Հովհաննես Թադևոսյանն ընտրվել է Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ

27.11.2018

Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի նոր ձևավորված հանձնաժողովն այսօր նախագահ է ընտրել։ Հանձնաժողովում ընդգրկված 72 անդամներից նիստին ներկա է գտնվել 64-ը։ Նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 4 անդամ՝ Աշոտ Միրզոյանը, Հովհաննես Թադևոսյանը, Արշակ Սադոյանը և Ավագ Հակոբյանը։

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների գերակշիռ առավելությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը։

Խոսելով Հանրային խորհրդի շրջանակներում առաջիկա անելիքների մասին՝ Հովհաննես Թադևոյանն ասել է, որ Հայաստանում գրանցված 180 հազար ձեռնարկությունների մի զգալի մասը չի գործում, և հանձնաժողվի առաջին աշխատանքներից մեկը պետք է լինի այդ ձեռնարկությունների չգործելու պատճառներն ուսումնասիրելը։ Թադևոսյանն անդրադարձել է նաև փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտին՝ նշելով, որ ՓՄՁ-ն Հայաստանի տնտեսության ողնաշարն է։ Նա կարևորել է ՓՄՁ-ների զարգացումը հեռավոր մարզերում ու սահմանամերձ գոտիներում, խոսել օրգանական գյուղատնտեսության, էկոտուրիզմի զարգացման հեռանկարների մասին։

Այսօրվա նիստը վարել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը։

Վազգեն Մանուկյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ՀԽ ձևավորման նոր կարգը, խոսել Հանրային խորհրդի գործունեության մասին՝ ներկայացնելով աշխարհի 72 երկրներում նմանատիպ կառույցների դերը և ՀՀ Հանրային խորհրդի միջազգային համագործակցության փորձը։ Նա շեշտել է, որ Հանրային խորհրդի աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է հանձնաժողովների ակտիվ գործունեությունից։
 

← Վերադառնալ ցուցակին