ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

08.07.2010

1. Կազմակերպական հարցեր և միջոցառումներ
Հաշվետու ժանանակահատվածում գումարվել են ՔՀԿՀ հանձնաժողովի` երկու հանձնաժողովի կոլեգիայի` վեց նիստեր, եթահանձնաժողովներում` ութ աշխատանքային խոհրդակցություններ:
Հանձնաժողովի անդամների թիվն ավելացել 18-ով` դառնալով 152:


2. ՀԽ ժամանակավոր կանոնակարգերի մշակման և ՔՀԿՀ ենթակառուցվածքների ձևավորման աշխատանքներ
ՔՀԿՀ հանձնաժողովի անդամները և հանձնաժողովի նախագահը ակտիվ և անմիջական մասնակցություն են ունեցել ՀԽ ժամանակավոր կանոնակարգի և ՀԽ հանձնաժողովի տիպային ժամանակավոր կանոնակարգի մշակման աշխատանքներին:
ՀԽ կանոնադրության, Հխ ժամանակավոր և ՀԽ հանձնաժողովի տիպային կանոնակարգերի հիման վրա ձևավորվել են ՔՀԿՀ հանձնաժողովի կառուցվածքային հիմնական օղակները` հինգ ենթահանձնաժողովները և տասմեկ անդամներ ունեցող կոլեգիան:
ՔՀԿՀՀ ենթահանձնաժողովներն են`
ա) կուսակցությունների և հասարակական քաղաքական կազմակերպություն-ների ենթահանձնաժողով,
բ) ոչ կառավարական կազմակերպությունների ենթահանձնաժողով,
գ) զանգվածային լրատվության ոլորտի հիմնահարցերի ենթահանձնաժողով,
դ) մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի ենթահանձնաժողով,
ե) հանրային կարծիքի ուսումնասիրման և քաղաքացիական հասարակության քարոզչական ծրագրերի ենթահանձնաժողով:
Ենթահանձնաժողովների ղեկավարների կողմից կոլեգիայի հաստատմանն են ներկայացվել և հավանություն ստացել ենթահանձնաժողովների գործունեության հիմնական ուղղություններն ու սկզբունքները:

3. Մասնակցություն ՀՀ-ում համաներում հայտարարելու գործընթացի նախապատրաստական աշխատանքներին
ՔՀԿՀ հանձնաժողովի` 06.06.2009թ. անդրանիկ նիստում կազմակերպական հարցերին զուգահեռ քննարկվել է նաև ՀՀ նախագահին` համաներման գործընթաց սկսելու մասին առաջարկություն անելու և համաներման հիմնական սկզբունքներն ու թիրախային խմբերը սահմանելու մասին հարցը: Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հանդես գալով համաներում իրականացնելու օգտին` Հանրային խորհրդի հաստատմանն է ներկայացրել նաև սոցիալական այն խմբերի ու խավերի ցանկը, ինչպես նաև այն հանցատեսակների ընդհանուր բնութագիրը, որոնք նպատակահարմար գտավ ներառել համաներման գործառութային դաշտում կամ էլ` դուրս թողնել դրա գործառութային տիրույթներից: Այդ առաջարկություններն ամբողջությամբ ընդգրկվել են Հանրային խորհրդի 2009թ. հունիսի 9-ի վերջնական որոշման մեջ:
Մասնավորապես, հանձնաժողովը կարևորելով ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման գործընթացների առումով որոշ հանցատեսակների վտանգավորությունը, առաջարկել էր համաներումը չտարածել ա) հանրապետական, տարածքային և տեղական նշանակության ընտրական գործընթացների հետ կապված հանցագործություններ (ընտրակեղծիքներ) կատարած և , բ) լրագրողի դեմ նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտող բռնարարքներ կամ այլ հանցագործություններ կատարած անձանց վրա:
Թեև այս վերջին առաջարկությունները տեղ չգտան համաներում հայտարարելու` Ազգային ժողովի որոշման մեջ, սակայն դրականորեն գնահատվեցին ու հավանության արժանացան լրագրողների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ինստիտուտների կողմից:

4. Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման մասին 2009թ. օգոստոսի 1-ին նախաստորագրված արձանագրությունների քննարկում
Հխ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի և ժողովրդագրական ու գենդերային հարցերի հանձնաժողովների 19.09.2009թ. համատեղ նիստում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների զարգացման միտումներն ու կնճռոտ կողմերը: Ընդհանուր առմամբ հավանություն տալով ՀՀ իշխանությունների նախաձեռնողական արտաքին քաղաքականությանը` հանձնաժողովի անդամներն արտահայտեցին նաև մտահոգություններ` կապված արձանագրությունների տեքստերում տեղ գտած անորոշ և բազմանշանակ ձևակերպումների, դրանց հնարավոր հետևանքների ու մեկնաբանությունների, հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հնարավոր դանդաղեցման վերաբերյալ: Այդ գնահատականներն ու մտահոգությունները արտացոլվեցին Հանրային Խորհրդի միասնական որոշման և հայտարարության տեքստում, հնչեցվեցին ՀՀ նախագահի հետ հայ-թուրքական հարաբերությունների հրապարակային քննարկումների ընթացքում:

5. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված ““Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” օրենքի նախագծի փորձագիտական վերլուծություն: Եզրակացության և առաջարկությունների ներկայացում
Կարևորելով քաղաքացիական հասարակության կայացման գործում ոչ կառավարական կազմակերպությունների դերը և ոլորտը կարգավորող նպաստավոր իրավական դաշտի ձևավորման անհրաժեշտությունը, ՔՀԿՀ հանձնաժողովն անմիջական և գործուն մասնակցություն ունեցավ ““Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” օրենքի նախագծի քննարկմանը:
2009թ. հոկտեմբերին հանձնաժողովի անդամներին էլեկրոնային փոստով ուղարկվեցին օրենքի նախագիծն ու դրա պաշտոնական հիմնավորումները: Եղան բազմաթիվ արձագանքներ, դիտողություններ ու առաջարկություններ: Որոշակի մտահոգություններ ներկայացրեցին նաև ՀԽ կառույցներում չընդգրկված ոչ կառավարական կազմակերպությունները:
ՔՀԿՀՀ կոլեգիան, ուսումնասիրելով և քննարկելով օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների ու հասարակական կազմակերպությունների կարծիքներն ու մեկնաբանությունները, իր դիրքորոշումն արտահայտեց ամփոփ եզրակացության և առաջարկությունների փաթեթի տեսքով: Վերջինս հավանության արժանացավ ՀԽ 27.12.2009 նիստում և որպես ՀԽ միասնական դիրքորոշում ներկայացվեց ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին:
Օրենքի փոփոխության նախագծում տեղ գտած տասնմեկ առաջարկություններից յոթի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և սկզբունքային անհամաձայնություն հայտնել չորսի վերաբերյալ:
Բացասական եզրակացությունը վերաբերում է մասնավորապես կազմակերպության ղեկավարի և կազմակերպության հասցեի փոփոխության դեպքում պետական գրանցման արարողակարգ անցնելու և տարեկան գործունեության մասին խիստ մանրամասն հաշվետվությունը 1000 տպաքանակ ունեցող մամուլի էջերում հրապարակելու պահանջներին, որոնք անհարկի բյուրոկրատական և ֆինանսական բեռ կարող էին դառնալ հասարակական կազմակերպությունների համար:
Հանձնաժողովի եզրակացությունը բովանդակում է նաև հասարակական կազմակերպությունների անվանման մեջ ոչ միայն “միություն”, այլև` “ընկերակցություն”, “ընկերություն” բառերի գործածության արգելքը հանելու, օրենքի անվանափոխության, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին ՀՀ պետական կառույցների կողմից դրամաշնորհների տրամադրման ընթացակարգերի պարզեցման մասին առաջարկություններ:
ՔՀԿՀՀ առարկությունները օրենքի նախագծի չորս կետերի մասին հիմնականում արտացոլվել են օրենքի նախագծի արդեն վերախմբագրված տարբերակում: Այնուհանդերձ, այսուհետ ևս հանձնաժողովը հետևողական է լինելու հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող բարենպաստ իրավական դաշտի ձևավորման հարցերում:

6. “ՀՀ հեռուստահեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի” մշակում և աջակցություն դրա ստորագրման գործընթացին
Քննարկելով զանգվածային լրատվության և հաղորդակցման ոլորտի կարգավորմանն ուղղված 2009-2010թթ օրենսդրական նախաձեռնությունները, և դրանց մի մասի վերաբերյալ հայտնելով բացասական դիրքորոշում, զանգվածային լրատվության ոլորտի հիմնահարցերի ենթահանձնաժողովի նախաձեռնությամբ հանձնաժողովը ձեռնամուխ եղավ հայաստանյան ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ձևավորման գործընթացների աջակցմանը:
ՔՀԿՀ հանձնաժողովում մշակվեց և լրագրողական հանրությանը ներկայացվեց “ՀՀ հեռուստառադիոընկերությունների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի” նախագիծը: Քննարկումների և վերամշակումների բազմաթիվ փուլերից հետո ՀԽ պետաիրավական հարցերի և հեռուստաեթերի մոնիտորինգի ու խոհրդատվության հանձնաժողովների հետ համատեղ Խարտիան ներկայացվեց հայաստանյան 16 հեռուստաընկերությունների դատին: Նրանցից 12-ն արդեն ստորագրել են այն: Գործընթացը շարունակական է: Ներկայումս Խարտիան ստորագրած և աջակցող կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում մշտադիտարկման հանձնախմբի ձևավորման սկզբունքների շուրջ:

7. Աշխատանք ՀՀ քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ստացվող դիմումների ու նամակների հետ
Հաշվետու ժամանակահատվածում ՔՀԿՀ հանձնաժողովում ՀՀ քաղաքացիներից ու հասարակական կազմակերպություններից ստացվել են երեք տասնյակից ավելի դիմումներ:
Դրանց 30%-ը առաջարկություններ են քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ձևավորման և տարբեր գաղափարների քննարկման վերաբերյալ:
57%-ը բովանդակում է բողոք տարբեր կարգի պաշտոնյաներից: 37%-ը դգոհություն է պարունակում ոստիկանության մարմիններից, 30%-ը` դատախազական համակարգից:
Դիմումների 63%-ում էլ բողոքարկվում են տարբեր ատյանի դատարանների գործունեությունն ու վճիռները:
Դիմումների մի զգալի մասը համապատասխան միջնորդագրերով հասցեգրվել է իրավասու մարմիններին և ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությանը:
Առանձին դեպքերում կան հաջողություններ, խնդրի արդարացի լուծման օրինակներ (ինչպես, օրինակ, լրագրող Մ. Սուխուդյանի և Երևանի թիվ 11 հատուկ դպրոցում կատարված հանցագործությունների բացահայտման դեպքում):
Այնուհանդերձ, դիմումների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ իրավական շատ խնդիրներ ձևավորվում են քաղաքացիների` իրենց իրավունքների մասին անտեղյակության, պասիվ դիրքորոշման, պաշտոնյաների ոչ պատշաճ գործելակերպի, ինչպես նաև քաղաքացիների մեծամասնությանը որակյալ փաստաբանական ծառայությունների անմատչելության արդյունքում:

8. Մասնակցություն քաղհասարակության հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովների ու քննարկումների
Հաշվետու ժամանակահատվածում ՔՀԿՀ հանձնաժողովի և հանրային կարծիքի ուսումնասիրման ու քաղաքացիական հասարակության քարոզչական ծրագրերի ենթահանձնաժողովի անդամները մասնակցել են քաղաքացիական հասարակության հիմնխնդիրներին նվիրված բազմաթիվ տեղական և միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների: Հանձնաժողովի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերյալ հանդես են եկել մամուլում, քաղ. հասարակության ինստիտուտների կողմից կազմակերպված խորհրդաժողովներում, մասնակցել ռադիո- և հեռուստահաղորդումների: Իրականացվող ծրագրերի և քննարկվող խնդիրների լուսաբանման նպատակով հրավիրվել են մամուլի ասուլիսներ:
“Քաղաքացիական հասարակության գաղափարը. պատմություն և արդիականություն”, “Քաղաքացիական հասարակության ձևավորման առանձնահատկությունները Հայաստանում”, “Հասարակական համակարգի զարգացման առանձնահատկությունները. ինստիտուցիոնալացում և ինստիտուցիոնալ ճգնաժամ”, “Քաղաքական և քաղաքացիական մասնակցություն”, “Քաղաքական և քաղաքացիական երկխոսության մշակույթ”, “Արդյունավետ հաղորդակցման տեխնոլոգիաներ” թեմաներով դասախոսություններ և պարապմունքներ են անցկացվել հասարակական կազմակերպությունների անդամների և առաջնորդների, քաղաքական կուսակցությունների ակտիվի, քաղծառայողների վերապատրաստման դասընթացների շրջանակներում:

9. ՔՀԿՀ հանձնաժողովի աշխատանքներում արձանագրված թերություններ ու բացթողումներ
Ա) Դեռևս թույլ է ենթահանձնաժողովների մակարդակում իրականացվող աշխատանքների ինտենսիվությունն ու նախաձեռնողականությունը:
Բ) Բավարար չափով չեն օգտագործվում Հանրային խորհրդի պաշտոնական կայք-էջի հնարավորությունները: Անբավարար է այնտեղ հանձնաժովի և ենթահանձնաժողովների նիստերի, աշխատանքային խոհրդակցությունների արձանագրությունների արտացոլվածությունը: Դա, թերևս, կարելի է բացատրել, բայց ոչ արդարացնել կայք-էջի համենատաբար ուշ գործարկմամբ:
Գ) Նկատելի են հապաղումներ քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ստացվող նամակների ու դիմումների հետ տարվող աշխատանքներում:
Դ) Թույլ է կապն ու համագործակցությունը ՀՀ կառավարության օղակների, Ազգային ժողովի հանձնաժողովների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների հետ:


ՀՀ Հանրային խորհրդի
Քաղաքացիական հասարակության կայացման
հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյան

← Վերադառնալ ցուցակին