ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 12-րդ /տասներկուերորդ/ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ

22.03.2011

Հիմնական հարցեր

1. Մշակել Երևանի էկոլոգիական պաշպանությունն ապահովող գործողությունների համալիր ծրագիր` առանձնապես կարևորելով այդ նպատակով Երևանի գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի վերանայման, կանաչ տարածքների ընդլայնման և խտացման, կանաչ տարածքների ոռոգման քաղաքային ցանցի վերակառուցման, կետային կառուցապատման պրակտիկայից հրաժարվելու, քաղաքի էկոլոգիական ոստիկանության և էկոխորհրդի վերականգնման, էկովերահսկողության ցանցի ձևավորման հարցերը և այլն:
Ներկայացնող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյան:

2. Մշակել ներքաղաքային տրանսպորտի արդիականացման, ուղևորներին քաղաքակիրթ սպասարկելու ժամանակակից տրանսպորտային համակարգի ձևավորման համալիր ծրագիր` ընդգրկելով նաև քաղաքային երթևեկության կարգավորման խնդիրները` այն հետիոտնի և վարորդների համար ավելի դյուրին և անվտանգ դարձնելու նպատակով: Մասնավորապես կանոնակարգել վերգետնյա ավտոկայանման խնդիրները (շատ խանութներ կամ օֆիսներ ապօրինի խոչընդոտում են մեքենաների կայանմանը իրենց հարող տարածքում), մշակել քաղաքի գլխավոր փողոցների հետ կապ ունեցող և նրանց ֆունկցիոնալ առումով լրացնող միակողմանի երթևեկությամբ երկրորդական փողոցների ցանց (որը դյուրին կդարձնի այդ փողոցներում ավտոկայանման և հետիոտնի տեղաշարժման պայմանները, կմեղմի գլխավոր փողոցներում ավտոկայանման լարվածությունը), սիստեմավորել ՚պառկած ոստիկաններիՙ կիրառումը և այլն: Ներկայացնող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյան:

3. Բազմաբնակարան շենքերի և դրանց բակերի պահպանման  արդիական համակարգերի, ինչպես նաև համատիրությունների գործունեությունը այսօրվա պահանջներին համապատասխանեցնելու խնդիրները` առանձնահատուկ կարևորելով վերելակների հիմնանորոգման աշխատանքների իրականացումն ապահովող համակարգի ձևավորման անհրաժեշտությունը:
Ներկայացնող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ-ի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյան:

4. Երևանի բնակչությանը թարմ և մատչելի գյուղմթերքներով (միրգ, բանջարեղեն և բոստանային այլ կուլտուրաներ) ապահովելու նպատակով և ի կատարումն ՀՀ Կառավարության 2010-2020թթ. ՀՀ Գյուղատնտեսության կայուն զարգացման Ռազմավարության ծրագրով նախատեսված պահանջների, Երևանում կազմակերպել քաղաքին հարակից համայնքների գյուղացիական տնտեսությունների աճեցրած գյուղմթերքների վաճառքի ժամանակավոր բաց շուկաներ: Ներկայացնող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ-ի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյան:

Լրացուցիչ հարցեր

• Մշակել Երևանի հին (1960-70- ական թվականներին կառուցված Խրուշչովյան բնակելի շենքների) շենքերի սեյսմակայունության վիճակի ուսումնասիրման և գնահատման, սեյսմաանվտանգության ապահովման (վերականգման) համարժեք գործողությունների միջնաժամկետ և երկարաժամկետ համալիր ծրագրիր: Այս համատեքստում առանձնահատուկ կանոնակարգել մանսարդային հարկերի կառուցումը և նորակառույց շենքերի սեյսմիկ անվտանգության վերահսկողության իրականացումը:
• Երևանի ստորգետնյա կապուղիների և անցումների հարցերը:


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՀԽ ընդլայնված նիստին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀԽ անդամներ, ՀԽ ենթահանձնաժողովի նախագահներ և Երևանի թաղապետեր:
ՀՀ ՀԽ 35 անդամներից ներկա էին՝ 28-ը:
Բացակայում էին՝
1. Ա. Գրիգորյանը
2. Ս. Գիշյանը
3. Հ. Դեմոյանը
4. Դ. Դումանյանը
5. Ս. Զոլյանը
6. Ս. Սարգսյանը
7. Կ. Բեքարյանը
8. Վ. Մովսիսյանը

Օրակարգում՝ 4 հարցախումբ /զեկուցողներ. Կ.Դանիելյան, Խ.Հարությունյան, Կ.Առաքելյան, Յու.Ջավադյան/:
Նիստը նախագահում էր Վ. Մանուկյանը:
Բացելով նիստը նշեց, որ այն նվիրված է Երևան քաղաքի ներկային և ապագային: Շատ անգամ լավ որոշումները չեն ընկալվում քաղաքացիների կողմից և ցանկալի է, որ որոշ հարցեր որոշվեն հանրաքվեի միջոցով: Նա ասաց, որ Հխ հանձնաժողովներում քննարկումների ընթացքում կուտակվել է մոտ 150 հարց: Դրանցից ձևավորվել է 4 հարցախումբ: Այդ 4 հարցախումբն ընդգրկվել է այսօրվա նիստի օրակարգում, իսկ մնացած հարցերն ուղարկվել են քաղաքապետարան:

Օրակարգի 1-ին հարցի կապակցությամբ լսեցին՝
ՀՀ ՀԽ անդամ Կ. Դանիելյանին, ով կատարեց հետևյալ հարցապնդումները՝ քաղաքաշինությունը և ճարտարապետաշինությունը արդյոք քաղաքի համար են, թե ոչ: Իր պատկերացմամբ անհրաժեշտ է, որ քաղաքը հարմար լինի բնակչի համար, իսկ վերջին 10 տարիների ընթացքում Երևանում ճարտարապետությունը եղել է կոմերցիոն, իսկ կետային /իր բնությագրմամբ/ քաղաքաշինության արդյունքում ունենք տրանսպորտային միկրոկլիմայի կոլապս, բնապահպանական կոլապս: Շատ պատմաճարտարապետական շինություններ կորցնելուց բացի, ծագել են նաեւ ազգային բաղադրակազմի խնդիրներ, որոշ արաբական երկրներում գովազդում են Երևանի կենտրոնում վաճառվող էլիտար կոչված բնակարանները. հնաբնակ երևանցիներին քաղաքի կենտրոնից հանում են՝ օտարներին բնակեցնելու համար:
Նա անդրադառնալով սեյսմակայունությանը նշեց, որ Երևանում կառույցները խիտ են, շրջանցվում են սեյսմիկ և սանիտարական անվտանգությունը: Կանաչ գոտիներում կառուցվում են բազմահարկեր՝ օրինակ բերելով 10 դպրոցներ /Շահումյանի, Չարենցի, Հ.Գալստյանի անվան դպրոցները/: Նա բնապահպանության վերաբերյալ արեց հետևյալ հարցադրումը. քաղաքն է բիզնեսի համար, թե բիզնեսը քաղաքի համար: Բիզնեսի նպատակով քանդվել են նկուղները, շենքերի տանիքներին կառուցվել են երկհարկ կառույցներ, որոնց վտանգավորությունը պարտադրում է համապատասխան կառույցներին ստուգել աղմուկի սեյսմակայունության թույլատրելի սահմանները: Կանաչ տարածքները բիզնես նպատակներով օգտագործողների նկատմամբ անհրաժեշտ է կիրառել խիստ սահմանափակումներ : /Օղակաձև այգին, Մոնումենտ, Սայաթ-նովա/:
Սանիտարական գոտիները հատկացվել են կառուցապատողներին, որտեղ գտնվում են խմելու ջրի և կոյուղու խողովակագծերը: Դիմվել է քաղաքապետարան և ստացվել է պատասխան, որ կառուցապատողները կտեղափոխեն խողովակները: Բոլոր սիզամարգերի կարմիր գիծը խախտվում է, շենքերը կառուցվում են, իսկ սիզամարգի տեղը դառնում է կայանատեղի:
Նա նշեց նաև, որ Երևանը ունեցել է մարզի կարգավիճակ, որպես քաղաք դուրս է մնացել բոլոր միջազգային գործընթացներից, որի համար առաջարկեց քաղաքապետարանին առընթեր ստեծել էկոլոգիական խորհուրդ, որի ձևավորումը միջազգային օրենքի պահանջ է, որին ՀՀ միացել է 1992թ.:

Օրագարգի 2-րդ հարցի կապակցությամբ լսեցին.
ՀՀ ՀԽ անդամ Խ. Հարությունյանին: Նա ներկայացրեց ներքաղաքային տրանսպորտի և երթևեկության հարցերը, որոնք ձևավորվել են երևանցիների հետ շփումների ընթացքում: Ներքաղաքային տրանսպորտը պետք է ապահովի քաղաքացիների համար հարմարավետ կյանք: Նա առաջարկեց, որ մշակվի Երեան քաղաքաի տրանսպորտային հայեցակարգ, ստեղծվի քաղաքին վայել հանգույց՝ էլեկտրոնային դիսպետչերությունից մինչև ամենամատչելի, հարմարավետ տրանսպորտային միջոցները: Դրա համար անհրաժեշտ է անցկացնել մոնիտորինգ` որոշելու հիմնական հոսքերի ուղղությունները, դրանով էլ պայմանավորված կլինեն հիմնական երթուղիները: Հաշվի առնելով այդ բոլորը` առաջարկվեց մշակել նոր կոնցեպտ, շեշտը դնելով էլեկտրատրանսպորտի վրա: Ելույթում նշվեց, որ երթևեկության կանոնները հստակ չեն, <<պառկած ոստիկանները>> նորմավորված չեն, ավտոկայանումը կատարվում է պատահական, մարզերը Երևանի հետ կապող տրանսպորտը հասնում է ոչ թե մինչև ավտոկայններ, ինչպես նախկինում էր, այլ կենտրոն` մեծ ծանրաբեռնվածություն ստեղծելով քաղաքում:

Օրակարգի 3-րդ հարցի կապակցությամբ լսեցին
ՀՀ ՀԽ անդամ, ՀԽ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի հարցերի նախագահ Կ. Առաքելյանին: Ըստ նրա բերած տվյալների, Երևանի 4720 բազմաբնակարան շենքերի 1% է գերազանց վիճակում, իսկ 30%՝ վատ և վթարային: Շատ շենքեր ունեն տանիքների, կոյուղիների կապիտալ վերանորոգման կարիք: Բազմաբնակարանային շենքերի վերելակային համակարգը գտնվում է անմխիթար վիճակում: Խոսվեց համատիրությունների՝ այդպես էլ չկարգավորվող աշխատանքի մասին:

Օրակարգի 4-րդ հարցի կապակցությամբ լսեցին
ՀՀ ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսական և բնապհպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յու. Ջավադյանին: Նա քաղաքապետարանին համատեղ աշխատելու առաջարկ արեց՝ բնակչությանը թարմ և մատչելի գյուղմթերքներով /միրգ, բանջարեղեն և բոստանային այլ կուլտուրաներ/ ապահովելու մասին: Նա նշեց 4 մարզերի և մի քանի տասնյակ համայնքների հետ պայմանագրային պայմաններ ապահովելու միջոցով՝ քաղաքապետարանի հետ Երևանի մեծ համայնքներում, հասարակական վայրերում ստեծել /ժամը 9:00-16:00/ բաց շուկաներ, որտեղ արտադրողը ինքը կվաճառի իր միրգն ու բանջարեղենը: Այդ դեպքում կշահի, և ° արտադրողը, և° սպառողը:

Պատասխան ելույթով հանդես եկավ Երևանի քաղաքապետ պարոն Կ. Կարապետյանը:
Պատասխանելով Կ. Դանիելյանի հարցադրումներին, նա նշեց, որ քաղաքի որոշակի ոլորտներ պետք է կառավարվեն բիզնեսի տրամաբանությամբ: Որտեղ, որ բիզնեսը երաշխավորում է, որ ինքն ավելի լավ կկառավարի՝ պետք է տալ իրեն. Օրինակ` բժշկության ոլորտը, կայանատեղերը, աղբահանությունը, իսկ այն ոլորտները, որ բիզնես տրամաբանություն չունեն՝ կանաչապատումը, սոցիալական հարցեր և այլն, դրանց համար կստեղծվի նոր բարեկարգող ձեռնարկություն: Նա նշեց, որ ճարտարապետությունն էլ պետք է լինի կոմերցիոն, բայց սահմանափակուներով, իսկ կոմերցիոն շինարարությունը չպետք է լինի հակաբնապահպանական: Նշվեց, որ կանաչ գոտիներում ոչ մի շինարարություն չպետք է թույլատրվի: Երևանը մեգապոլիս է, որտեղ ճարտարապետությունը պետք է լինի կոմերցիոն, հակառակ դեպքում չենք կարող զարգանալ:
Պատասխանելով Խ. Հարությունյանի հարցադրումներին, նա նշեց, որ օր առաջ տրանսպորտը բիզնեսին տալը շատ ճիշտ կլիներ, քանի որ այն ծախսատար է: Այժմ ունենք 700 կանգառ և չորս տիպի տրանսպորտային փոխադրամիջոցներ, տեղեկացրեց, որ մշակվում են ծրագրեր տրանսպորտային միասնական վճարման համակարգին անցնելու վերաբերյալ, որտեղ նախատեսված են զեղչեր ուսանողության և սոցիալապես անապահով շերտերի հարմար, իսկ միջքաղաքային տրանսպորտին առնչվող դիտարկման հետ համաձայնեց:
Պատասխանելով Կ. Առաքելյանի հարցադրումներին, նա նշեց, որ այս պահին բազմաբնակարան շենքերի բնակիչներին 450-600 բնակարանով ապահովելու խնդիր կա: Այժմ ադմինիստրատիվ շենքերի սեփականատերերը ծրագիր չունեն, սեփականատերերին առաջարկվում է փոխհատուցման պայմանով, որ վերադարձնեն այդ շինությունները՝ հետագայում դրանք բնակիչներին տրամադրելու նպատակով: Անդրադառնալով վերելակների անբավարար վիճակին նշեց, որ բանակցել են ներդրողների հետ և հնարավոր է, որ դրանց շահագործումը ևս հանձնվի մասնավորին: Միևնույն ժամանակ նշվեց, որ ֆինանսական միջոցների անաբավարարության պատճառով նախատեսվում է աղբահանությունը ևս տալ մասնավորին:
Պատասխանելով Յու. Ջավադյանի հարցադրումներին, քաղաքապետը նախ խոսեց որոշակի սոցիալական դժգոհություն հարուցած բացօթյա առևտուրը արգելելու միջոցառումների մասին և պարզաբանեց, որ իրականում դժգոհ էր 2-3 տոկոսը: Բոլորին տեղեր են տրամադրվել շուկաներում, որոնցից շատերը հրաժարվում են: Ինչ վերաբերում է թարմ մթերքով ապահովելուն, ապա այդտեղ օրենքը փոխելու խնդիր ունենք: Ծրագրվել է 12 մինի շուկա ունենալ Երևանում, ապրիլից կբացվի դրանցից 4-5-ը: Հիմա արդեն շենքերի տակ եղած բազմաթիվ խանութները իրենց պրոֆիլը փոխում եմ և վերականգնում են նախկին <<խորհրդային>> ժամանակների պտուղ- բանջարեղենային սետկաները:

Այնուհետև լսեցին` ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ՝ պարոն Ա. Գևորգյանին: Նա ներկայացրեց, որ քաղաքաշինության հետ կապված հարցերում միակարծություն չի լինելու, սրանից ելնելով բոլոր հարցերը պետք է քննարկել սահմանված կարգով և առաջնորդվել դրանով: Նշվեց, որ հնչած խնդիրները լուծելու համար պետբյուջեն բավարար միջոցներ չունի: Միայն բոլոր շենքերի անձնագրավորումն իրականացնելու համար 5 մլրդ դրամ է անհրաժեշտ: Նրա կարծիքով մասնավորը, համատիրությունները, պետությունը պետք է միասին աշխատեն: Նշեց, որ համաձայն է քաղաքապետի հետ. տվյալ գործով պետք է զբաղվի նա, ով ամենալավը կարող է անել այն: Եթե մասնավորը ավելի լավ է անելու, պետք է նրան վստահենք:

Լսեցին.
Ա. Սադոյանին, որը նշեց ինտերնետ հասանելիության կապի պրոբլեմների մասին /մալուխները չեն թույլատրում ստորգետնյա ճահապարհով անցկացնել, իսկ արտաքին ճանապարհով անցկացնելու դեպքում ընկնում է քաղաքի տեսքը/:

Կ. Թումանյանին, որը բարձրացրեց հանրակրթական դպրոցների տնօրենների նշանակման հարցը:

Հ. Սարգսյանին, որը նշեց, որ կրթական ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ ուսանողական հանրակացարանային հարմարավետ համալիր, որպեսզի արտերկրի ուսանողների համար այստեղ սովորելը հրապուրիչ լինի:

Հով. Հովհաննիսյանին, որը դիմեց Աճառյանի անվան դպրոցի հիմնավերանորոգման և ձմռանը ջեռուցման ապահովման խնդրանքով: Նա բարձրացրեց նաև Երևանում հասարակական զուգարանների բացակայության հարցը, միևնույն ժամանակ առաջարկելով բացօթյա սրճարանների հետ պայմանագիր կնքել վերջիններիս սանհանգույցներից օգտվելու նպատակով; ավտոկայանատեղիների հարցը, մասնավորապես նշելով, որ գրասենյակների տերերն արգելափակում են իրենց զբաղեցրած շենքերի առջև գտնվող տարածքները և թույլ չեն տալիս այնտեղ կայանել:

Յու. Ջավադյանին, որը առաջարկեց քաղաքի ուղղաձիգ կանաչ տարածքների հարցի լուծում և տանիքները վերանորոգելիս կատարել կանաչապատում:

Բ. Հարությունյանին, որը բարձրացրեց ուսանողական այգու սրճարանային համալիրի շինարարության հարցը և Կ. Դանիելյանի հետ հիշեցրեց, որ ուսանողների 20.000 ստորագրություն է ներկայացվել քաղաքապետարան շինարարությունը դադարեցնելու պահանջով:

Ռ.Աթոյանին, որը համաձայն չէ, որ շինարարությունը կոմերցիոն լինի և նշեց, որ մենք պատավոր ենք գնահատել անցյալը, հետագա սխալներից զերծ մնալու համար: Նա նկատեց նաև, որ ժողովուրդը և համատիրությունը հիմնականում ժողովրդի շահերը չեն պաշտպանում, իսկ այստեղ պետության կողմից անելիքներ կան:

Ռ. Ամիրխանյանին, որը դիմեց քաղաքապետին Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը քաղաքապետարանի հաշվեկշռին փոխանցելու մասին:

Վ. Մանուկյանին, որը նիստի ավարտին նշեց, որ քաղաքապետի հետ հանդիպումները շարունակական կլինեն: Երևանցիները նախորդ տասնամյակից սկսած նեղացած են, Երևանի հարցերը լուծելիս իրենց հետ ոչ ոք չի խորհրդակցում. իսկ նեղացած մարդը ստեղծագործ մարդ չի: Նա հույս հայտնեց, որ այս վիճակը չի շարունակվելու, որ այս նոր ղեկավարության օրոք քաղաքը կդառնա բոլորին հարազատ:


ՀՀ Հանրային խորհրդի նախագահ          Վ.Մանուկյան

← Վերադառնալ ցուցակին