Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել կառավարության ղեկավարի հետ

22.01.2014

Հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը գումարել է տարվա առաջին նիստը, որի օրակարգում ներառված էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, առաջիկայում ՀՀ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր:

«Զվարթնոց»-ի կլոր շենքի քննարկումը սկսվել է ՀՀ կառավարության կողմից տարեվերջի նիստի ժամանակ կոնցեսիոների մաստեր պլանը հաստատելու մասին որոշումից, որում ներառված է նաև հին ուղևորային համալիրը քանդելու հարցը: Շեշտվել է վարչապետի կողմից քաղավիացիայի գլխավոր վարչությանը տրված հանձնարարականը` ճարտարապետների հետ հարցը մեկ անգամ ևս քննարկելու վերաբերյալ:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հանրային խորհուրդն այդպես էլ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից: Խորհուրդը, օրինակ, առաջարկել էր, որպեսզի մշակույթի նախարարության համապատասխան կառույցը որոշի` շենքը պատմամշակութային հուշարձա՞ն է, թե ոչ, և եթե այո, ապա այն ներառի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, մինչդեռ նախարարությունն այդ հարցը չի քննարկել:

Առաջարկ է եղել պարզելու, որ եթե օդանավակայանի նոր մասնաշենքն ընդլայնելու համար որոշվի ոչ թե քանդել հին համալիրը, այլ շրջանցել այն, ապա դա որքա՞ն հավելյալ ծախս կպահանջի: Դրա վերաբերյալ նույնպես արձագանք չի եղել: Հանրային խորհուրդն առաջարկել է նաև անկախ փորձագիտական ընկերության կողմից ուսումնասիրություններ անցկացնել, թե որքա՞ն կարժենա հին համալիրի վերանորոգումն ու պահպանումը կամ հնարավո՞ր է շենքը հանել աճուրդի այլ նպատակներով օգտագործելու համար: Այս և այլ հարցերի վերաբերյալ չեն տրվել պատասխաններ, ուստի Հանրային խորհուրդը շարունակում է պնդել իր տեսակետը, որ քանի դեռ չկա հիմնավոր հաշվարկներ պարունակող որևէ փաստաթուղթ, որը կապացուցի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի քանդման խիստ անհրաժեշտությունը, և հասարակության լայն շերտերի համար «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը ընկալվում է որպես Երևանի խորհրդանիշ և գնահատվում որպես պատմամշակութային արժեք, ապա Հանրային խորհուրդը շարունակելու է հետամուտ լինել հարցի լուծմանը` հօգուտ շենքի պահպանման:

Օրակարգի երկրորդ հարցի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները նույնպես շարունակելու են մնալ Հանրային խորհրդի օրակարգում, քանի դեռ հասարակության մի ստվար հատվածի կողմից այդ համակարգն ընդունելի չէ, և դրանում առկա են բազմաթիվ խնդրահարույց դրույթներ:

Հանրային խորհուրդը վերոնշյալ երկու հարցերը ներառել է նաև կառավարության ղեկավարի հետ առաջիկա հանդիպման նախնական օրակարգ, որում ներառվել են նաև հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր: Խորհրդի անդամների կողմից առաջարկ է եղել, մասնավորապես, վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել իշխանության և հասարակության միջև ոչ լիարժեք երկխոսության առկայության հարցը, հանրությանը կառավարության որոշումներին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, կառավարության սոցիալական քաղաքականությանն առնչվող հարցեր:

Վարչապետի հետ հանդիպման նախնական օրակարգում տեղ են գտել նաև մենաշնորհային տնտեսությանը, կոռուպցիային, Երևանում բիզնեսը կենտրոնացնելու դեմ քայլեր ձեռնարկելուն, մարզերը զարգացնելուն առնչվող հարցեր: Առաջարկ է հնչել նաև քննարկելու ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգի և դրա դրույթների խախտման հարցը: Կարևորվել է ՀՀ ազգային անվտանգության կառույցի հետ այդ խնդրի վերաբերյալ համատեղ քննարկում անցկացնելու հնարավորությունը:

Առաջիկա նիստում Հանրային խորհուրդը կհստակեցնի վարչապետի հետ հանդիպման օրակարագը:  

← Վերադառնալ ցուցակին