Քննարկվել է Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը

12.03.2018

Ս.թ. մարտի 12-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Սուրեն Զոլյանն ու հանձնաժողովի անդամ Էդուարդ Պոլատովը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ քննարկել են Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը: Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը:

Վազգեն Մանուկյանն ասել է, որ ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց պետք է մանրամասն քննարկվի, համաձայնեցվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ և բավարարի նրանց պահանջները:

Արդարադատության փոխնախարարը պարզաբանել է, որ Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատը պետք է իրականացնի նույն գործառույթները, ինչ նախկինում՝ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը, սակայն ավելի բարձր կարգավիճակով, քանի որ պալատի գործունեությունը կարգավորվելու է նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքով:

Վազգեն Մանուկյանը ևս մեկ անգամ ընդգծել է նախագծի վերաբերյալ խնդրահարույց դրույթները պարզաբանելու և ազգային փոքրամասնությունների առաջարկներն ու տեսակետները քննարկելու անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին