ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1

11.06.2011

Հանրային Խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի. երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի ընդլայնված կոլեգիայի նիստի
03.06.2011թ. ք.Երեւան

03.06.2011թ. տեղի ունեցավ ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի ընդլայնված կոլեգիայի նիստ, որին ներկա էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ Արտուշ Ղուկասյանը, Խոսրով Հարությունյանը, Բաբկեն Հարությունյանը, Ռոբերտ Աթոյանը, Գագիկ Մանասյանը, կոլեգիայի անդամ Էդուարդ Ղազարյանը, ինչպես նաեւ հրավիրվածներ` ԳԱԱ պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիետի նախագահ Սամվել Հարությունյանը, Գրիգոր Բարսեղյանը, Սիներիկ Հայրապետյանը, Դավիթ Սեդրակյանը, Բենիկ Հարությունյանը:

Օրակարգում.
1.Գիտության պետական կոմիտեի կողմից դրամաշնորհների տրամադրման հետ կապված հարցեր
Նիստը բացեց ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Ա.Ղուկասյանը, տեղեկացրեց, որ ՀԽ-ը ստացել է բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնցում արտահայտված մտահոգությունները հիմնականում վերաբերում են ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից գիտությանը տրվող պետական դրամաշնորհների մրցույթի անցկացման եղանակին՝ փորձաքննությանը: Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի օրենք ԳԱԱ–ի մասին, առկա են կառավարման համակարգի փոփոխություններ եւ կարելի է կառուցվածքային բարեփոխումների և լիազորությունների վերանայման միջոցով էֆեկտիվ դարձնել գիտության ֆինանսավորման խնդիրները:

Լսեցին.
1.ԳԱԱ պրեզիդենտ Ռ.Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանը այն երկրներից է, որոնք ունեն ամենաքիչ ֆինանսավորումը գիտության ասպարեզում, այն կազմում է ՀՆԱ-ի 0,24%-ը` 23 միլիոն դոլար, որի մեջ մտնում են եւ ԳԱԱ եւ բուհական համակարգերը: Որպես համեմատություն նշվեց, որ Եվրամիության երկրների միջին ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 2%-ը, Իսրայելինը` 5%-ը, ԱՄՆ-ինը` 2,5-3%-ը, Ադրբեջանինը` 114մլն. դոլար, Ղազախստանինը` 384 մլն. դոլար: Ամեն մի հետազոտողի նորմալ երկրներում տրամադրվում է տարեկան 110-150 հազար եվրո, մեր մեկ հետազոտողը ունի տարեկան 1 մլն. դրամ: Նշվեց նաեւ, որ պետբյուջեից ստացված միջոցներից ֆինասավորվում են 117 կազմակերպություններ, ԳԱԱ –ին տարեկան տրվում է 10 մլն դրամ, որից աշխատավարձը կազմում է մոտ 75%-ը, դա նորմալ չէ, որովհետեւ նորմալը 50-50% հարաբերակցությունն է: Խոսվեց նաեւ անկախ փորձաքննության մասին, նշվեց, որ Հայաստանում անկախ փորձաքննություն անցկացնելը դժվար է, բայց պետք է փնտրել ճանապարհներ:

2.ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ասաց, որ ԳՊԿ-ն ստեղծվել է 2008թ., այդ տարվա բյուջեն արդեն կազմված էր եւ

աշխատավարձը կազմում էր 87%-ը, 2009թ. արդեն աշխատավարձը դարձավ 75%-ը: 2009թ.-ից բյուջեն բաժանվել է 2 մասի` թեմատիկ եւ բազային: Բյուջեի մեջ առանձին տողերով նշված են գիտաժողովների, գործուղումների, միջազգային պայմանագրերի համար նախատեսված գումարները:

3. Էդուարդ Ղազարյանն առաջարկեց, որ ՀԽ-ն հարց բարձրացնի Հանրապետության ղեկավարության առջեւ` գիտության ֆինանսավորումը բարձրացնելու համար:

4. Սիներիկ Հայրապետյանն ասաց, որ ՀՀ-ում գործող գիտավարչական համակարգը կործանիչ է, դրա մեղավորը ԳԱԱ-ն է: Նա ասաց, որ նույն մարմինը /ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն/ չի կարող կատարել տարբեր գործառույթներ` ֆինանսների տրամադրում, փորձաքննություն եւ հաշվետվություն: Ակադեմիան պետք է լինի բարձրագույն փորձագիտական մարմին եւ ամբողջ երկրի գիտատեխնիկական առաջընթացի պատասխանատուն: ՙԱնհրաժեշտ է գիտության և կրթության նախարարությունը դարձնել միայն լուսավորության նախարարություն, իսկ գիտությունը և բուհական կրթությունը տալ ակադեմիային: Չի կարելի, որ մի հիմնարկ զբաղվի մանկապարտեզից մինչև ակադեմիայի հարցերով՚:

5. Դավիթ Սեդրակյանն առաջարկեց, որ բաժանվեն փորձաքննության եւ ֆինանսավորման ֆունկցիաները, մինչ դա անելը ոչ մի բան չի փոխվի:

6. Էդուարդ Ղազարյանն առաջարկեց.

- - փորձաքննությունն անցկացնել Ակադեմիայի հովանու ներքո: Հիմա փորձաքննության 20 չափանիշ է մշակված, յուրաքանչյուրի համար առավելագույնը 5 միավոր է տրվում, արդյունքը տեսնում ենք: Կարելի է միայն երեք պարզ չափանիշ սահմանել,
- վերջին հինգ տարվա գիտական աշխատանքների ցանկ
- միջազգային գիտական բարձր վարկանիշային ցուցիչ ունեցող ամսագրերում տպագրված հոդված
- այլ լուրջ գիտնականների /ոչ սեփական/ հղումներ
Այս չափորոշիչներից բացի պետք է առավելություն սահմանել այն թեմաների համար, որոնք հետազոտում են կառավարության հայտարարած գերակա ճյուղերը:
Նշված չափանիշները բավարար են, որ 700 թեմայից մնա 100-ը եւ որոնց միջից էլ կընտրվեն հաղթողները:

7. Գրիգոր Բարսեղյանն ասաց, որ իրեն ուղարկվել է 4 աշխատանք, որի միայն 1-ի մեջ է ինքը մասնագետ:

8. Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ պետք է առաջին հերթին լուծել գիտության սոցիալական հարցերը, ավելացնել ֆինանսավորումը, ակադեմիան պետք է լինի հիմնարար փորձաքննությունները համակարգող մարմին, դրա համար պետք է ստեղծել մոնիտորինգի մեխանիզմ.
-գումար տրամադրել
-արդարացի բաժանել
-արդյունքները տեսնել

9. Սամվել Հարությունյանը նշեց, որ առայժմ կոմիտեն է կատարում այդ ֆունկցիաները, բայց մեր փորձաքննական հանձնաժողովի անդամների 80 տոկոսը ակադեմիայից է: Նա նշեց նաեւ, որ սկզբունքորեն նոր տարբերակ է նախատեսվում՝փորձաքննության ֆունկցիան տալ ակադեմիայի հիմնադրամին:

10. Էդուարդ Ղազարյանն առաջարկեց.
-ստեղծել գիտական սարքավորումների ձեռքբերման ֆոնդ;
- ստեղծել երիտասարդ գիտնականների ֆինանսավորման ֆոնդ:

11. Ռոբերտ Աթոյանն ասաց, որ 60000 դրամ աշխատավարձով չի կարելի գիտնական պահել. խնդիր դնենք, որ գոնե 5 տարի հետո մենք կարողանանք պահել մեր գիտությունը, մշակենք ծրագիր, որով գոնե 5 տարում հասնենք ֆինանսավորման միջին մակարդակի:

12. Բենիկ Հարությունյանն ասաց, որ մեր երկրում չկա մեթոդիկա, երաշխիքներ, որով մենք կապահովագրվենք կոպիտ սխալներից, այնինչ պետք է գոնե բացառվեն կոպիտ եւ աններելի սխալները:

13. Վազգեն Մանուկյանը իր ամփոփիչ խոսքում նշեց, որ գիտության ֆինանսավորման հարցերի շուրջ աշխատանքը պետք է շարունակվի փոքր խմբերով, որոնցում՝ պարտադիր չէ, որ միայն գիտնականներ ընդգրկվեն. ցանկալի է, որ ընդգրկվեն հատկապես կառավարման մասնագետներ: Եվ փաստերն ու օրենսդրական ակտերը ուսումնասիրելիս շատ կարևոր է հաշվի առնել թե ֆինանսների հատկացման գործընթացում որքանով է նվազեցված չինովնիկի կամայական վերաբերմունքը: Ինչ վերաբերում է գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների ավելացմանը, դրան պետք է փորձենք հասնել բոլորիս՝ և ակադեմիայի, և բուհերի, և Հանրային խորհրդի, և հասարակության միասնական աշխատանքի արդյունքում, որով Ազգային ժողովին, նախագահին ու վարչապետին կներկայացնենք մեր առաջարկությունները՝ հիմնավորելով դրանց կատարման անհրաժեշտությունը:

ՀՀ Հանրային խորհուրդ

← Վերադառնալ ցուցակին