Հանրային խորհրդի 15-րդ /տասնհինգերորդ/ լիագումար նիստ

15.12.2011

Նիստին մասնակցում էին ՀԽ 36 անդամներից 28-ը, բացակայում էին՝ Ռոբերտ Ամիրխանյանը, Կարեն Բեքարյանը, Հովհաննես Զանազանյանը, Ստեփան Գիշյանը, Հովհաննես Թադևոսյանը, Բաբկեն Հարությունյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Սոս Սարգսյանը:

Օրակարգում.

1. Հաշմանդամ օդաչուների քաղաքացիական իրավունքների խախտումների մասին հարցը /զեկուցող՝ ՀՀ ՀԽ անդամ Ա. Տեր-Տաճատյան/: Տեղեկատվություն:
2. Հեռուստառադիոեթերի մշտադիտարկման խորհրդի կողմից կատարված որոշ դիտարկուների վերաբերյալ /զեկուցող՝ ՀԽ անդամ Հ.Դեմոյանը/: Տեղեկատվություն:
3. ՀՀ-ում վարելահողերի օգտագործման վիճակի մասին հարցը /զեկուցող՝ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յու. Ջավադյան/: Որոշման նախագիծ:
4. ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի և նրա բարելավման մասին հարցը
/զեկուցող՝ ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կ. Առաքելյան/: Տեղեկատվություն:

ՀՀ ՀԽ լիագումար նիստին ներկա էին հրավիրվածներ ՀՀ պետական ագրարային համալսարանից, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կոլեգիայից և հանձնաժողովի անդամներից:

ՀՀ ՀԽ նախագահ Վ. Մանուկյանը ներկայացրեց լիագումար նիստի օրակարգը, որը միաձայն հաստատվեց ՀԽ անդամների կողմից:

ՀՀ ՀԽ նախագահ Վ. Մանուկյանի առաջարկով օրակարգի 2-րդ և 3-րդ հարցերը տեղերով փոխվեցին՝ պայմանավորված գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի մարզից հրավիրված բազմաթիվ մասնակիցների ժամանակին ետ վերադառնալով: Այն դրվեց քվերկության և անցավ միաձայն:

Վ. Մանուկյանը հիշեցման կարգով տեղեկացրեց ՀԽ 12 հանձնաժողովի նախագահներին մինչև տարեվերջ ներկայացնեն հաշվետվություն՝ կատարված աշխատանքների մասին:

Օրակարգի 1-ին հարցով՝
Հաշմանդամ օդաչուների քաղաքացիական իրավունքների խախտումների վերաբերյալ

ԼՍԵՑԻՆ
Ա. Տեր-Տաճատյանին /ՀՀ ՀԽ անդամ/, որը ներկայացրեց <<Հաշմանդամ օդաչուներ>> հ/կ բարձրացրած հարցը, որով պահանջում են հաշմանդամ օդաչուների քաղաքացիական իրավունքների վերականգնում: Նա կարևորեց այս հարցի լուծումը ոչ միայն հաշմանդամ օդաչուների, այլև մնացած բոլոր նույն կարգավիճակում գտնվող (մասնագիտական հաշմանդամություն ձեռք բերած) անձանց նկատմամբ:
Վ. Մանուկյանը հանձնարարեց ՀԽ 4 հանձնաժողովներից /պետաիրավական, ֆինանսատնտեսական և բյուջետային, առողջապահական և սոցիալական, քաղաքացիական հասարակության կայացման/ կազմել միջհանձնաժողովային աշխատանքային խումբ, որը կփորձի մշակել օրենք՝ օդաչուների խախտված իրավունքները, ինչպես նաև նմանատիպ խնդիր ունեցողների իրավունքները պաշտպանելու համար:

Օրակարգի 2-րդ հարցով՝

ՀՀ-ում վարելահողերի օգտագործման վիճակի վերաբերյալ

ԼՍԵՑԻՆ
Յու. Ջավադյանին /ՀՀ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ/: Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ հարցը մանրամասնորեն քննարկվել և ուսումնասիրվել է հանձնաժողովի կողմից, ինչպես նաև նշեց, որ ՀՀ Կառավարությունը հաստատել է <<ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը և ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> որոշում, որտեղ հատուկ առանձնացվել է վարելահողերի հարցը: Այս նպատակով ՀՀ Պետական ագրարային համալսարանի համապատասխան մասնագետները և հանձնաժողովի անդամները համատեղ մշակել են հարցաթերթ - հարցաշար, որի հիմնական նպատակն էր ուսումնասիրել վարելահողերի չմշակելու պատճառները: Հարցումների ամփոփումից հետո պարզվեց, որ հիմնական պատճառներն են.
• հողի ճահճացումը
• գերխոնավացումը
• ոռոգման ցանցի անսարքությունը
• ջրի անբավարարությունը, անհասանելիությունը և անմատչելիությունը
• գյուղտեխնիկայի անբավարար քանակությունը
• սերմերի անորակությունը
• պարարտանյութերի բարձր գները
• վարելահողերի բնակավայրերից հեռու գտնվելը
• վարելահողերի մասնատվածությունը և փոքր չափերը
• մատուցված ծառայությունների թանկությունը
• և այլն

Հիմք ընդունելով ուսումնասիրությունների արդյունքները Յու. Ջավադյանը առաջարկեց պետության աջակցությունը՝
• սուբսիդավորման
• սուբսիդավորման ծրագրի մշակման
• մատչելի վարկերի տրամադրման հարցերում

Յու. Ջավադյանի ելույթից հետո հնչեցին բազմաթիվ հարցեր և ելույթներ:

Վ. Մանուկյանը քվեարկության դրեց՝ հավանություն տալ աշխատանքային խմբի մշակած փաթեթին և հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները որոշման հետ միասին ուղարկել ՀՀ կառավարություն:

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՅՈՒՐԻ ՋԱՎԱԴՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՐԴԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ

Բոլոր 28 ներկա ՀԽ անդամները միաձայն կողմ քվեարկեցին որոշմանը:

Օրակարգի 3-րդ հարցով՝

Հեռուստառադիոեթերի մշտադիտարկման խորհրդի կողմից կատարված որոշ դիտարկուների վերաբերյալ

ԼՍԵՑԻՆ

Հ. Դեմոյանին /ՀՀ ՀԽ անդամ /- խոսելով հայկական հեռուստաեթերի մասին նշեց, որ 2 տարի առաջ Հանրային խորհրդի նախաձեռնությամբ, հեռուստաալիքների մեծ մասին կողմից ստորագրվեց փաստաթուղթ /խարտիա/, որը իրավական հետևանքներ չունեցավ, և եթե 2 տարի առաջ հայկական եթերով միայն ցուցադրվում էր, ապա այսօր գովազդվում և մասայականացվում են մի շարք արատներ, մասնավորապես՝ մասայական սպանություններ, բռնաբարություն, կտտանքներ, իսկ սպանության գործիքները ներկայացվում են գեղագիտական տեսանկյունից և Գլենդելյան արատավոր բարքերը տեղափոխվում են հեռուստաեթեր: Այս ամենը թափանցել է նաև Էլեկտրոնային ԶԼՄ-ներ, որպես գովազդի միջոց: Նա առաջարկեց, որպեսզի ՀԽ կողմից կրկին անգամ բարձրացվի այս հարցը և կանխվի բանդիտիզմ գովազդող այս գործիքը, որը ամենաէֆեկտիվն է ազդում դիտորդի վրա, որի համար պետք է ունենալ մշակված փաստաթուղթ և ներկայացնել համապատասխան մարմիններին:

Ելույթ ունեցան նաև ՀԽ անդամներ` Հ. Մուսայելյանը, Տեր Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Խ. Հարությունյանը, Ս. Զոլյանը, Ե. Վարդանյանը, Ռ. Աթոյանը, Ա. Սադոյանը, Կ. Առաքելյանը, Գ. Մանասյանը:

Վ. Մանուկյանին, որը համակարծիք լինելով ելույթ ունեցողների հետ առանձնացրեց 3 կետ.
• հեռուստատեսությամբ բարոյական նորմերի զանգվածային քարոզչություն իրականացնելը;
• ՀՀ Նախագահին առջև ևս մեկ անգամ հարց բարձրացնելը;
• <<Հեռուստատեսության և ռադիոյի մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը:

Օրակարգի 4-րդ՝ ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի և նրա բարելավման մասին հարցը Վ. Մանուկյանի առաջարկությամբ տեղափոխվեց հաջորդ լիագումար նիստ:

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Վ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

14.12.2011 թ. ք.Երևան

← Վերադառնալ ցուցակին