Արձանագրություն ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի լսումների

08.07.2011

24.06.2011թ.

Օրակարգում` «ՀՀ-ում կենսաչափական տվյալներով անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման գործընթացը. կողմ և դեմ փաստարկներ»

Լսումներին մասնակցում էին ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի անդամաներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Հրավերներ էին ուղարկվել նաև ՀՀ ոստիկանության, “Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ” ՓԲԸ-ի, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, Հայ առաքելական եկեղեցու իրավասու պաշտոնյաներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հրավերքն ընդունել և լսումներին իրենց մասնակցությունն էին բերել առաջին երկու կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հիմնական բանախոսներ էին ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը և «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հ/կ նախագահ`Գևորգ Մանուկյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա առաջարկով հաստատվեց լսումների աշխատակարգը` «1)հիմնական ելույթներ, 2)հարցեր հիմանական բանախոսներին, 3)ելույթներ, 4)ամփոփում» հաջորդականությամբ:
Շնորհակալություն հայտնելով լսումների մասնակիցներին նախաձեռնության և հրավերն ընդունելու համար` Հ.Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված “ՀՀ քաղաքացու անձնագրի մասին”, “Նույնականացման քարտերի մասին” և “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հանրային խորհուրդը անհատ քաղաքացիներից, հասարակական կազմակերպություններից ստացել է մտահոգություններ բովանդակող նամակներ և դիմումներ, որոնցում բարձրացված հարցերի քննարկման նպատակով էլ կազմակերպվել են սույն լսումները: Բանախոսը նշեց նաև, որ ըստ ՀՀ ոստիկանության ներկայացրած հիմնավորումների` կենսաչափական տվյալներով անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրումը պայմանավորված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001թ. 1373 բանաձևի (որի համաձայն` ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի, արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ), Եվրոխորհրդարանի 2004թ. դեկտեմբերի 2-ի որոշման և ՀՀ Նախագահի` 2008թ. մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատված “ՀՀ միգրացիայի համակարգի և ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգ ներդնելու մասին” հայեցակարգի սկզբունքների իրագործման տրամաբանությամբ: Խոսքը տրամադրելով ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանին` Հ.Հովհաննիսյանը խնդրեց անձը հաստատող փաստաթղթերի նոր համակարգի ներդրման անհրաժեշտության հիմնավորմանը զուգահեռ մեկնաբանել նաև, թե ինչ տարբերություններ կան նոր և դեռևս գործող անձնագրերի միջև, ինչ է նույնականացման քարտը, կա արդյոք տարբերություն “նույնացման քարտ” (ինչպես ձևակերպած է ՀՀ Նախագահի կողմից հաստատված հայեցակարգում) և “նույնականացման քարտ” (ինչպես ձևակերպած է ՀՀ օրենքի նախագծի տեքստում), արտահայտությունների միջև, ինչ է հանրային ծառայությունների համարանիշը և որն է լինելու դրա գործառույթային նշանակությունը :

Պարոն Մուրադխանյանը ներկայացրեց կենսաչափական տվյալներով անձնագրի և նույնականացման քարտերի առավեությունները. դրանց նպատակն է փաստաթղթերի կեղծման նվազեցումը, անձի նույնականացման հեշտացումը: Կենսաչափական տվյալներով անձագիրը լինելու է ՀՀ քաղաքացու ներկայիս անձնագրին նման, սակայն ավելանալու է տվյալների էլեկտրոնային պահոց, որը իր մեջ կներառի անձի անկետային տվյալները, լուսանկարը և երկու ցուցամատների մատնահետքերը: Առանց այս անձնագրի անձը չի կարողանա այնպիսի երկրներ մուտք գործել, որոնք իրենց երկիր մուտքը կթույլատրեն միայն նմանատիպ անձնագրերով: Ի տարբերություն անձնագրերի, որոնք քաղաքացին կարող է ստանալ արտերկիր մեկնելուց, նույնականացման քարտերը լինելու են ներքին օգտագործման համար, այն քաղաքացին ստանալու է 16 տարեկանը լրանալուն պես: Քարտը ներառելու է քաղաքացու անկետային տվյալները, լուսանկարը, իսկ մատնահետքերի փոխարեն` անձի էլեկտրոնային ստորագրությունը: “Նույնացման քարտ” և “նույնականացման քարտ” արտահայտությունների միջև բովանդակային-հասկացությային տարբերություններ չկան : Երբ որևէ քաղաքացու գործող անձնագրի ժամկետը լրանա, նա կարող է վերցնել նույնականացման քարտ, սակայն կարող է նաև հրաժարվել և ստանալ այսօրվա նմուշի նոր անձնագիր: ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետը նշեց նաև, որ այդ քարտերն ու անձնագրերը շրջանառության մեջ դնելու ժամկետները պարզ չեն. ՀՀ Ազգային ժողովը դեռևս չի ընդունել համապատասխան օրենքները:

Հ.Հովհաննիսյանը ձայն տվեց Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ`Գևորգ Մանուկյանին:

Պարոն Մանուկյանը ներկայացրեց իր բացասական դիրքորոշումը կենսաչափական տվյալներով անձնագրերի և նույնականացման քարտերի վերաբերյալ: Նա ասաց, որ այդ հարցը ունի մի քանի կողմ` հոգևոր, իրավական և սոցիալական: Նա նշեց մի քանի բացասական փաստարկներ. նույնականացման քարտերը հակասում են ՀՀ Սահմանադրությանը, հանրային ծառայությունների համարանիշների սահմանումը հակասում է կրոնական հավատի դրույթներին և խղճի ազատության սկզբունքներին: Բանախոսը հիշեցրեց նաև ՀՀ Սահմանադրական դատարանի և Մայր Աթոռի հոգևոր խորհրդի նախկին անդամ Ռ.Պապայաի բացասական դիրքորոշումը: Գ.Մանուկյանը ծանուցեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստսցված կարծիքի մասին, որ նույնականացման քարտերի պարտադիր լինելը հակասում է մարդու և քաղաքացու ազատություններին և ՀՀ սահմանադրության որոշ դրույթների: Նա ասաց, որ թեև ի պատասխան իրենց հարցումների` ՀՀ ոստիկանապետը վստահեցրել է, որ քարտերը կամավորության սկզբունքով են տրվելու, սակայն մտահոգությունները փարատված չեն:

Հ.Հովհաննիսյանը հայտնեց, որ թեև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները չեն կարողացել ներկա գտնվել լսումներին, սակայն նրանց հետ մասնավոր զրույցների արդյունքում ստացել է այն տպավորությունը, որ հոգևորականները լուրջ սպառնալիք չտեսնելով նոր համակարգի ներդրման մեջ, այնուհանդերձ գտնում են, որ հավատացյալների մոտ առակա մտահոգություններն ու աշխարհայացքային բացասական դրքորոշումները պետք է հարգվեն:
Հիմնական բանախոսներին հարցեր ուղղեցին և ելույթներ ունեցան լսումների բազմաթիվ մասնակիցներ: Մասնավորապես նրանց հուզում էին այն հարցերը, թե անձնագրի և նույնականացման քարտի էլեկտրոնային կրիչներում տեղակայվելու է արդյոք ինֆորմացիա քաղաքացու կողմից ղեկավարվող կազմակերպության գործունեության, ֆինանսական գործառնությունների մասին (Երմոնյա Գյուլասարյան-ՔՀԿՀՀ), որքան են քաղաքացիները վճարելու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (Ատոմ Վարդումյան-ՔՀԿՀՀ), կա արդյոք կաթոլիկ և իսլամադավան հասարակություններում կեսաչափական անձնագրերի և նույանականցման քարտերի համակարգի ներդրման փորձ (Էդգար Հակոբյան-ՔՀԿՀՀ), ինչ աղբյուրներից և ինչպես է ֆինանսավորվելու այդ համակարգերի ներդրման ծրագիրը(Հռիփսիմե Կիրակոսյան-«Առաքելություն Հայաստան»հ/կ):
Ի պատասխան հնչեցված հարցերի, Ն. Մուրադխանյանը պատասխանեց, որ էլեկտրոնային կրիչներում իրավաբանական անձերի մասին տեղեկատվություն չի լինելու, նույնականացման քարտի համար քաղաքացիները վճարելու են հազար դրամ, իսկ անձնագիր ստանալու համար վճարի չափը դեռևս ճշտված չէ, ուսումնասիրվել է հիմնականում եվրոպական երկրների, մասնավորապես` Լեհաստանի փորձը, համակարգի ներդրման ֆինանսական ծախսերի հիմնական մասը ամենայն հավանականությամբ հոգալու են միջազգային դոնոր կազմակերպությունները:
Ելույթ ունեցան լրագրող Արթուր Հովհաննիսյանը, Թամարա Աբրահամյանը («Արազա»հ/կ), Խաչիկ Ստամբոլցյանը: Ելույթներում հնչեցին տեսակետներ, որ անձնագրում և նույնականացման քարտերում եղած էլեկտրոնային կրիչների շնորհիվ վերահսկելի կդառան քաղաքացու անձնական կյանքն ու նիստուկացը, որ անձը հաստատող նոր փաստաթղթերի համակարգի ներդրման հաջորդ քայլը լինելու է քաղաքացիների մարմնի մեջ էլեկտրոնային նանոտեխնոլոգիաների զետեղումը:
Ի պատասխան այդ ելույթներին` էլեկտրոնային կառավարման ենթակառույցների ներդրման գրասենյակ ՓԲԸ ներկայացուցիչ Արթուր Ղուլյանը հայտնեց, որ նույնականացման քարտերի կրիչները լինելու են կոնտակտային չիփեր, իսկ անձնագրերինը` անտենաներով, որոնք, իր կարծիքով, նման բաներ չեն կարող ապահովել: Պարոն Ղուլյանը նշեց նաև, որ քարտը կհեշտացնի տարբեր տիպի տեղեկանքներ ստանալը, քարտի օգնությամբ հնարավոր կլինի տարբեր, օրինակ` բանկային գործարքներ կատարել /էլեկտրոնային ստորագրության օգնությամբ/, քարտը կապահովի գործարքների անվտանգությունը:

Ամփոփելով լսումների արդյունքները` որոշվեց դիմել ՀՀ Կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին`հետևյալ առաջարկություններով.
1. Օրենքի մակարդակով ամրագրել կենսաչափական տվյալներով անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայությունների համարանիշների ձեռքբերման կամավորության սկզբունքը:
2. Ստեղծել իրավական երաշխիքներ, որ բացառվեն անձը հաստատող նոր նմուշի փաստաթղթերից հրաժարվող և դրանց փոխարեն հին անձնագրեր կրող քաղաքացիների աշխատանքի իրավունքի սահմանափակման դեպքերը, նրանց աշխատանք տրամադրող գործատուների նկատմամբ վարչական պատժամիջոցների կիրառման պրակտիկան, ինչպես դա ներկայումս հաճախակի արձանագրվում է սոցիալական քարտերի բացակայության դեպքում:
3. “ՀՀ քաղաքացու անձնագրի մասին”, “Նույնականացման քարտերի մասին” ՀՀ օրենքների նախագծերում հստակ սահմանել էլեկտրոնային պահոցներում ամրագրվելիք կենսաչափական և անձնական տվյալների ամփոփ ցանկը` բացառելով «այլ տվյալներ», «ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված այլ տվյալների էլեկտրոնային տեղեկատվություն և այլ հավաստագրեր»` տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող արտահայտությունները և այդ ցանկի փոփոխությունների իրավունքը վերապահել միայն օրենսդիր իշխանությանը:
4. Օրենսդրական գործուն երաշխիքներ սահմանել ՀՀ քաղաքացիների վերաբերյալ անհատական տվյալների բազայի անվտանգության և անձեռնմխելիություն անհրաժեշտ մակարդակի ապահովման համար:
5. Նպաստել անձը հաստատող նոր փաստաթղթերի համակարգերի ներդրման վերաբերյալ հանրային քննարկումների ծավալմանը, իրականացնել քարոզչական-բացատրական ծրագրեր:

ՀՀ ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ                  Հ.Հովհաննիսյան

Արձանագրեց` ՀԽ փորձագետ                          Ն.Աբաջյանը

← Վերադառնալ ցուցակին