Հանրային խորհրդի մտահոգություններն ու առաջարկությունները եւ 10.12.2013 թ. տեղի ունեցած փոքր խորհրդի նիստի որոշումը` կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ

17.12.2013

Հայաստանում վաղուց ի վեր սպասվում էին բարեփոխումներ կենսաթոշակային ոլորտում, որոնց նպատակը պետք է լիներ գոնե հաջորդ սերնդին թոշակի անցնելուց հետո արժանապատիվ կյանք ապահովելը:

Ներկայացված բարեփոխումների մոդելը, ըստ կառավարության սպասումների, նաեւ պետք է ապահովի Հայաստանի ֆինանսական շուկայում դրամային երկարաժամկետ վարկերի հնարավորություն, խթանի երկարաժամկետ հիփոթեքային վարկերի շուկայի կայացումը եւ նպաստի վարկերի տոկոսադրույքների իջեցմանը:

Սակայն մենք այժմ ականատես ենք այդ օրենքի դեմ բողոքի ցույցերի հենց այն սերնդի ներկայացուցիչների կողմից, որոնց բարեկեցիկ ապագային պետք է որ ուղղված լիներ այս օրենքը: Հատկապես մեծ է բողոքը նոր ձեւավորվող միջին խավի շրջանում (այդ թվում` ՏՏ ոլորտի առաջավոր աշխատողների), իսկ յուրաքանչյուր պետության համար միջին խավը հանդիսանում է տնտեսության զարգացման հիմնական գրավականը: Իհարկե, կարելի է ասել, որ ապագային ուղղված ցանկացած բարեփոխում, որը պահանջում է այս պահին անհատի եկամտի նվազում, միշտ էլ ցավագին է ընդունվում եւ առաջացնում է որոշակի դժգոհություն: Բայց դրանից չի բխում, որ պետք է անտեսել քննադատությունները եւ չքննարկել առաջարկությունները:

Մեր կարծիքով` ցանկացած բարեփոխման հաջողության հիմքում ընկած է հասարակության լայն աջակցությունը, երբ նախապես լայնորեն քննարկվել, հաշվի են առնվել բոլոր տեսակետները, եւ հասարակությունն ընդունել կամ հաշտվել է այդ բարեփոխման անհրաժեշտության հետ:
Դա ստեղծում է այն վստահության մթնոլորտը, որի պակասն այժմ զգացվում է Հայաստանում, ինչն էապես խոչընդոտում է երկրի զարգացմանը:
Հայաստանը որդեգրել է սկզբունք, ըստ որի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի` հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կարծիքը: Այս դեպքում, չնայած օրենքը քննարկվել եւ ընդունվել է 2010թ.,այդ սկզբունքը պահպանված չէ, եւ ստեղծվել է վտանգավոր դժգոհություն հենց այն շերտի մոտ, որը մենք ընկալում ենք որպես Հայաստանի ապագայի կարեւոր հենասյուներից մեկը:

Հանրային խորհուրդը ստացել է բազմաթիվ բանավոր եւ գրավոր բողոքներ, ինչպես նաեւ առաջարկություններ այս օրենքի կապակցությամբ:
Դժգոհությունների հիմնական պատճառներից նշվում են.
1) 5% դրույքաչափի մեծ լինելը:
Փոխարենն առաջարկվում է`
• նվազացնել դրույքաչափը,
• սահմանված գանձումը իրականացնել հարկված աշխատավարձից,
• նույնիսկ եթե դրույքաչափը պահպանվի 5%, 2014 թ. գանձումը սկսել 2%-ից` մինչեւ 2020թ. այն աստիճանաբար բարձրացնելով 5%-ի (հնարավորություն տալով նաեւ այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը):

2) «Պարտադիր» բաղադրիչի տարածումը բոլոր աշխատավարձերի վրա ամբողջ ծավալով:
Փոխարենն առաջարկվում է, որպեսզի`
• փոքր չափի աշխատավարձերի (ասենք, մինչեւ 80.000 դրամ) դեպքում պետությունը կամ գործատուն ամբողջ ծավալով իր վրա վերցնի վճարումները,
• նշված չափի աշխատավարձից հետո, աստիճանաբար աշխատողի կողմից վճարումը մեծացնելով, հասցվի մինչեւ 5 %-ի (ասենք, 80.000-ից մինչեւ 150.000 դրամ աշխատավարձի դեպքում),
• 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածվի 500.000–ից հետո եկող մասի վրա` թողնելով այն աշխատողի կամավոր ցանկությանը:

Մի շարք ընկերություններ հայտարարել են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարումներն աշխատողների կողմից իրականացնելու համար համապատասխանաբար բարձրացնելու են աշխատողների աշխատավարձերը: Սա դժվար է համարել հարցի լուծում, քանի որ դրա հետեւանքով.
- կստեղծվեն մրցակցային ոչ հավասար պայմաններ, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ փոքր եւ միջին ձեռնարկությունների վրա;
- կբարձրանան ապրանքների եւ ծառայությունների գները;
- կբարձրանա աշխատուժի արժեքը, որն էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ օտարերկրյա ներդրումների ծավալի վրա:

Քննարկելով հասարակության մի մասի ընդվզումը և դժգոհությունը «Կուտակային Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կապակցությամբ և վերլուծելով ստեղծված իրավիճակը` Հանրային խորհրդի նախաձեռնությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ նշված հարցի ուսումնասիրության նպատակով:

ՀԽ աշխատանքային խմբի վերլուծություններն ու առաջարկությունները քննարկվել են 10.12.2013 թ. տեղի ունեցած ՀԽ փոքր նիստի ընթացքում:

Քննարկելով աշխատանքային խմբի կողմից կազմված փաստաթուղթը` Հանրային խորհուրդը, բարձր գնահատելով այն դրական միտումները, որոնք ընկած են քննարկվող օրենքի հիմքում, միաժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնում օրենքի կիրառման հետեւանքով Հայաստանում ստեղծվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ բարոյահոգեբանական մթնոլորտի կապակցությամբ:

Հանրային խորհուրդը որոշում է դիմել ՀՀ Նախագահին եւ ՀՀ Կառավարություն` առաջարկելով մինչեւ 2014 թ. հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` մինչ այդ համապատասխան մասնագետների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի եւս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները եւ համաձայնության գալու դեպքում կատարվեն որոշակի փոփոխություններ այդ օրենքի մեջ:


ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

(ՀԽ մտահոգություններն ու առաջարկությունները և նիստի որոշումը ուղարկվել են ՀՀ Նախագահին և ՀՀ կառավարություն):
 

← Վերադառնալ ցուցակին