Ցավակցագիր ականավոր գիտնական Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ

06.08.2018

Կյանքից հեռացավ համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, հասարակական-քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանը։

Անգնահատելի է ակադեմիկոս Համբարձումյանի դերը ոչ միայն գիտության զարգացման, մասնավորապես Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման, այլև գիտության և կրթության ոլորտի կազմակերպման, երիտասարդ գիտնականների պատրաստման գործում։ Երկար տարիներ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը՝ նա մեծ հետք է թողել մայր բուհի կյանքում՝ ստեղծելով զարգացման ու միջազգային համագործակցության նորանոր հնարավորություններ։

Հսկայական է Սերգեյ Համբարձումյանի ավանդը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում։ 1975-1980թթ. լինելով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, ապա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ՝ նա մշտապես պաշտպանել և առաջ է քաշել Հայաստանի ու Արցախի շահերը։

ՀՀ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր գործչի ընտանիքին, հարազատներին, գիտության ոլորտի ներկայացուցիչներին։

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան

 

← Վերադառնալ ցուցակին