ՀՀ ՀԽ ՓՈՔՐ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ – 30.07.2010

25.10.2010

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվանից հետո հրավիրված առաջին նիստն սկսելուց առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը:
“Մեծ կորուստ էր: Հանրային խորհրդում շատ փոքր հատված աշխատեցինք Էմիլ Գաբրիելյանի հետ, բայց այդ հատվածում նրա արած աշխատանքը հսկայական էր: Էմիլ Գաբրիելյանի մահը մեծ կորուստ էր ոչ միայն Հանրային Խորհրդի, այլեւ մեր երկրի, մեր պետության համար” ¬ հիշատակի լռության րոպեն հայտարարելուց առաջ ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
“Դիլիջան” դպրոցի բաց նամակի պատասխանը կլինի սեպտեմբերին
ՀՀ Հանրային Խորհուրդը “Դիլիջան” միջազգային դպրոցի նախաձեռնող խմբի բաց նամակի պատասխանի պաշտոնական տեքստը կընդունի սեպտեմբերին հրավիրելիք իր լիագումար նիստում:
“Եթե այդ նամակով հարցի պատասխանատվությունը դրվում է Հանրային Խորհրդի վրա, ես միայն ուրախ եմ”, ¬ հուլիսի 30¬ին, Փոքր խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ պատասխանի հարցում շտապել պետք չէ, քանի դեռ Հանրային Խորհուրդը շարունակում է նամակներ ստանալ Լեզվի մասին օրենքում առաջին ընթերցմամբ արված փոփոխություններով եւ օտարալեզու դպրոցների բացմամբ մտահոգ կազմակերպություններից եւ խմբերից:
“Նամակներում քննարկման արժանի հետաքրքրիր ձեւակերպումներ եւ առաջարկություններ կան: Հանրային Խորհրդի կրթության կոլեգիան է 5 էջանոց փաստաթուղթ նախապատրաստել, այդ ամենն ի մի բերելուց հետո կքննարկենք ու որոշում կընդունենք: Մինչ այդ ես կարող եմ Հանրային Խորհրդի նախագահի անունից ուղարկել ապրիլ ամսին Խորհրդի ընդունած որոշումը, որով Հանրային խորհուրդը դեմ է արտահայտվել օրենքում առաջարկված փոփոխություններին”,¬ ասաց Վազգեն Մանուկյանը:
Կարինե Դանիելյան. “Երեւանի խնդիրը Սեւանից պակաս չէ”
Լսելով ՀԽ անդամ Կարինե Դանիելյանի բարձրացրած հրատապ հարցը՝ Երեւանի բնապահպանական վիճակի շուրջ, Փոքր խորհուրդը Կարինե Դանիելյանին, Վլադիմիր Մովսիսյանին, Վազգեն Սաֆարյանին, Յուրի Ջավադյանին եւ Ռոբերտ Ամիրխանյանին առաջարկեց այսօրվանից աշխատանքային խումբ ստեղծել, համակարգել խնդիրները եւ դրանց լուծումները: Համապատասխան հանձնաժողովներում եւ ենթահանձնաժողովներում քննարկումից հետո՝ մինչեւ սեպտեմբերի կեսերը, կներկայացվի արդեն մշակված փաստաթուղթը:
Կարինե Դանիելյանի ահազանգած վտանգների ոչ լրիվ ցանկն է՝ Երեւանը վերադառնում է կիսանապատային վիճակին: Քաղաքաշինությունն իրականացվում է հիմնականում կանաչ տարածքների հաշվին: Հողահատկացումներ են արվել անգամ այն վայրերում, որոնք սանիտարական պաշտպանիչ տարածք են խմելու ջրի խողովակացանցի համար: Գերբեռնված քաղաքաշինությունը շատ վայրերում մեծացրել է սեյսմիկ վտանգները.
“Երեւանի գլխին կախված է սեյսմիկ վտանգը: Թեհրանում օրինակ, այդ նպատակով քաղաքը “թերբեռնելու” համար 5 միլիոն բնակիչ տարհանվելու է շրջակա փոքր քաղաքները, նման ծրագիր Ստամբուլն է նախատեսել… Երեւանի հիմնախնդիրը Սեւանից պակաս չէ, ինչու՞ չառաջարկել Հանրապետության նախագահին՝ Երեւանի հիմնախնդրով զբաղվելիք հանձնաժողով եւս ստեղծել…”:
Կարինե Դանիելյանի կարծիքով, Երեւանի վիճակն արդեն զուտ բնապահապանական խնդիր չէ, եւ Հանրապետության նախագահի ուշադրությանը ներկայացնելիք հարց է:
“Դուք Երեւանի վիճակի համար Դանթեի դժոխքի նման մի բան նկարագրեցիք, ի՞նչ ելքեր եք առաջարկում ՙդժոխքից՚ դուրս գալու համար”,¬ հարցրեց Վազգեն Մանուկյանը:
Կարինե Դանիելյանի եւ Բնապահապանության ենթահանձնաժողովի մեկ տասնյակից ավելի առաջարկություններից են՝ քաղաքի գլխավոր հատակագծի վերանայումը, Երեւանի էկոլոգիական ոստիկանության վերականգնումը, Երեւանի կայուն զարգացման մասին օրենքի, Էկոլոգիական փորձաքննության մասին նոր օրենքի ընդունումը: Բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքում, Կարինե Դանիելյանն առաջարկում է լրացումներ, որոնցով կբացառվեն սեյսմիկ վտանգներ պարունակող կառուցապատումն ու շինարարությունը:
“Մի բան, այո, դրականորեն փոխվել է քաղաքում. ծաղիկները: Բայց դա զգացմունքային եւ ոչ թե էկոլոգիական լուծում է “,¬ ասաց Կարինե Դանիելյանը:
Խոսրով Հարությունյանը կարեւորեց քաղաքի գլխավոր ճարտարապետի կարգավիճակի հստակեցման հարցը. ո՞վ է քաղաքաշինության գլխավոր պատասխանատուն:
Վլադիմիր Մովսիսյանի կարծիքով, պետք է օրենք ընդունվի, որով կդադարեցվի Երեւան քաղաքի մեխանիկական աճը, իսկ քաղաքի գլխավոր հատակագիծը պետք է հանրային քննարկման դրվի եւ վերանայվի, նույնը՝ բիզնես աշխարհագրությունը: Վլադիմիր Մովսիսյանը վկայակոչեց նաեւ քաղաքաշինական այնպիսի խնդիրներ, երբ շենքերում փրկարարական աշխատանք իրականցնելն անհնար է:
Յուրի Ջավադյանի կարծիքով, ոչինչ չի փոխվի, եթե բնապահապանական փորձաքննության հանձնաժողովը մնա պետական:
Արշակ Սադոյանը՝ իմանալով, թե ինչ մեծ արժեք ունի հողը քաղաքի կենտրոնում, սպասելիքներ չունի, թե խնդիրը լուծելու հստակ մեխանիզմներ կգտնվեն:
Ռոբերտ Ամիրխանյանն առաջարկեց ուսումնասիրությունն ընդլայնել էկոլոգիայի մշակույթի, էկոլոգիական դաստիարակության հարցերով. “Ավստրիալիայում անգամ քո դռան առջեւի ծառը կտրելու իրավունք չունես…”:
Հայկ Դեմոյանի դիտարկումն է, որ “Մեզ մոտ ազգային ճարտարապետությունը անառակությամբ զբաղվելու տեղ է”: Նա օրինակ բերեց, որ վերջերս գնդապետ Զաքյանի գերեզմանի վրա սիրաբանող աղջիկ¬տղա է տեսել:
Արգելել կամ սահմանափակել հրավառությունը
Հայկ Դեմոյանը առաջարկեց բնապահպանական խնդիրներին ի հավելումն քննարկել նաեւ Երեւանում հրավառությունների հարցը. “Պետք է սահմանել, թե ինչ տրամաչափի տեխնիկայով, երբ եւ որտեղ կարելի է հրավառություն անել”… Նրա կարծիքով, ոչ միայն մարդկանց հանգիստն են խաթարում հրավառությունները, այլեւ վտանգավոր են շենքերի սեյսմակայունության համար: Օրինակ բերեց Ծիծեռնակաբերդի ներքեւի ռեստորանում, այլ վայրերում հրավառությունները: Նշեց նաեւ, որ հրավառությունները կարող են հրդեհի պատճառ դառնալ, իսկ Ծիծեռնակաբերդում համատարած դյուրավառ խոտ է:
Կառլոս Ղազարյանի կարծիքով, պետք է արգելել մասնավոր հրավառությունները, եւ այդ իրավունքը թողնել միայն պետությանը՝ պետական տոներին: “Հրապարակում ժամանակին արգելեցինք հրավառությունը, քանի որ կողքի շենքերի համար վտանգավոր էր”, ¬ասաց նա՝ հավելելով, որ պետք է արգելել նաեւ հրավառության միջոցների ներմուծումը, արտադրությունը:
Վերջին երկու ամսվա աշխատանքի ամփոփում
Հուլիսի 30¬ի նիստում Վազգեն Մանուկյանն ամփոփեց վերջին երկու ամսվա ընթացքում Հանրային Խորհրդի կատարած աշխատանքը.
• Հուլիսի 6¬7¬ին ՀԽ պատվիրակությունը մասնակցեց Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի տարեկան համաժողովին՝ դառնալով միջազգային այդ կառույցի լիիրավ անդամ:
• Հուլիսի 29¬ին ՀՀ կառավարությունն իր կանոնակարգում փոփոխություններ ընդունեց, որոնցով կապահովվի ՀԽ մասնակցությունը կառավարության նիստերին: ԱԺ նիստերին մասնակցության շուրջ կանոնակարգային փոփոխությունները համաձայնեցված են ԱԺ տարբեր օղակների եւ կառավարության հետ, նախագիծը շրջանառության կդրվի սեպտեմբեր ամսին:
• ՀՀ վարչապետի ղեկավարությամբ գյուղատնտեսական խնդիրների շուրջ երկու խորհրդակցության են մասնակցել ՀԽ հանձնաժողովների մի շարք անդամներ. Վլադիմիր Մովսիսյանը եւ Յուրի Ջավադյանը մեծածախ շուկաների կազմակերպման մասին առաջարկություններ են ներկայացրել, որոնք տարբեր պետական մարմիններում քննարկման փուլում են:
• ՀԽ մի շարք ենթահանձնաժողովներում քննարկվել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի բաց նամակը կրթության հիմնախնդիրների շուրջ: Գիտության, կրթության, երիտասարդության… ենթահանձնաժողովը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, որը կքննարկվի սեպտեմբեր ամսին եւ կտեղադրվի ՀԽ պաշտոնական կայք էջում: Էջում արդեն տեղադրված են օտարալեզու դպրոցների բացման հարցի շուրջ Հանրային Խորհրդի ստացած բոլոր բաց նամակները:
• ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել Հանրային Խորհրդի ստացած այն նամակները, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարմանը:
• Նուբարաշեն ՔԿՀ¬ում իրենց պատիժը կրող ցմահ դատապարտյալներից ստացված նամակի առիթով ստեղծված չորս հոգանոց աշխատանքային խումբը կայցելի մեկուսարան եւ ՀԽ¬ին առաջարկություններ կներկայացնի:
• Աշխատողների իրավունքների պաշտպանության հետ կապված, Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների երկրորդ ընթերցման ժամանակ ընդունվեցին նաեւ ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի հետ մշակած առաջարկությունները: Նույն խնդիրների շուրջ նամակ է ստացվել նաեւ ԼՂՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահից:
• Հուլիսի 27¬ին ՀԽ¬ում քննարկվեց ավիակարգավարների դիմումը՝ իրենց ծառայությունում գերլարված իրավիճակի շուրջ, որոշվեց աշխատանքային խումբ ստեղծել, մանրակրկիտ ուսումնասիրել վիճակը, եւ սեպտեմբերին կայանալիք ՀԽ լիագումար նիստում առաջարկություններ ներկայացնել:
• ՀԽ առողջապահության կոլեգիան եւ համապատասխան հանձնաժողովը ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի առաջարկով փորձագիտական եզրակացություն ներկայացրին “Մարդուն օրգաններ եւ¬ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին” օրենքի 7¬րդ հոդվածի վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին