ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը քննարկել է կատարած աշխատանքները

03.03.2018

ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը ս.թ. մարտի 3-ին գումարել է նիստ՝ ամփոփելու 2009-2017 թթ. կատարած աշխատանքները:

Հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը գործընկերներին հակիրճ ներկայացրել է այս տարիների ընթացքում կատարած աշխատանքները, ձեռբերումները և այն հարցերը, որոնք առայժմ լուծում չեն ստացել:


Հովհաննիսյանը նշել է, որ Հանրային խորհուրդն այսուհետ գործելու է իբրև սահմանադրորեն ամրագրված մարմին, և «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի ու ՀԽ նոր կանոնադրության ընդունումից հետո կառույցը գործելու է նոր կարգավիճակով ու պետական մարմինների հետ համագործակցության նոր ձևաչափերով:

Հանձնաժողովը, մասնավորապես, այս տարիներին պարբերաբար քննարկել և փորձաքննության է ենթարկել հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է:
Զանգվածային լրատվության ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով Հխ այլ հանձնաժողովների հետ համատեղ մշակվել և ԶԼՄ-ներին է առաջարկվել «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքների խարտիան», որը քննարկվել և ստորագրվել է համահանրապետական հեռարձակում ունեցող բոլոր հեռուստաընկերությունների կողմից, բառառությամբ մեկի:


Մշակվել, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել և 2012թ. ՀՀ ղեկավարությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծը», որը հավանության է արժանացել թե´ տեղական և թե´ Եվրամիության խորհրդատվական խմբի փորձագետների կողմից: Այդ նախագծի մի շարք կարևոր դրույթներ տեղ են գտել 2014թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների» հայեցակարգում:


Մշակվել և ՀՀ Ազգային ժողով ու Կառավարություն են ներկայացվել առաջարկություններ ՀՀ ընտրական համակարգի բարելավման և ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Ներկայացվել են առաջարկություններ «Կենսաչափական տվյալներով անձնագրերի», «Նույնականացման քարտերի» և «Հանրային ծառայությունների համարանիշի» մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնց մի մասը տեղ են գտել 2011թ. ընդունված օրենքներում:

Ներկայացվել են առաջարկություններ տեխնիկական սարքերի միջոցով հայտանաբերվող՝ երթևեկության կանոնների խախտման, ավտոմեքենաների կայանման կապակցությամբ արձանագրված վարչական իրավախախտումների և այդ կապակցությամբ տույժերի ու տուգանքների գանձման գործընթացում տեղ գտած թերությունների, չարաշահումների, մասնավորապես տուգանքը գանձելու նկատակով քաղաքացու բանկային բոլոր հաշիվների վրա կալանք դնելու պրակտիկայի վերացման վերաբերյալ:


Մշակվել և 2012-2015թթ. ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ պետություն-քաղաքացիական հասարակության կազմակերպություններ սոցիալական գործընկերության մեխանիզմների ձևավորման վերաբերյալ:

Տեղական աղբյուրներից, մասնավորապես ՀՀ պետական բյուջեից ՔՀԿ-ներին տրամադրվող ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով՝ մշակվել և համապատասխան հիմնավորումներով ՀՀ իշխանություններին է ներկայացվել առաջարկություն Քաղաքացիական հասարակության աջակցության ազգային հիմնադրամի ձևավորման վերաբերյալ:

Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել առաջարկությունների և նկատառումների փաթեթ՝ ՀՀ կառավարության «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի, ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կազմը հաստատելու մասին» 2015թ. փետրվարի 19-ի N 165-Ն որոշման և «ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմ հասարակական կազմակերպությունների ներգրավման և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ:

Մի շարք նկատառումների շարքում առաջարկվել է մասնավորապես. ա) կոռոպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ավելացվել հասարակական կազմակերպությունների թիվը, բ) հստակեցնել և պարզեցնել ԿԴՊ խորհրդի կազմում ՀԿ-ների ընդգրկման կարգը, գ) ապահովել նաև Խորհրդի կազմում ԶԼՄ-ների ներգրավվածությունը և անմիջական դերակատարությունը:

Մշակվել և առաջարկություններ են ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ, որոնք թուլ կտան շտկել բուհական եռաստիճան կրթության և դրան` աշխատաշուկայի պահանջարկի անհամապատասխանության իրողությունները, շտկել մասնագիտական կրթության կառավարման համակարգում տեղ գտած մեթոդաբանական թերություններն ու դրանց հետևանքները:

Հաշվետու ժամանակահատվածում հաձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների կողմից կազմակերպված նիստերի, քննարկումների և լսումների ընթացքում ուսումնասիրվել և դիրքորոշումներ ու առաջարկություններ են ներկայացվել նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Անդրադառնալով ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի աշխատանքներին ու դրանց արդյունավետությանը՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ հանձնաժողովի կողմից պետական մարմիններ ներկայացրած առաջարկներն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել են մոտ 40-50 տոկոսով, իսկ քաղաքացիների ներկայացրած դիմում բողոքները հանձնաժողովի միջոցով դրական լուծում են ստացել մոտ մեկ երրորդով:

Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ՔՀԿ-ների առջև ծառացած առանցքային խնդիրներին, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից ՀԿ սեկտորին ֆինանսական աջակցության տրամադրման հետևողական քաղաքականության, հստակ և թափանցիկ ընթացակարգերի, ինչպես նաև դրա արդյունավետության գնահատման չափանիշների բացակայությանը, ինչը վերաբերում է նաև միջազգային կառույցների կողմից պետական մարմիններին տրվող դրամաշնորհների գործընթացներին:

Բանախոսը կարևորել է պետություն-երրորդ սեկտոր սոցիալական գործընկերության մեխանիզմների ձևավորման և զարգացման անհրաժեշտությունը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները՝ այդ առումով ընդգծելով հատկապես քաղաքացիների անիրազեկությունը, փաստաբանական ծառայությունների ոչ մատչելիությունը հանրության լայն շերտերին, պաշտոնյաների ոչ պատշաճ գործելակերպն ու անսրտացավ վերաբերմունքը, քաղհասարակության ինստիտուտների հետ աշխատելու մշակույթի ոչ բավարար մակարդակը և այլն:  

← Վերադառնալ ցուցակին