ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 13 /տասներեքերորդ/ ընդլայնված լիագումար նիստ

06.05.2011

 05.05.2011 թ, ք.Երևան

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 13-րդ /տասներեքերորդ/ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻ
ՕՐԱԿԱՐԳ

1. “Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի 29.05.2009-31.12.2010 թվ. գործունեության ամփոփում”:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան:

2. Քննարկում /համազեկուցողներ և ելույթներ/:

3. Այլ հարցեր:

Ամփոփումը զետեղված է` ՀԽ-ի www.publiccouncil.am կայքէջի նորությունների բաժնում:


ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 13-րդ /տասներեքերորդ/ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՀԽ ընդլայնված լիագումար նիստին մասնակցում էին ՀԽ 36 անդամներից 27-ը:
Բացակայում էին ՀԽ անդամներ՝
1. Ս. Գիշյանը
2. Բ.Հարությունյանը
3. Ռ.Ամիրխանյանը
4. Հ.Դեմոյանը
5. Հ.Թադևոսյանը
6. Ս.Սարգսյանը
7. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը
8. Հեն.Հովհաննիսյանը
9. Ս.Զոլյանը

Օրակարգի հարցի վերաբերյալ լսեցին.

1. ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, որը առանձնացրեց ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ հարցերը.

• Գյուղատնտեսություն.
ՙԱյս ոլորտում, իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան, բայց Հանրային խորհուրդն ընտրեց կոոպերացիայի հարցը և հետևողականորեն առաջ է տանում, ու այդ գաղափարն ընդգրկվել է կառավարության բոլոր փաստաթղթերում՚:
• Կրթություն.
ՙԲազմաթիվ լսումներից, քննարկումներից հետո հանդիպում ունեցանք ՀՀ նախագահի և կրթության, գիտության նախարարի հետ: Մեր առաջարկությունների մի մասն ընդունվեց, մի մասը չընդունվեց, բայց միևնույն է, կրթական համակարգում բազմաթիվ հարցեր կան, և տարիների ընթացքում այս Հանրային խորհուրդը, ապագա Հանրային խորհուրդներն անընդհատ անելիք են ունենալու կրթական համակարգում՚:
• Հայաստան-Թուրքիա հարաբերություններ.
ՙՀանրապետության նախագահի՝ այս նախաձեռնությամբ հանդես գալուց հետո լայնորեն քննարկեցինք խնդիրը: Հանրային խորհրդում եղան և կողմ, և դեմ կարծիքներ, եղան կասկածներ, տարակուսանք եղավ, բայց ի վերջո Հանրային Խորհուրդը եկավ այն եզրակացության, որ պետք է գնալ հարաբերությունները բարելավելու ճանապարհով: Չի կարելի հրաժարվել այդ ճանապարհից, նույնիսկ այն դեպքում, երբ դիմացինը հակված չէ այդ ճանապարհով մեզ չափ քայլել առաջ՚:

• Հեռուստատեսային եթերի բովանդակություն.
ՙԱնհանգստություն կար, որ հեռուստատեսային հաղորդումների զգալի մասը՝ ընկնելով սխալ հասկացված շուկայական հարաբերությունների հետևից, ոտնահարում էր մեր ազգային արժեքների համակարգը՝ միաժամանակ չհամապատասխանելով ազատ երկրի զարգացմանը բնորոշ բովանդակությանը: Ահազանգերի արդյունքում Հանրային խորհրդում նախաձեռնվեց և ստորագրվեց համապատասխան Խարտիան: Հարցը լուծվա՞ծ է, ոչ իհարկե: Անընդհատ պետք է շարունակել դիտարկումներն ու արձագանքը՚:
• Միգրացիա: Տնտեսության զարգացման խոչընդոտների վերացում.
Այս երկու առանձին հարցերն առայժմ աշխատանքային խմբերում քննարկման փուլում են: Առաջիկայում կներառվեն ՀԽ լիագումար նիստի օրակարգ: Տնտեսության զարգացման խոչընդոտները կքննարկվեն հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության տեսանկյունից:

Հրատապ հարցերի շարքում, որոնց արագ արձագանքել է Հանրային խորհուրդը, Վազգեն Մանուկյանը առանձնացրեց հետևյալները.
• Օտարալեզու դպրոցներ.
ՙՊետք է ասեմ, որ Հանրային խորհրդում մեծամասնությունն ընդհանրապես դեմ էր օտարալեզու դպրոցների բացմանն այն ձևով, ինչպես ներկայացված էր: Եվ կարծում եմ, Ազգային Ժողովում ձեռք բերված փոխզիջումային լուծումը մասամբ պայմանավորված էր նաև ՀԽ քննարկումների արդյունքով՚:
• ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճ.
ՙՔննարկումների արդյունքում գործընթացը կանգ առավ, բայց ավարտված չէ. անորոշ է մնացել դահլիճի հետագա ճակատագիրը: Մեր կոչը, որ բոլոր շահագրգիռ կողմերը նստեն սեղանի շուրջ և վերջնական լուծում տան հարցին, ցավոք, դեռ չի իրականացել՚:
• Հղիության արձակուրդի վճարում.
ՙՀանրային խորհուրդը դեմ էր կառավարության որոշմանը՝ օրենսդրական այդ փոփոխության շուրջ. հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ իրավունքները պաշտպանող կանաց հետ, կարողացանք օրենքում որոշակի փոփոխությունների հասնել՚:
• Անհատի իրավունքի պաշտպանության՝ հասարակական հնչողություն ստացած հարցերի լուծմանը նպաստած քայլերի մեջ Վազգեն Մանուկյանը նշեց ՀԽ աջակցությունը Մարիամ Սուխուդյանին առնչված դատական գործին, ինչպես նաև՝ Տավուշի մարզի գյուղերից մեկի վեց դատապարտյալ գյուղացիների համար ներման համար միջամտելու առիթով. ՙԳյուղացիները՝ 120 շիշ կոնյակի մաքսանենգության համար դատապարտվել էին մեկական տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ: Օգնեցինք, որ ներման խնդրանքով դիմեն Հանրապետության նախագահին, նախագահը ներում շնորհեց, երեկ երեկոյան նրանք վերադարձան իրենց ընտանիքները:
• Հասարակության համերաշխություն.
ՙԱյս հարցը մեզ մոտ առաջացավ ի սկզբանե, երբ որ Հանրապետության նախագահը համաներման հարցով դիմեց նաև մեզ: Հանրային խորհուրդը լրջորեն քննարկեց այդ հարցը, և մեր առաջարկությունների մեծ մասը մտավ վերջնական փաթեթի մեջ: Համաներումը շատ կարևոր նշանակություն ուներ Հայաստանի համար՚:
• Հասարակության տարբեր շերտերի շահերի հավասարակշռում.
ՙԱյստեղ շատ մեծ դեր ունեն արհմիությունները, որոնց հարցերով մենք զբաղվել ենք, բայց պետք է ասեմ, որ մեծ արդյունքների չենք հասել: Չնայած Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների առիթով հրավիրեցինք բոլոր արհմիությունների նախագահներին, Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, և համագործակցության արդյունքում այդ օրենքը մի քիչ գոնե նպաստավոր դարձավ արհմիությունների համար: Այդտեղ էլ դեռ շատ անելիք ունենք՚:

Վազգեն Մանուկյանը իր ելույթը ավարտեց Հանրային խորհրդի հետագա կարգավիճակի քննարկմամբ:
ՙԻնչպես և շատ երկրներում, կարծում եմ, Հանրային խորհուրդը տարիների ընթացքում պետք է ստանա օրենքով ամրագրված մարմնի կարգավիճակ: Օրենք, որում հստակ ձևակերպված կլինեն նրա լիազորությունները, պարտականությունները, կանոնակարգային հարաբերությունները կառավարության հետ, խորհրդարանի հետ, տեղական իշխանությունների հետ, որն ավելի արդյունավետ կդարձնի Հանրային խորհրդի աշխատանքը: Ինչ վերաբերում է մեր աշխատանքին, ես կարծում եմ, որ քննարկումը ցույց կտա՝ ինչը մեզ մոտ չի ստացվել, ինչ պետք է ավելացնել: Ես իմ կողմից մեզ մեղադրանք կներկայացնեի, որ այնքան էլ ակտիվ չենք աշխատում հասարակության հետ, զանգվածային լրատվամիջոցների հետ: Երբեմն որպես հիմնարկություն ենք սկսում աշխատել, փակվում ենք , իրար հետ կազմում ենք ծրագրեր, ներկայացնում ենք կառավարուղթյանը՝ առանց հասարակության հետ լայն քննարկումների: Ոչ բոլոր դեպքերում, բայց ես կարծում եմ, որ այդ թերությունը մենք ունենք և պետք է հաղթահարենք՚:

2. ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանին, որը նշեղ, որ Հանրային խորհրդի առջև դրված ամենաառանցքային խնդիրն է իր կարծիքով, փորձել ոչ թե բարձրաձայնել ու ոչ այնքան բարձրաձայնել հանրության առջև ծառացած խնդիրները, այլ՝ օգտագործելով Հանրային խորհրդում առկա փորձագիտական հսկայական ներուժը, այդ հարցերի լուծման վերաբերյալ հանրապետության քաղաքական ղեկավարությանը ներկայացնել կոնկրետ առաջարկություն. ՙ Եվ եթե փորձում ենք այդ առաքելության տեսանկյունից գնահատել Հանրային խորհրդի մեկ ու կես տարվա գործունեությունը, կարծում եմ, այս կոնտեքստում Հանրային խորհրդի գործունեության գնահատականը կարող է, թերևս, լինել՝ ամենաարդյունավետ և բովանդակային առումով, թերևս, օգտակար՚:
3. ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանին, որը ներկայացրեց հայկական հեռուստաեթերի բովանդակային քննարկումների նախաձեռնությունը, որի արդյունքը ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործուենության էթիկական սկզբունքների խարտիայի ստորագրումն էր, հավելեց. ՙՀետագա ամիսներին դրական տեղաշարժերն ակնառու էին, համարյա ավարտվեց գաղութային արժեհամակարգը քարոզող սերիալների ցուցադրությունը, որոնց ըստ էության, պետք է հաջորդեին ազգային համերաշխություն և հանդուրժողականություն քարոզող ֆիլմերը և հաղորդումները…սակայն, ցավոք, այն եկար չտևեց: Ռեյտինգների հետևից ընկնելու անառողջ գործելակերպը, հեռուստաեթերի գովազդային շուկայում տիրող անբարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ իրավիճակը հանգեցրին նրան, որ այսօր ունենք ավելի վատ իրավիճակ, քան անցյալ տարի մինչև խարտիայի ստորագրելը: Հավելեց, որ անհրաժեշտ է, որ Հանրային խորհուրդը ժամանակ առ ժամանակ անդրադառնա այս խնդրին՝ առաջարկություններ ներկայացնելով երկրի ղեկավարությանը:
4. ՀԽ անդամ Կարինե Դանիելյանին, որը հիշեցրեց, որ Հանրային խորհրդում բարձրացվել էր ՙՀայրենիք՚ մանկական հեռուստաալիքի հարցը. ՙԿարծում եմ, ինքը՝ պետությունը պիտի շահագրգիռ լիներ այդպիսի ալիք պահելու համար, և ոչ թե ի վերջո փակվեր եթերը, որն ինքը՝ գործարարն է պահում: Կարծում եմ, որ դեռ պետք է այդ հարցը բարձրացնենք՚: ՀԽ-ում իրակացված բնապահպանական մի շարք հարցերի լուծմանն աջակցելու օրինակները ներկայացնելիս նշեց նաև Երևանի քաղաքապետարանին առընթեր էկոլոգիական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը Հայաստանի միջազգային պարտավորություն է նաև:
5. ՀԽ անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին, որը հիմնականում խոսեց ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության իրավական դաշտի կարգավորմանն աջակցելու մասին, և, ինչն աննախադեպ էր Հանրային խորհրդում, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերով հանձնաժողովը օրենքի փորձաքննություն իրականցրեց, որն արժանացավ ՀԽ հավանությանը և ներկայացվեց կառավարությանն ու Ազգային Ժողովին: Նրա խոսքով, տնտեսական դաշտում էլ ոչ կառավարական կազմակերպությունների գործառնության բավական խնդիրներ կան, հատկապես երբ խոսքը վերաբերում է դրամաշնորհներին:
6. ՀԽ ձեռնարկատիրական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ Արմեն Պողոսյանին, որը հարց բարձրացրեց, որ Հայաստանում առաջնային պետք է դառնա էլեկտրական տրանսպորտի զարգացումը.
7. ՀԽ անդամ, ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտյուշա Ղուկասյանին, որը անդրադարձավ դպրոցի տնօրենների ընտրության հարցին: Գիտության բնագավառում` գիտական թեմաների հաստատման խնդրին: Երիտասարդության հարցում կարեւորեց կրթության մատչելիությունը, ուսանողական վարկերի տրամադրումը եւ ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
8. ՀԽ տուրիզմի ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանին, որը անդրադարձավ արհեսատկցական կազմակերպություների կարեւորությանը: Մատնանշեց տուրիզմի զարգացման հիմնական գործոնները` հյուրանոցների եւ ինքանթիռների տոմսերի մատչելիություն: Խոսեց կրթության համակարգի աշխատողների սոցիալական վիճակի բարելավման հարցի շուրջ:
9. ՀԽ անդամ, ՀԽ ձեռնարկատիրական հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանին, որը դիմեց ՀԽ անդամներին` աջակցել ազգային համգործակցության ցանցի հարցում, ստեղծել վիրտուալ տարածք, որի միջոցով հնարավոր կլինի դիմակայել բոլոր մարտահրավերներին:
10. ՀԽ սոցիալական ապահովության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Միրա Անտոնյանին, որը գտավ, որ Հանրային խորհուրդը կարգավիճակ ստանալու համար, նախ պետք է ապացուցի իր կենսունակությունը: Նա ահազանգեց սոցիալական բնագավառում գոյություն ունեցող երկու` ամենահրատապ հարցերի մասին.
 Սոցիալական աջակցության աշխատանքերում ներգրավված են սոցիալական մասնագիտություն չունեցող անձիք, որը բերում է անցանկալի հետեւանքների:
 Հանրակացարաններում, ժամանակավոր կացարաններում ապրող երեխաների խնդիրը:
Միրա Անտոնյանը ելնելով սոցիալական ոլորտի չկոորդինացված գործելաոճից` առաջարկեց ստեղծել միջմասնագիտական խումբ:

Վազգեն Մանուկյանը ամփոփելով նիստում հնչած ելույթները` քվեարկության դրեց Հանրային խորհրդի որոշման նախագիծը, որը ընդունվեց միաձայն:

ՀՀ Հանրային խորհուրդը ՈՐՈՇԵՑ.

• ՀԽ նախագահ Վ.Մանուկյանի “Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի 29.05.2009-31.12.2010 թվ. գործունեության ամփոփում” զեկույցը ընդունել ի գիտություն:
• Մտքերի փոխանակման ընթացքում արված առաջարկությունները քննարկել ՀԽ փոքր խորհրդի նիստում` ՀԽ համապատասխան հանձնաժողովների 2011 թվ. աշխատանքային գործունեության ծրագրերում ընդգրկելու նպատակով:
• ՀԽ գործունեության ամփոփումը ներկայացնել հանրությանը և ՀՀ Նախագահին:


ՀՀ Հանրային խորհրդի նախագահ      Վ.Մանուկյան

 

 

 

← Վերադառնալ ցուցակին