Աշխատանքային խմբի նիստ "Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի" շրջանակներում

17.11.2016

Ս.թ. նոյեմբերի 17-ին ՀՀ Հանրային խորհրդում «Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի» շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը (ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ), Գրիգոր Բադիրյանը (ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ), Կառլոս Ղազարյանը (ՀԽ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ), Վազգեն Սաֆարյանը (ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ):

Աշխատանքային խումբը քննարկել է "ՀՀ քրեական օրենսգրքում" և "ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում" լրացումներ կատարելու մասին նախագծերը` մասնավորապես անդրադառնալով պաշտոնատար անձի կողմից ապօրինի հարստացման քրեականացման դրույթին: Քննարկվել է նաև ՀՀ ԱՆ տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգը:

ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը գործընկերներին տեղեկացրել է, որ ս.թ. նոյեմբերի 10-ին ՀԽ փոքր խորհրդի նիստի ժամանակ խորհրդի անդամներն անդրադարձել են վերոնշյալ նախագծերին և ընդհանուր առմամբ դրական գնահատական տվել:

ՀԽ անդամներն աշխատանքային խմբի նիստի ժամանակ մի շարք դիտարկումներ ու առաջարկներ են ներկայացրել քննարկվող նախագծերի վերաբերյալ:

Այնուհետև Սուրեն Քրմոյանը մանրամասնել է ներկայացվող նախագծերի դրույթները` անդրադառնալով ներկայացված հարցադրումներին և հիմնականում դրական ընդունելով ՀԽ անդամների առաջարկներն ու դիտարկումները: Օրինագծերի որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Կարեն Զադոյանը:

Շուշան Դոյդոյանը աշխատանքային խմբի անդամներին է ներկայացրել տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հիմնական ուղղությունները` էլեկտրոնային հարցմամբ դիմելու հնարավորության ապահովման, հավաստի և ամբողջական տեղեկության տրամադրման ապահովման, պրոակտիվ բաղադրիչի ապահովման և այլ խնդիրների հետ կապված:

Ամփոփելով աշխատանքային խմբի նիստը` կողմերն ընդգծել են համագործակցության այս ձևաչափի նպատակահարմարությունը` պայմանավորվածություն ձեռք բերելով հետագա աշխատանքային հանդիպումների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին