ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ելույթը

08.07.2010

ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ելույթը 2010թ. մայիսի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կազմակերպված “Լրատվամիջոցների օրենսդրության և ինքնակարգավորման նախաձեռնությունների վերաբերյալ” քննարկումների ժամանակ

Թույլ տվեք Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովի և Հանրային խորհրդի անունից ողջունել միջոցառման մասնակիցներին:
Շնորհակալություն հրավերի համար:
Բոլորդ տեղյակ եք, որ ՀԽ-ի նախաձեռնությամբ հայաստանյան տասնմեկ հեռուստաընկերություններ (“Հ1”, “Շանթ”, “Երկիր”, “Կենտրոն”, “Շողակաթ”, “Հայրենիք”, “ԱՐ”, “Հայ TV”, “Երևան”, “Դար 21” “ATV”) 2010թ. ապրիլի 21-ին հանդիսավոր պայմաններում ստորագրեցին “ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան”:
Այս միջոցառման կազմակերպիչները` ի դեմս “Խոսքի պաշտպանության կոմիտե” հ/կ ղեկավար Աշոտ Մելիքյանի և “Բաց հասարակության օժանդակության հիմնադրամի” Հայաստանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի, առաջարկել են ինձ այսօր ելույթ ունենալ զանգվածային լրատվության հիմնախնդիրների կարգավորման բնագավառում ՀԽ նախաձեռնությունների և “ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի” վերաբերյալ: Ես սիրով ընդունել եմ առաջարկություն-հրավերը:
Նախ, մի փոքր պատմություն այն մասին, թե ինչու ՀԽ-ում կարևորվեցին զագվածային լրատվության ոլորտի հիմնահարցերը և ինչպես ձևավորվեց ու իրականացվեց Խարտիայի գաղափարը:
2009թ. ամռանը տեղի ունեցավ նոր ձևավորված ՀԽ անդամների անդրանիկ հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում ալյևայլ խնդիրների շարքում ՀԽ անդամ Հ. Մուսայելյանը հարց բարձրացրեց հայաստանյան հեռուստաեթերում տեղ գտած ոչ նորմատիվային խոսքի, գռեհկաբանությունների, քրեական ապրելակերպի ռոմանտզացման, ապազգային արժեհամակարգի քարոզման երևույթների մասին: Որպես գաղտնիք ասեմ, որ ՀՀ Նախագահը սկզբում տարակուսանք հայտնեց այդ խնդիրների առաջնահերթության կապակցությամբ, այնուհանդերձ առաջարկեց ձևավորել հանձնախումբ` խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով: ՀԽ անդամներ Հ. Մուսայելյանի և Հ. Դեմոյանի նախաձեռնությամբ ձևավորվեց հայկական հեռուստաեթերի մոնիթորինգի և խորհրդատվության մշտական հանձնախումբը: Հանձնախմբի կողմից կազմակերպված քննարկումներն ու լսումները հանրապետության մշակութային, գիտակրթական օջախներում ցույց տվեցին, որ եթերում տեղ գտած անցանկալի երևույթները շատերին են հուզում:
Բացի այդ, դեռևս 2009թ. մարտին ՀՀ նախագահի աշխատակզմի կողմից ՀԽ-ի քննարկմանն էր ներկայացվել Կ. Անդրեասյանի հեղինակած` “ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին” օրենքի նախագիծը: Շրջանառվում էր նաև ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի հեղինակած “Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” օրինագիծը:
ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը զանգվածային լրատվության ոլորտի հիմնահարցերի ենթահանձնաժողովում և իր կոլեգիայի նիստում քննարկել է նշված օրինագծերը և տվել ընդհանուր առմամբ բացասական եզրակացություն: Այդ մասին ես զեկուցել եմ ՀԽ 27.12.2010թ. լիագումար նիստում:
Երկու նախագծերում տեղ էին գտել անհաջող ձևակերպումներ և անընդունելի դրույթներ: Առաջին փաստաթղթում, օրինակ, ասվում էր. “Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը ենթակա են պաշտպանության երրորդ անձի (անձանց) կողմից արտահայտված վիրավորական գնահատականներից ու զրպաչտչական բնույթի փաստացի տվյալներից”:
Հարց է առաջանում. ինչո՞ւ “երրորդ անձի կողմից”, իսկ երկրորդ կամ չորրորդ անձերի դեպքո՞ւմ … Թերևս, ճիշտ կլիներ ձևակերպել` “այլ անձանց կողմից …”: Բացի այդ, ի՞նչ է նշանակում “զրպարտչական բնույթի փաստացի տվյալներ” արտահայտությունը: Այստեղ ակնհայտ է տրամաբանական հակասությունը. եթե փաստացի տվյալ է, ապա չի կարող համարվել զրպարտչական, եթե զրպարտչական է, չի կարող փաստացի լինել:
Մեկ այլ ձևակերպում. “Սույն օրենսգրքի իմաստով վիրավորական գնահատական է համարվում հրապարակայնորեն տարածված, …, որևէ կոնկրետ քաղաքացու հասցեագրված արտահայտությունը, որը միտված է տվյալ անձին վիրավորելու, և որը ներառում է պիտակ …” և այլն: Ուշադրություն դարձրեք. "վիրավորական է համարվում այն արտահայտությունը, որը միտված է վիրավորելու”: Տրամաբանությանը շատ թե քիչ ծանոթ մարդիկ կհասկանան, որ այս սահմանման մեջ առկա է կրկնաբանություն (tautology): Իսկ ի՞նչ է նշանակում “հրապարակավ տարածված” լինելը: Օրենքի նախագիծը դա էլ էր նախատեսում. արտահայտությունը հրապարակայնորեն տարածված կարող է համարվել, եթե հայտնի կամ մատչելի դառնա “ավելի քան հիսուն անձանց համար”: Ասել է թե, երբ վիրավորանքները հնչում են tête-à-tête կամ էլ երկու-երեք հոգու ներկայությամբ, ապա վիրավորական համարվել չեն կարող:
Համանման դրույթներ և վիճարկելի ձևակերպումներ կային նաև “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծում: ժամանակը չչարաշահելու համար թույլ տվեք դրանք չմանրամասնել:
Ինչպես ասացի, երկու օրինագծերն էլ քննարկվեցին ՀԽ ՔՀԿՀ հանձնաժողովի զանգվածային լրատվության ոլորտի հիմնահարցերի` 47 անդամներ ունեցող ենթահանձնաժողովի` 2009թ. հոկտեմբերի նիստում, որին ենթահանձնաժողովի անդամներից բացի, որպես հրավիրյալներ մասնակցում էին նաև ԶԼՄ-ների հիմնախնդիրներով զբաղվող փորձագետներ, նրանց թվում` նաև “Երևանի մամուլի ակումբի” նախագահ Բ. Նավասարդյանը: Ենթահանձնաժողովը, երկու օրինագծերի մասին էլ բացասական կարծիք հայտնելով, իր եզրակացության մեջ կարևորեց Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ձևավորման ու կայացմանն ուղղված գործընթացներին աջակցելը: Ենթահանձնաժողովի եզրակացությունը հավանության արժանացավ ՔՀԿՀ հանձնաժողովի կոլեգիայի անդամների կողմից: Հաշվի առնելով 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանի` ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվելու հանգամանքը և այդ համատեքստում ԶԼՄ-ների գործունեության կանոնակարգման նպատակով օրենքով սահմանված սանկցիաների խստացման անհեռանկարայնությունը` քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի դիրքորոշմանը միացան նաև ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի մասնագետները:
ՀԽ հեռուստաեթերի մոնիտորինգի և խորհրդատվության մշտական հանձնաժողովի 2010թ. անդրանիկ նիստում ՀԽ ՔՀԿՀ և ՊԻՀ հանձնաժովների ներկայացուցիչները հանդես եկան զանգվածային լրատվության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով դրանց գործունեության ինքնակարգավորման մեխանիզմների, մասնավորապես` մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի մշակման առաջարկությամբ: Առաջարկությունը դրական ընդունելություն գտավ նիստի մասնակիցների կողմից, և վերը նշված հանձնաժողովների ղեկավարներին առաջարկվեց հանձնաժողովներում ընդգրկված ԶԼՄ-ների ներկայացուցիչների ու իրավաբանների ուժերով ձեռնամուխ լինել լրագրողների մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի նախագծի մշակմանը:
ՔՀԿՀ և ՊԻՀ հանձնաժովներում զուգահեռաբար մշակվեցին լրագրողների մասնագիտական էթիկայի նորմերի երկու տարբերակներ: ՔՀԿՀ հանձնաժողովի կողմից մշակված տարբերակը քննարկվեց կոլեգիայի 2010թ. մարտի 6-ի ընդլայնված նիստում, որին մասնակցում էին նաև զանգվածային լրատվության ոլորտի շահագրգիռ և իրազեկ ներկայացուցիչներ: Եղան առաջարկություններ, դիտողություններ, անգամ իրարամերժ տեսակետներ ու սուր ելույթներ: Արդյունքում խարտիայի նախագիծը վերամշակվեց ու խմբագրվեց, ապա տեղադրվեց ՀԽ պաշտոնական կայքում: Այնտեղ տեղադրվեց նաև ՊԻՀ հանձնաժողովի տարբերակը: Եղան քննադատական դիտողություններ, առաջարկություններ և աջակցության արձագանքներ լրատվամիջոցների ու տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից: Հաշվի առնելով եղած առաջարկություններն ու դիտարկումները, շահագրգիռ կազմակերպությունների հետ դրանք քննարկելու արդյունքում որոշվեց լրատվամիջոցների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի երկու նախագծերի հիման վրա ստեղծել մեկ միասնական փաստաթուղթ և այն ներկայացնել առաջատար հեռուստաընկերությունների դատին: Այդ աշխատանքը վստահվեց ինձ: Կրկին եղան առաջարկություններ, դիտարկումներ և բանակցություններ հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ:
Արդեն միասնական տարբերակը ՀԽ հեռուստաեթերի մոնիտորինգի և խորհրդատվության հանձնաժողովի կողմից ներկայացվեց 16 հեռուստաընկերությունների, որոնցից 11-ը 2010թ. ապրիլի 21-ին հանդիսավոր պայմաններում ստորագրեցին “ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան”:
Եղան հիմնականում դրական և խրախուսող արձագանքներ (“ՀՀ” օրաթերթ, “Հայոց աշխարհ”, “Голос Армении”, “Հ1”, “Երկիր Մեդիա”, “Կենտրոն” և այլն): Ի դեպ, խարտիայի ստորագրմանը դրական արձանագրեցին նաև խարտիան չստորագրած հեռուստաընկերությունները:
Հնչեցին նաև հատուկենտ ոչ կառուցողական ու սուր արձագանքներ: Գուցե դրանց անդրադառնալու կարիք չլիներ, եթե այդ արձագանքներից մեկը հրապարակված չլիներ ինձ այստեղ հրավիրած հասարակական կազմակերպություններց մեկի կայք-էջում:
Հայտնի բան է` զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը ճիշտ գնահատելու և մեկնաբանելու համար պետք է պատասխանել մի քանի պարզ հարցերի, այդ թվում` “ի՞նչ է ասվում”, “ինչպե՞ս է ասվում”, “ո՞վ է ասում”, և, որ շատ կարևոր է` “ինչո՞ւ է ասում”:
Քննադատողները հիմնականում ասում են, թե ներկա փուլում մասնագիտական էթիկայի նորմերի խարտիան պետք չէ, դա ավելի շուտ զսպաշապիկ է ԶԼՄ-ների համար: Մյուսներն էլ ասում են, թե խարտիան անհրաժեշտ է, բայց ստորագրված տարբերակը լավը չէ, իսկ եթե անգամ լավն է, ապա դրա նախաձեռնումը Հանրային խորհրդի գործը չպետք է լիներ:
Ինչպե՞ս են ասում: Ասում են վիրավորական արտահայտություններով, էթիկապես անթույլատրելի ոճով ու լուտանքով, ինչը մեկ անգամ ևս խոսում է լրագրողների մասնագիտական էթիկայի կոդեքսի անհրաժեշտության մասին: Ի դեպ, հայտնի բան է` վիրավորանքների ու չարամիտ պիտակավորումների գործածումը վկայում է տրամաբանական փաստարկների բացակայության, հաճախ էլ` թաքնված շահադիտական նկրտումների մասին:
Ովքե՞ր են ասում: Խարտիայի և դրա ստորագրման նախաձեռնությունը առավել անհանդուրժողական քննադատության ենթարկողները մարդիկ են և կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են զանգվածային լրատվության ոլորտի ինքնակարգավորման խնդիրներով և դրա դիմաց ստացել դրամաշնորհներ:
Մնաց չորրորդ հարցը` ինչո՞ւ են ասում: Այս հարցը չեմ ուզում մանրամասն մեկնաբանել, սակայն ակամա մտաբերում եմ ֆրանսիացի փիլիսոփա Կ. Հելվեցիուսի հայտնի տողերն այն մասին, թե մարդիկ չեն վիճարկում երկրաչափության աքսիոմները, որովհետև դրանք չեն շոշափում նրանց շահերը: Հակառակ դեպքում մարդիկ պատրաստ են դրանց ճշմարտությունն էլ վիճարկել և հանուն շահի պնդել, որ պարունակվողը մեծ է պարունակողից:
Ի դեպ, մամուլում հրապարակված քննադատական նյութերից մեկի կապակցությամբ ես ներկայացրեցի պատասխան հոդված, որն այդպես էլ չտպագրվեց: Փոխարենը տպագրվեցին իմ պատասխան հոդվածի 1/3-ի վերաբերյալ թերթի հոդվածագրի մեկնաբանությունները: Հոդվածն ամբողջությամբ տպագրելու իմ պահանջին “Հրապարակ” օրաթերթի խմբագիրը պատասխանեց “ինչ ուզում եք արեք” ոճի աղմկոտ հայտարարություններով: Ի դեպ, այս կապակցությամբ տեղին է նկատել, որ “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքում (2003թ.) առկա է ետընթաց խոսքի ազատությունից հավասարապես օգտվելու սկզբունքի ապահովման առումով: “ՀՀ Մամուլիև զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին” (1991թ.) օրենքը շատ ավելի հստակ և արդարացի էր սահմանում լրատվամիջոցի կողմից քննադատության ենթարկված սուբյեկտի` պատասխան հոդվածով հանդես գալու իրավունքը (հդվ. 24): Իսկ գործող օրենքի 8-րդ հոդվածն ավելի շատ խոսում է հերքման, քան պատասխանելու իրավունքի մասին:
Այնուհանդերձ, ցանկանում եմ առանձնացնել Խարտիայի մշակման ընթացքում և դրանից հետո հնչած քննադատական դիտողությունների երկու ոճ` “քաղաքակիրթ” և “բռի ու անկիրթ”:
Նախ` առաջինի մասին: “Արմենիա” հեռուստաընկերության կողմից հանդես եկող իրավաբանը (որն ի դեպ “ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” վերը նշված օրինագծի հեղինակն է) առաջարկում էր հանել խարտիայի 14-րդ կետը (“Բացառել գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ և անբարո ապրելակերպի քաչոզչություն պարունակող նյութերի, ծրագրերի պատրաստումն ու հեռարձակումը, քրեական ապրելակերպի ռոմանտիզացման և դրվատման տարրեր պարունակող հեռուստառադիոարտադրանքի մատուցումը:”): “Արմենիայի” ներկայացուցիչն իր առաջարկությունը հիմնավորում էր այն հանգամանքով, որ Խարտիայում սահմանված չեն “գռեհկաբանություններ”, “ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ” հասկացությունները և դրանց չափանիշները:
Հաշվի առնելով, որ այս դահլիճում հավաքվել են բարձր ինտելեկտուալ պատրաստվածություն ունեցող մարդիկ, ինձ թույլ կտամ մասնագիտական և մեթոդաբանական որոշակի վերլուծություններ անել այս կապակցությամբ: Դեռևս 20-րդ դարի 30-ական թվականներին ավստրիացի տրամաբան, մաթեմատիկոս Կուրտ Գյոդելը հրապարակեց իրեն համաշխարհային հռչակ բերած երկու թեորեմներ, որտեղ բովանդակվում էր ձևայնացված համակարգերի իդելական լրիվության և անհակասականության պահանջների անհամատեղելիության դրույթը: Այս սկզբունքն ունի իմացաբանական և մեթոդաբանական լայն ընդգրկումներ: Ինչպես, օրինակ, այն, որ հնարավոր չէ և պետք էլ չէ ստեղծել մարդկային հարաբերություններն ու հասարակական գործընթացները` իրենց մանրամասնություններով սպառիչ կերպով կարգավորող իրավական օրենքների կամ բարոյական նորմերի ժողովածու: Անիմաստ է, օրինակ, Ամուսնաընտանեկան օրենսգրքում սահմանել, թե ով պետք է տնային տնտեսությամբ զբաղվի, խոհանոցային սպասք լվանա և ով պետք է որոշումներ կայացնի:
Մեկ այլ օրինակ. դատաիրավական ոլորտը կարգավորող օրենքներն ու ինստիտուտները (առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանները, սահմանադրական դատարանը, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր հաստատությունները, փաստաբանական ծառայությունները և այլն) կոչված են երկրում արդարադատություն իրականացնելու և արդարության սկզբունքն ապահովելու գործին: Այդ հաստատություններից յուրաքանչյուրի կառուցվածքն ու գործառույթները սահմանված են իրավական ակտերում: Սակայն որևէ իրավական-նորմատիվ փաստաթղթում սահմանված չէ “արդարություն” հասկացությունը, որի ապահովման նպատակով ստեղծված են վերը թվարկված ինստիտուտները:
Կան օրենքներ ու առանձին հոդվածներ խոսքի, դավանանքի ու խղճի, քաղաքական ազատությունների մասին: Սակայն որևէ օրենսդրական ակտում սահմանված չէ “ազատություն” հասկացությունը: Եվ պետք էլ չէ, անգամ անիմաստ է: Դրանք աշխարհայացքային, գաղափարական, եթե կուզեք` քաղաքակրթական ու պատմական իմաստով կոնյունկտուրային հասկացություններ են: Դրանք ձևակերպվում են և մեկնաբանություններ են ստանում ինչպես առօրյա ողջախոհության, այնպես էլ տվյալ գիտելիքի մետամակարդակի այն է` իրավունքի փիլիսոփայության շրջանակներում:
Այս իրողությունները հաշվի առնելով է, որ Խարտիայում նախատեսված է հեռուստաեթերի մշտադիտարկման (մոնիտորինգի) խումբ ստեղծելու գաղափարը, որի շրջանակներում կարող են քննարկվել ու լուծում ստանալ տարակարծություններ առաջ բերող հարցերը: Օրինակ, երբ հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվող (իմ կարծիքով` ընդհանուր առմամբ հաջողված) հումորային ծրագրերից մեկում հնչում է արտահայտություն հերոս-օլիգարխի դստերը “դոմփելու” և “մեղավորին պատասխան դոմփման ենթարկելու” մասին, ես կարծում եմ` դա գռեհկաբանություն է: Եթե մոնիտորինգային հանձնախումբը կամ այս քննարկման մասնակիցները մեծամասնությամբ կպնդեն, որ դա հայոց լեզվում ոճական նորամուծություն է և հեռուստաեթերում ընդունելի արտահայտություն, ես կենթարկվեմ մեծամասնության կարծիքին:
Մեկ այլ դիտողություն: Մեզ առաջարկվում էր Խարտիայից հանել 8-րդ կետը:
Այն է. “Հարգել անհատի անձնական կյանքի մասին տեղեկությունների (անձնական և ընտանեկան գաղտնիք, սեռական կողմնորոշում, կրոնական հայացքներ, ընկերական հարաբերություններ, ժամանցի կազմակերպման ձևեր, գրագրության, հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցման բովանդակություն) անձեռնմխելիությունը: Խուսափել առանց անհատի համաձայնության նման հրապարակումներից` բացառությամբ այն դեպքերի, երբ խնդիրը ակնհայտորեն առնչվում է հասարակական շահին (սահմանադրական կարգի պաշտպանության անհրաժեշտություն, հասարակական կարգի և անվտանգության սպառնալիքի կանխարգելում, հանցագործության բացահայտում կամ կանխում, հասարակության և նրա անդամների առողջության ու անվտանգության պաշտպանություն, հասարակությանը մոլորեցնելուն ուղված քայլերի կանխում):” Նման պահանջը բխում է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության հանրահայտ նորմերից և արտացոլված է լրագրողների մասնագիտական էթիկայի բազմաթիվ փաստաթղթերում: Օրինակ, 1983թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունցած “Լրագրության ոլորտում մասնագիտական էթիկայի միջազգային սկզբունքների” 6-րդ կետը (“Անձնական կյանքը և արժանապատվությունը հարգելը”) արձանագրում է. “Լրագրության մասնագիտական ստանդարտների անբաժան մասը մարդկանց անձնական կյանքի և մարդկային արժանապատվության հարգումն է` քաղաքացիների իրավունքների և վարքի պաշտպանության, զրպարտության, վիրավորանքի և դիֆամացիայի արգելման ոլորտում միջազգային և ազգային իրավունքի դրույթներին համապատասխան”:
Նույն պահանջը առավել հանգամանալից ամրագրված է “Ռուսաստանի հեռուստառադիոհեռարձակողների խարտիայում”: Այդ պահանջն արտացոլված է նաև 2007թ-ին ՀՀ մի շարք լրատվամիջոցների կողմից ստորագրված “Վարքականոնի” 4.1 կետում: (Ի դեպ, այս վարքականոններում տեղ են գտել բազմաթիվ տրամաբանական, ոճական ու լեզվական անհարթություններ, անհաջող ձևակերպումներ: Օրինակ, հենց վերնագիրը` “Վարքականոն”: Առաջին հայացքից պարզ չէ, թե ո՞ւմ և ինչի՞: Կամ` “հարգել և պաշտպանել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը. Հասարակական անհրաժեշտությամբ կարող է արդարացվել միայն պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին միջամտությունը”: Պարզ չէ “միայն” արտահայտությունը վերաբերում է հասարակական անհրաժեշտությանը, թե պաշտոնատար անձնանց: Իսկ ի՞նչ է նշանակում “մարդկանց անձնական կյանքին միջամտելը”, մնում է ենթադրել): Այնուհանդերձ, ես հակված եմ այդ վարքականոնը դրական երևույթ համարել ՀՀ լրագրողական միջավայրի համար: Բացի այդ չմոռանանք, որ մարդու անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ու արժանապատվությունը հարգելու սկզբունքը պնդում է նաև ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը` արգելելով “առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ օրենքով չնախատեսված տեղեկությունների հավաքումը, պահպանումը, օգտագործումը, տարածումը”: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը նման դեպքերի համար սահմանում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք` մեկից երկու ամիս ժամկետով: Այնպես որ, հաշվի չառնել միջազգային փորձը և անտեսել սեփական օրենսդրությունը, ըստ իս, արդարացված չէ:
Այժմ` բռի և անկիրթ քննադատության դրսևորումների մասին: Բավական է միայն թվարկել Մ. Հարությունյանի հրապարակման մեջ կիրառված արտահայտություններն ու պիտակավորումները` պատկերացում կազմելու համար հեղինակի չարացած հոգեվիճակի և ապակառուցողական տրամադրվածության մասին. “էթիկական կանոնները օրենքից չտարբերող դիլետանտներ”, “սովետական սմքաց ուղեղների մտագարություն”, “ամոթ է ասել` փաստաթուղթ”, “հայերենին չտիրապետող անգրագետներ”, “դրել և քլնգում եմ խարտիան, ձեռ եմ առնում ստորագրողներին և հեղինակներին”, “արդուկած սինոպսիկ”, “մտքի գիգանտ խարտիագետներ”, “մեռնեմ ջաններիդ, ֆլան-ֆստան …”:
Ավելին, հեղինակը քննադատում է շեղված վարքաձևերի նկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնող հաղորդումներ չհեռարձակելու պահանջը. “անառողջ հետաքրքրությունը, մանավանդ, զիլ էր”, - ասում է հոդվածագիրը, -հետաքրքրության առողջը ո՞րն է, իսկ տկա՞րը, թեթև մրսածը …”:
Ստիպված ես բացատրել, որ բնական լեզվում առկա է բառերի ու արտահայտությունների բազմիմաստության (պոլիսեմիայի) երևույթը: Բառերը կարող են ունենալ նաև ալեգորիկ իմաստ: Եվ իմաստը պարզելու համար դրանք համատեքստից կտրելը կամ տկարամտություն է, կամ չարամիտ սոփեստություն (իմաստակություն): Եվ եթե ես առաջարկում եմ այսօրվա քննարկումն անցկացնել առողջ, գործընկերային մթնոլորտում, դա չի նշանակում, որ այլընտրանքը տկարը կամ թեթև մրսածն է:
Իսկ թե ինչու է Խարտիայի 16-րդ կետը (“Օրենքով սահմանված և չարգելված բոլոր հնարավոր միջոցներով պայքարել բռնության ենթարկված և մասնագիտական գործառույթներից բխող գործելակերպի համար հետապնդումների ենթարկվող գործընկերների ու լրատվամիջոցների մասնագիտական ազատությունների և իրավունքների պաշտպանության համար”) շարժել Մ. Հարությունյանի զայրույթը` թողնում եմ առանց մեկնաբանության:
“Քննադատը” հեգնանքով է արտահայտվում համաձայնագրի այն կետի մասին, որն առաջարկում է անթույլատրելի համարել “զանգվածային անկարգություններ և խուճապ առաջացնող չճշտված տեղեկատվության միտումնավոր տարածումը”: Նա տվյալ ձևակերպումը մեկնաբանում է հետևյալ կերպ. “պետք չէ վթարների ու աղետների մասին տեղեկություններ տարածել, որ հանկարծ բնակչությունը դեպրեսիայի մեջ չընկնի, …, որ եթե աղետի մասին չխոսես աղետներն ի սպառ կվերանան …”: Ս. Սիմոնյանն էլ “Հրապարակ” օրաթերթում մեկնաբանում է. “… եթե … միտինգ լինի քաղաքում կամ դոլարի կուրսը, գազի, ջրի գինը բարձրանան (թեև քերականորեն ճիշտ կլիներ ասել` “բարձրանա”-Հ.Հ. ), ապա այդ օրերին Չայկովսկու “Կարապի լիճը” պետք է ցույց տալ: Հակառակ դեպքում էթիկայի խախտում կլինի:”
Մտավոր յուրօրինակ ծամածռություն հանդիսացող այս “հնարքը” 20-րդ դարասկզբի տրամաբան Ս.Պովարնինը անվանում է “бабский довод”, այսինքն` “կնկա փաստարկ”: Ցանկանում եմ այն փոքր-ինչ քաղաքավարի թարգմանել` “կանացի փաստարկ”, որից էությունը չի փոխվի: Իսկ էությունը մեկն է. ծայրահեղացնել դրույթը` դրանից բխեցնելով անհեթեթ եզրակացություններ և առաջարկել ընտրություն կատարել: Ներկայացնեմ մի օրինակ դասախոսական գործունեության ոլորտից, որը մեր “քննադատներին” այնքան էլ դուր չի եկել: Ուսանողին դիտողություն են անում, որ չի կարելի դասախոսության ընթացքում տարվել կողմնակի թեմայի շուրջ զրուցով և խանգարել մյուսներին, իսկ նա թե` “Ի±նչ է, շուրթերս կարե±մ”: “Ոչ, Դուք ինձ ճիշտ չհասկացաք…”,- հետևում է արձագանքը: - “Ոզու±մ եք ասել` ես հիմա±ր եմ…”:
Արդեն ծիծաղելի է դառնում: Ակամա հիշում եմ Ֆ. Վոլտերի հայտնի դրույթը. “Այն, ինչ ծիծաղելի է, այլևս վտանգավոր չէ”:
Իսկ հիմա` լուրջ: 2010թ-ի մարտի 13-ին Վրաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկը` “Իմեդի”հեռուստաընկերությունը, եթերային “էքսպերիմենտ” կամ խուլիգանություն անելով, տարածեց տեղեկատվություն ռուսական զինված ուժերի` Վրաստան ներխուժելու և առաջխաղացման, նախագահ Սահակաշվիլու սպանված լինելու մասին` բնականաբար խուճապ և հոգեբանական ընկճվածություն առաջ բերելով բնակչության շրջանում:
Ինչպես Ավ. Իսահակյանն է ասում. “տառապանքս փորձ ունի”:
Վերոհիշյալ վարքականոնը սահմանված է հենց նմանատիպ գործելակերպի և “կատակների” համար:
Ի վերջո, Մ. Հարությունյանն իր հոդվածն ավարտում է յուրօրինակ ինքնագովազդով, թե ինքը, ի տարբերություն “խարտիագետների”, վարունգը (խիարը) տարբերում է բոստանային մյուս կուլտուրաներից:
Թող ներվի ինձ, բայց նման “խիյարագիտական” ոճն աններելի է շատ թե քիչ լուրջ լրագրողի համար:
Ի դեպ, ես մի էքսպերիմենտ կատարեցի. 2007թ. ստորագրված “Վարքականոնի” հինգ տողանոց մի հատված Մ. Հարությունյանի պարտադրած ոճով վերլուծեցի և էլեկտրոնային փոստով ուղարկեցի 12 գործընկերների: “Երևանի մամուլի ակումբի” նախագահ Բորիս Նավասարդյանն ինձ ուղղված պատասխան նամակում արդարացիորեն հանդիմանեց, թե այդ ոճը չի սազում դոցենտի, ՀԽ անդամի` իմ կարգավիճակին, մինչդեռ լրագրողին դա թույլատրելի է: Առաջին մասով նրա հետ համաձայն եմ, սակայն ուզում եմ առարկել և ավելացնել, որ այդ ոճը չի սազում նաև լրագրողին, չի սազում նաև փողոցի մարդուն: Այդ ոճով խոսող մարդը իրավունք չունի ուրիշներին բարոյական հորդորներ ուղղելու և էթիկայի վարքականոնների մասին դատողություններ անելու:
Ամեն մի մասնագետ` բժիշկ, թե իրավաբան, ուսուցիչ, թե լրագրող, մասնագիտական էթիկայի նորմերը կրող լինելուց առաջ նախ պետք է էթիկական համամարդկային սկզբունքների կրող լինի և երբ ստանձնում է նաև մասնագիտական, տվյալ դեպքում` լրագրողական էթիկայի նորմերըպահպանելու պարտավորություն, շատ ավելի զգույշ ու նրբանկատ պետք է լինի իր հայտարարությունների, արտահայտությունների ու բառերի ընտրության հարցում:
Հին հույները նկատել էին, որ վեճերի մեջ ծնվում է ճշմարտությունը, սակայն նաև զգուշացնում էին, որ վեճը կարող է սպանել ճշմարտությունը: Ռուսական ասացվածքը հիշեցնում է. “երբ վեճը եռում է, ճշմարտությունը գոլորշիանում է”:
“Խոսքի վարպետ” որոշ ընկերների ուզում եմ հիշեցնել Վադիմ Շեֆների տողերը.
“Словом можно убить, словом можно спасти,
Словом можно полки за собой повести.
Словом можно предать, и продать, и купить.
Слово можно в разящий свинец перелить.”:
Մեր մամուլն ու լրագրողներն այս հարցում լուրջ խնդիրներ ունեն: Լսարան գրավելու նպատակով նրանք հաճախ անցնում են թույլատրելիի սահմանը, քննադատությունը վերածում սրտաճմլիկ ծղրտոցի ու հայհոյախոսության, դրանով իսկ ջուր լցնելով այն տեսակետի կողմնակիցների ջրաղացին, ովքեր զանգվածային լրատվության ոլորտի կարգավորման խնդիրների լուծումը տեսնում են սոսկ իրավական սանկցիաների խստացման դաշտում:
Ցավոք, մամուլի այս հիվանդությունը նոր չէ մեզանում: Որպեսզի չթվա, թե ես միայնակ եմ այս տեսակետը պաշտպանում, ցանկանում եմ անվիճելի հեղինակություն հանդիսացող մի գործչից մեջբերում անել.
“Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից…
Տարիներով կարդացել է` ժողովուրդ, ժողովուրդ… Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչու՞ են միշտ նրա անունը տալի: Արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը:
…Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չորս կողմը, մեծ մասամբ` լիքը հետին մտքերով, կուսակցական կրքերով ու անձնական վիրավորանքներով:
Ինչ գրել են, եղել է կամ բարեկամի գովասանք, կամ թշնամու բանբասանք: Եղիր թեկուզ շատ տաղանդավոր դերասան, միևնույն է, չես ազատվի ծաղրից ու հալածանքից, եթե այս կամ այն պատճառով թերթն ընկավ քեզ հետ

Եվ մեր այն բազմությունը, որ կրթվել է այդ մամուլի վրա, զարմանալիորեն թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել է սովորել, խոսքն ընչի մասին էլ ուզում է լինի, հայհոյել, ցեխը կոխել կամ բարձրացնել, երկինք հանել, դեմն ով ուզում է լինի: Չի սիրում … հիմնավորել իր առարկությունները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ:
… հոգս չեն քաշում գոնե մի տանելի լեզու ունենային, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը` հայ թերթն է”:
Հովհաննես Թումանյան, “Մեր ընթերցողն ու մամուլը”, 1910թ.

Ի դեպ, դեռևս զանգվածային լրատվության ոլորտում աշխատելու տարիներին (1996թ.) ես մի գիտական-հրապարակախոսական հոդված հրապարակեցի “Լրագրողի մասնագիատական էթիկան որպես չորրորդ իշխանության կայացման կարևոր պայման” խորագրով: Հոդվածում քննարկվում էին լրագրողի մասնագիատական որակներն ամբողջացնող վարքականոններն ու էթիկական նորմերը, հիմնավորվում էր այն տեսակետը, որ լրագրողի բարոյահոգեբանական կերպարը կազմող գործոնների շարքում համակարգաստեղծ, առանցքային նշանակություն ունի բարոյական պատասխանատվության զգացումը սեփական մասնագիտական գործունեության հասարակական հետևանքների ու արձագանքների նկատմամբ: Այսօր էլ այդ կարծիքին եմ: Եվ “ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի” հիմքում ընկած է հենց այդ առանցքային գաղափարը, որից էլ ածանցվում են խարտիայի բոլոր մյուս կետերն ու ենթակետերը: Փաստաթղթի կազման աքսիոմատիկ դեդուկցիայի այս սկզբունքն է ընկած արդեն իսկ ՀՀ առաջատար հեռուստաընկերությունների կողմից ստորագրված Խարտիայի հիմքում: Ինչպես նշված է այդ փաստաթղթին կից տեղեկանքում, հետազոտվել է մեկ ու կես տասնյակից ավելի երկրների առաջավոր փորձը տվյալ ոլորտում, հաշվի են առնվել մեր տեղական առանձնահատկություններն ու միտումները տվյալ բնագավառում:
Անուղղելի ռոմանտիկ չեմ կարծելու համար, որ մասնագիտական էթիկայի նորմերի խարտիա ստորագրելով ու հռչակելով կարելի է լուծել զանգվածային լրատվության ոլորտի բոլոր խնդիրները կամ էլ ակնկալել խիստ արմատական փոփոխություններ:
Բայց համոզված եմ, որ Խարտիան դեռևս ստորագրվելու է շատ զանգվածային լրատվամիջոցների կողմից (գուցե ոմանք էլ ձևավորեն և հռչակեն սեփական վարքականոնները) և ԶԼՄ-ների ոլորտում առկա հիմնախնդիրների բարձրաձայնմամբ նպաստելու է զանգվածային լրատվության ու հաղորդակցման բնագավառում դրական փոփոխությունների արձանագրմանը:
Ասեմ նաև, որ երկու օր առաջ Հանրային խորհորդում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում և խորհրդակցություն “Երևանի մամուլի ակումբի”, “Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի”, “Ինտերնյուզ” կազմակերպության ղեկավարների մասնակցությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն` համագործակցելու նպատակով “ճանապարհային քարտեզ” մշակելու վերաբերյալ:
Հանրային խորհուրդը բաց է առաջարկությունների, դիտողությունների, կառուցողական քննադատության ու համագործակցության համար: Թույլ տվեք հույս հայտնել, որ գործընկերության և համագործակցության մթնոլորտի ձևավորումը մեզ կհաջողվի:

Ելույթի վերջում Հ. Հովհաննիսյանը պատասխանեց նաև համաժողովի մասնակիցների` Հանրային խորհրդի առաքելությանը և նրա նախաձեռնություններին վերաբերող բազմաթիվ հարցերի:

ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն

← Վերադառնալ ցուցակին