Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ

20.10.2017

Հանրային խորհրդում ս.թ. հոկտեմբերի 19-ին քննարկվել է «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ (ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ, Կանանց իրավունքների կենտրոն, Համահայկական ծնողական կոմիտե և այլն):

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմնավորելով օրենքի նախագծի քննարկման անհրաժեշտությունը, նշել է, որ այն բուռն արձագանք է գտել հանրության շրջանում, քանի որ մի կողմից առնչվում է ազգային արժեքներին ու ավանդույթներին, մյուս կողմից՝ մարդու իրավունքներին:

Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են, որ հայ ընտանիքին բնորոշ ամրության և լուրջ արժեհամակարգի շնորհիվ է նաև մեր ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների: Այս տեսանկյունից ՀԽ անդամները միանշանակ դատապարտել են բռնությունը ընտանիքում՝ համարելով այն ոչ հարիր հայկական ընտանիքին, և արձանագրել, որ բռնության դեմ պայքարը պետք է ուժեղացնել:

ՀԽ անդամների մի մասը, սակայն, կարծիք է հայտնել, որ նոր օրենքի անհրաժեշտություն չկա, քանի որ քրեական օրենսգրքում կան դրույթներ, որոնք կարգավորում են այդ ոլորտը, և խնդիր կա դրանց արդյունավետ կիրառման հետ կապված: ՀԽ անդամների մի մասն էլ նշել է, որ կարելի է ունենալ ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենք, որպեսզի խնդրի լուծմանը մասնակցի ոչ միայն իրավապահ համակարգը, այլև հասարակության առավել լայն շերտեր, սակայն միաժամանակ մտավախություն է հայտնել, որ թերի օրենքը կարող է վնաս հասցնել առհասարակ հայ ընտանիքի ինստիտուտին: Ընդգծվել է, որ օրենքում մի շարք դրույթներ խնդրահարույց են և լուրջ վերանայման կարիք ունեն: Հատկապես մտահոգիչ է համարվել որոշ ձևակերպումների անորոշությունը, որը ցանկության դեպքում չարաշահումների և իրավիճակը այլ նպատակների ծառայեցնելու հնարավորություն կարող է ստեղծել: Մտահոգիչ է համարվել նաև այն, որ օրենքը հնարավորություն է տալիս առանց դատարանի միջնորդության որոշակի գործողություններ կատարել: Ապաստարանների ձևավորման, ֆինանսավորման, դրանց գործունեության վերաբերյալ նույնպես մտահոգություններն են առաջ քաշվել:

Հնչել է առաջարկ ուսումնասիրելու այն երկրների փորձը, որտեղ կան ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքներ և պարզել՝ արդյոք այդ երկրներում օրենքի ընդունումից հետո ընտանեկան բռնության իրավիճակում դրական տեղաշարժ եղե՞լ է, թե ոչ:

Քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության և ընտանեկան բռնության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հիմնավորումներն են ներկայացրել օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով, որ քննարկումները դեռևս շարունակվում են, և նախագիծը վերամշակվելու հնարավորություն ունի:

Հանրային խորհուրդը որոշել է ստեղծել աշխատանքային խումբ, որը այս քննարկման հիման վրա կպատրաստի համապատասխան փաստաթուղթ և այն քննարկման դնելով Հանրային խորհրդի առաջիկա խորհրդի նիստում՝ կներկայացնի ՀԽ դիրքորոշումը «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին