ՀԽ փոքր խորհրդի նիստին քննարկվել է նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը

11.11.2016

Ս.թ. նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկով նիստի սկզբում օրակարգում ավելացել է ևս մեկ հարց, որը վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների կտրուկ ավելացմանը, և որը նույն օրը հավանության էր առաջացել ՀՀ կառավարության կողմից:

ՀԽ անդամները դրական համարելով զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը` այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր են բարձրացրել ու մտահոգություններ հնչեցրել ծրագրի վերաբերյալ, և քանի որ հարցը նաև հասարակական լայն հնչեղություն է ստացել, որոշվել է Հանրային խորհրդում այդ հարցի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել առանձին քննարկում:

Այնուհետև Հանրային խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև կնքված երկկողմ համաձայնագտրի շրջանակներում ՀԽ պատվիրակության Չինաստան կատարած այցի մանրամասները:

Նշենք, որ ս.թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը չինական կողմի հրավերով Հանրային խորհրդի պատվիրակությունը (Վազգեն Մանուկյան, Հովիկ Մուսայելյան, Վազգեն Սաֆարյան) այցելել է ՉԺՀ, որտեղ մի շարք կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (CPPCC), Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավարության, ինչպես նաև մի քանի պետական ռազմավարական կենտրոններում:

Չինաստանի Տնտեսական և Սոցիալական Խորհուրդը Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (CPPCC) կարևոր մաս է կազմում: Տնտեսական և Սոցիալական խորհրդի նախագահը` պարոն Դու Ցինլինը, Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի համաչինական կոմիտեի փոխնախագահն է: CPPCC-ը Չինաստանի կարևորագույն քաղաքական մարմիններից մեկն է, որի նախագահն ի պաշտոնե քաղբյուրոյի մշտական անդամներից մեկ է: Այժմ CPPCC նախագահը պարոն Յու Չժենշենն է` քաղբյուրոյի 7 մշտական անդամներից մեկը: Այցի շրջանակներում ՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև վերջինիս հետ: Պարոն Յու Չժենշենի հետ հանդիպման հիմնական առանցքը եղել է «Մետաքի ճանապարհ» ծրագիրը, որի մասնակիցն է նաև Հայաստանը: Յու Չժենշենը ՀԽ պատվիրակությանը ներկայացրել է ծրագրի հիմնական նպատակները, տնտեսական առավելությունները, որոնք ձեռք կբերեն մասնակից պետությունները՝ միաժամանակ ցանկություն հայտնելով, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցի այդ ծրագրերին: ՀԽ պատվիրակությունն իր հերթին կարևորել է ծրագրի մեջ հայկական կողմի մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի համար ոչ միայն տնտեսական ծրագիր է, այլ նաև անվտանգության և նոր գաղափարների իրականացման հնարավորություն:

ՀԽ պատվիրակության անդամներն առաջարկել են, որպեսզի «Մետաքսի Ճանապարհի» շրջանակներում կազմակերպվի այն ժողովուրդների կոնֆերանսը, որոնք պատմականորեն իրականացրել են այն` նշելով, որ միգուցե նպատակահարմար կլինի, որպեսզի այդ կոնֆերանսը կազմակերպի Հայաստանում:

Խոսվել է նաև գինու, կոնյակի արտադրության, ինչպես նաև քիմիական արդյունաբերության մասին: ՀԽ մոտեցումը եղել է այն, որ «Մետաքսի ճանապարհ» ծրագիրն իրականացնելիս պետք է առաջնորդվել ոչ միայն այս պահի տնտեսական շահերով, այլև ներդրումներ կատարել ապագայի մեջ՝ հաշվի առնելով նաև քաղաքական և պատմամշակութային գաղափարական ընդհանրությունները:

Անդրադառնալով տնտեսական հարցերին` հայկական կողմը նշել է, որ Հայաստանն այսօր ունի բավարար ներուժ` դառնալու Չինաստանի համար ինժեներական և գիտական մշակումների և արտադրության հարթակ, ինչպես եղել է Խորհրդային միության տարիներին:

ՀԽ պատվիրակության առաջարկություններն ու դիտարկումներն արժանացել են Յու Չժենշենի ուշադրությանը, և նա նշել է, որ կարևոր կլինի դրանք քննարկել նաև իր տեղակալների և օգնականների հետ:

Յու Չժենշենի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի նախագահ պարոն Դու Ցինլինի հետ: Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը: Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանի կոմերցիայի նախարարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, որոնցից առաջինը «Մետաքսի Ճանապարհի» հեղինակներից է: Քննարկվել են այդ ծրագրի իրականացման համար ներդրումների աղբյուրներն ու հեռանկարները:
Հայկական կողմը ևս մեկ անգամ կարևորել է, որ անհրաժեշտ է պահպանել այն պատմական «ձողը» և այն երկրների միությունը, որոնք հնուց ի վ
եր մասնակից են եղել Մետաքսի ճանապարհի իրականացմանը` առանց, իհարկե, մյուս երկրների իրավունքները նվազեցնելու:
Հանդիպման ընթացքում երկկողմ գոհունակության է արժանացել առաջարկությունը՝ Չինաստանի Տնտեսական և Սոցիալական խորհրդի և ՀՀ Հանրային խորհրդի կողմից համատեղ ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր տարբեր ոլորտներում և արդյունքները կներկայացնի երկու երկրների ղեկավարություններին:

Հայկական պատվիրակությունը չին գործընկերներին է ներկայացրել նաև մտահոգություններ` կապված Ղարաբաղյան հակամարտության, պանթուրքիզմի և տարածաշրջանային մարտահրավերների հետ:

ՀԽ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Օտարերկրյա պետությունների հետ բարեկամության չինական համաժողովրդական ասոցիացիայում, Չինաստանի ժամանակակից միջազգային գործերի ինստիտուտում և Շանհայի միջազգային պրոբլեմների հետազոտական ինստիտուտում, որոնք Չինաստանի կառավարությանը սպասարկող կարևորագույն ռազմավարական կենտրոններ են:

Բացի այս հանդիպումներից, ՀԽ պատվիրակության անդամ Վ. Սաֆարյանը` որպես Հայաստանի Միացյալ Առաջադիմական Կոմունիստական Կուսակցության անդամ, հանդիպում է ունեցել Չինաստանի կոմունիստական կուսակցությունում (ՉԿԿ):

Ամփոփելով Չինաստան այցի արդյունքները` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը փոքր խորհրդի նիստի ժամանակ համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի ընդհանուր շահերը շատ ավելի մեծ են, քան թվում են, և Չինաստանը կարող է դառնալ մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկը տնտեսության, անվտանգության, ազգային և այլ հարցերում: Նա նշել է, որ չնայած Հայաստանի իշխանությունները մեծ ջանքեր են թափում մեր երկու երկրների հարաբերությունները խորացնելու համար, այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ համագործակցության անսպառ հնարավորությունները, անհրաժեշտ է այդ ջանքերը բազմապատկել:

ՀԽ փոքր խորհրդի հաջորդ հարցը վերաբերել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործընթացներին: ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով Հանրային խորհուրդը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որն առնչվում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի հարստացման դրույթին և ՀՀ արդարադատության նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգի նախագծին: Խորհուրդն ընդհանուր առմամբ դրական է արտահայտվել երկու նախագծերի մասին: Սակայն որոշվել է դրանց մեխանիզմների և առանձին դրույթների վերաբերյալ առաջիկայում կազմակերպել քննարկում ՀԽ աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետական ու հասարակական կառույցների հետ համագործակցելու նպատակով, և այդ քննարկմանը մասնակից դարձնել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներին:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է նոյեմբերի 2-3-ը ՀԽ պատվիրակության Մոսկվա կատարած այցին` մասնակցելու Ռուսաստանի և Եվրասիայի ժողովուրդների առաջին ֆորումին: Պատվիրակության կազմում եղել են ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը և ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը:

Հովհաննես Հովհաննիսյանի տեղեկացմամբ` ֆորումի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Ֆորումի նպատակն է եղել նաև նախապատրաստվել Ռուսաստանի և Եվրասիայի ժողովուրդների առաջին համագումարին, որը տեղի է ունենալու հաջորդ տարի: ՀԽ նիստի ընթացքում քննարկվել և հավանություն է տրվել այդ համագումարի կազմակերպման աշխատանքներին հայկական կողմի մասնակցության հարցը: 

← Վերադառնալ ցուցակին