Հանրային խորհրդում քնարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխումների փաթեթը

15.12.2016

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման և պատժաչափի կրճատման համակարգում բարեփոխումների փաթեթի հանրային քննարկում, որին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամներ, հանձնաժողովի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հիշեցրեց, որ համակարգում փոփոխությունները մեկնարկել են 2006 թվականին, երբ ստեղծվեցին անկախ հանձնաժողովներ, և Հանրային խորհուրդն էլ 2010 թվականից 3 անդամներով ներգրավվեց այդ հանձնաժողովներում: «2010 թվականի տվյալներով և դրանից առաջ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ դատապարտյալների 80 տոկոսը ներկայացվում էր վաղաժամկետ ազատման կամ պատժաչափի կրճատման, և դատարանները բավարարում էին գրեթե բոլոր դիմումները: Երբ անկախ հանձնաժողովների ինստիտուտը ստեղծվեց, կտրուկ կրճատվեց վաղաժամկետ ազատվողների թիվը: Այժմ անկախ հանձնաժողովները դրական են ներկայացնում դիմումների մոտ 30 տոկոսը: Սա էլ մյուս կողմից է դժգոհությունների տեղիք տալիս»,-ասաց Հովհաննիսյանը:

Ամեն դեպքում, համակարգը պետք է բարեփոխվի, քանի որ խնդիրեր շատ կան, և կողմերը կարևորեցին այդ բարեփոխումները հանրային լայն քննարկումների համատեքստում իրականացնելու անհրաժեշտությունը:

Ի՞նչ բարեփոխումներ են առաջարկվում օրենսդրական նոր փաթեթով, և ո՞րն է գլխավոր նպատակը: «Պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմների կատարելագործման նպատակն այն է, որպեսզի մենք ավելի արդյունավետ համակարգ ունենանք, երաշխավորենք մարդու իրավունքները` այդ թվում և քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքները, նաև բարելավենք քրեական արդարադատության ոլորտը»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Փոխնախարարը նախ ներկայացրեց այն խնդիրները, որոնք դրված են բարեփոխումների առաջացման անհրաժեշտության հիմքում` վիճակագրությունը, ազատվողների թիվը, համակարգի խստությունը և այլն: «Մենք մասնավորապես անդրադարձել ենք 3 ուղղության,-պարզաբանեց նա,-խնդիր է դրվել ունենալ հստակ չափանիշներ, որոնք թույլ կտան և՛ կիրառող մարմնին, անկախ հանձնաժողովին ու դատարանին, և՛ դատապարտյալին ավելի տեսանելի դաշտ ունենալու և հասկանալու, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորի պատժի իրականացման ընթացքում, որպեսզի հնարավորություն ունենա պայմանական ազատվելու»:

Հաջորդ կարևոր բարեփոխումը կապված է ընթացակարգի հետ. այժմ դատապարտյալը հնարավորություն չունի մասնակցելու պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին, իր տեսակետը ներկայացնելու, բողոքարկելու համապատասխան որոշումները և այլն, իսկ նոր օրենքով այդ հնարավորությունը կլինի: «Եվ, ի վերջո, ինստիտուցիոնալ համակարգը,-շարունակեց թվարկել Քրմոյանը,-մենք Հայաստանում ունենք եռաստիճան համակարգ. առաջին փուլում որոշումը կայացնում է քրեակատարողական հիմնարկում ստեղծված վարչական հանձնաժողովը, դրական արդյունքի դեպքում որոշումը տեղափոխվում է անկախ հանձնաժողովի վարույթ, որտեղից էլ, դրական արդյունքի դեպքում` դատարան»:

Ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզվել է, որ եռաստիճան համակարգ որևէ երկրում չի գործում, և այն բավականին բարդ ու ծանր համակարգ է: Նոր նախագծով համակարգը բավականին պարզեցվել է:

Փոխնախարարը կարևոր փոփոխութուն է համարում չափորոշիչների հստակ սահմանումը: Օրինակ, ներկա օրենքով, եթե դատապարտյալը ունի որևէ տույժ (ընդ որում` կարևոր չէ, թե ինչ խախտման համար), ապա նա իրավունք չունի դիմելու պայմանական վաղաժամկետ ազատման: Առաջարկվող օրենքով դատապարտյալը, եթե անգամ տույժ ունի, կարող է դիմել, քանի որ հանձնաժողովը պետք է գնահատի նրա վարքագիծը պատժի կրման ողջ ժամանակահատվածի համար` չհիմնվելով կոնկրետ խախտման և տույժի վրա:

Հաշվի է առնվելու նաև դատապարտյալի` քրեակատարողական հիմնարկում աշխատանքային փորձը, և որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է նաև ազատվելու հավանականությունը:

Երրորդ խոշոր չափանիշը կրկնահանցագործության ռիսկի գնահատումն է:

Հանձնաժողովների կազմում նույնպես փոփոխություններ են նախատեսվել` ներառվելով տարբեր ոլորտների մասնագետներ` առողջապահական, սոցիալական, իրավական և այլն: «Հանձնաժողովի գործունեությունը շատ կարևոր է, բայց ի վերջո որոշումը կայացնելու է դատարանը: Մենք ակնկալում ենք ունենալ առավել արդար պայմանական վաղակետ ազատման համակարգ` զերծ կոռուպցիոն ռիսկերից»,-այսպես է ամփոփում Քրմոյանը:

Քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումներն ու առաջարկներն արեցին` միաժամանակ հարցեր ուղղելով արդարադատության փոխնախարարին: Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, որը պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի անդամ է, կարծում է, որ անկախ հանձնաժողովում փաստաբանի կարիք չկա, ընդհակառակը, այն ինչ որ իմաստով խանգարող է, քանի որ այդ հանձնաժողովը իրավական գնահատական տվող մարմին չէ: «Փաստաբանը իրականացնում է իր պրոֆեսիոնալ աշխատանքը, և եթե նա այդ ընթացքում հանդես չգա իբրև փաստաբան, ինքն էնտեղ անելիք չունի: Իսկ այս դեպքում մենք խոսում ենք ավելի շատ մարդկային գնահատականի մասին: Չեմ ասում` փաստաբանը մարդկային չէ, պարզապես նրա գնահատականը ավելի պրոֆեսիոնալ է»:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին անհանգստացնում է կալանավայրերում դատապարտյալների կեցության պայմանները, քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության հարցը և ժամանակ առ ժամանակ համաներում հայտարարելու անհրաժեշտությունը: Սադոյանը փոխնախարարից հետաքրքրվեց` առհասարակ, դատապարտյալի կողմից իր տույժի բողոքարկման մեխանիզմներ կա՞, թե ոչ: «Հենց վերջերս եմ շփվել եմ մի դեպքի հետ, երբ բացարձակ անօրինական ձևով դատապարտյալին տույժի էին ենթարկել»,-նկատեց նա:

Հանրային խորհրդի անդամ Կառլոս Ղազարյանն էլ կարևորեց նախորդ դեպքերի մերժման պատճառներն ուսումնասիրելու և համապատասխան եզրակացություններ անելու անհրաժեշտությունը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում աշխատանքի և զբաղվածության ապահովման հարցը: Քրմոյանը, վերջին հարցին ի պատասխան, նշեց, որ այս պահին զբաղվածությունը կազմում է մոտ 20 տոկոս` միաժամանակ ընդունելով, որ իսկապես այդ խնդիրը կա, և այդ ուղղությամբ քայլեր իրականացվում են:

Ամփոփելով քննարկումը` Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Սուրեն Քրմոյանին արդյունավետ համագործակցության համար` հույս հայտնելով, որ քննարկման ժամանակ բարձրացված հարցերն ու ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն նախարարության կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին