ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի համատեղ կլոր սեղան - քննարկման Արձանագրություն

20.12.2011

15.12.11թ.

Օրակարգում՝ «Պաշտպանելու պարտավորություն (R2P). hամախմբելով հանրային և քաղաքական կամքը» ծրագրի քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի անդամներ, R2P ծրագրի ազգային համակարգողը (ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա) շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրված լրագրողներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՀԽ ՔՀԿՀ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով ներկաներին` նա հակիրճ ներկայացրեց ՄԱԿ-ի ասոցիացիաների համադաշնության խնդիրներն ու գործառույթները, կարևորեց R2P ծրագրի նշանակությունը մասնավորապես ցեղասպանության, բռնի տեղահանության ու հալածանքների ենթարկված, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների զոհ դարձած ժողովուրդների համար: Ապա քննարկումը վարելու և միջոցառման աշխատակարգը ներկայացնելու համար խոսքը փոխանցվեց ՀՀ ՀԽ ՔՀԿՀ կոլեգիայի անդամ, ոչ կառավարական կազմակերպությունների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Էդգար Հակոբյանին:
Էդ. Հակոբյանը ներկաների հաստատմանը ներկայացրեց քննարկման աշխատակարգը և հայտնեց իր կարծիքը R2P ծրագրի վերաբերյալ. այն դրական ազդեցություն կարող է ունենալ ինչպես աշխարհում, այպես էլ մեր տարածաշրջանում իրականացված հանցագործությունների դատապարտման, այնպես էլ հետագայում դրանց կանխարգելման առումով: Եվ հատկանշական է այն, որ R2P պիլոտային ծրագիրը առաջինը Եվրոպայում իրականացվում է Հայաստանում, որը կարելի է ցուցիչ համարել մեզանում քաղաքացիական հասարկության կայացման վերաբերյալ:
R2P ծրագիրի էությունն ու բաղադրիչները ներկայացնելու նպատակով խոսքը փոխանցվեց ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի անդամ, ծրագրի ազգային համակարգող Ամալյա Գրիգորյանին:
Ամալյա Գրիգորյանը համառոտ ներկայացրեց ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության (WFUNA- www.wfuna.org) կողմից նախաձեռնած, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի (AUNA- www.auna.org) համագործակցությամբ իրականացվող ծրագիրը. «պաշտպանելու պարտավորությունը» ` Responsibility to Protect (R2P), միջազգային նորմ է, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 2005թ-ին տեղի ունեցած համաշխարհային գագաթնաժողովում և ուղղված է ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների կանխարգելմանը:
Ծրագրի նպատակն է բարձրացնել R2P նորմի վերաբերյալ իրազեկության մակարդակը քաղաքական գործիչների, գիտնականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների շրջանում: Ծրագիրը հատկապես շեշտադրում է միջազգային հանրության հումանիտար պարտավորությունը` տրամադրելով R2P նորմի քննադատական հետազոտություն, միաժամանակ պարզաբանելով, թե ինչպես կարող է վերջինս օգտագործվել որպես քաղաքացիական պաշտպանության և հակամարտությունների կանխարգելման գործիք:
Ծրագիրը նպատակ ունի համախմբել հանրային և քաղաքական կամքը` կանխարգելելու և անհրաժեշտության դեպքում, ուժեղացնելով R2P-ն, կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:
Ծրագիրը ամբողջանում է 3 հիմնասյուներում՝
1. Ինքնիշխան պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց բնակչությանը ցեղասպանությունից, էթնիկ զտումից, ռազմական հանցագործություններից, մարդկության դեմ ոճրագործություններից, ինչպես նաև նմանատիպ հանցագործությունների հրահրումից:
2. Միջազգային հանրությունը պարտավոր R2P-ի իրականացման գործում է քաջալրել և աջակցել պետություններին:
3. Պետության ձախողման դեպքում, միջազգային հանրությունը պարտավոր է “միջամտել”:
Ներկայացման ավարտին, Ամալյա Գրիգորյանը խնդրեց ներկաներին իրենց կարծիքները, առաջարկությունները և դիտողությունները հայտնել ծրագրի վերաբերյալ և նշել այն փոփոխությունները, որոնք ծրագիրը ավելի արդյունավետ կդարձնեն:
Ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին և ելույթներ ունեցան Հովհաննես Հովհաննիսյանը, Էդգար Հակոբյանը, Արմինե Ադիբեկյանը, Իրինա Սահրադովան, Էդուարդ Եդիկիսիլյովը, Թամարա Աբրահամյանը, Արսեն Ավանեսյանը:
• Հ.Հովհաննիսյանը (ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով) նկատեց, որ քաղաքացիական հասարակության հաստատությունները ուրույն դեր կարող են ունենալ ծրագրի հիմնադրույթների իրազեկման գործում: Կարևորեց նաև ՀՀ Հանրային խորհրդի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հնարավոր համագործակցությունը հայերի դեմ իրականացված ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների իրականացման շրջանակներում:
• Ա.Ադիբեկյանը (Քսենոֆոբիայի կանխարգելման նախաձեռնություն ՀԿ) խոսեց այն մասին, թե այսօր Հայաստանը Թուրքիայի կողմից մեղադրվում է ցեղասպանության գործողությունների մեջ և հարցրեց, թե ծրագիրը ինչպես կարող է աջակցել պատմական իրողությունների ճիշտ մատուցմանը, որպեսզի ապագայում չմեղադրվենք նաև ասորիների ցեղասպանության գործողությունների մեջ:
• Ի. Գասպարյանը(Հայաստանի ասորիների դաշնություն) ասաց, որ ասորիները և հայերը հիմնել են մի կենտրոն, որը կոորդինացնում է ասորիների և հայերի հարաբերությունները աշխարհի տարբեր կետերում: Նաև օրինակ բերեց այն, որ ասորիները այժմ պայքարում են, որպեսզի Իրաքում ունենան ավտոնոմիա, քանի որ քրդերը արդեն սկսել են ոչնչացնել ասորիներին, իսկ միջազգային կառույցները ոչ մի գործողությունների չեն դիմում: Նա հայտնեց իր կարծիքը նաև այն բանի վերաբերյալ, որ եթե 20-րդ դարի սկզբի ցեղասպանությունը չընդունվեն, ապա հնարավոր չի լինի կանխել նոր ցեղասպանությունները և ոճրագործություններր:
• Էդ. Եդիկիսելյովը (ՀԽՔՀԿ հանձնաժողով «Ոչ կառավարական կազմակերպությունների հարցերի» ենթահանձնաժողովի անդամ) իր ելույթում ասաց, որ պետք է միանալ այդ ծրագրին, ինչպես նաև թուրքերի կողմից ասորիների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը դատապարտող կոչ-հայտարարությանը, քանզի ըստ ամենայնի պետք է դատապարտել և կանխելել մեր օրերի ցեղասպանությունները:
• Թ. Աբրահամյանն («Արազա» ՀԿ) ասաց, որ եթե R2P ծրագիրը չի դատապարտում անցյալը և չի սանձնում ներկայում իրականացվող հանցագործությունները, ապա այն չի կարող ապագա ունենալ:
• Ա. Ավանեսովը (Հույսի կամար ՀԿ) կարևորեց քաղաքացիական հասարակության հաստատությունների մասնակցությունը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման և դատապարտման շարժմանը:
Ամփոփելուվ քննարկման արդյունքները` Հ.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՔՀԿՀՀ ոչ կառավարական կազմակերպությունների ենթահանձնաժողովին և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիային հետաքրքիր միջոցառման կազմակերպման համար, կոչ արեց ներկաներին մտածել, թե ինչով կարող է օգտակար լինել այս ծրագիրը մեր երկրին և առաջարկեց դիմել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակին, ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնությանը, ՄԱԿ-ի հայական ասոցիացիային, առաջարկելով «Պաշտպանելու պարտականություն»(R2P) ծրագրի բաղադրիչների շարքում ամրագրել նաև «նախկինում կատարված հանցագործությունների (ցեղասպանության, ռազմական և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների, էթնիկ զտումների) ճանաչման և դատապարտման անհրաժեշտության» սկզբունքը:
Եզրափակելով կլոր սեղանի աշխատանքները` Է.Հակոբյանը առաջարկեց R2P ծրագրի ազգային համակարգող Ա. Գրիգորյանին քննարկան ընթացքում ներկայացված հիմնական և օժանադակ նյութերը էլեկտրոնային տարբերակներով տրամադրել միջացառման մասնակիցներին:

ՀՀ Հանրային խորհուրդ
ք.Երևան

← Վերադառնալ ցուցակին