Հանրային խորհրդի ևս երկու հանձնաժողով նոր նախագահ ունի

01.12.2018

Հանրային խորհրդի ևս երկու հանձնաժողով նոր նախագահ ունի։ ՀԽ Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստին, որը տեղի է ունեցել ս․թ․ նոյեմբերի 30-ին, փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ Վերջինս հանձնաժողովի անդամներին ներկայացրել է նախկինում Հանրային խորհրդի կողմից բնապահպանական ոլորտում կատարած գործունեությունը, պետության և կառավարության ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ բարձրացրած սուր հարցերը, անդրադարձել ոլորտի խնդիրներին ու մարտահրավերներին։ Նա կարևորել է, որ նոր ձևավորվող Հանրային խորհրդում ստեղծվել է հատուկ բնապահպանական հարցերի հանձնաժողով, մինչդեռ նախկինում բնապահպանական և գյուղատնտեսական ոլորտները միավորված էին մեկ հանձնաժողովում։ Դանիելյանը հույս է հայտնել, որ նոր հանձնաժողովը կլինի ակտիվ, նախաձեռնող և կիրականացնի արդյունավետ գործունեություն։

Հանձնաժողովի նիստը վարել է Հանրային խորհրդի անդամ Հարություն Մեսրոբյանը։

Ս․թ․ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի Ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նիստը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ միգրացիոն ծառայության նախկին ղեկավար Գագիկ Եգանյանը։ Հանձնաժողովի անդամները, կարևորելով Եգանյանի փորձառությունը միգրացիոն ծառայության ոլորտում, ընդգծել են հանձնաժողովի ակտիվ դերակատարման անհրաժեշտությունը հատկապես Հայաստանի ամենալուրջ խնդիրներից մեկի՝ արտագաղթի հիմնախնդրի ուսումնասիրման, վերհանման և դրա կանխման ուղղությամբ առաջարկներ ու լուծումներ ներկայացնելու գործում։

Եգանյանը, խոսելով ոլորտի խնդիրների մասին և ներկայացնելով իր երկարատև գործունեության փորձը, նշել է, որ հանձնաժողովի աշխատանքը պատկերացնում է հասարակության երեք շերտերի ներկայացուցիչների ակտիվ համագործակցության միջոցով՝ փորձագիտական հանրություն, հասարակական սեկտոր և պետական համակարգ։ Հանձնաժողովի նիստը վարել են Հանրային խորհրդի անդամներ Անահիտ Աղոյանն ու Յուրի Ջավադյանը։

 

← Վերադառնալ ցուցակին