Քննարկման ենթակա հարցաշար և համապատասխան առաջարկություններ

03.08.2010

Քննարկման ենթակա հարցաշար և համապատասխան առաջարկություններ

Գիտության և կրթության ենթահանձնաժողով

1. Նախադպրոցական կրթության ոլորտ
1.1 Խնդիրներ` կապված նախադպրոցական հաստատություների գործունեության հեռանկարային զարգացման և հանրակրթական բարեփոխումների հետ (անցում տասներկուամյա կրթական համակարգին):
Առաջարկություններ
1. Նախարարության մշակած չափորոշիչներին համապատասխանող նախադպրոցական հաստատություններին թույլ տալ իրականացնել առաջին դասարանցիների (վեց տարեկան երեխաների) ուսուցում հասակին համապատասխան պայմաններում` երկարօրյա ռեժիմ, հանգիստ, սնունդ, տնային աշխատանքների կատարում:
2.Մշակել հատուկ ծրագիր, որը կաջակցի մարզերում նախադպրոցական հաստատությունների կայացմանը:
Հիմնավորում;
1. Գործող ոչ մի դպրոցում ամբողջությամբ և լիարժեք ապահոված չեն նշված պահանջները, ինչը անդրադառնում է այդ հասակի երեխաների առողջության վրա:
2.Գաղտնիք չէ, որ մարզերում, գյուղական շրջաններում կամ իսպառ բացակայում են նախադպրոցական հաստատությունները, կամ էլ մատչելի չեն նրա բնակիչների համար ,ինչն էլ բերում է երիտասարդների արտահոսքին շրջաններից:

2.Հանրակրթության ոլորտ
2.1 Կրթօջախների երկակի ենթակայության հարցը մարզպետարաններին (քաղաքապետարաններին) և ԿԳ նախարարությանը:
2.2 Մարզային, գյուղական, սահմանամերձ տարածքներում դպրոցների ուսուցչական կազմի ապահովման հարցը:
Առաջարկություն. Մարզպետարանների իրավասության տակ պետք է մնան միայն կրթօջախների նյութատեխնիկական, շենքերի պահպանման հարցերը: Կադրային և ծրագրային հարցերը պետք է լինեն նախարարության իրավասության տակ:
Հիմնավորում. Զբաղվելով ուսուցիչների և տնօրենների նշանակման հարցերով` մարզպետները իրենց իրավունք են վերապահում լուծել այդ խնդիրները` ելնելով իրենց անձնական շահերից (բարեկամ, հարևան և այլն):
Արդյունքում դպրոցների տնօրենները և ուսուցիչները հայտնվում են մարզպետից մեծ կախվածության մեջ: Դժվարանում է նաև մարզային, գյուղական, սահմանամերձ տարածքներում դպրոցների ուսուցչական կազմի ապահովման հարցի լուծումը, քանի որ բոլոր կադրային հարցերը պետք է համաձայնեցվեն մարզպետի հետ:
2.3 Պետական կրթական հաստատությունների տնօրենների ընտրության, ուսուցիչների աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման հետ կապված հարցեր:
Առաջարկություն.
1. Անհրաժեշտ է կատարել փոփոխություն հանրակրթության օրենքը պարզաբանող գործառույթի մեջ` այն է դպրոցի խորհուրդը ձևավորել հետևյալ սկզբունքով. 7 – 5 հոգի դպրոցի առաջատար ուսուցիչներ, 1 հոգի նախարարության ներկայացուցիչ, 1 հոգի մարզպետարանի (քաղաքապետարանի) ներկայացուցիչ:
2.Աշխատանքային փոխհարաբերությունները կարգավորող օրենսգրքի 109 հոդվածի 2 կետում պետք է կատարել լրացում` այն է. <<… աշխատանքային պայմանագրի ժամկետի լրացման դեպքում այն չի երկարացվում, եթե աշխատողը մասնագիտական առումով (տնօրենի կողմից փաստացի հիմնավորված) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, ինչպես նաև հաստատության լուծարման կամ հաստիքների կրճատման դեպքում:>>
Հիմնավորում.
1. Դպրոցի տնօրենը իր գործունեության ընթացքում առաջին հերթին հաշվետու կլինի իր ուսուցչական կազմին, ինչը կստիպի տնօրեններին լինել կոռեկտ և արդարացի` իրենց գործունեության ընթացքում ուղղորդվելով միայն դպրոցի և աշակերտների շահերով:
2. Այդ լրացումը թույլ չի տա, որ դպրոցի տնօրենը առանց հիմնավորման վաստակաշատ ուսուցիչներին ազատի աշխատանքից:
2.4 Գիտելիքների գնահատման նոր համակարգի ներդրման հետ առաջացած պրոբլեմներ
Առաջարկություն.
Անհրաժեշտ է կատարել էական պարզեցում դպրոցներին նախարարության կողմից պարտադրված, այժմ գործող, գիտելիքների գնահատման սխեմայում:
Հիմնավորում
Գիտելիքների գնահատման գործող համակարգը` թվանշանների պարտադիր դասա-կարգումը ըստ գործառույթների (ստուգողականներ, բանավոր և այլ) բացի նրանից, որ ուսուցիչներից պահանջում են բազնաթիվ խառը հաշվարկներ, շատ ժամանակի անիմաստ վատնում են , ինչպես նաև ստեղծում են ուսուցիչների համար նախապայմաններ` անհրաժեշտության դեպքում կատարել խախտումներ և <<երկխոսության >> մեջ մտնել աշակերտների ծնողների հետ:
2.5 ԿԳ նախարարության կողմից մշակված ավագ դպրոցի ձևավորման սկզբունքների փոփոխություն` 12-ամյա հանրակրթական ուսուցումը փոխարինել 11 ամյա ուսուցմամբ:
Առաջարկություն.
1. Ավագ դպրոցի ձևավավորման սկզբունքները, գործունեության բոլոր չափորոշիչները մշակում է նախարարությունը, իսկ տեղակայման հարցը որոշվում է տվյալ դպրոցի և նախարարության համատեղ որոշմամբ: Առանձին ավագ դպրոցներ նպատակահարմար է
կազմակերպել բուհերին կից հենակետային վարժարանների փոխարեն:
2. 12-ամյա հանրակրթական ուսուցումը փոխարինել 11 ամյա ուսուցմամբ և ավագ դպրոցը ձևավորել 10 -11 դասարաններում:
Հիմնավորում.
1.Չի կարելի անցումային հասակում /14 տարեկան/ գտնվող երեխաների միջավայրը ստիպողաբար փոխել` մի դպրոցից մեկ ուրիշը տեղափոխելով և պատճառաբանել, որ իր դպրոցում չի թույլատրվում շարունակել ուսումը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հասակում դեռևս դժվար է կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, այն էլ Հայաստանի պես փոքր հանրապետությունում,որտեղ շատ կարևոր է երիտասարդներին շուտ հասունանալ և սկսել աշխատել ի նպաստ ընտանիքի կարիքների :
2.6 Դասագրքաստեղծ աշխատանքների կազմակերպման հարցեր
Առաջարկություն.
Նախարարության բոլոր այն կառույցները, որոնք զբաղվում են դասագրքերի, մեթոդաբանական նյութերի ստեղծմամբ, ուսումնական ծրագրերի և տարբեր չափորոշիչների մշակմամբ, կենտրոնացնել մեկ կառույցում, որը կարելի է անվանել, օրինակ, <<Կրթական տեխնոլոգիաների մշակման մեթոդաբանական կենտրոն>>, իսկ տպագրվող նյութերում որպես համահեղինակ, ցանկալի է, որ լինի դպրոցի վաստակաշատ ուսուցիչ՝ տվյալ ոլորտից: Ձեռնարկները պետք է պարտադիր հաստատվեն հատուկ խորհրդի կողմից, որի կազմը պետք է ձևավորվի ոլորտի առաջատար մասնագետներով:
Հիմնավորում.
Ամենալավ մասնագետը` ունենալով ամենաբարձր կոչումներ և գիտական աստիճան, չի կարող ստեղծել դպրոցի համար դասագիրք, եթե չունի ուսուցչի աշխատանքային փորձ:

3.Միջին մասնագիտական դպրոց
3.1 Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լիարժեք կայացման պրոբլեմները, նրանց համագործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, կրթության շարունակականության ապահովման հարցը:
Առաջարկություն.
Կազմել ՀՀ անհրաժեշտ մասնագիտությունների` փականագործ, փայտամշակող, ծեփագործ… ցանկը: Վերանայել բոլոր գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (մասնավոր և պետական) մասնագիտությունների ցանկը և վերամասնագիտացնել պետության պահանջարկին համապատասխան:
Հնարավորության սահմաններում կազմակերպել ԲՈՒՀ-ին կից հենակետային քոլեջներ, որոնց շրջանավարտները որոշակի պայմանների դեպքում կարող են տեղափոխվել այդ ԲՈՒՀ:
Հիմնավորում.
Թողնելով ինքնահոսի, չունենալով պետական հովանավորություն և վերահսկում, ստեղծվում են քոլեջներ, օրինակ` բժշկական մասնագիտությունների համար, որոնք ներառում են նաև այլ մասնագիտություններ, օրինակ`բանասեր, փաստաբան և այլ:

4.Բարձրագույն կրթության ոլորտ
Առաջարկություններ.
4.1 ԲՈՒՀ-երի ընդունելության և միասնական քննությունների կազմակերպման ձևաչափի և բովանդակության փոփոխում. ավարտական քննությունները կազմակերպել ավագ դպրոցներում , այլ ոչ թե կենտրոնացված:
Անհրաժեշտության դեպքում թույլ տալ քննությունների վերահանձնում համապատասխան ԲՈՒՀ-ում:
4.2.ԲՈՒՀ ընդունել դիմումի համաձայն և ավարտական քննությունների արդյունքների հիման վրա:
Հիմնավորում.
Առաջարկվող տարբերակի պարագայում իմաստավորվում է ավագ դպրոցների գաղափարը, երեխաները հանձնում են քննությունները իրենց ծանոթ պայմաններում, խուսափում ավելորդ սթրեսից: Իսկ երկրորդ փուլում կարող են մտածված ընտրել մասնագիտությունը` ըստ նախասիրությունների և հնարավորությունների:
Առաջարկություն.
4.3 Նպատակային ընդունելության և շրջանավարտներին աշխատանքի տեղավորման խնդիրները:
4.4 ԲՈՒՀ-երի մասնագիտական ցանկի վերանայում` առաջնահերթ հաշվի առնելով պետության զարգացման ռազմավարությունը:
4.5 Պետպատվերի շրջանակներում շրջանավարտների պետական հոգածության անհրաժեշտությունը և կրթության մատչելիության ապահովման հարցը
Ուսումնասիրել ստորև բերված խնդիրները և տալ անհրաժեշտ լուծումներ`
4.7 ԲՈՒՀ-երում հաստիքային և ժամավճարային վարձատրության տարբերակման
հետևանքով առաջացած խնդիր, այն է` պետական ԲՈՒՀ-երում ժամավճարային վարձատրությունը շատ ցածր է, և մեծ փորձ ունեցող մասնագետները հրաժարվում են ԲՈՒՀ-երում դասավանդելու առաջարկություններից:
4.8 Անհրաժեշտ է հաշվի առնել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և ԲՈՒՀ-երի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմերի մանկավարժական ստաժը թոշակի անցնելու գործընթացի ժամանակ:
4.9 Անհրաժեշտ է ստեղծել պետական ԲՈՒՀ-երի գործունեությունը ապահովող ժամանակակից պահանջներին համապատասխան նյութատեխնիկական և տեղե- կատվական բազա:
4.10 Պետք է ցուցաբերել պետական մոտեցում և բարձրացնել ԲՈՒՀ-երի պրոֆեսորա- դասախոսական կազմի աշխատավարձը և սոցիալական անպաշտպանվածության այլ հարցեր` բնակարանային ֆոնդ, հանգստի կազմակերպում և այլն, դրանով հաստատելով այն գաղափարը, ըստ որի գիտելիքներով օժտված մարդը պետք ապրի արժանապատիվ և չմեղադրվի դրամաշորթության մեջ:

Երիտասարդության ենթահանձնաժողով

1. Քանի որ, կրթաթոշակը ոչ միայն պետական ֆինանսական խրախուսանք է, այլ նաև շատ ուսանողների առօրյա ծախսերը հոգալու միջոց է, առաջարկում ենք վերանայել ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշումը 2013թ ԲՈՒՀ – երի` պետ. պատվերով սովորող ուսանողներին կրթաթոշակներ չտալու վերաբերյալ:
2. Հավանություն տալ 18 տարին լրացած բոլոր երիտասարդների` բանակում ծառայելու (բացառությամբ առողջական խնդիրներ ունեցողների) եւ ծառայության ժամկետը 1,5 տարի դարձնելու, ՀԽ նախագահ Վ.Մանուկյանի առաջարկին: Առաջարկում ենք նաև բանակում պարտադիր ուսուցանել հայոց, ռուսաց, անգլերեն լեզուներ, հայոց պատմություն եւ մաթեմատիկա: Այդ առարկաները երիտասարդները հանձնում են բուհ ընդունվելու ժամանակ, եւ դրանց ուսուցումը լրացուցիչ խթան կհանդիսանա կրթությունը ԲՈՒՀ-ում շարունակելու համար:
3. Հատուկ ուշադրություն դարձնել ավագ դպրոցին: Այն պետք է որակական նոր դեր և նշանակություն ունենա միջնակարգ կրթության համեմատությամբ. հակառակ դեպքում անիմաստ է երկարաձգել միջնակարգ կրթություն ստանալու ժամանակահատվածը

Սպորտի ենթահանձնաժողով

1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավական երկար ժամանակահատված հանրակրթական դպրոցների մարզադահլիճները գտնվում են ոչ բարվոք վիճակում, որի հետևանքով ֆիզկուլտուրայի դասերն անցկացվում են կամ թերի, կամ էլ ընդհանրապես չեն անցկացվում` պատճառ դառնալով դպրոցականների ֆիզիկական դաստիարակության վիճակի վատթարացմանը, անհրաժեշտ է պետական մարմինների ուշադրությունը սևեռել հանրակրթական դպրոցների մարզաբազաների վերանորոգման և գույքով համալրման խնդրին:
2.Հանրակրթական դպրոցների տարրական դասարանների շուրջ 70%-ում «ֆիզիկական կուլտուրա առարկան դասավանդում են տվյալ դասարանների դասվարները, և այն էլ` մեծ մասամբ հենց դասարանում` լիցքային վարժությունների ձևով` աշակերտներին զրկելով շարժողական գործունեությունից և ֆիզիկական պատշաճ պատրաստվածություն ստանալուց: Իսկ ավելի հաճախ այդ դասերը փոխարինվում են այլ առարկաներով: Մինչդեռ, հենց կրտսեր դպրոցում է ձևավորվում երեխայի կեցվածքը, մշակվում կյանքի համար անհրաժեշտ շարժողական կարողություններն ու ընդունակությունները, այնինչ նույնիսկ ամենաբարեխիղճ դաստիարակն անգամ ի վիճակի չէ իրականացնելու առաջադրվող խնդիրները: Չնայած հանրակրթական դպրոցները արդեն երկրորդ տարին է, որ հրահանգավորված են տարրական դասարաններում ֆիզկուլտուրայի դասերի դասավանդումը հանձնարարել մասնագետներին, սակայն տարբեր պատճառներով այն լիիրավ լուծում չի ստացել, և ժամանակն է հարցին տալու վերջնական լուծում:
3. Դպրոցականների ֆիզիկական դաստիարակության տեսությունը նախատեսում է ֆիզիկական արատներ կամ առողջական խնդիրներ ունեցող աշակերտների համար ֆիզկուլտուրայի դասերին մասնակցելու նպատակով վերականգնել հատուկ բժշկական խմբերը, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 2353/ն որոշմամբ և ՀՀ առողջապահության նախարարի 2006 թ. սեպտեմբերի 22-ի N 1075/ն հրամանով: Սակայն Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների բացարձակ մեծամասնությունում մինչ օրս հատուկ բժշկական խմբեր չեն ստեղծվել, ինչը չափազանց մտահոգիչ է:


Հանձնաժողովի Համակարգող քարտուղար Կ. Մոսեսյան
30.07.2010

← Վերադառնալ ցուցակին