ՀՀ Հանրային խորհրդի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

21.12.2011

14 դեկտեմբերի 2011թ.

Նիստին ներկա էին հանձնաժողովի կոլեգիայի 13 անդամներից 7-ը` հանձնաժողովի նախագահ Գ. Բադիրյանը, կոլեգիայի անդամներ Մ. Ատովմյանը, Ի. Արշակյանը, Ա. Զոհրաբյանը, Խ. Հարությունյանը, Ա. Տեր-Տաճատյանը, կոլեգիայի քարտուղար Կ. Վարդանյանը:
Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Գ. Բադիրյանի առաջարկությամբ միաձայն հաստատվեց նիստի աշխատակարգը` զեկուցողներին ելույթի տևողությունը սահմանել ոչ ավելի քան 10 րոպե, հարց ու պատասխանին հատկացնել 20 րոպե, մտքերի փոխանակության ընթացքում յուրաքանչյուր ելույթի տևողությունը սահմանել ոչ ավելի, քան 5 րոպե:
Օրակարգում ընդգրկված էր 1 հարց:
1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքների ընդունման համար ՀՀ քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված ընթացակարգը (Զեկուցող` Ա. Զոհրաբյան):

Իր զեկույցում Ա. Զոհրաբյանը ներկայացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանում բողոքների ընդունման հետ կապված խնդիրները` հատկապես կարևորելով այն հանգամանքը, որ վճռաբեկ դատարանի կողմից հաճախ կիրառվում է բողոքները առանց պատճառաբանության վերադարձնելու պրակտիկան, ինչի արդյունքում բողոքաբերը հնարավորություն չի ունենում օգտվելու դատական պաշտպանության իրավունքից, ինչպես նաև ավելացնել վճռաբեկ դատարանի դատավորների թվաքանակը և վճռաբեկ դատարանի պալատներում ստեղծել ենթապալատներ (օրինակ` յուրաքանչյուր ենթապալատ 3 դատավորներ, իսկ նախագահող 1, որը ռոտացիոն կարգով կփոխվի), որոնք բողոքների քննության արդյունքում կընդունեն ըստ էության որոշումներ, իսկ եթե օրենքի միատեսակ կիրառության հարց առաջանա, ապա բողոքը կքննի ամբողջ կազմով պալատը:

Ա. Տեր-Տաճատյանը ներկայացրեց իր դիրքորոշումը հարցի կապակցությամբ` նշելով, որ Վճռաբեկ դատարանի ինստիտուտը չի կարող դիտարկվել առանձին ողջ դատական համակարգից և բարեփոխումների կարիք կա ողջ դատաիրավական համակարգում:
Մտքերի փոխանակման ընթացքում Գ. Բադիրյանը, Մ. Ատովմյանը, Ի. Արշակյանը, Խ. Հարությունյանը, Կ. Վարդանյանը անդրադարձան «գործը քննության ընդունել» եզրույթի ճշգրիտ սահմանմանը, վճռաբեկ դատարանի դերի սահմանմանը, վերաքննիչ դատարանների կայացրած դատական ակտերի ուժի մեջ մտնելու ընթացակարգին: Կոլեգիայի անդամները միակարծիք էին այն հարցում, որ վճռաբեկ դատարանի ընդունած դատական ակտը պետք է պատճառաբանվի և հիմնավորվի:
Կոլեգիան միաձայն որոշեց առաջարկել Հանրային խորհրդին նշված հարցի լուծման նպատակով օրենսդրության լրամշակման համար ձևավորել աշխատանքային խումբ:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Գ. ԲԱԴԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին