապատասխան առաջարկությունների փաթեթներ:

1. Հանրային խորհուրդը քննարկել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման հարցերը համապատասխան օրեսդրության և պետական ծրագրերի քննարկումների շրջանակներում, հանձնաժողովների և ՀԽ փոքր խորհրդի նիստերի ժամանակ:

2. Առանձնապես կարևորելով Երևանի էկոլոգիական պաշտպանության խնդիրը՝ ՀԽ-ն ներկայացրել է Երևանի էկոլոգիական պաշտպանությունն ապահովող գործողությունների համալիր ծրագիր: Ներկայացվել են Երևանի գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի վերանայման, կանաչ տարածքների ընդլայնման և խտացման, կանաչ տարածքների ոռոգման քաղաքային ցանցի վերակառուցման, կետային կառուցապատման պրակտիկայից հրաժարվելու, քաղաքի էկոլոգիական ոստիկանության և էկոխորհրդի վերականգնման, էկովերահսկողության ցանցի ձևավորման և այլ հարցերի վերաբերյալ առաջարկներ:

3. Ընդերքի ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով էկոլոգիական խնդիրների առաջացման վերաբերյալ նույնպես կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են առաջարկներ (Մեծ Այրում համայնքում նոր պոչամբար կառուցելու հարցը, Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցը, Թեղուտի հանքավայրի շահագործման հարցը այլն), տեղի են ունեցել ոլորտին առնչվող օրենսդրության վերաբերյալ քննարկումներ: Հանրապետության նախագահի ուշադրությունն է հրավիրվել ընդերքի օգտագործման հարցի վրա և վերջինիս հետ քննարկվել է շրջակա միջավայրը թունավորող պոչամբարները արդի տեխնոլոգիաների կիրառմամբ` որպես տեխնոգեն հանքավայր օգտագործելու հարցը, ինչը թույլ կտա լուծել և՛ տնտեսական, և՛ բնապահպանական խնդիրներ:

4. Կանաչ գոտու կառուցապատման խնդիրը ամենասուր ձևով բարձրացվել է պետական ու հանրային սեկտորի հետ քննարկումներում: Քննարկվել են, մասնավորապես, Դալմայի այգիների խնդիրը, անտառվերանորոգման, անտառաշինության հետ կապված հարցեր, Կոմիտասի, Մոնումենտի այգիների խնդիրը, օդային ավազանի պահպանությանը, բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող խնդիրներ (Խոսրովի անտառ, Թռչկանի ջրվեժ և այլն), Հրազդանի ձորի աղտոտվածության խնդիրը, Տավուշի և Լոռու մարզերում էկոլոգիական ու առողջապահական իրավիճակը, կենցաղային թափոններին և վնասակար արտանետումներին վերաբերող և այլ հարցեր: Առաջարկվել է, օրինակ, պարբերաբար իրականացնել Գետառի մաքրման աշխատանքներ և կասեցնել Գետառի վրա ցանկացած շինարարական ընթացք: Կամ՝ Օղակաձև այգին ճանաչել որպես անձեռնմխելի կանաչ գոտի և խստիվ արգելել դրա տարածքում որևէ կառույցի գոյությունը:

5. Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Վերջիններս իրենց բողոքն են հայտնել Հանրային խորհրդին, որն էլ իր հերթին կազմակերպել է ՀԽ 4 հանձնաժողովների համատեղ նիստ՝ հրավիրելով շահագրգիռ կողմերին քննարկելու հարցը: Հաշվի առնելով հանքի շահագործման հետ կապված պատմամշակութային, ընդերքաբանական, բնապահպանական խնդիրները՝ ներկաները փաստել են, որ հանքի շահագործումը բաց եղանակով լուրջ հետևանքներ կարող է առաջացնել, ուստի Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներն էլ բացասական դիրքորոշում են հայտնել նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն նպատակահարմար չէ: ՀԽ դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ կառավարության ղեկավարին:

6. Հանրային խորհրդում քննարկվել է նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցը: Աշխատանքային քննարկումը ծավալվել է հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական, տնտեսական, բնապահպանական և այլ հարցերի շուրջ: Ոլորտի խնդիրներն առավել արդյունավետ ու հասցեական քննարկելու նպատակով հստակեցվել են ուղղություններն ու հարցերը, և որոշվել է կազմակերպել առավել լայն քննարկումներ, որոնց կմասնակցեն շահագրգիռ և պատասխանատու բոլոր կողմերը:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Հանրային խորհուրդը առողջապահության և սոցիալական հարցերի ոլորտում ակտիվորեն նախաձեռնել ու իրականացրել է ոլորտներին առնչվող խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումներ, կառավարության ծրագրերի փորձաքննություններ, անահատական դիմում-բողոքների ուսումնասիրություններ, որոնց վերաբերյալ համապատասխան դիրքորոշում, առաջարկներ ու նամակներ են ներկայացվել պատկան մարմիններին: Առողջապահության նախարարը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

1. Առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական մի շարք կարևոր ու հանրային հնչեղություն ստացած նախագծեր:

• «Հեռաբժշկության զարգացման մասին» ծրագիրը: ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀԽ դիրքորոշումն ու առաջարկներ:
• «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ քաղաքացիների իրազեկվածությունը հարցի վերաբերյալ, օրենքի նախագծում առկա անհասկանալի իրավական կարգավորումներն ու տարընկալումները: Հարցը համակողմանիորեն քննարկելուց հետո Հանրային խորհուրդն իր բացասական դիրքորոշումն է ներկայացրել: Օրենքի նախագծի քննարկումները կասեցվել են:
• ՀԽ համապատասխան հանձնաժողովում քննարկվել են նաև «Առողջապահության մասին», «Դեղերի մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Բարեգործության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Հոմեոպատիկ ցողունային բջիջների մասին» ՀՀ օրենքների նախագծերը, ՀՀ Կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» թիվ 581 որոշմամբ հաստատված կարգում կատարված փոփոխությունները և այլն: Այս ամենի վերաբերյալ համապատասխան առաջարկներ ու դիտողություններն են ներկայացվել ՀՀ ԱԺ ու ՀՀ կառավարություն:

Քննարկվել են նաև.
• ՀՀ բնակչության առողջական վիճակը և այն պայմանավորող որոշ գործոնների համալիր դինամիկ գնահատականը տալու հարցը,
• ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հիմնախնդիրները` քաղաքական, տնտեսական, նորմատիվային-իրավական կարգավորման տեսանկյուններից,
• առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցը,
• բժշկական և սոցիալական գործունեության խնդիրները,
• արտոնագրման և լիցենզավորման հարցերը,
• մասնավոր բժշկական հիմնարկների աշխատանքների կանոնակարգման հարցը,
• ոչ սպեցիֆիկ հակաթույների մշակման հարցը,
• նուրբ օրգանկան քիմիայի ինստիտուտի կողմից ստեղծվող նոր դեղերի մասին առաջարկությունը,
• ակտիվացված ջրի ստացման և այդ սարքավորման սերիական թողարկման մասին առաջարկությունը,
• իոնիզացված ջրի կենտրոն ստեղծելու հարցը,
• արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական մանկաբարձա-գինեկոլոգիական օգնության կազմակերպման և իրականացման սկզբունքների ներդրման և ուսուցման կազմակերպման հետ կապված հարցը,
• մանկաբարձա-նեոնատոլոգիական ստացիոնար բժշկական օգնության կազմակերպման և իրականացման հիմնական սկզբունքների ներդրմման հարցը,
• դեղերի տենդերային ոչ արդյունավետ քաղաքականությունը,
• մանկական տրավմատիզմին վերաբերող տեխնիկական սարքերի վերազինման հարցը,
• դպրոցներին դեղեր հատկացնելու հարցը,
• ոչ ստանդարտ երեխաների հոգեկան առողջության համար համապատսախան բաժանմունք ստեղծելու հարցը,
• մարզերում արտագնա բժշկական օգնություն և բժիշկների հետ հմտության փորձի փոխանակում կազմակերպելու հարցը,
• յուրաքանչյուր մարզում գոնե մեկ օնկոբժիշկ ունենալու հարցը,
• սեռավարակների վերահսկողությունը մեծացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորում ստանալու հարցը,
• բժշկական էթիկային առնչվող հարցեր,
• ծննդօգնության հիվանդանոցային ծառայությունների ուղեգրման կարգի մշակման,
• արդյունավետ պերինատալ բուժօգնության հիմունքների մշակման և ուսուցման հարցը,
• այլ հարցեր:

Հանրային խորհուրդը քննարկվել է բուժհաստատությունների մասնավորեցման հանրային հնչեղություն ստացած հարցը, որը նախ բարձրացվել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ:
Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ ուսումնասիրելու հարցը, որից հետո Հանրային խորհրդում կազմակերպվել է քննարկում, որին մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը և մասնավորեցման ցանկում ներառված բուժհաստատությունների ղեկավարները:
Հատուկ քննարկման առարկա է դարձել «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման խնդիրը: հանրային խորհուրդը նշել է, որ բուժհաստատությունը կարևոր նշանակություն ունի հատկապես հիվանդությունների կանխարգման տեսանկյունից և մտահոգություն է հայտնել նախարարության որոշման վերաբերյալ:

Հանրային խորհուրդը քննարկել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը: Ներկաները տարակուսանք են հայտնել հիվանդանոցի հնարավոր փակման վերաբերյալ՝ նշելով, որ, ընդհակառակը, անհրաժեշտ է պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել: Քննարկվել է նաև կլինիկայի փակման դեպքում այլ բուժհաստատությունում դեղամիջոցի պատրաստման և հետագա գործունեության շարունակման հարցը, սակայն ներկաները փաստել են, որ «Արմենիկումի» գործունեությունն առանձնահատուկ է հիվանդության տեսակի, հիվանդների խոցելիության, դեղամիջոցի նոր փորձարկումների անհրաժեշտության և այլ հանգամանքների պատճառով, ուստի առավել նպատակահարմար է, որ այն շարունակի գործել առանձին կլինիկական հիվանդանոցի կարգավիճակում: Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը ներկայացրել է Հանրապետության ղեկավարին:

2. Սոցիալական ոլորտի խնդիրներ

Սոցիալական ոլորտի ամենահրատապ հարցերի մեկը, որը շարունակաբար բարձրացվել է Հանրային խորհրդում, արտագաղթի հիմնախնդիրն է:
Արտագաղթի իրական չափերի, պատճառների ու հետևանքների վերաբերյալ Հանրային խորհրդում ծավալվել են բազմաթիվ քննարկումներ, հիմնախնդիրը բարձրացվել է նաև Հանրապետության նախագահի հետ հանդիպումներից մեկի ժամանակ: Հանրային խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել արտագաղթի չափերի վերաբերյալ (բնակչության բնական աճը գերազանցող), որը հարվածում է երկրի անվտանգությանը, իսկ անընդհատ շարունակվելու դեպքում` հարցականի տակ կարող է դնել հայկական պետության հետագա գոյությունը: Քննարկվել են արտագաղթի պատճառները՝ աշխատատեղերի ոչ բավարար քանակ, եղած աշխատատեղերի մեծ մասի ոչ բավարար վարձատրություն, սեփական բիզնես սկսելու բարդություններ՝ կապված օրենքների անկատարության, հավասար մրցակցային պայմաններ չապահովելու, փոքր շուկայի հետ, բարեկեցիկ պայմաններում ապրելու բնական ձգտում (առկա է նաև տեղեկատվության պակաս արդեն մեկնածների իրական կարգավիճակի մասին), անավարտ պատերազմ, օրենքի անխուսափելի կիրառման իրական կամ թվացյալ բացակայություն բոլորի համար անխտիր, խուճապային տրամադրություններ սերմանող ներքին և արտաքին քարոզչություն, որը հանգեցնում է երկրի ապագայի նկատմամբ վստահության բացակայությանը` նպաստելով երկրից արտագաղթելու հոգեբանական վիճակի ձևավորմանը և այլն: Հանրային խորհուրդն առաջարկել է ՀՀ կառավարությանը, որպեսզի յուրաքանչյուր տարի պետբյուջեում գումար հատկացվի ներգաղթի և արտագաղթի ճիշտ հաշվեկշիռն ու համապարփակ վերլուծությունը կազմելու նպատակով:
Հանրային խորհուրդը քննարկել է սոցիալական ոլորտին առնչվող առանձին հարցեր, ինչպիսիք են.
• ինտեգրված ծառայությունների հետ կապված բարեփոխումների ծրագիրը և մանկատների բեռնաթափման հարցը,
• հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության կազմակերպման և իրականացման արդի խնդիրները,
• պետպատվերի սահմանափակ լինելու հարցը,
• սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված գումարների ոչ ճիշտ օգտագործման հարցը,
• ՀՀ-ում խնամքի տներ ստեղծելու հարցը,
• պետպատվերի շրջանակներում սպասարկվող սոցիալապես անապահով խավի նկատմամբ հոգեբանական ճիշտ մոտեցում ցուցաբերելու հարցը,
• ինտերնետ ծառայության ոլորտի բարձր գներն ու անհասանելիությունը հանրության լայն շերտերին:
• վերելակների հիմնանորոգման աշխատանքների իրականացումն ապահովող համակարգի ձևավորման հարցը:
• գազի սակագների և ներտնային սպասարկման ծառայության վճարումների հետ կապված հարցը,
• Այլ հարցեր:

Հանրային խորհուրդն արձագանքել է սոցիալական ոլորտին առնչվող բազմաթիվ դիմում-բողոքների՝ Հանրային խորհրդի նախագահի անունից պատրաստելով համապատասխան գրություններ և ուղղելով պատկան մարմիններին: Նամակների մեծ մասին դրական ընթացք է տրվել:

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՄԱՐԶԵՐ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Տարածքային համաչափ զարգացման խնդիրը, մարզերի, հատկապես սահմանամերձ համայնքների զարգացումը ՀԽ օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է: Խորհուրդը պատկան մարմինների հետ, համայնքներ կատարած այցերի ընթացքում բացահայտել է ոլորտի խնդիրները, ներկայացրել ՀՀ կառավարություն: Փորձագիտական վերլուծության են ենթարկվել ոլորտի օրենսդրական նախաձեռնությունները:
1. Համայնքների խոշորացման ծրագիր:
ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հարցը բազմիցս քննարկվել է Հանրային խորհրդում տարբեր ձևաչափերով: Մանրամասն քննարկելով ու վերլուծելով ծրագրի դրական ու բացասական կողմերը, հնարավոր հետևանքներն ու նախկին փորձը՝ Հանրային խորհուրդը գտել է, որ Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակի և գյուղերում տեղի ունեցող արտագաղթի պայմաններում նպատակահարմար չէ ծրագրի ամբողջական իրականացումը:
Առաջարկվել է այն իրականացնել պիլոտային ձևով, որից հետո ուսումնասիրել արդյունքները և ըստ այդմ՝ իրականացնել հետագա քայլերը, որպեսզի հասարակությանը զերծ մնա հնարավոր ցնցումներից:
Հետագայում, ուսումնասիրելով և վերլուծելով պիլոտային ծրագրի հետևանքները, Հանրային խորհուրդը իր տեսակետն է հայտնել Հանրապետության ղեկավարին: Մասնավորապես, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շրջանակներում Տավուշի և Լոռու մարզերում անցկացված հանրաքվեի արդյունքների վերաբերյալ մտահոգիչ է համարվել հանրաքվեին հանրության ցածր մասնակցությունը, ինչը խոսում է բնակչության անտարբերության և ծրագրի նկատմամբ զգուշավորության մասին: Հանրային խորհուրդը տեսակետ է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի թերությունները, ծրագրի մասին բնակչության իրազեկման ցածր մակարդակը: Անհրաժեշտ է համարվել, որպեսզի գյուղացին կարողանա տեսնել պիլոտային ծրագրի փոխկապակցվածությունը այլ ծրագրերի՝ մասնավորապես կապված համայնքներում ոռոգման ջրի, ջրահեռացման, համայնքը կենտրոնին կապող ճանապարհների և այլ համակարգերում առկա խնդիրների լուծման, տեղայնացված սերմի ապահովման, ներդրումների, գյուղատնտեսական կոոպերացիաների ծրագրի իրականացման հետ:


2. Օրենքների նախագծեր, ռազմավարություններ և հայեցակարգեր:
Քննարկվել են «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, «Հայաստանի տարածքային զարգացման 2016-2025 թթ. ռազմավարությունը, «ՀՀ 2018-2020թթ. Տարածքային զարգացման գործառնական ծրագիրը, Բնակարանային ֆոնդի կառվարման և շահագործման բարելավման ուղղությամբ կառավարության 5-ամյա ռազմավարությունը:
2016 Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, որի ընթացքում նախարարը Հանրային խորհրդի նախագահին ու ՀԽ անդամներին է ներկայացրել «ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը», այնուհետև կողմերի միջև ծավալվել է բովանդակային լայն քննարկում ՀՀ մարզերի, համայնքների ներկա վիճակի, առկա խնդիրների, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի և առհասարակ երկրի համաչափ զարգացման հեռանկարների վերաբերյալ:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, կարևորելով նախարարի հետ վերոնշյալ հարցերի քննարկումը, ընդգծել է, որ Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի օրակարգային հիմնական հարցերի շրջանակներում են եղել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, որոնց զարգացումը առանցքային նշանակություն ունի երկրի առաջընթացի համար: Նախարարն իր հերթին է կարևորել Հանրային խորհրդի հետ հանդիպումը` համոզմունք հայտնելով, որ խորհրդի կողմից բարձրացված հարցերն ու առաջարկներն անպայման հաշվի կառնվեն տարածքային զարգացման ռազմավարության իրականացման ընթացքում:

3. Համատիրություններ
• ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի և Երևանի քաղաքապետի մասնակցությամբ քննարկվել են բազմաբնակարան շենքերի, դրանց բակերի պահպանման, ինչպես նաև համատիրությունների գործունեությունն արդի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրների վերաբերյալ հարցը:
• Ուսումնասիրվել և ընթացք են տրվել քաղաքապետարանի, կադաստրի և նոտարական գրասենյակների կողմից անհիմն և ավելորդ խոչընդոտներ ստեղծելու վերաբերյալ քաղաքացիների դիմումներ:
• Քննարկվել է Երևանի աղբահանության խնդիրը:
• Քննարկվել է Երևանի բնակֆոնդի պահպանման և տանիքների վերանորոգման հարցը:
• Քննարկվել է բազմաբնակարանային շենքերի վթարային վիճակը:
• Քննարկվել է մայրաքաղաքի հին վերելակների խնդիրը:
• Այլ հարցեր:

4. Այլ հարցեր
Քննարկվել է Հայաստանի բնակավայրերի քաղաքաշինական ծրագրերի փաստաթղթերի ապահովման միջոցառումների հարցը, Հայաստանի գյուղական համայնքներում քաղաքաշինական և ճարտարապետական ծառայությունների ապահովման հարցը, Ձորաղբյուր ամառանոցի 5000-ից ավելի բնակիչներ ունեցող բնակավայրի առաջնահերթ հարցերի ուղղությամբ համալիր ծրագրի մշակման, ինչպես նաև այդ բնակավայրին համայնքի կարգավիճակ տալու հարցը:
5. Այցելություններ մարզեր
Հանրային խորհուրդը պարբերաբար կազմակերպել է արտագնա նիստեր, այցելություններ դեպի մարզեր, որոնց ընթացքում քննարկվել են համայնքների խնդիրները, հատկապես արտագաթղի խնդիրը, գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցեր՝ ոռոգման ջրի, գյուղմթերքների իրացման, վերամշակման կետերի ստեղծման, գյուղտեխնիկայի ապահովվածության հետ կապված, ինչպես նաև բնակչության աշխատատեղերի ապահովման, ճանապարհների վիճակի, խմելու ջրի և այլ հարցրերի վերաբերյալ: Այցելություններից հետո համապատասխան եզրակացությունները ներկայացվել են ՀՀ վարչապետին:
ՀԽ համախատասխան հանձնաժողովը Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, համայնքի հասարակական խորհրդի հետ համատեղ, անց է կացրել քննարկում, որի արդյունքում օգնություն է ցուցաբերվել գյուղում խմելու ջրի անցկացման, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շահագործման հարցերում: Հանձնաժողովն աշխատանքներ է իրականացրել նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համայնքների հետ /Վազաշեն, Պառավաքար, Կոթի, Կարմիրաղբյուր/:
ՀԽ համապատասխան հանձնաժողովի կոլեգիայի անդամները մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի նիստերին:

 

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանում մշակույթի ոլորտի խնդիրները, նոր ծրագրերն ու առաջարկները, խնդրահարույց օրենսդրական առաջարկությունները ակտիվորեն քննարկվել են ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում և ՀԽ փոքր խորհրդի նիստերում:

1. Մշակութային ծրագրեր

• Երևանում գորգարվեստի թանգարան հիմնելու վերաբերյալ առաջարկ-ծրագիր: ՀՀ Հանրային խորհուրդը քննարկել է հարցը, դրական դիրքորոշում է հայտնել ծրագրի վերաբերյալ և դիմել ՀՀ կառավարություն` լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու հայկական գորգերի, կարպետների և ձեռագործ աշխատանքների թանգարանային ֆոնդը պահպանելու, զարգացնելու և միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ:
• Զինանշանագիտության հարցերով հասրակական խորհուրդ ստեղծելու մասին առաջարկ: ՀԽ-ն քննարկել է հարցը, ոլորտում առկա խնդիրները և գտել է, որ սույն ոլորտի հետագա աշխատանքները արդյունավետ համակարգելու, միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ:
• Հայոց պատմության և բնության հուշարձանները որպես ազգային մշակութային արժեք ճանաչելու և պահպանելու, ադրբեջանցի բարբարոսների կողմից Նախիջևանի հայոց գերեզմանատան և գերեզմանաքարերի անխնա ոչնչացման, Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի հանրային քննարկում կազմակերպելու, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ «Հանուն արդարության» կառավարական (պետական) մեդալ հիմնելու վերաբերյալ հարցերը: ՀԽ-ն գտել է, որ որ այդ մեդալով պետք է պարգևատրվեն Հայ Դատին և ընդհանրապես` ցեղասպանությունների դեմ պայքարում մեծ ծառայություններ մատուցած անհատները` անկախ քաղաքացիությունից, ազգային պատկանելությունից և դավանանքից:
• ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող միջոցառումներ իրականացնելու մասին հարցը: ՀԽ-ն դրական դիրքորոշում է հայտնել առաջարկի վերաբերյալ:
• «Նոյան Տապան» պատմամշակութային-գիտակրթական համալիրի նախագիծ:
• Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելու հարցը: ՀԽ-ն դրական դիրքորոշում է հայտնել:
• «Արարատ 73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցը: ՀԽ-ն դրական դիրքորոշում է հայտնել:
• Հայաստանում մշակութային քաղաքականության հայեցակարգ մշակելու հարցը:
• Այլ հարցեր:

2. Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրներ:

• ՀՀ Կառավարության թիվ 2 մասնաշենքն օտարելու վերաբերյալ հարցը:
• Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի ոչ պատշաճ վերանորոգման հարցը:
• «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի քանդման հարցը:
• Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերականգնման խնդիրների, ինչպես նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հանձնված եկեղեցիների պահպանման և վանքապատկան հողերի օգտագործման հիմնահարցերը:
• «Հնագիտական ժառանգության ուսումնասիրության և պեղումների մասին» ՀՀ օրենք մշակելու հարցը:
• Երևան քաղաքի խորհրդային ժամանակաշրջանի նշանակության բազմաթիվ շենքեր մշակույթի հուշարձանների ցանկում ներառելու և այդ շենքերը կամայական ձևափոխումներից զերծ պահելու (ցուցափեղկեր, լուսամուտների ձևափոխումներ, պատշգամբների ոչ միաշունչ խմբագրումներ, տանիքային հարկերի հավելումներ և այլ) հարցը:
• Հուշարձանային շենքերի և նրանց տարածքների կառուցապատման կամ ընդարձակման նախագծերի նկատմամբ ռեվիտալիզացիոն պահանջներ դնելու հարցը:
• Հուշարձան և ոչ հուշարձան շենքերը քանդված վիճակում թողնելու (Սևան հյուրանոց, Սունդուկյանին առընթեր տարածք, Կարմիր բլուրի պեղված էքսպեդիցիոն տարածք և այլն) արատավոր երևույթն ու այդ շենքերի սեփականատերերի հետ կնքված պայմանագրերը վերանայելու հարցը:
• Արևմտյան Հայաստանում և ներկա Թուրքիայի այլ տարածքներում հայ հոգևոր-մատմամշակութային հուշարձանների նկատմամբ կիրառվող թուրքական քաղաքականության կողմից վարվող քաղաքականությունը:
• Բազային մեկ մշակութային պետական քոլեջ ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշման արդյունքում ստեղծված իրավիճակը:
• Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ոչ բարվոք պայմանների կապակցությամբ վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու խնդիրը:
• Հայաստանի ազգագրության թանգարանին (Սարդարապատ) վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես թանգարանի որակյալ մասնագիտական կազմի, ղեկավար կազմի կամ գիտական կառավարման մեխանիզմների, գիտական խորհրդի գործունեության, ինչպես նաև թանգարանի կարգավիճակի և պատկանելության վերաբերյալ հարցը:
• Կառավարության շենքի բակում գմբեթի կառուցման հարցը:
• Թումանյան 25 հասցեում գտնվող հին երևանյան բնակելի շենքում բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու հարցը: Ակտիվ քնարկումների արդյուքնում որոշումը սառեցվել է:
• Այլ հարցեր:


ՀԽ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրային խորհուրդը Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող կարևոր իրադարձությունների ժամանակ ՀԽ դիրքորոշումը հայտնել է նաև ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ միջոցով:


Հանրային խորհրդի հայտարարությունը ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու առնչությամբ

ՀՀ Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխման փաստը:
Ակնհայտ է, որ Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին, և որևէ արդարացում կամ հայտարարություն հունգարական իշխանությունների կողմից չի կարող վերախմբագրել այդ փաստը: Հունգարիայի իշխանություններն այս քայլով հիմք տվեցին հայ հասարակությանը թերահավատորեն վերաբերել համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական ընտանիքին և դրան միանալու իր որդեգրած ուղուն, քանի որ այդ ընտանիքի անդամ պետություններից մեկը բացահայտորեն ոտնահարում է իր իսկ դավանած սկզբունքները:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաջին հերթին լրջորեն մտահոգվելու առիթ ունի ադրբեջանական հանրությունը, քանի որ պետական մակարդակով հերոսացվում և ժողովրդին է հրամցվում մի կերպար, որը ոչ այլ ինչ է, քան սովորական հանցագործ` ընդունակ կացնահարելու քնած մարդուն:
Սա վկայում է ադրբեջանական պետական մտածողության վայրի ու կենդանական լինելու մասին, մտածողություն, որտեղ բացակայում է համամարդկային արժեքների որևէ նշույլ: Ցանկացած սթափ և առողջ դատողություն ունեցող ադրբեջանցի չի կարող դա ընդունել: Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները, ստեղծելով, խրախուսելով և տեր կանգնելով «ռամիլսաֆարովներին», ապացուցում են, որ ընդունակ են ամենաանհավանական հանցանքներին, և դրա վտանգը պետք է գիտակցի ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունը:
Մենք ուշադրությամբ կհետևենք միջազգային հանրության արձագանքին, որը, հուսով ենք, համահունչ չի լինի հունգարական իշխանությունների կատարած հակաբնական և հակաքաղաքակիրթ քայլին:

01.09.2012թ.


Հանրային խորհրդի արձագանքը ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի.Վոլինկինի հայտարարության վերաբերյալ

ՀՀ Հանրային Խորհուրդը, որի կառույցներում ընդգրկված են հազարից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իր տարակուսանքն ու անհամաձայնությունն է հայտնում ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի.Վոլինկինի՝ «Ноев ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում տեղ գտած այն հայտարարության կապակցությամբ, թե պետք է «նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար» (No8(238),2014):
Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման կարևոր ձեռքբերումներից ու երաշխիքներից է տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի հզորացումը:
Կարևորելով Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական հարաբերությունները, խնդիրը դիտարկելով անգամ վերջին ժամանակներս Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում արձանագրվող լարվածության համատեքստում` այնուհանդերձ, ՌԴ դեսպանի հայտարարությունը համարում ենք ոչ կոռեկտ և անընդունելի:
Հանրային խորհուրդը շարունակելու է իր հետևողական գործունեությունը երկրում բազմակարծության, խոսքի ազատության պաշտպանության և ժողովրդավարական հաստատությունների զարգացման բնագավառում:
13.05.2014


Հանրային խորչհրդի կոչը աշխարհի 67 երկրներում գործող հանրային ու հասարակական խորհուրդներին

2014 թվականին Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչով դիմել է աշխարհի 67 երկրներում գործող հանրային և հասարակական խորհուրդներին (որոնք ՀՀ Հանրային խորհրդի հետ միասին միավորված են միջազգային մեկ կառույցում)՝ կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

Հարգելի գործընկերներ
Սիրիայում արդեն երրորդ տարին տևող հակամարտության ընթացքում այնտեղ բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունները՝ այդ թվում նաև սիրիահայությունը, ինչպես նաև Քեսաբի հայերը, ենթարկվել են աննախադեպ հալածանքների` մասսայական սպանությունների ու տեղահանության: Դա լրջագույն մարտահրավեր է միջազգային հանրությանը, բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների պաշտպանության հիմնարար սկզբունքներին:
Մարտի երկրորդ կեսին Թուրքիայի տարածքից Սիրիա թափանցած ծայրահեղական զինյալ գրոհայինների հարձակման հետևանքով Քեսաբի հազարավոր հայեր ստիպված են եղել թողնելու հայրենի բնակավայրը և դառնալ փախստականներ: Կան լուրջ վկայություններ, որ Քեսաբի՝ որպես հարձակման թիրախի ընտրության մեջ իրենց դերն են ունեցել Թուրքիայի իշխանությունները, որոնք նաև այլ օժանդակություն են ցույց տվել գրոհայիններին:
Քեսաբում բնակվող հայերը 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերի նկատմամբ թուրքական կառավարության կողմից իրականացված ցեղասպանության և աքսորի հետևանքով վերապրածներն ու նրանց հետնորդներն են:
ՀՀ Հանրային խորհուրդը դատապարտում է քեսաբահայության տեղահանության փաստը և կոչ անում բոլոր կողմերին վճռական գործողություններ իրականացնել Սիրիայի հակամարտության շուտափույթ խաղաղ հանգուցալուծման, փախստականների վերադարձի և խաղաղ բնակչության նկատմամբ գործած հանցագործությունների հետաքննության ու մեղավորների պատժման ուղղությամբ:
Հանրային խորհուրդը կոչ է անում Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (AICESIS) իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում` դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը:
Միայն վճռական գործողությունների միջոցով միջազգային հանրությունը կարող է նպաստել 21-րդ դարում մարդու և ազգային փոքրամասնությունների պաշտպանության մեխանիզմների գերակայության վրա հիմնված համակեցության հաստատմանը:

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Գյումրիում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունը ցնցել է բոլորիս:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ ողջ մնացած փոքրիկին մաղթում շուտափույթ ապաքինում: Հույս ենք հայտնում, որ հանցագործությունն ամբողջությամբ կբացահայտվի, և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
13.01.2015

 

Հանրային խորհրդի արձագանքը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հարցազրույցին

Մենք` ՀՀ Հանրային խորհրդի անդամներս, խորին հարգանք տածելով Ռուս Ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հանդեպ, անհրաժեշտ ենք համարում հանդես գալ հայտարարությամբ` վերջինիս կողմից ս.թ. հունվարի 7-ին «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հեռուստալրագրող Դմիտրի Կիսիլյովի հետ հարցազրույցի ընթացքում արտահայտած որոշ նկատառումների վերաբերյալ:
Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնված ազգերի շրջանում տարակուսանք է առաջացրել Պատրիարքի այն պնդումը, թե Օսմանյան կայսրությունն իր հպատակների համար եղել է կարգուկանոնի ու խաղաղության երաշխավոր: Պատրիարք Կիրիլը` որպես քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունների պատմության բացասական օրինակ, բերել էր մահմեդականների կողմից քրիստոնեական Բյուզանդիայի նվաճման փաստը` «մոռանալով» նշել այդ մահմեդականների էթնիկ պատկանելությունը: Ուստի անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Բյուզանդիան նվաճվել է թուրք օսմանների կողմից, և հենց այդ նվաճման արդյունքում էլ ստեղծվել է Օսմանյան կայսրությունը: Իսկ որպես դրական օրինակ` Պատրիարքը կրկին բերել էր նույն Օսմանյան կայսրությունը` պնդելով, որ այնտեղ իբրև թե քրիստոնյա ժողովուրդներին ոչ ոք չէր ոչնչացնում:
Վերջին տարիներին Ռուսաստանում և բազմաթիվ այլ երկրներում Թուրքիան նպատակաուղղված ձևավորում է Օսմանյան կայսրության «ռոմանտիկ» կերպար` որպես հանդուրժողական պետություն, որը շատ ուշադիր էր իր հպատակների բոլոր պահանջների և իրավունքների նկատմամբ: Ցավոք, Թուրքիայի լոբբիստական գործունեությունն իր ազդեցությունն է թողել նաև ռուսական ակադեմիական շրջանակների որոշ ներկայացուցիչների վրա: Անհրաժեշտություն չկա մեկ անգամ ևս անցնել օսմանյան պատմության արյունալի արահետով, որը մինչ օրս չսպիացող վերքեր է թողել Բալկաններում, Կովկասում և Մերձավոր Արևելքում: Այդ վերքերը վստահորեն կարելի է կոչել սուլթանների և երիտթուրքերի կողմից վարած անմարդկային քաղաքականության և իրականացրած ցեղասպանությունների վկայություն: Իր գոյության ընթացքում Օսմանյան կայսրությունը վարել է արյունալի պատերազմներ հարևան երկրների հետ, նվաճել և կորցրել տարածքներ` ամայացնելով հսկայական տարածություններ և ոչնչացնելով հարյուր հազարավոր տեղաբնակ ժողովուրդների: Այդ ժամանակահատվածում ստեղծվել է նախադեպը չունեցող և կատարելության բարձրագույն աստիճանի հասած բռնատիրական համակարգ, որը և դարձել էր թուրքական ազգային քաղաքականության հիմնասյունը: Բալկանյան ժողովուրդների, հայերի, հույների, ասորիների և այլ ազգերի բռնի թուրքացումն ու իսլամացումը. ահա թե որն է օսմանյան նախագծի «հաջողությունը»:
Իրենց պատմական հայրենիքում 1.5 միլիոն քրիստոնյա հայերի, ինչպես նաև հույների և ասորիների ցեղասպանությունները, ողջ քրիստոնյա բնակչության ու նրա ստեղծած հարուստ ժառանգության ոչնչացումն ու թալանը Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի տարածքում պատմական փաստ է, որը կասկածի կամ ժխտման ենթակա չէ: Ավելին, հայերի ցեղասպանությունն ուղեկցվում էր հայրենազրկմամբ իր պատմական, Աստծո կողմից տրված Հայրենիքից:
Օսմանյան Կայսրությունը եղել է, իսկ ժամանակակից Թուրքիան այսօր էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդն է, և դրա վառ ապացույցն են Սիրիայի վերջին իրադարձությունները:
Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն ունի հստակ դիրքորոշում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության հարցի վերաբերյալ, որը հաստատվել է Ռուսաստանի օրենսդիր մարմնի կողմից: Մի շարք այլ երկրների ղեկավարների հետ մեկտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը: Իսկ ահա քրիստոնյա հպատակների նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից իրականացված բռնության և ցեղասպանության պետական քաղաքականության արդարացումը, օսմանյան տիրապետության աղետալի հետևանքների մասին լռությունը և առավել ևս պատմության նման մեկնաբանումը ոչ մի ընդհանրություն չունեն պատմական իրողության հետ:
Մենք միշտ հարգանքով լսում էինք Պատրիարք Կիրիլի քարոզները` ընկալելով դրանք որպես տիեզերական բարեգթության դրսևորում, տեսնելով դրանց մեջ բացարձակ ճշմարտություն և արդարություն: Համոզված ենք, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների և մահմեդականների համակեցության և հանդուրժողականության վերաբերյալ պատրիարք Կիրիլի կողմից հեռուստաեթերում հնչեցրած անհաջող օրինակը պարզապես վրիպում է` հեռու ճշմարտությունից և արդարությունից:

19.01.2016 թ.

 

Հանրային խորհրդի դիմումը Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ

Հանրային խորհուրդը նամակ է հղել Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային (որի կազմում ընդգրկված են 70-ից ավելի երկրների հանրային խորհուրդներ՝ այդ թվում նաև ՀՀ Հանրային խորհուրդը)` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտական գործողությունների վերսկսման և դրանից բխող հետևանքների վերաբերյալ:

Հարգելի գործընկերներ,
1994 թ. զինադադարի կնքումից ի վեր Լեռնային Ղարաղաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով ադրբեջանական զինված ուժերի չդադարող սադրանքներն ու դիվերսիոն գործողությունները մտել են նոր փուլ՝ սպառնալով վերաճել լայնամասշաբ պատերազմի:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը դիմել է հարձակողական սադրիչ գործողությունների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով` սկսելով լայնածավալ մարտական գործողություններ, որոնք աննախադեպ էին 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Ադրբեջանի կողմից կիրառվել է զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ, օգտագործվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ծանր տեխնիկա և այլ համակարգեր, որոնք մինչ այդ չեն կիրառվել: Փաստորեն, սա նշանակում է 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագրի միակողմանի կասեցում և նոր պատերազմի սկիզբ:
Հակառակորդը սադրիչ հարձակումների հենց սկզբից թիրախավորել է հայկական քաղաքացիական բնակավայրերը, որի հետևանքով դպրոցի բակում զոհվել ու վիրավորվել են երեխաներ: Կարճ ժամանակահատվածում ներխուժելով հայկական գյուղ` ադրբեջանցի զինվորներն ամենադաժան ձևով սպանել ու գազանաբար խոշտանգել են խաղաղ բնակիչներին` իրենց տներում:
Այն, որ ռազմական գործողությունները սկսել է ադրբեջանական կողմը, վկայում են բազմաթիվ փաստեր: Ադրբեջանական պաշտոնական հայտարարություններից արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ իրենք են նախահարձակ եղել, որպեսզի ռազմական ձևով լուծեն բանակցությունների մեխը հանդիսացող խնդիրը: Մինդեռ Հայաստանը եղել և շարունակում է հավատարիմ մնալ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի համար այլ երկրի կազմի մեջ մտնելու գաղափարն այլևս անընդունելի է, և ժողովուրդը երբեք չի համակերպվի այդ մտքի հետ: Լեռնային Ղարաբաղն իր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը ձեռք է բերել սահմանադրական ճանապարհով, հաղթել պարտադրված պատերազմում և այսօր էլ իրավացիորեն պայքարում է իր անկախության և ինքնորոշման պահպանման համար` ստիպված լինելով պատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
Իրադրության սրման գործում լուրջ դերակատարում ունի ԵԱՀԿ մասնակից երկիր Թուրքիան, որը կարծում է, թե «քարտ բլանշ» ունի տարածաշրջանում, քանի որ «փրկում է» Եվրոպան փախստականներից: Այսօր Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում և բացահայտ պատերազմ է հրահրում` քաջալերելով Ադրբեջանի ծայրահեղ վտանգավոր գործողությունները, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ առաջ բերել ողջ տարածաշրջանում:
Հաշվի առնելով իրադրության լրջությունն ու վտանգը ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների համար, այլև տարածաշրջանի և ավելի գլոբալ տեսանկյունից, ինչպես նաև հասկանալով, որ խնդիրը հնարավոր է լուծել սկզբնավորման փուլում և խուսափել ցավալի հետևանքներից` դիմում ենք ձեզ, որպեսզի դուք, օգտագործելով ձեր բարձր հեղինակությունն ու ազդեցությունը, խնդիրը ներկայացնեք ձեր հասարակություններին և ակնկալեք միջազգային հանրության անաչառ գնահատականն ու պահանջը` դադարեցնել Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններն ու գնալ խնդրի կարգավորման բացառապես խաղաղ ճաապարհով:
Ստեղծված իրավիճակում նաև ակնհայտ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն այլընտրանք չունի և տարածաշրջանի խաղաղ գոյակցության միակ երաշխիքն է:
05.04.2016


Հանրային խորհրդի հայտարարությունը ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Վերջին շաբաթներին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մարտահրավեր ու փորձություն էին մեր երկրի համար, որի ընթացքում մեր հասարակությունը ենթարկվեց ֆիզիկական ու հոգեբանական լուրջ ցնցումների: Ցավոք, չհաջողվեց խուսափել նաև զոհերից ու վիրավորներից, ինչի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի և ենթասպա Յուրա Տեպանոսյանի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում այս իրադարձությունների հետևանքով վիրավորված բոլոր անձանց: Ակնկալում ենք սպանությունների անաչառ հետաքննություն և գործի ամբողջական բացահայտում:
Դատապարտելով զենքի ուժով հարցեր բարձրացնելու և փոփոխություններ պահանջելու ճանապարհը` միաժամանակ գտնում ենք, որ բոլորս պարտավոր ենք հաշվի նստել այդ իրողության հետ, քանի որ դա արտացոլում է մեր երկրում առկա խորքային լուրջ խնդիրները:
Դատապարտում ենք հուլիսի 29-ին ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության առանձին ծառայողների և կասկածելի քաղաքացիական անձանց կողմից կիրառված անհամաչափ ուժը, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերն ու ձերբակալությունները, որոնք լրջորեն հարված հասցրեցին մեր երկրի ժողովրդավարական արժեքներին ու միջազգային հեղինակությանը:
Գտնում ենք, որ իշխանությունները պետք է հետամուտ լինեն և բացահայտեն տեղի ունեցածը` մեղավորներին պատժելով օրենքի ողջ խստությամբ:
Միաժամանակ դատապարտում ենք մի խումբ անձանց արկածախնդիր որոշումները, որոնց սադրիչ գործողությունների հետևանքով ցույցի մասնակիցները հայտնվեցին վտանգավոր ու անկանխատեսելի իրավիճակում:
Կարծում ենք, որ և՛ իշխանությունները, և՛ հասարակությունը պետք է լրջորեն մտորեն վերջին օրերին ծավալված իրադարձությունների մասին:
Ակնկալում ենք, որ իշխանությունները հետևություններ կանեն, հանգամանորեն կվերլուծեն տեղի ունեցածը, համարժեք գնահատականներ կտան և համապատասխան քայլեր կձեռնարկեն` մեր երկրի առջև դնելով որակապես նոր պետություն ունենալու տեսլական և սկսելով լուրջ բարեփոխումներ երկրի ներսում:
Ինչպես շեշտել էինք ս.թ. հուլիսի 19-ին կայացած ՀԽ արտահերթ նիստում, իրադրության կարգավորումից հետո պետք է ապահովվի լայն երկխոսություն իշխանությունների և հասարակության տարբեր շերտերի միջև Հայաստանի առջև ծառացած խնդիրների` հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ: Իշխանությունները պետք է հնարավորինս բաց և թափանցիկ ձևով հասարակության հետ քննարկեն Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված քայլերն ու հեռանկարները` ապահովելով երկխոսության լայն հարթակ և հասարակության համար չթողնելով մութ կետեր ու կասկածներ:
Դրական ենք գնահատում զինյալ խմբի գործողությունների նկատմամբ իշխանությունների զսպվածությունը, որը կանխեց խնդրի հանգուցալուծման առավել ծայրահեղ հետևանքները:
Դրական ենք համարում նաև զինյալ խմբի որոշումը` վայր դնել զենքը հետագա առճակատումից խուսափելու համար:
Միաժամանակ, հորդորում ենք խմբավորման աջակիցներին իրենց պայքարը տեղափոխել առավել քաղաքակիրթ դաշտ` համախմբվելով գաղափարական և հստակ տեսլական ունեցող ծրագրային պայքարի շուրջ:
Հաշվի առնելով զինյալ խմբի անդամների կողմից առանց արյունահեղության հանձնվելը` պատկան մարմիններին կոչ ենք անում հնարավորինս մեղմ գտնվել պատժի սահմանման գործում` առանձին քննելով տեղի ունեցած սպանություներն ու մեղավորների նկատմամբ համապատասխան պատժի սահմանումը:
01.08.2016


Հանրային խորհրդի նամակը՝ ուղղված Բելառուսի նախագահին բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով


Մեծարգո պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը դիմում է Ձեզ հայտնի բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցի կապակցությամբ:

Ղարաբաղյան հիմնախնդիրը միայն երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ, այն տարածաշրջանային, գլոբալ անվտանգության նշանակություն ունեցող խնդիր է, որի խաղաղ կարգավորման ուղղությամբ համապատասխան ջանքեր են գործադրվում միջազգային հանրության կողմից: Դրան զուգահեռ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլև բազմաթիվ միջազգային հասարակական կազմակերպություններ, անհատներ, պետական ու քաղաքական գործիչներ այցելում են Երևան, Ստեփանակերտ և Բաքու` փորձելով գտնել հիմնախնդրի կարգավորման հնարավոր փոխզիջումային տարբերակը: Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցը խիստ մտահոգիչ է հատկապես այդ տեսանկյունից:
Միայն այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանը 180 լրագրողների հայտարարել է «personae non grata», իսկ Ադրբեջանի ԱԳՆ կողմից 2016 թ. դեկտեմբերի 7-ին թարմացված «սև ցուցակում» արդեն իսկ ընդգրկվել է 623 անձ՝ ներառյալ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն և օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, վկայում է, թե ինչպես է Ադրբեջանը պատկերացնում ժողովուրդների միջև համերաշխության հաստատումը: Հարկ ենք համարում նշել, որ այդ ցուցակում ներառված է նաև Բելառուսի հինգ քաղաքացի:

Երկու կարծիք չկա, որ Ադրբեջանի ներկայացրած հիմնավորումներով Լապշինի արտահանձնումը կգնահատվի որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների` մասնավորապես ազատ խոսքի և ազատ տեղաշարժի կոպտագույն խախտում:
Համոզված ենք, որ Բելառուսն այս հարցում հավատարիմ կմնա իրեն բնորոշ հավասարակշիռ քաղաքականությանը, կառաջնորդվի միջազգային սկզբունքներով և Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշում չի կայացնի:


17.01.2017 թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2010 թ. հուլիսի 7-ին Նյու Յորքում կայացած Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (AICESIS/ ՏՍԽՀԻՄԱ) Ընդհանուր վեհաժողովի ժամանակ ՏՍԽՀԻՄԱ-ի նախագահության ներկայացմամբ ՀՀ Հանրային խորհուրդը դարձել է միջազգային այդ կառույցի անդամ:
Հանրային խորհրդի պատվիրակությունները մասնակցել են ՏՍԽՀԻՄԱ-ի բոլոր Ընդհանուր վեհաժողովների աշխատանքներին (2010 թ.՝ Նյու Յորք, 2011 թ.` Հռոմ, 2012 թ.՝ Ռիո դե Ժանեյրո, 2013 թ.՝ Ալժիր, 2014 թ.՝ Բուխարեստ), ինչպես նաև մի շարք թեմատիկ խորհրդակցությունների:
2015թ. ՀՀ Հանրային խորհուրդը դարձել է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միության անդամ (UCESIF):
Փոխադարձ այցելությունների ընթացքում ստորագրվել են համագործակցության երկկողմ համաձայնագրեր Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհուրդի, Ռուսաստանի հասարակական պալատի, Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհուրդի, Պորտուգալիայի, ինչպես նաև Բրազիլիայի տնտեսական և սոցիալական խորհուրդների հետ: Ուկրաինայի տնտեսական և սոցիալական խորհրդի և Ռուսաստանի հասարակական պալատի հետ ՀՀ Հանրային խորհուրդը 2011 թ. կնքել է եռակողմ համագործակցության պայմանագիր:

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՐԱԳՐՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ

2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրային խորհուրդը ձեռք է բերել սահմանադրական կարգավիճակ՝ դառնալով Կառավարության խորհրդակցական մարմինը: Միաժամանակ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածով սահմանվել է, որ Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
2018 թ. մարտի 7-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատել է «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը:
 

← Վերադառնալ ցուցակին