ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 11-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ

15.11.2010

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 11-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ

10-11.11.2010 թ, ք.Երևան

ՕՐԱԿԱՐԳ
1. Ազգային համագործակցության ցանցի վերբերյալ /Ա.Սադոյան/; http://www.publiccouncil.am/subcommittees.php?ci=11&type=3&l=2;
2. Կրթության վերաբերյալ հարցեր /դասագրքեր, դպրոցների տնօրենների և դասատուների նշանակման և աշխատանքից ազատման կարգը/: Աշխատանքային խմբի ընթացիք գործունեությունը, առաջարկությունները և եզրակացությունները: http://www.publiccouncil.am/subcommittee.php?id=16&l=2 /Եդ.Ղազարյան/;
3. “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը /Հ.Հովհաննիսյան/;
4. Երեւանում գորգարվեստի թանգարան հիմնելու առաջարկություն /Ռ.Սաֆրաստյան/;
5. ԱՄՆ նախկին նախագահ Վ.Վիլսոնի հիշատակը հավերժացնող միջոցառումներ իրականացնելու մասին հարցը /Ռ.Սաֆրաստյան/;
6. Հայաստանի պատմա-մշակութային հուշարձանների վերկանգնման խնդիրները, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված եկեղեցիների պահպանման և վանքապատկան հողերի օգտագործման հիմնահարցերը /Գ.Մանասյան/;
7. Սեփականաշնորհված մշակութային օջախների ներկա իրավիճակի (“Հայֆիլմ” կինոստուդիա, Երևանի պետական կրկես), Երևանի և մարզերի կինոթատրոնների (Դիլիջան, Մարտունի և այլն) մասնագիտական գործունեության փոփոխությունների, նրանց ոչ նպատակային օգտագործումը հանրային շահերի տեսանկյունից հարցերը /Գ.Մանասյան/;
8. Հայաստանի հելիոֆիկացիայի եւ հելիոտեխնիկական արդյունաբերությունը զարգացնելու հարցերը /Վ.Համազասպյան/
9. Փաստաբանական ծառայությանն առնչվող օրենսդրական հիմնախնդիրներ /Գ.Բադիրյան/;
10. Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը /Գ.Բադիրյան/:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1. ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ՀԽ-ի Առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը “Մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխվատվաստելու մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը /Դ.Դումանյան/;
2. Երևան քաղաքում տիրող բնապահպանական իրավիճակը /սանիտարա-հիգիենիկ, քաղաքաշինական և կառուցապատման հարցեր/ /Կ.Դանիելյան, Յ.Ջավադյան/;
3. Ընթացիկ տարվա գյուղմթերումների մասին /Վ.Մովսիսյան/;
4. Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների դիմում բողոքների ընթացքի հետ կապված հարցեր /Կ.Ղազարյան/;
5. Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի ուսումնասիրման աշխատանքնաերի մասին /Վ.Սաֆարյան/;
6. ՀԽ-ի կարծիքը ՀՀ 2011 թվականի Պետական բյուջեի մասին /Վ.Սաֆարյան/;
7. Գենդերային փորձաքննության ծրագրի մշակման հարցը /Ե.Վարդանյան/;

ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հանրային խորհրդի 35 անդամներից ներկա էին` 28-ը:
Բացակայում էին` Ստեփան Գիշյանը, Լիլիթ Ասատրյանը, Հովիկ Մուսայելյանը, Դերենիկ Դումանյանը, Սուրեն Զոլյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը:
Նիստի օրակարգի հետ կապված որոշեցին.
1. Օրակարգի 2-րդ հարցը տեղափոխել առաջ, որը ՀԽ նախագահի կողմից դրվեց քվեարկության և անցավ միաձայն:
2. Օրակարգի 9-րդ և 10-րդ հարցերը հանվել զեկուցող` ՀՀ Հխ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի` Գ. Բադիրյանի խնդրանքով:

Օրակագի 1-ի հարցի կապակցությամբ ելույթ ունեցավ.
1. Ա. Սադոյանը, որը իր ելույթում կարևորեց Հխ-ի աջակցությունը հայակական համաշխարհային կառույցի ստեղծման գործում, ինչպես նաև նշեց, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացվում է ցանցի, ինտերնետային պորտալի եւ համանուն հիմնադրամի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

• Համոզված, որ տեղեկատվության և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտներում առկա նվաճումներից արդյունավետ օգտվելով միայն կարող է մեծ Սփյուռք ունեցող մեր ժողովուրդը իր արժանի տեղն ու դերը գրավել աշխարհաքաղաքական արդի զարգացումներում.
• Ողջունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած էլեկտրոնային հասարակության ձևավորման գործընթացի մեկնարկը.
• Քննարկելով Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի առաջարկը` աջակցել “Ազգային համագործակցության ցանց” բազմակողմանի ծառայություններ մատուցող հեռահաղորդակցման կառույցի ձևավորման գործընթացին.
• Գտնելով, որ մասնագիտական լուրջ կարողություններ ունեցող Հանրային խորհրդի հանձնաժողովների անդամներից շատերը կարող են էապես նպաստել “էլեկտրոնային հասարակության” ձևավորման գործընթացին:
Հանրային խորհուրդը որոշում է`
1. իր բոլոր հնարավորություններով աջակցել “էլեկտրոնային հասարակության” ձևավորման գործընթացին,
2. առաջարկել Հանրային խորհրդի հանձնաժողովների անդամներին` ակտիվորեն մասնակցել “Ազգային Համագործակցության Ցանց” կառույցի համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությանը:

Օրակարգի 2-րդ հարցի կապակցությամբ ելույթ ունեցան.
1. Վ. Մանուկյանը, որը իր ելույթում նշեց այն մասին, որ ՀԽ-ի եզրակացության մեջ պետք է ներառվի այն հարցը, թե Հայաստանում պետությունը և հասարկությունը ինչու՞պետք է շահագրգիռ լինեն կրթության ոլորտը զարգացնելու, բարելավելու <<Հիմա հիմնականում իներցիայով են կրթություն ստանում, շահագրգռությունը չի երևում>>:
2. Է. Ղազարյանը / ՀՀ Հխ-ի գիտության և կրթության ոլորտի աշխատանքային խմբի ղեկավար/առաջարկեց.
• հանրակրթության դպրոցների 12-ամյա դասավանադման շրջանակներում 3 տարին հատկացնել տարրական դպրոցին, 6` միջնակարգ, 3` ավագ ,
• պետական պատվերի շրջանակներում վերականգնել ուսումնական հեռուստահաղորդումները,
• մանկավարժական բուհերում վերականգնել նախապատրաստական կուրսերը` անապահով ընտանիքների համար,
• հավելավճարի վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումը տարածել դպրոցների ուսուցչակազմի վրա,
• սահմանամերձ գոտիներում և բարձր լեռնային շրջաններում գործող գյուղերի դպրոցներում 3 տարի դասավանդող երիտասարդներին ազատել ՀՀ բանակում ծառայելուց` համարելով այն այլընտրանքային ծառայություն,
• չտարածել դասագրքերի մրցույթը այն գրքերի վրա, որոնք գրեթե չունեն թերություն. գրքերը միայն վերահրատարակել,
• տեղադրել ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում դպրոցների ֆինանսական հաշվետվությունները,
• 50%-ի չափով կրճատել ԲՈՒՀ-երում ուսուցանող այն ուսանողների վարձը, որոնց երկու ծնողները ուսուցիչ են,
• վերանայել ԲՈՒՀ-րի ընդունելության թեստերի բովանդակությունը`համապատասխանեցնելով այն դպրոցական ծրագրերին,
• փոփոխություններ կատարել դպրոցական գնահատականների ներկայումս գործող համակարգի մեջ,
• ՀՀ կրթության և գիտության նախարարությունից առանձնացնել հանրակրթության բլոկը և այն ուսումնական հաստատությունները, որոնք պատրաստում են ուսուցիչներ, ստեղծել լուսավորության նախարարություն, որը կունենա կրթության տեսուչ-քաղծառայող:
3. Ե.Վարդանյանը և ՀԽ-ի գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի` կրթության և գիտության ենթահանձնաժողովի նախագահ Կ. Թումանյանը առաջարկեցին` մինչև ՀՀ Ազգային Ժողովի Ընտարական օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելու հետ կապված լսումները, ՀԽ որոշակի մոտեցումներ ներկայացնի դպրոցը ընտրություններից հեռու պահելու մեխանիզմների շուրջ:
4. Կ.Բեքրյանը առաջարկեց, որ քաղաքական կոալիցիայի պայմանավորվածությունների եզրությից դուրս բերվի կրթությունը, ինչպես ուժային կառույցների դեպքում է, իսկ ընտրատեղամասերը կտրվեն դպրոցներից, ինչպես նաև կարևորեց ԼՂՀ և ՀՀ դպրոցների փոխինտեգրման հարցը:
5. Ե. Վարդանյանը առաջարկեց, որ ԲՈՒՀ-ում մասնագետներ պատրաստվեն նաև այնպիսի առարկաների դասավանդման համար, որոնք դպրոցներում կան, բուհերում` ոչ:
6. Ա. Մինասյանը առաջարկեց զարգացնել միջնակարգ մասնագիտական կրթահամակարգը:
7. Խ. Հարությունյանը առաջարկեց, որ աշխատանքային խումբը առաջարկություններ ներկայացնի կրթության նախարարության 2011-2015թթ. զարգացման ծրագրի շրջանակների ներքո:
8. Կ.Առաքելյանը առաջարկեց, որ բոլոր 12 հանձնաժողովները կոլեգիայի նիստում քննարկեն այս հարցերը և ներկայացվեն առաջարկություններ:

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

• Հավանություն տալ ՀՀ Հանրային խորհրդի շրջանակներում կրթության ոլորտին նվիրված աշխատանքային խմբի ղեկավար Էդուարդ Ղազարյանի զեկույցի հիմնական դրույթներին և առաջարկություններին;
• Հանձնարարել վերը նշված աշխատանքային խմբին և ՀԽ-ի կրթության և գիտության ենթահանձնաժողովին` մինչև նոյեմբերի 15-ը ամփոփել և ի մի բերել ՀԽ-ի լիագումար նիստի քննարկման ընթացքում արված առաջարկությունները, ներկայացնել ամփոփ փաստաթուղթ` ՀԽ-ի հանձնաժողովների կոլեգիաներին քննարկման համար;
• Հանձնարարել ՀԽ-ի 12 հանձնաժողովների կոլեգիաներին` քննարկել առաջարկված ամփոփ փաստաթուղթը և մինչև նոյեմբերի 19-ը ներկայացնել եզրակացություններ առաջիկա ՀԽ-ի փոքր խորհրդի նիստին:

Օրակարգի 4-րդ հարցի կապակցությամբ ելույթ ունեցան.
1. Աշխունջ Պողոսյանը /ազգագրագետ, գորգագետ/ իր ելույթում նշեց, որ Հայաստանում հիմնվի հայկական գորգերի թանգարան-գիտահետազոտական կենտրոն հիմնելու անհրաժեշտությունը /ցանկալի է`Երևանում/:
2. Ժ. Ասրյանը /ՀՀ Հխ-ի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի` մշակութային արժեքների պահպանության ենթահանձնաժողովի նախագահ/ նշեց, որ պետք է շտապել, քանզի օրինակ Մեծ Բրիտանիայի թանգարաններում գորգերի ցուցահանդեսներ կան, որտեղ հայկական գորգերը ներկայացվում են որպես թուրքական:
3. Հ. Դեմոյանը կարևորեց ոչ միայն հայկական գորգարվեստի, այլև ձեռագործերի, ռազմարվեստի և այլ թանգարանների հիմնադրման խնդիրը:
4. Ա. Սադոյանը առաջարկեց մոտակա ժամանակներում կազմակերպել ցուցահանդես և հայկական գորգարվեստը ներկայացնել աշխարհին:
5. Ա. Գրիգորյանը նշեց, ըստ ՀՀ գործող օրենքի թանգարանների ունեցվածքը համարվում է անանջատելի, իսկ եթե գորգի թանգարանը հիմնվում է, ապա անհասկանալի է, որ՞ թանգարանային ֆոնդերի հիման վրա, եթե ի հեճուկս ադրբեջանցիներին `Ա. Գրիգորյանը դեմ է:

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ Հանրային խորհուրդը նշում է, որ հայ ժողովրդը հսկայական ավանդ ունի համաշխարհային գորգագործության և ձեռագործության, որպես գեղարվեստական մշակույթի արժեքների, ստեղծման ու զարգացման բնագավառում:
• Արժևորելով դարերի ընթացքում ստեղծված հայկական կարպետների, գորգերի և ձեռագործ աշխատանքների թանգարանային ֆոնդի պահպանման և համաշխարհային հանրությանը ներկայացնելու դերը, որպես մշակութային և ազգային բացառիկ արժեքներ;
• Հաշվի առնելով Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի քննարկումների արդյունքները,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է.
• դիմել ՀՀ կառավարությանը` լրացուցիչ միջոցառումներ իրականացնել հայկական գորգերի, կարպետների և ձեռագործ աշխատանքների թանգարանային ֆոնդը պահպանելու, զարգացնելու և միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ:

Օրակարգի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հարցերը տեղափոխվեցին հաջորդ օրվա շարունակվելիք նիստին /11.11.2010թ.ժ.15:30/:

Լիագումար նիստը շարունակվեց 11.11.2010թ.-ին, որին ներկա էին ՀԽ 35 անդամներից 23-ը:
Բացակայում էին`Հ.Դեմոյանը, Ս.Զոլյանը, Ռ.Ամիրխանյանը, Ա.Մինասյանը, Լ.Ասատրյանը, Ս.Սարգսյանը, Հեն.Հովհաննիսյանը, Ա.ՂուկասյանըԱ.Տեր-Տաճատյանը, Բ.Հարությունյանը, Գ.Բադիրյանը, Հով.Թադեւոսյանը:

Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցան.
1. Հով. Հովհաննիսյանը /ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ/, որը ներկայացրեց հանձնաժողովի կոլեգիայի կարծիքը, ըստ որի թիվ 1042-Ն որոշումը տարաձայնությունների եւ տարընթերցումների տեղիք է տալիս, ներդաշնակ չէ ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածների:
2. Վ.Սաֆարյանը, որը դժգոհեց ՀՀ արդարադատության նախարարության ստեղծած արհեստական խոչընդոտներից:
3. Աստղիկ Գեւորգյանը,, առաջարկեց ընդունել ստեղծագործական կազմակերպությունների մասին օրենք, մյուս հասարակական կազմակերպություններից տարանջատելու համար /անհրաժեշտության դեպքում կհիմնավորի/:
4. Խ. Հարությունյանը առաջարկեց հասարակական կազմակերպությունների բարձրագույն մարմիններում փոփոխություն կատարելու իրավասությունը թողնել հիմնադիր ժողովին:
5. Կ.Բեքարյանը շեշտեց, որ ՀԿ-ների համար մեծ հաջողություն է, որ ՀԽ-ն կոչ է անում եւ պաշտպանություն է կազմակերպում կյանքի կոչելու ՀԿ –ի դաշտը ձեւավորող օրենքները:
6. Վ.Մանուկյանը խիստ անհրաժեշտ համարեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի 1991թ.-ից պետական մարմիններին տրված արտասահմանյան դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունը:
7. Վ. Մովսիսյանը առաջարկեց <<ՀԿ-ների մասին>> հանձնաժողովի կողմից մշակված առաջարկությունների մեջ /հաշվետու ժողովները /անցկացնել առնվազն 4 տարին մեկ/-ը փոխարինել /մինչեւ/ բառով:
8. Կ.Դանիելյանը, որի դիտարկմամբ ավելի հեշտ ե լուծարել կազմակերպոթյունը, քան անվանափոխել այն` ինչը պարտադրում է անցնել հսկայական դժվար ճանապարհ:
9. Ա.Սադոյանը` անտրամաբանական է համարում օրենքի այն մասը, որով չի արգելվում ՀԿ-ներին օտար երկրներում մասնաճյուղեր ունենալ, իսկ Հայաստանում` արգելվում է:

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

• Քննարկելով ոչ կառավարական կազմակերպությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու` ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության 2009-2010թթ. նախաձեռնությունները,
• նկատի ունենալով ոչ կառավարական կազմակերպությունների կարևոր դերը քաղաքացիական հասարակության կայացման գործընթացներում և նրանցից ստացված կարծիքներն ու առաջարկությունները,
• հաշվի առնելով ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հաձնաժողովի եզրակացությունները օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
1. Հավանություն տալ ««Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերջին տարբերակի վերաբերյալ ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի եզրակացությանն ու առաջարկություններին` ներկայացնելով այն ՀՀ կառավարություն և ՀՀ Աժ,
2. Դրական համարելով ««Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի»` ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծում կատարված որոշակի փոփոխությունները, առաջարկել ՀՀ կառավարությանը վերախմբագրել վերոհիշյալ օրինագծի վերջին տարբերակը` կրկնակի վարչարարության, կրկնակի ստուգումների ու հաշվետվությունների պրակտիկան բացառելու և հասարակական կազմակերպությունների գործունեության վերահսկողության ոլորտում բյուրոկրատական բեռ չավելացնելու նպատակով,
3. Առաջարկել ՀՀ կառավարությանը` վերանայել 2010թ. օգոստոսի 5-ի թիվ 1042-Ն «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» անորոշ ձևակերպմամբ և տարընթերցումների ու տարաձայնությունների տեղիք տվող որոշումը, որը չի ներդաշնակվում
• ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի («Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:),
• ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 3-րդ ենթակետի («Բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում … 3) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը»:),
• «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի («Արգելվում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը կազմակերպության գործունեությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:), ինչպես նաև
• «ՀՀ-ում տեսչական համակարգի բարեփոխումների հայեցակարգի» հիմնադրույթների հետ,
Առաջարկել ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, ինչպես նաև ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովին` ուսումնասիրել ՀՀ պետական կառույցների կողմից ոչ կառավարական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման (ուղղակի կամ անուղղակի) ընթացակարգերի բարելավման հարցը:

Օրակարգի 5-րդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցան.
1. Ռ.Սաֆրաստյանը, որը թվարկեց Վ.Վիլսոնի հիշատակը հավերժացնող մի քանի առաջարկներ
• Որեւէ դպրոց, հրապարակ կամ փողոց անվանակոչել Վ.Վիլսոնի անունով,
• Կանգնեցնել Վ.Վիլսոնի կիսանդրին,
• Պետական մակարդակով անցկացնել միջոցառումներ, գիտական կոնֆերանս:
2. Ա.Սադոյանը կարեւորեց որեւէ ձեւով Վ.Վիլսոնին մեծարելու անհրաժեշտությունը:
3. Վ.Մովսիսյանը առաջարկեց դիմել կառավարությանը` սահմանված կանոնակարգով Վ.Վիլսոնի հիշատակը հավերժացնելու եւ միջոցառումներ իրականացնելու առաջարկությունով:
4. Խ.Հարությունյանը անհարժեշտ համարեց պատմականորեն հիմնավորել եւ ընդգծել Վ.Վիլսոնի հիշատակը հավերժացնելու կարեւորությունը եւ կազմակերպել միջոցառումների համալիր:
5. Հով. Մուսայելյանը նպատակահարմար գտավ, քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի 2011թ.-ի նախատաեսված այցը ԱՄՆ` համատեղել Հ.Մորգենթաուի եւ Վ.Վիլսոնի մեծարման միջոցառումների հետ:
6. Վ.Սաֆարյանը հիշեցրեց, որ Վ.Վիլսոնը հրաժարվել է հայկական մանդատից, որովհետեւ ամերիկացիները միշտ էլ շարժվել են եւ շաժվելու են իրենց շահերից ելնելով:
7. Ռ.Սաֆրաստյանը ճշտեց, որ ոչ թե Վիլսոնն է հրաժարվել հայկական մանդատից, այլ ԱՄՆ Սենատը: Վիլսոնը Հայաստանի քարտեզը գծել տվեց այնպես, որ Հայաստանը ելք ունենա դեպի ծով, որը չընդունվեց կոմունիստների կողմից:
8. Ե.Վարդանյանը առաջարկեց նախաձեռնել որեւէ միջոցառում, որը կընդհանրացնի հայ ժողովրդի բոլոր բարեկամների հիշատակը:
9. Կ.Բեքարյանը մատնանշեց, որ այնպիսի անուններ ինչպսիք են Մորգենթաուն եւ Վիլսոնը` հիմնավորման կարիք չունեն եւ սիմվոլներ են, որոնց շնորհիվ է ամրանում միջազգային հարաբերությունները:
Քվեարկության դրվեց Վ.Մովսիսյանի առաջարկությունը. կողմ – 21, ձեռնպահ – Վ.Սաֆարյան:

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Հաշվի առնելով ԱՄՆ նախկին նախագահ Վ. Վիլսոնի հետևողական գործունեությունը Հայկական Հարցի արդարացի լուծման ուղղությամբ և նրա կողմից 1920 թ. նոյեմբերի 22-ին հրապարակած իրավարար որոշման անժխտելի նշանակությունը,
Հիմք ընդունելով ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի ու միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի առաջարկը` այդ որոշման 90- ամյակի կապակցուցամբ իրականացնելու մի շարք միջոցառումներ,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
• դիմել ՀՀ կառավարությանը` մշակելու և իրականացնելու ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող միջոցառումներ /գիտաժողով, փողոցի կամ հրապարակի անվանակոչում, հուշարձանի կառուցում և այլն/:

Օրակարգի 6-րդ հարցի կապակցությամբ ելույթ ունեցան.
1. Գագիկ Մանասյանը, որը զեկուցեց Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերականգնման խնդիրների, ինչպես նաեւ Մայր Աթոռ Ս.Էջմիածնին հանձնված եկեղեցիների պահպանման եւ վանքապատկան հողերի օգտագործման հիմնահարցերի շուրջ:
2. ՀԽ անդամ Մարկոս եպիսոկոպոս Հովհաննիսյանը չհամաձայնեց Գ.Մնասյանի հարցադրումներին, որ եկեղեցու տնօրինության տակ եղած շինությունները մասնագիտական բարձր մակարդակով չի վերականգնվում կամ որոշ եկեղեցիներ փակ են: Առաջինի դեպքում վկայակոչեց գիտամեթոդական խորհրդի որոշումներով վերականգնումը, երկրորդի դեպքում` վիճակի թելադրանքով 7-8 համայնք ունեն մեկ հոգեւորական:
3. Անելկա Գրիգորյանը այն կարծքին է, որ Հայաստանի պատմամշակութային հուշարձանները հայտնվել են երկու տիրոջ արանքում, Էջմիածինը վերցրել է ավելին, քան կարող է պահպանել, մինչդեռ այդ ժառանգությունն ավելի շատ պետությանն է :
4. Վլադիմիր Մովսիսյանը վտանգավոր համարեց այն երեւույթը, որ օրինակ հին եկեղեցիներից 100 մետր հեռավորության վրա նոր եկեղեցի կառուցելով` կասկածի տակ են դրվում հին եկեղեցու հայկական լինելը: Կարեւորեց եկեղեցու վերահսկողությունը այս հարցում:
5. Վ.Մանուկյանը առաջարկեց հարցն առայժմ չքվեարկել: Խնդիրները համակողմանի ուսումնասիրելու համար ստեղծել աշխատանքային խումբ` ներկայացուցիչներ հրավիրելով Մայր Աթոռից, մշակույթի նախարարությունից, ճարտարապետների միությունից:

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Հաշվի առնելով ՀՀ պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման, վերականգնման և հանրահռչակման ուղղված միջոցառումները, ինչը ենթադրում է հանրային ոլորտի արդյունավետ կառավարման ձևեր և մեթոդներ ազգային հարստություն հանդիսացող պատմա-ճարտարապետական ժառանգության պահպանման համար, ինչպես նաև համապատասխան օրենսդրական փոփոխություններ /“Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենք, և “ՀՀ Հողային օրենսգիրք”/,
Նկատի ունենալով ՀՀ պատմամշակութային ժառանգության արդիականացման նպատակով կառավարման միասնական համակարգ ստեղծելու և հայեցակարգ ունենալու անհրաժեշտությունը,
Հիմք ընդունելով ՀԽ-ի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի կողմից ղեկավարած աշխատանքային խմբի պատմա-մշակութային հուշարձանների` այդ թվում նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հանձնած եկեղեցիների և դրանց հարակից տարածքների ներկայիս իրավիճակի հետ կապված ուսումնսիրությունները,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
• Ի գիտություն ընդունել ՀԽ-ի մշակույթի ենթահանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների և առաջարկությունների փաթեթը;
• Բարձրացրած խնդիրները համակողմանիորեն ուսումնասիրելու նպատակով, վերը նշված աշխատանքային խմբի հիման վրա ստեղծել ընդլայնված աշխատանքային խումբ` ներգրավելով մասնագետներ բոլոր շահագրգիռ կողմերից /Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարություններից, ճարտարապետների միությունից/, որը քննարկման արդյունքում մշակված առաջարկությունների փաթեթը կներկայացնի ՀԽ-ին:

Օրակարգի 7-րդ հարցի քննարկումը հանվեց` զեկուցող Գ.Մանասյանի առաջարկությամբ:

Օրակարգի 8-րդ հարցի կապակցությամբ ելույթ ունեցան.
1. Վահան Համազասպյանը, որը ներկայացրեց Հայաստանի հելիոֆիկացիայի եւ հելիոտեխնիկական արդյունաբերությունը զարգացնելու ծրագիրը, որով ցանկանում են Հայաստանի եւ Արցախի գյուղական բնակավայրերում արեւային տեխնոլոգիաներ ներդնել, այն ներմուծել նաեւ գյուղատնտեսություն: Առաջարկում են Սպիտակում կառուցել արեւային սարքեր արտադրող առաջին գործարանը` հիմնելով 3000 աշխատատեղեր: Հավելեց, որ առանց պետական միջամտության հնարավոր չէ գյուղատնտեսական որեւէ սարքի ներդրումը, հատկապես, որ չկա նաեւ արեւային էլեկտրաէներգիայի կիրառումը կարգավորող իրավական դաշտ:
2. Ա.Սադոյանը, որին չբավարարեց ծրագրի հեղինակի ներկայացրաց տվյալները:
3. Վ.Սաֆարյանը տեղեկացրեց, որ Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի կոլեգիայի նիստում այդ հարցը քննարկվել է եւ ճաշակել են արեւային էներգիայով պատրաստված ուտելիքը:

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Հաշվի առնելով համաշխարհային գործընթացները հելիոտեխնոլոգիաների զարգացման և կիրառման բնագավառում, դրա ազդեցությունը էներգետիկայի /որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր/, սննդի արտադրության /բիոպրոդուկտ/, գյուղմթերքների վերամշակման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների, երկրի էներգետիկ կենսունակության ոլորտում,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
1. Ի գիտություն ընդունել տեխնիկական գիտությունների դոկտոր Վ.Համազասպյանի զեկույցը վերը նշված խնդրի վերաբերյալ,
2. Հանձնարարել ՀԽ-ի նախագահ Վ.Մանուկյանին, հիմք ընդունելով ՀԽ-ի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի եզրայացությունը` համապատասխան գրությամբ /նամակով/ դիմել ՀՀ կառավարությանը:

Օրակարգում ներառված տեղեկատվության հարցերի շարք
1. Կառլոս Ղազարյանը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների դիմում–բողոքների ընթացքի հետ կապված հարցերը, առաջարկելով, որ արմատավորվի թաղային ոստիկանի ինստիտուտը:
2. Յու.Ջավադյանը, որը ներկայացրեց տեղեկանք Երեւանի մի շարք բնապահպանական խնդիրների շուրջ, տեղեկացնելով, որ Երեւանի Շահումյանի գերեզմանի մոտակա անտառակը պահպանելու հետ կապված պայմանվորվածություն է ձեռք բերվել: Ծիծեռնակաբերդի ճանապարհի վերաբերյալ, առաջիկայում լսումներ են հրավիրվելու, գլխավոր պողոտայի կառուցման հատակագիծը փոխվել է:
3. Վլադիմիր Մովսիսյանը տեղեկանք ներկայացրեց ընթացիկ տարվա գյուղմթերքների վերաբերյալ, նշելով, որ ոչ բարենպաստ պայմանների հետեւանքով այս տարի մթերման խնդիր չի նկատվել: Դեռ շատ անելիքներ կան 2010-2020թթ. գյուղի զարգացման ռազմավարական ծրագրի հետ կապված:
4. Վ.Սաֆարյանը տեղեկանք ներկայացրեց Սյունիքի մարզում ուրանի հանքերի գնահատման աշխատանքի վերաբերյալ: Ըստ նրա տվյալների` այս պահի դրությամբ հողի վրա ուրանային երեւակումներ չկան, ռադիոակտիվ ֆոն չկա:
• Վ.Մանուկյանը նշեց, որ այս հարցը ունի երկու կողմ, մի կողմից ժողովրդին գրգռում ենեւ ներսից, եւ դրսից: Մյուս կողմից ժոովուրդը իսկապես դժգոհ է:
• Վ.Մովսիսյան պարզաբանեց, որ այդ խնդիրը նոր չէ: Կապանում եւ Ճամբարակում այդ հետազոտությունները վաղուց են կատարվել: Վ.Մովսիսյանը գտնում է, որ ռադիոակտիվ ֆոն լինելու դեպքում պետք է անմիջապես դադարեցնել պաշաների ուսումնասիրությունը: Նրա կարծիքով ՀՀ կառավարությունը պետք է բնական պաշարների օգտագործման ծրագիր ունենա` հետագա սերունդներին գոնե ժառանգություն թողնելու համար:
• Վ.Մանուկյանը ամփոփելով այս հարցը եկավ այն եզրակացության, որ ՀԽ-ն այս հարցում դերակատարություն կունենար այն դեպքում, եթե տեղեկություն ունենար ռադիոակտիվ ֆոնի առկայության մասին:

← Վերադառնալ ցուցակին