Հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության և փոխօգնության ազգային կառույցի ձևավորում

12.12.2012

Հարգելի գործընկեր,
Ձեզ եմ ուղարկում ՀՀ կառավարության մասնակցությամբ հիմնված «Ազգային համագործակցություն» հիմնադրամի կողմից, անկախ բնակության վայրից, մեր բոլոր հայրենակիցներին և կազմակերպություններին ուղղված հետևյալ առաջարկությունը.

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցից օգտվող կազմակերպությունների և անձանց համար ներկայումս լայն հնարավորություններ են ստեղծվել փոխշահավետ համագործակցության, փոխօգնության ճանապարհով էապես ընդլայնելու ամենատարբեր ծառայություններից օգտվելու իրենց հնարավորությունները և միևնույն ժամանակ կտրուկ նվազեցնել հեռակապի ապահովման վրա կատարվող ծախսերը: Օրինակ, չնայած տարածման ոչ մեծ շառավղին, բավարար քանակությամբ համացանցին միացած հեռակապի տեղական (ներքին) ցանցերի, WI-FI կամ այլ արձանագրություններով գործող հասանելիության (հեռարձակման) կետերի (router) առկայությունը հնարավորություն է տալիս համապատասխան սարքեր, դյուրակիր համակարգիչներ, սմարթֆոն տիպի հեռախոսներ ունեցող համագործակցության բոլոր մասնակիցներին անհամեմատ քիչ ծախսերով (քան հեռախոսակապի օպերատորների կողմից կիրառվող սակագաներն են) ցանցերի և հասանելության կետերի ողջ ծածկույթում օգտվել համացանցային որակյալ ծառայություններից, այդ թվում տեսաձայնային հեռակապից:
• Ուսումնասիրելով այլ երկրներում վերը նշված հնարավորություններից արդյունավետ օգտվելու կազմակերպությունների փորձը, մասնավորապես հեռահաղորդակցման ոլորտի հզոր կառույցների (Google, Skype, British Telecom and Telegraph և այլն) կողմից հովանավորվող FON կազմակերպության փորձը:
• Համոզված, որ խնդիրների, շահերի և մոտեցումների տեսակետից լայն ընդհանրություններ կան և նպատակահարմար է մեզ մոտ էլ ձևավորել փոխաջակցման համապատասխան կառույց, որի անդամ կարող են դառնալ անկախ բնակության վայրից մեր բոլոր հայրենակիցները, շահագրգիռ բոլոր կազմակերպությունները:
• Ողջունելով անհրաժեշտ սարքեր, նյութական, ծրագրային և տեխնիկական աջակցություն տրամադրելու մի խումբ հայրենական և միջազգային կազմակերպությունների պատրաստակամությունը:
• Գտնելով, որ ծածկույթի արագ ընդլայման, փոխադարձ վստահության, գործարար առողջ մթնոլորտի ձևավորման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մասնակից իր հնարավորությունների շրջանակում, թեկուզ փոքր, բայց իր որոշակի ներդրումն ունենա, կարողանա առաջարկություններ անել, աջակցել, հետևել, որ հավաքագրված միջոցները արդյունավետ ծախսվեն
«Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը և հիմնադրամը՝ իրենց վրա վերցնելով մեկնարկի ապահովման, անդամագրման, սպասարկման ծառայությունների ձևավորման, կարգավորման գործառույթները՝ դիմելով մեր բոլոր հայրենակիցներին, բոլոր շահագրգիռ կազմակերպություններին.
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ՝
Համատեղ ձևավորել համագործակցության, փոխօգնության ազգային արդյունավետ կառույց՝ իր հեռակապի ապահովման կենտրոններով, սոցիալական ցանցերով, խորհրդատվության և աջակցման համապատասխան ծառայություններով:
Կառույցի անդամներ կարող են դառնալ, անկախ ներդրումների ձևից և չափից, բոլոր այն անձինք և կազմակերպությունները, ինչպես նաև կազմակերպությունների այն անդամներն ու աշխատակիցները իրենց համաձայնությամբ, ովքեր որպես սկզբունք ընդունում են բարյացակամ վերաբերմունքի, փոխաջակցման կարևորությունը, հավասար պայմանների դեպքում տեղեկատվություն, ապրանքներ, ծառայությունների ձեռք բերելիս կամ տրամադրելիս պատրաստ են նախապատվությունը տալ կառույցի իրենց գործընկերներին և իրենց հնարավորությունների շրջանակում վճարել անդամավճար:
Ծրագրելով ստեղծել նպաստավոր պայմաններ կառույցի անդամների համար, որպեսզի նրանք կարողանան անհրաժեշտության դեպքում ինքնարժեքին մոտ արտոնյալ պայմաններով՝ ձեռք բերել լրացուցիչ հնարավորություններ ունեցող հեռախոսներ, սարքավորումներ, հագեցնել դրանց համապատասխան ծրագրերով, տրամադրել կազմակերպություններին իրենց ներքին (տեղական) ցանցերը կարգի բերելու արդիականացնելու միջոցներ և ՀՀ բնակավայրերում, սփյուռքի համայնքներում ձևավորել համապատասխան կենտրոնների ճյուղավորված ցանց, նախատեսվում է առաջիկայում՝
1. Առնվազն երկու անգամ կրճատել անդամ կազմակերպությունների ներառյալ բյուջետային հիմնարկների և անձանց կողմից ֆիքսված և շարժական հեռախոսակապի վրա կատարվող ծախսերը, հնարավորություն տալ նրանց կառույցի և կառույցի հետ համագործակցող այլ երկների կազմակերպությունների հասանելիության կետերի ողջ ծածկույթում անվճար օգտվել համացանցային ծառայություններից IP տեսաձայնային հեռակապից:
2. Մշակելով որոնման, այցելությունների ապահովման մատչելի համակարգ, նպաստել, որ կառույցի անդամները կարողանան դիտել համացանցով հեռարձակվող հեռուստաընկերությունների հաղորդումները, օգտվեն տեսանյութերի իրենց հետաքրքրող շտեմարանից:
3. Անվճար օգտվեն կառույցի և նրա հետ համագործակցող անձանց և կազմակերպություններին պատկանող գիտատեխնիկական, կրթական (այդ թվում դասագրքերի և դասախոսությունների), նորամուծությունների, ինչպես նաև գրականության, կինոյի, երաժշտության, ժամանցային և այլ թվայնացված նյութերի շտեմարաններից, տվյալների բազաներից:
4. Հիմնադրամի և համագործակցող կազմակերպությունների կայքերում և սոցիալական ցանցերում ունենալ իրենց առանձին էջերը, որտեղ նրանք կկարողանան նաև տեղադրել, թե ինչ տեղեկություններ, ապրանքներ, կենցաղային և այլ ծառայություններ, ինչ պայմաններով կարող են առաջարկել մյուսներին, իրենք ինչ ապրանքների, ծառայությունների ձեռք բերման, աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեն:
Հարգելի գործընկեր, ներկայացնելով Ձեզ համագործակցության և փոխօգնության կառույց ստեղծելու մասին այս առաջարկությունը, հայտնում եմ, որ արդեն զգալի թվով անձինք և կազմակերպություններ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ անդամակցելու կառույցին: Հանրային խորհուրդը և նրա հանձնաժողովները (ընդգրկում են ավելի քան 2 հազար անդամներ) որոշել են աջակցել նրա ձևավորման գործընթացին, Երևանի կապի միջոցների և Երևանի ավտոմատ կառավարման գիտահետազոտական ինստիտուտները պատրաստ են անմիջականորեն մասնակցել աշխատանքներին:
Հաշվի առնելով, որ իշխանության մարմինների, գիտության, կրթության, առողջապահության և այլ կազմակերպությունների մի զգալի մասն արդեն ունեն համացանցին միացած ժամանակակից ներքին ցանցեր, անհրաժեշտ թվով համակարգիչներ, հեռախոսներ և այլն, կառույցը հնարավորություն է տալու նաև նրանց էապես տնտեսել հեռակապի վրա կատարվող ծախսերը:
Համոզված լինելով, որ Դուք ևս կարևորում ներազգային համագործակցության առողջ մթնոլորտի ձևավորման, հանրային-մասնավոր հատվածների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման, միջոցների խնայմանը նպաստելու անհրաժեշտությունը՝ հիմնադրամի անունից դիմում եմ Ձեզ խնդրանքով, Ձեր գործունեության ծրագրերում ընդգրկել փոխօգնության ազգային կառույցին աջակցելու խնդիրը:

Հարգանքներով`

«Ազգային համագործակցություն»
հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Ա. Սադոյան

ԾՐԱԳԻՐ

Ելնելով հիմնադրամի առջև դրված կանոնադրական հետևյալ խնդիրներից.
1. Հեռուստատեսության, զանգվածային այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ կազմակերպել քարոզչության լայնամասշտաբ գործընթաց` նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել, թե ինչու մեծ սփյուռք ունեցող մեր ժողովրդի համար առանձնապես կարևոր է ՏՀՏ ոլորտում լինել առաջատարների շարքում, ինչու է անհրաժեշտ, որ յուրաքանչյուր հայ կարողանա օգտվել համակարգչային տեխնիկայի, ինտերնետ հասանելիության ծառայությունների բոլոր հնարավորություններից:
2. ՀՀ Կառավարության որդեգրած` էլեկտրոնային հասարակության ձևավորման, «Հաջորդ սերնդի լայնաշերտ ցանցի» ստեղծման, «Համակարգիչներ բոլորի համար» ծրագրի մանրամասները ներկայացնելով Հայաստանում գործող բոլոր հիմնական օպերատորներին, մասնավոր հատվածին, համապատասխան այլ կազմակերպություններին` նշելով իրենց գործունեության ծավալների արմատական ընդլայնման հեռանկարները և դրան հասնելու համար անհրաժեշտ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրենց խնդիրները` նպաստավոր պայմաններ ստեղծել մեր հայրենակիցների համար, որ նրանք կարողանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել համակարգչային անհրաժեշտ տեխնիկա, օգտվել ինտերնետ հասանելիության մատչելի, որակյալ ծառայություններից:
3. Նպաստել մայրաքաղաքում, ՀՀ այլ բնակավայրերում, գաղթօջախներում հեռուսուցման, հեռակապի, հեռաքննարկումների համար անհրաժեշտ սարքավորումներ ունեցող կենտրոնների ձևավորմանը:
4. Ձևավորել բազմակողմանի ծառայություններ մատուցող, համաշխարհային այլ համապատասխան կայքերի հետ ինտեգրվելու, իր մեջ այլ կայքեր ինտեգրելու հնարավորություններ ունեցող, §Ազգային համագործակցության ցանց¦ կայքը (պորտալը, այսուհետ` ԱՀՑ տվյալների իր շտեմարաններով, որոնման, հղումների կազմակերպման արդյունավետ համակարգերով:
5. Հեռակապի կենտրոնների, ԱՀՑ-ի հնարավորությունների լայն օգտագործմամբ կազմավորել և աջակցել, որ կազմավորվեն հեռուսուցման, գիտատեխնիկական նվաճումների և նորարարությունների ներկայացման, հեռախտորոշման և հեռաբժշկության, ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման աջակցության, համացանցի և էլեկտրոնային կրիչների օգնությամբ գրքերի, հրապարակումների, տեսաձայնագրությունների տրամադրման, էլեկտրոնային առևտրի և ծառայությունների մատուցման, այդ թվում` գյուղմթերքների իրացման ոլորտում, ինչպես նաև ՏՀՏ ոլորտում ծրագրային ապահովման և այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններ:
«Ազգային համագործակցություն» հիմնադրամը ակտիվ մասնակցության առաջարկով (կից ներկայացվում է) դիմելով անկախ բնակության վայրից մեր բոլոր հայրենակիցներին և շահագրգիռ բոլոր կազմակերպություններին նախատեսում է առաջիկայում հեռահաղորդակցման ոլորտում ձևավորել համագործակցության և փոխօգնության ազգային կառույց հետևյալ ծրագրով` (մանրամասները և ժամանակացույցը կճշտվեն հիմնադիր հավաքի ընթացքում):
1. Աստիճանական ընդլայնման սկզբունքով ձևավորել կառույցի հնարավոր մասնակիցների մասին տվյալների տեղեկատվական բազա` (մինչև տարեվերջ նախատեսվում է հավաքագրել շուրջ տաս հազար անդամների մասին տվյալներ):
2. Առաջիկա ամսվա ընթացքում` հրավիրելով նաև Արցախի, համազգային կառույցների, Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներին կազմակերպել կառույցի հիմնադրման միջոցառում (հիմնադիր հավաք):
3. Շարունակել հեռահաղորդակցման մայրաքաղաքային կենտրոնի և նրա հեռուսուցման, խորհրդատվության և աջակցման ծառայությունների բաժինների ձևավորման գործընթացը: Այն պետք է հնարավորություն ընձեռի տեղական (լոկալ) ցանցերից օգտվողներին, սմարթֆոն տիպի հեռախոսներ, պլանշետային և դյուրակիր համակարգիչներ ունեցող մեր հայրենակիցներին ավելի էժան, մատչելի գներով օգտվել հեռահաղորդակցման ծառայություններից:
4. Շարունակել հիմնադրամի հանրության հետ կապերի ապահովման համացանցային ակումբի` իր նյութերը ներկայացնող էլեկտրոնային օրաթերթով (irates.am), սոցիալական ցանցերում` (Facebook, Google+, hayland.am) իր էջերով ձևավորման աշխատանքները: Այն ծրագրված է ձևավորել այնպես, որ կարողանա տեսանյութերի համացանցային ուղիղ հեռարձակմամբ (ապահովելով նաև դրանց արխիվացումը և ըստ պահանջի կրկին այցելման հնարավորությունը) պարբերաբար կազմակերպել ինտերակտիվ կապով (հարցեր, առաջարկություններ, դիտողություններ անելու հնարավորությամբ) հանդիպումներ, ասուլիսներ, հեռաքննարկումներ, հեռուսուցման, հեռախորհրդատվության, հանգանակությունների հավաքագրման և այլ միջոցառումներ: Առաջնահերթ խնդիր դնելով ապահովել, որ ակումբը կարողանա հետադարձ կապով հիմնադիր հավաքի ողջ ընթացքը հեռարձակել համացանցով: Ծրագրով խնդիր է դրվում նաև, որ ակումբը իր վրա վերցնել հեռուստաընկերությունների, զանգվածային այլ լրատվամիջոցների հետ կապի ապահովման, վերը նշված քարոզչական գործընթացների կազմակերպման, հասարակական հիմունքներով գործող աշխատանքային խմբերի ընդլայնմանը նպաստող գործառույթները:
5. Ծրագրով նախատեսվում է հիմնադիր հավաքին ներկայացնել հիմնադրամի կողմից առաջարկվող փոխօգնության կառույցի ձևավորման սկզբունքները, կառուցվածքը, հասանելիության ծածկույթի արագ ընդլայնման հետ կապված խնդիրները, ՀՀ բնակավայրերում, Արցախում, Սփյուռքի համայնքներում հեռահաղորդակցման ժամանակակից կենտրոնների, համայնքային այցեքարտ կայքերի, սոցիալական ցանցերում համապատասխան էջերի ձևավորման անհրաժեշտությունը և հաշվի առնելով հիմնախնդիրների դիտողություններն ու առաջարկությունները: Մշակել առաջարկությունների համապատասխան փաթեթ ներկայացնելով այն իշխանության մարմիններին, համազգային կառույցներին, շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև կարևոր դերակատարում ունեցող անձանց` ապահովել կառույցի և նրա հեռակապի կենտրոնների ձևավորման գործընթացի մեկնարկը:
6. Այդ թվում և առաջին հերթին համաձայնեցնելով մոտեցումները ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների հետ, նրանց մասնակցությամբ և աջակցությամբ տեղական աշխատանքային խմբերում ընդգրկելով մասնագետ ուսուցիչներին, բարձր դասարանների կարող աշակերտներին` մշակելով նրանց գործունեության կազմակերպման ուղեցույցներ գյուղական բնակավայրերում դպրոցներին կից (առաջին հերթին սահմանակից գյուղերում պիլոտային ծրագրի իրականացմամբ) սկսել ձևավորել հեռահաղորակցման համացանցային կենտրոններ` իրենց տեղական ցանցերով, համայնքային այցեքարտ կայքերով, սոցիալական ցանցերում իրենց էջերով:
7. ԱՀՑ պորտալի շրջանակներում կազմավորվող կայքերի ձևավորման աշխատանքների շարունակում, այդ թվում`
7.1. Շարունակել ԱՀՑ-ի «Հանրային կյանք» բաժնի «Հանրային կարծիքի շտեմարան» տեղեկատվական բազայի և նրա sociology.am կայքի ձևավորման և արդիականացման աշխատանքները: Կայքում կազմակերպել սոցիոլոգիական հարցումներ «Համագործակցության և փոխօգնության» կառույցի, մայրաքաղաքային և համայնքային հեռահաղորդակցման կենտրոնների գործունեության արդյունավետության, համայնքային կայքերի և էջերի ձևավորման որակի, սպասարկման մակարդակի մասին, ինչպես նաև բացել բարեփոխումների մասին հայրենակիցների առաջարկությունների և դրանց վերաբերյալ քննարկումների կազմակերպման նոր էջերը:
7.2. Շարունակել ԱՀՑ-ի §Էլեկտրոնային շուկաներ¦ բաժնի farmers.am կայքի ձևավորման աշխատանքները` նախատեսելով գյուղական համայնքների այցեքարտ կայքերի հետ փոխինտեգրման, փոխկապակցման արդյունավետ մեխանիզմների ձևավորման հնարավորությունը:
8. Համագործակցելով համապատասխան կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում ապահովելով նյութերի թարգմանությունը կառույցի շրջանակներում ձևավորել ինքնուսուցների, ուղեցույցների (այդ թվում և առաջին հերթին համացանցից և համակարգիչներից արդյունավետ օգտվելու համար անհրաժեշտ նյութերի) դասագրքերի կրթական շտեմարան, պայմաններ ստեղծելով նաև էլեկտրոնային կրիչնով նյութերի տրամադրման համար:

Տեղեկանք
Միջոցների խնայման առկա հնարավորությունների մասին

Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բուռն զարգացումը շարունակաբար տնտեսվարող սուբյեկտներին ընձեռում է մատուցվող ծառայությունների ծավալն ու որակն անընդհատ ընդլայնելու, միևնույն ժամանակ ինքնարժեքը կտրուկ նվազեցնելու նոր հնարավորություններ:
Ցավոք, ՀՀ-ում գործող հիմնական օպերատորները չեն շտապում օգտվել այդ հնարավորություններից, չեն նպաստում, որ տարածում ստանան այն զարգացումները, որոնց միջոցով բաժանորդները ավելի էժան, նպաստավոր պայմաններով զանգվածաբար կարողանան օգտվել նոր ծառայություններից:
Այսպես, օրինակ, չնայած ռադիոմոդեմների միջոցով հեռակապն ապահովվում է նույն ճանապարհով և գների ավելացման որևէ հիմքեր չկան, օպերատորները շարժական հեռախոսների վրա IP ձայնային կապի տարածումը սահմանափակելու նպատակով ինտերնետ հասանելության ծառայությունները մատուցում են նվազագույնը 10-15 անգամ ավելի բարձր սակագներով քան, համակարգիչ ունեցողներին:
«Արմենթելն» օրինակ՝ իր «շարժական ինտերնետ» փաթեթով 10mB-ի համար բազային վճար է սահմանել 200 դրամը (1MB-20 դրամ), «Վիվասելը» «խոսում է քաղաքը» փաթեթով 1mB-ի համար գանձում է 30 դրամ և դա այն դեպքում, երբ «Արմենթելը» USB մոդեմով տրվող Drive սակագնային փաթեթով 25 GB-ի,կամ 25000 mB-ի համար սահմանել է 15 հազար դրամ վճար, կամ 1mB-ի համար 0,6 դրամ, «Օրանժը» 48 GB-ի համար սահմանել է 20 հազար դրամ կամ 1mB-ի համար մոտ 0,42 դրամ:
Այդ աղաղակող տարբերությունը շատ ավելի է շեշտվում, երբ ծավալային հնարավորությունների տեսակետից շարժական ինտերնետի սակագները համեմատության մեջ են դրվում համակարգիչների վրա անսահմանափակ (պատվիրված արագությամբ) սակագնային փաթեթների սակագների հետ:
Օպերատորների սակագնային այս քաղաքականության նպատակները ավելի են հստակենում, երբ հաշվի է առնվում, որ բաժանորդները 1 րոպե խոսակցության համար միջին հաշվով ստիպված են նրանց վճարել՝
1. շարժականից շարժական կապի համար մոտ 20-30 դրամ.
2. ֆիքսվածից ֆիքսվածի համար 5-6 դրամ.
3. շարժականից ֆիքսված` 30-40 դրամ.
4. ֆիքսվածից շարժական` 70 դրամ:
Եվ դա այն դեպքում, երբ օպերատորները 1mB-ի իրենք վճարում են 0,6 դրամից շատ ավելի քիչ: Իսկ ներկայումս առանց որակի զգալի կորստի 1mB-ով կարելի է ապահովել մոտ 4 րոպեի IP ձայնային հեռակապ, այսինքն 1 րոպեի IP խոսակցության համար կապի ապահովման ինքնարժեքը չի կարող գերազանցել 0,11 դրամը և դա է պատճառը, որ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին «Սկայպն» է, բավարարվելով գովազդային և հարակից այլ գումարներով կարողանում են անվճար մատուցել ինչպես ձայնային, այնպես էլ տեսաձայնային ծառայություններ:
Քանի որ մենք բացառություն չենք, որոշ այլ երկրներում էլ է պատկերը կրկնվել, և բաժանորդների շահերի պաշպանության, օպերատորների կողմից հարուցվող խոչընդոտների հաղթահարման զգալի փորձ է կուտակվել (օրինակ, FON կազմակերպության փորձը, Open-BTS նախագիծը և այլն): Այդ փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնադրամի կողմից առաջարկվող և խոշոր ներդրումներ չպահանջող «Փոխօգնության» ազգային կառույց ձևավորելու ճանապարհը միջոցների խնայման, առաջընթացի ապահովման արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե լուծվեն զանգվածային մասնակցություն ապահովող կառույցի արագ ընդլայմանը նպաստող խնդիրները:
Առաջարկվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել, ընդլայնել կառույցի մասնակիցների համար IP տեսաձայնային կապի մեջ մտնելու հնարավորությունները և մոտ 2 անգամ նվազեցնել ոչ IP հեռախոսազանգերի տրաֆիկը, ինչպես նաև մասնակիցների համար պայմաններ ստեղծել, որ կառույցից դուրս եկող ոչ IP զանգերը հիմնականում կատարվեն օպերատորների ներքին ցանցերի համար սահմանված էժան սակագներով, ինչը հնարավորություն կտա մինչև տարեվերջ մոտ 2 անգամ կրճատել մեկ հեռախոսի հաշվով կատարվող նրանց ծախսերը` պայմաններ ստեղծելով կառույցի ընդլայմանը զուգընթաց դրանք կրճատելու համար:

ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Համագործակցության և փոխօգնության ազգային կառույցի հավաքը նախատեսվում է լայնորեն լուսաբանել հեռուստատեսությամբ, զանգվածային լրատվամիջոցներով, ուղիղ կապով հեռարձակել համացանցով` ապահովելով ինտերակտիվ կապի միջոցով հարցեր տալու և առաջարկություններ հնչեցնելու հնարավորությունը:
Նախատեսվում է հրավիրյալներին ներկայացնել`
1. Կառույցի ձևավորման սկզբունքները, կառուցվածքը, հասանելիության ծածկույթի արագ ընդլայնման հնարավորությունները և դրա հետ կապված զանգվածային քարոզչության կազմակերպման խնդիրները:
2. ՀՀ բնակավայրերում և սփյուռքի համայնքներում հեռակապի կենտրոնների (առաջին հերթին դպրոցներին կից կազմավորվող կենտրոնների), ինչպես նաև համայնքների այցեքարտ կայքերի կառուցվածքի, ձևավորման հարցերը:
3. Կառույցին՝ կազմակերպությունների մասնակցության, նրանց պատկանող հեռակապի ներքին ցանցերի արդիականացման հարցերը:
4. Հանրային և մասնավոր հատվածների համագործակցության կազմակերպման, աշխատանքային խմբերում համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների ներգրավման խնդիրները:
5. Հեռակապի կենտրոնների, համայնքային այցեքարտ կայքերի, ձևավորմանը աջակցող (հիմնականում հասարակական հիմունքներով գործող) աշխատանքային խմբերի կազմավորման հարցերը:
6. Միջազգային կազմակերպությունների, այդ թվում, իսպանական FON կազմակերպության հետ համագործակցության կազմակերպման խնդիրները:
7. Նպաստավոր պայմաններով դյուրակիր սարքերի և ծածկույթի ընդլայնման հետ կապված սաքավորումների ձեռքբերման հարցերը:
8. Ներդրումների ներգրավման, կառույցի գործունեության ֆինանսավորման խնդիրները:
Հիմնադիր հավաքին հրավիրվում են մասնակցելու՝
• Օրենսդիր և գործադիր իշխանության, համազգային կառույցների ներկայացուցիչները.
• Արցախի, Սփյուռքի, գյուղական համայնքների, ինչպես նաև դպրոցական ինտերնետին միացած գյուղական դպրոցների ներկայացուցիչները.
• Համացանցին միանալու հնարավորություն և հեռախոսակապի ներքին ցանցեր ունեցող գիտության, կրթության, առողջապահության, այլ բյուջետային և ոչ բյուջետային հիմնարկների ներկայացուցիչները.
• Միջոցների տնտեսմամբ շահագրգռված տնտեսվարող սուբյեկտների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչները.
• Հանրային կյանքում զգալի դերակատարում ունեցող անձինք:
Հարգանքներով՝
«Ազգային համագործակցություն» հիմնադրամի
գործադիր տնօրեն` Ա.Սադոյան

← Վերադառնալ ցուցակին